ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աջարիայում քոթեջներն ու սպասարկման գները բավականին թանկացել են, և պատճառը դարձյալ մեր հայրենակիցներն են

Աջարիայում քոթեջներն ու սպասարկման գները բավականին թանկացել են, և պատճառը դարձյալ մեր հայրենակիցներն են
15.07.2008 | 00:00

Ո՞ՒՐ ԳՆԱԼ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
Այս օրերին արդիական է ամառային հանգստի թեման, և անկախ ֆինանսական հնարավորություններից՝ բոլորս էլ փորձում ենք ինչ-որ ձևով կազմակերպել մեր հանգիստը։ Հայաստանում դրա կազմակերպման ի՞նչ եղանակներ կան, և հայաստանցիները որտե՞ղ են նախընտրում թոթափել աշխատանքային տարվա լարվածությունը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք տուրիստական օպերատորների հետ։
Հայաստանում զբոսաշրջային ընկերություններն ուղեգրեր առաջարկում են հիմնականում դեպի Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Սևան, Արզնի, Հանքավան, Աղվերան։ Մեկ անձի նվազագույն ծախսը մեկ օրվա համար կազմում է մոտ 4500 դրամ։ Իհարկե, 4500-դրամանոց հանգստից շատ բան պահանջել չես կարող։ Իսկ քիչ թե շատ լավ պայմաններ ակնկալելու դեպքում գումարը կրկնապատկվում է։ Բայց սա ամենը չէ. կեցության և սննդի վճարից բացի, զբոսաշրջիկը մեկ ժամվա համար պետք է լրացուցիչ վճարի ևս 3-5 հազար դրամ՝ լողավազանից, սպորտդահլիճից, խաղասրահից, սաունայից և այլ հաճույքներից օգտվելու համար։ Բնականաբար, առողջարաններում բուժական թերապիայից օգտվելու համար գրպանն էլ ավելի լայն պետք է բացել։ Սակայն նշված 4,5-հազարանոց հանգիստն անգամ շատերին հասու չէ, քանի որ քաղաքից մեկնողները ստիպված են լինում տեղում շատ ավելին ծախսել. ախր, ինչպե՜ս չվայելել լիարժեք հանգստի բոլոր հաճույքները։ Ի դեպ, հանգստանալու ծրագրեր մշակողները պետք է հաշվի առնեն նաև ճանապարհածախսը, որը նույնպես լրացուցիչ և ոչ քիչ գումար է։ Այնպես որ, հանրապետության սահմաններում նույնիսկ ամենացածր գներով հանգիստն այնքան թանկ է արժենում, որ շատերը նախընտրում են արտագնա զբոսաշրջությունը։
Մի նոր փաստ, որ այս տարի նկատվեց մեզ մոտ։ Ծաղկաձորյան հանգստյան տներից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև պարենի գների բարձրացման պատճառով ստիպված են եղել սննդի գինը փոքր-ինչ բարձրացնել, սակայն իրենց առաջարկն ավելի հրապուրիչ դարձնելու նպատակով մեկ անձի համար գանձվող մեկօրյա հանգստի 8-9 հազար դրամի մեջ ներառել են նաև լողավազանի և խաղասրահի ծառայությունները։ Փաստորեն, մեր գործարարները սկսել են հասկանալ, որ բարձր գներ սահմանելով՝ կարող են նվազագույն եկամուտներ ստանալ և փորձում են մրցունակ ու գրավիչ լինելու եղանակներ փնտրել։ Ի դեպ, տուրիստական գործակալություններում մեզ հայտնեցին, որ հայաստանյան հանգստյան տների ամենաթեժ շրջանը սկսվում է հուլիսի կեսերից ու տևում է մինչև սեպտեմբերի սկիզբ։ Սակայն մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է ոչ թե հայրենի եզերքը, այլ Վրաստանի սևծովյան ափերը՝ Քոբուլեթ, ՈՒռեկի, Բաթում կամ Անթալիա, Լառնակա, Բուլղարիա։ Բայց ոչ այն պատճառով, որ բարեկեցության որոշակի մակարդակ արդեն հասանելի է մեր հասարակության ավելի լայն շերտերի, պարզապես հանգիստն Աջարիայում և Թուրքիայում անհամեմատ ավելի մատչելի է։ Տուրգործակալությունների տվյալներով, Քոբուլեթի հյուրանոցում 7-օրյա հանգիստը (ներառյալ ճանապարհածախսն ու օրական երեք անգամ սնունդը) սկսվում է 47 հազար դրամից։ Բաթումում գներն ավելի բարձր են։ Երկտեղանոց սենյակի օրավարձն այստեղ մոտ 25 դոլար է։ Մոտավոր հաշվարկներով՝ Աջարիայում 7-օրյա հանգիստն արժե մոտ 250 դոլար։ Սակայն վերջին մեկ-երկու տարիներին Աջարիայում քոթեջներն ու սպասարկման գները բավականին թանկացել են, և պատճառը, պարզվում է, դարձյալ մեր հայրենակիցներն են։ Բանն այն է, որ հայերը փող աշխատելու նոր ձև են գտել. հանգստյան գոտիները տեղացիներից վարձակալում են և ավելի թանկ առաջարկում իրենց հայրենակիցներին։ Ստացվում է, որ մեր ճարպիկ գործարարների պատճառով դարձյալ հարամվում է մեր իսկ ամառային հանգիստը։ Հավանաբար այս հանգամանքն է նաև պատճառ դարձել, որ այս տարի արդեն Հայաստանից Անթալիա, Բուլղարիա մեկնողներն է՛լ ավելի են շատացել։ Մեր ճարպիկ հայրենակիցների ձեռքերն առայժմ թուրքական և եվրոպական հանգստավայրեր չեն հասնում։ Անթալիայում մեկշաբաթյա հանգստի նվազագույն տուրիստական փաթեթը մեկ անձի համար արժե 800 դոլար, եվրոպական տուրերը սկսվում են 1100 եվրոյից։ Կա մեկ փաստ, որ հաճախ խոչընդոտում է հանգստի կազմակերպմանը։ Ստացվում է, որ Անթալիայում և Վրաստանում հանգիստը շատ դեպքերում այլընտրանք չունի, քանի որ եվրոպական պետություններում հանգստանալ ցանկացողները մեր երկրում գործող շենգենյան երկրների դեսպանատների հետ մեծ քաշքշուկներ են ունենում։ Վիզայի տրամադրման գործընթացը բավականին երկարատև է և նույնիսկ անկանխատեսելի՝ թույլտվություն կստանա՞ն, թե՞ ոչ։
Այժմ՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մասին։ 2008 թ. առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստան է ժամանել 84 հազար 234 զբոսաշրջիկ, ինչը 15%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ 2007 թ. ընթացքում զբոսաշրջության նպատակով ՀՀ է եկել ավելի քան 510 հազար մարդ։ Փորձագետները նշում են, որ 2008 թ. հետընտրական զարգացումները, քաղաքական անկայունությունը բացասաբար են անդրադառնում Հայաստանի իմիջի վրա, ինչի պատճառով շատ զբոսաշրջիկներ հրաժարվել են Հայաստան գալու մտադրությունից։ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը (մոտ 60%) սփյուռքահայեր են։ Հետաքրքիր է, որ մեր երկիր ժամանելու տուրիստների հիմնական նպատակը եղել է այցելությունը նախ ընկերներին ու հարազատներին (44,8%), այնուհետև՝ բիզնեսը (22,4%), նոր միայն արձակուրդներն ու ժամանցը (11,6%)։ Հետազոտությունները ցույց են տվել, որ զբոսաշրջիկները միջինը Հայաստանում անցկացնում են 19,6 օր՝ յուրաքանչյուր օր ծախսելով 36 դոլար։ Ամենաշատ գումարը ծախսողները կանադացիներն են, ապա ճապոնացիները։ Նշենք, որ այցելուների մեծ մասը հանգստի նպատակով Հայաստան է ժամանել Վրաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Իրանից։ Եթե 2006-ին ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժինը 4,7% էր, ապա մինչև 2030 թ. նախատեսված է այն հասցնել 12%-ի։
Ի՞նչ է արվում Հայաստանը զբոսաշրջության գրավիչ երկիր դարձնելու համար։ Կառավարության հիմնական նպատակներից է զբոսաշրջության սեզոնի երկարաձգումը, ինչի համար իրականացվում է Ծաղկաձորի ծրագիրը։ Ըստ նախագծի՝ Ծաղկաձորը պետք է դառնա միջազգային չափանիշերին համապատասխան զբոսաշրջային ձմեռային և ամառային կենտրոն։ Որպես Ծաղկաձորի այլընտրանք՝ ձմեռային զբոսաշրջության կենտրոն է ստեղծվում նաև Ջերմուկում։ Ջերմուկի նորակառույց ճոպանուղին ևս լրացուցիչ ռեսուրս կարող է դառնալ տնտեսության զարգացման և նոր եկամուտների ստացման առումով։ Կարևոր ուղղություններից է միջազգային շուկայում Հայաստանի պատշաճ ներկայացումը որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի։ Գովազդային հոլովակներ են հեռարձակվում CNN և EuroNews հեռուստաալիքներով։ 13 այլ երկրների շարքում նաև Հայաստանի մասին ֆիլմ են նկարահանում BuzzTV-ն և TransGlob-ը։ 2009-ից այն կցուցադրվի ողջ աշխարհում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9828

Մեկնաբանություններ