ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անհրաժեշտ է ոչ ստանդարտ տնտեսական քաղաքականություն

Անհրաժեշտ է ոչ ստանդարտ տնտեսական քաղաքականություն
13.01.2009 | 00:00

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Վերջին շրջանում հանրապետության վարչապետի ներկայացրած առաջարկը` Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ ձևավորելու վերաբերյալ, նպատակ ունի սկզբունքորեն նոր մոտեցումներով լուծումներ տալ բազմաբնույթ հիմնախնդիրների: Ակնհայտ է, որ մինչ օրս իրականացվող տնտեսական բարեփոխումներն առայժմ չեն խոստանում տնտեսության էական առողջացում: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է որդեգրել ոչ ստանդարտ տնտեսական քաղաքականություն, որը կոչված կլինի համակարգելու և իրացնելու երկրի համեմատական և բացարձակ առավելությունները:
Հայաստանի համար նման նպատակներին միտված կարևոր քայլ կարող է լինել ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) ստեղծումը: Դրանց հիմնական նպատակը պետք է լինի նպաստավոր պայմանների, գրավիչ դաշտի ձևավորումը տեղի և արտերկրի նյութական, տեխնոլոգիական և այլ բնույթի խոշոր ներդրումների համար` դրանք ծառայեցնելով տնտեսության արագընթաց զարգացմանը:
ԱՏԳ ասելով պետք է հասկանալ պետության ընդհանուր տարածքից առանձնացված մի հատված, որը տնտեսական հարցերի լուծման մեջ ունի լիակատար ինքնուրույնություն, կառավարման հատուկ ռեժիմ, ազգային և միջազգային ընկերությունների տնտեսական գործունեության համար արտոնյալ պայմաններ:
Ընդհանուր առմամբ, ԱՏԳ-ները կարելի է դասակարգել ըստ՝
l գործունեության բնույթի,
l ազգային և համաշխարհային շուկաներին ինտեգրացվելու աստիճանի (արտահանման ուղղվածություն, տեղում ինտեգրացում),
l տարածքային - ճյուղային հատկանիշի (առևտրային, մաքսային և այլն):
ԱՏԳ-ները բնավ էլ նորույթ չեն համաշխարհային տնտեսության մեջ, իսկ Հայաստանում դրանց ձևավորմանն ուղղված առաջին քայլերն արվել են մոտ երկու տասնամյակ առաջ` ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի գիտական խմբի համագործակցությամբ։
Փորձը վկայում է, որ ԱՏԳ-ի տարածքում պետք է գործեն անցագրային, արտարժութային և մաքսային հատուկ ռեժիմներ: Կիրառելի են լրացուցիչ արտոնություններ՝ ԱՏԳ-ի ստեղծման, դրա զարգացման ծրագրի իրագործմանն անմիջականորեն մասնակցած ընկերությունների համար:
Հայաստանի պարագայում ԱՏԳ-ի ստեղծումը պայմանավորված է վերամշակման բարձր մակարդակի, որակյալ աշխատուժի (գիտատար) մասնակցությամբ, թողարկվող արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման զարգացման անհրաժեշտությամբ: ԱՏԳ-ն կարող է դառնալ փորձարարական տարածք հանրապետության մյուս տարածքների համար՝ աշխատանքի միջազգային բաժանմանը մասնակից դարձնելու, նոր քաղաքականություն մշակելու և ներդրումներ ներգրավելու նպատակով:
Հանրապետությունում ԱՏԳ-ի ստեղծման հիմնական խնդիրներ կարող են համարվել.
l ՀՀ-ի արտահանման կարողության ընդլայնումը,
l ներմուծմանը փոխարինող արտադրանքով տեղական շուկայի մասնակի բավարարումը,
l հայրենական և արտասահմանյան կապիտալի, տեխնիկայի, տեխնոլոգիայի, մասնագետների ներգրավմամբ տվյալ տարածքի և հանրապետության սոցիալ – տնտեսական, գիտատեխնիկական և բնապահպանությանն առնչվող հիմնահարցերի լուծումները,
l աշխատանքի ներդրման երաշխավորված տեղերի ստեղծումը (այդ թվում` ԱՏԳ-ի գործունեության հետ կապված արտադրություններում, որոնք գտնվում են ԱՏԳ-ից դուրս),
l գյուղատնտեսական արտադրության համար քիչ պիտանի հողերի առավել արդյունավետ օգտագործումը,
l ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերի կառավարման համար բարձրորակ մասնագետների պատրաստումը,
l ԱՏԳ-ի օգտագործումը՝ որպես հարևան երկրների հետ տնտեսական համագործակցության ընդլայնման արագացման գործոն և երաշխիք:
Տեղի առանձնահատկություններից ելնելով` ՀՀ-ում առավել հեռանկարային է ԱՏԳ-ի հետևյալ տեսակների ձևավորումը.
l ազատ մաքսային գոտիներ,
l արտահանման արտադրության գոտիներ,
l տնտեսատեխնոլոգիական զարգացման գոտիներ (տեխնոպարկեր):
Մաքսային գոտիները կարող են ապահովել միջոցների առավել արագ ընտրություն և աշխատանքի փորձի ձեռքբերում ԱՏԳ-ի պայմաններում: Այս դեպքում հիմնականը ԱՏԳ-ի համար հանրապետության և հարևան շրջանների խոշոր ապրանքային հոսքերն են:
Արտահանման արտադրության գոտիները թույլ են տալիս իրացնել շրջանների արտահանման կարողությունը, առավել արդյունավետ օգտագործել տարածքի և երկրի համեմատական ու մրցակցային առավելությունները:
Տեխնոպարկը միջազգային արտադրամասի դեր է խաղում: Բաժնետիրական հիմքը թույլ է տալիս խթանելու ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, իսկ առևտրային գործունեությունը թույլ է տալիս ֆինանսավորել հիմնարար ուսումնասիրություններ, զարգացնել գիտաարտադրական բազան և ենթակառույցները:
Տեղի և արտասահմանյան ներդրողների համար Հայաստանը գրավիչ կարող է լինել հետևյալ հիմնական գործոնների առկայությամբ.
l բարձրակարգ մասնագետներով և բարձրորակ աշխատուժով,
l աշխարհասփյուռ հայկական համայնքների հետ տնտեսական կապերով,
l ԱՊՀ-ի շուկաներ ազատ մուտքով,
l ազգային կայուն արժույթով,
l առևտրի ազատական քաղաքականությամբ,
l զգալի թվով մարզերից մայրաքաղաքի, գործարար և հասարակական ակտիվության կենտրոնների մոտիկությամբ,
l տնտեսական և կառուցվածքային բարեփոխումներին ուղղված պետական օժանդակությամբ,
l ներդրումների ներհոսքին նպաստող օրենսդրությամբ,
l մասնավորեցման գործընթացի ընձեռած հնարավորություններով,
l արդիական տրանսպորտային հաղորդակցությունների համակենտրոնացմամբ,
l տնտեսության այնպիսի ճյուղերով, ինչպիսիք են առաջավոր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, մետալուրգիական, քիմիական, թեթև, սննդի արտադրությունները, համակարգչային ծրագրավորումը, բանկային համակարգը, զբոսաշրջությունը,
l աշխատանքի համար ԱՏԳ-ում բարձրորակ աշխատուժի ներգրավման հնարավորությամբ,
l հանրապետության ազատ կարողություններ և զարգացման բարձր մակարդակ ունեցող շինարարական բազայի օգտագործման հնարավորությամբ:
Եթե նախկինում, մասնավորապես, Հայաստանի` Խորհրդային Միության կազմում գտնվելը տեսականորեն հնարավոր էր դարձնում խնդիր դնել ինչպես հանրապետության առանձին շրջաններում ԱՏԳ-ների ստեղծման, այնպես էլ ողջ հանրապետությունը փորձարարական ԱՏԳ հայտարարելու ուղղությամբ, ապա ներկայումս պատկերն արմատապես փոխվել է: Հանրապետության տարածքը ԱՏԳ-ի վերածելու հնարավորությունը ոչ միայն տնտեսապես անկառավարելի, այլև քաղաքական առումով որոշակիորեն վտանգ կարող է ներկայացնել: Հետևաբար, ԱՏԳ-ի ընտրության հարցում, թերևս, միակ ճիշտ մոտեցումը հանրապետությունում այս առումով առաջնահերթ և հիմնավորված տարածքի կամ տարածքների առանձնացումը կարող է լինել: Ընդ որում, տնտեսական ծրագրերից բացի, անհրաժեշտ է ԱՏԳ-ների գործունեությունը կանոնակարգող մի շարք կարևոր օրենքների մշակումն ու ընդունումը ԱԺ-ի կողմից:
(շարունակելի)
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 9211

Մեկնաբանություններ