ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Սարյանի ձեռքով նկարած Արարատ պիտի տեսնեի»

«Սարյանի ձեռքով նկարած Արարատ պիտի տեսնեի»
30.05.2023 | 14:45

Մայրս արդեն բավականաչափ փող էր հավաքել, կարող էինք շարժվել դեպի Հայաստան, դեպի Նոր Արաբկիր:

Բայց ինչպե՞ս, մայրս ո՛չ լեզու գիտեր, ո՛չ ճամփա:

Արմենուհի անունով մի գեղեցիկ կին, որ կարծեմ պիտի Նախիջեւան գնար, ասաց, որ մեզ կուղեկցի, կօգնի: Ձմեռ էր: Մի մեծ սահնակ վարձեցինք, մեր ունեցած իրերը բարձեցինք վրան ու այն է, շարժվում էինք, Ֆրոսյայի ամուսնու գլխավորությամբ, կաշվե բաճկոններ հագած չորս հոգի եկան ու կանգնեցին սահնակի դեմ:

– Ահա, սրանք են, նէպմաններ են, ուզում են փախչել:

Այդ չորս հոգին սկսեցին սահնակից վար բերել մեր իրերը: Ես ու քույրս լաց լինելով նորից տեղն էինք դնում, նրանք ցած էին բերում:

Թողեցին միայն անկողինները, մի քանի անհրաժեշտ իրեր, իսկ մնացյալի համար ասացին՝ «Բռնագրավում ենք»:

Այդպես դափ-դատարկ ճանապարհ ընկանք:

Ի՜նչ ճանապարհներ… Ասես ամբողջ երկիրը տեղահան էր եղել ու շարժվում էր տարբեր ուղղություններով: Լեփ-լեցուն կայարաններ, կայարանների հատակներին քնած մարդիկ, լեփ-լեցուն վագոններ, մարդատար վագոններ, ապրանքատար վագոններ…

Արմենուհին, հավանաբար իր հրապույրները գործի դնելով, կարողացավ մարդատար մի վագոնում մեզ համար տեղ հաջողացնել:

Կուպեում մեզանից բացի կար նաեւ մի տղամարդ: Ռուս չէր, չերքե՞զ էր, չեչե՞ն էր, թաթա՞ր էր, թե նման մի բան:

Հենց որ շարժվեցինք, սա բացեց իր ճամպրուկները, ախորժալի խորտիկներ հանեց` տապակած հավ, միս, ձու, երշիկ, մի խոսքով՝ այդ օրերի համար չլսված, չտեսնված բաներ: Եվ օղի:

Այդ մարդն ու Արմենուհին բաժակ բաժակի զարկեցին, օղի խմեցին ու ծիծաղեցին, կերան, զրուցեցին եւ օղի խմեցին, աչքով-ունքով արին եւ ինչ-որ կայարանում իրենց իրերն առած իջան ու չվերադարձան:

Մենք դարձյալ մենակ մնացինք, անլեզու ու անօգնական:

Չէ, այդ ճամփորդության պատմությունը, որ ուղեղիս մեջ է տպվել ասես, չեմ ուզում երկարացնել՝ կարծելով, որ ամեն ինչ լույսի պես պարզ է ու հասկանալի…

Գարնանային մի ցուրտ օր հասանք Երեւան:

Մի ֆայտոն վարձեցինք, որ մեզ տանի Արաբկիր:

– Գիտե՞ք՝ էդ ուր է` աշխարհի ծերը, էսքան պիտի տաք:

Մայրս ու կառապանը սակարկեցին, համաձայնության եկան, ու շարժվեցինք:

Երբ արդեն բավական գնացել էինք ու հասել մի բարձրադիր տեղ (հետո իմացա, որ դա Քանաքեռի խճուղին է), կառապանը կանգ առավ:

– Քույրիկ, տեսնում եմ՝ պոլսեցի ես, էս տեղերից չես:

– Պոլսեցի չեմ, եղբայր, արաբկիրցի եմ:

– Մեկ է՝ պոլսեցի ես: Էն երկու սարերը տեսնո՞ւմ ես:

Հեռվում՝ կապույտի մեջ, զույգ լեռան սպիտակ կատարներ են: Եվ քանի որ լեռան ստորոտում մշուշ է, եւ այդ մշուշը երկնքի պես կապույտ է, այնպես է թվում, թե զույգ լեռները հրաշքով կտրվել են գետնից ու կախվել գարնանային առավոտի կապույտ ու զրնգուն օդում:

– Արարատ որ ասում են՝ էդ է:

– Նոյան տապանին Արարա՞տն է,– հարցնում է մայրս:

– Էդ է, ուրիշ ի՞նչ Արարատ կա:

Մայրս խաչակնքեց երեսը:

Ես, իհարկե, չհասկացա, թե մայրս ինչու խաչակնքեց երեսը, նայում ու զարմանում էի միայն, թե զույգ լեռները ինչպես են կախվել երկնքից:

Հետո Արարատն ամեն օր իմ հայացքի դեմ պիտի լիներ, պիտի տեսնեի, որ երկնքից կախված չէ, այլ ծանր ու ամուր նստած է հողին:

Պիտի առավոտները նայեի, ու նա գեղեցիկ, շատ գեղեցիկ պիտի թվար ինձ. ամռան շոգ օրերին պիտի նայեի ու նրա կատարից մի բուռ ձյուն երազեի, աշնան գիշերներին պիտի տեսնեի նրա ստորոտներին ու լանջերին վառվող կրակները, եւ ինձ բացատրեին պիտի, որ այնտեղ եղեգնուտներ են, ու թուրքերը վառում են եղեգնուտները: Մի տղա պիտի բացատրեր ինձ, որ մեծի անունը Արարատ է, փոքրինը` Մասիս, ու մեր ընկերների մեջ մի տղա պիտի լիներ՝ անունը Մասիս, ու մենք իբր թե անմեղորեն, իմիջիայլոց իրար պիտի ասեինք՝ մարդ բարձրանար Արարատի գագաթն ու այնտեղից… Ու այնտեղից «շ» տառով սկսվող մի անպատշաճ գործողություն կատարեր Մասիսի գլխին... Մասիսը կատաղեր պիտի, հարձակվեր մեզ վրա, մենք պիտի ծիծաղելով դեսուդեն փախչեինք... Մասիսը պիտի հանդարտվեր, մոռանար, բայց մենք չպիտի մոռանայինք եւ նորից, իբր թե հենց այնպես, իբր թե իմիջիայլոց պիտի նույն նախադասությունը կրկնեինք, ու Մասիսը նորից պիտի կատաղեր, նորից պիտի փրփրեր ու վազեր մեր հետեւից...

Պիտի օրեր լինեին, որ չնկատեի անգամ հեռվում ցոլացող լեռան զույգ կատարները. լեռը պիտի սովորական դառնար, ինչպես երկինքը, օդը, հողը, ջուրը...

Հետո բանաստեղծություններ պիտի կարդայի Արարատի մասին, գրքեր պիտի կարդայի, ու նա դանդաղորեն իմաստավորվեր պիտի, ու հասկանայի պիտի, թե ինչու իմ անուս մայրը Արարատին ի տես խաչակնքեց երեսը... Ճանապարհները հեռու, շատ հեռու, մինչեւ Մոնղոլիա պիտի տանեին ինձ, ու հեռվից հեռու, որպես «Մշուշի միջից.– տեսիլ դյութական», պիտի Արարատը ցոլար, ձեռքս ամեն ինչի վրա ինքնաբերաբար Արարատ պիտի նկարեր... Ու հետո, երբ ինձ՝ վիրավոր, մերձմոսկովյան զինվորական մի հիվանդանոց պիտի տանեին ու պատին՝ շրջանակի մեջ, Սարյանի ձեռքով նկարած Արարատ պիտի տեսնեի, կոկորդս արցունքով պիտի լցվեր:

Բայց առայժմ այդտեղ, բարձունքում կանգնած նայում ու զարմանում էի միայն, թե նա ինչպես է կախվել երկնքից...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ. հատված «Անխորագիր» վիպակ-էսսեից

Սիլվա Յուզբաշյանի (Silva Yuzbashyan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 12362

Մեկնաբանություններ