ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վազգենի ապտակը. Վրեժ Իսրայելյան

Վազգենի ապտակը. Վրեժ Իսրայելյան
28.02.2023 | 07:23

Զուտ հայկական այս պատմության մեջ ողբերգական շեշտադրումներ չկան։ Ողբերգությունը պատմությունից դուրս է` մեր մեջ։


Հոկտեմբերի 27-ի արհավիրքն իր դեմքը կորցրած երկիրը սկսեց մարսել ծուլորեն։ Ոմանք չհասկացան կամ չուզեցին հասկանալ կատարվածը: Ոմանք հասկացան և ուզեցին ավելին հասկանալ։ Ոմանք իրենց հրճվանքը չկարողացան քողարկել նույնիսկ խոսափողի առաջ: Մի մասը թևաթափ եղավ, մյուս մասը թևերը բացեց և արդեն թափուր երկնքում ճախրելու երազին տրվեց։ Մեկն արցունք թափեց, բայց չջոկեցինք՝ ուրախությա՞ն, թե՞ վշտի։ Մյուսը Վազգենից հետո ինքն իրեն երևակայեց, եղան նաև Դեմիրճյանի իմաստնությունը իրենց դեմքին խաղացնողներ։ Շատերը խփեցին նալին, շատերը` մեխին։ Եղան և՛ նալին, և՛ մեխին խփողներ։ Ցավը դարձավ հետաքրքրություն, արհավիրքը՝ խաչբառ։ Իսկ լրագրողները, վաղուց կուտ չկերած հավերի պես, սկսեցին քջջել հետարհավիրքյան աղբանոցը և կուլ տվեցին՝ ինչ կտուցներին դեմ առավ։ Ահա այս սոդոմ-գոմորային գարշահոտի միջից, ինչի որ վերածվել էր մեր երկիրը, թերթերն արտաշնչեցին մի քստմնելի պատմություն, որն ավելին էր, քան ողբերգությունը, և ստորացուցիչ, քան ստրկությունը։


Չգիտենք ով, չգիտենք որտեղից` մեր համբերատարության սեղանին մատուցեց, իբր, Վազգեն Սարգսյանից ծեծ կերած սպաների արթնացած արժանապատվության մատնագիրը։
Հենց այդ պահին ավարտվեց հայ ժողովրդի հերոսականության և արարչագործության մասին հեքիաթը, և երկնքից երեք բաժին «թուք» իջավ, մեկը՝ թո՛ւ, մոգոնողի երեսին, մեկը՝ թո՛ւ, պատմողի երեսին, մյուսն էլ՝ թո՛ւ, մեր երեսի՛ն, որ լսեցինք ու կուլ տվեցինք այդ վիրավորանքը։


Այդ օրերին էր, ինձ մոտեցավ մի վարորդ տղա և պատմեց մի պատմություն, այս անգամ իսկական ապտակի մասին, որ ստացել էր Վազգեն Սարգսյանից։ Վերջում նա խնդրեց իր անունը չհրապարակել։ Ասաց՝ այս պատմությունն իմ կյանքի, թերևս, ամենակարևոր իրադարձությունն է, չեմ ուզում այն պղծվի մեր «փառապանծ հայրենիքի» դատական ատյաններում։
*
Սովորական վարորդ տղա էի, օրվա հացի համար դեսից-դենից կոպեկ փախցնող։ «Հայրենիք», «Արցախ» ու «Միացում» բառերն անգիր գիտեի դեռևս միտինգներից։ Օդում բռունցք ճոճել նույնպես գիտեի։ Իմ հայրենասիրության պաշարն ինձ բավարարում էր։ Այդ օրը բախտս չբերես: Ինչ իմանայի, որ այն դառնալու է իմ կյանքի ամենագեղեցիկ օրը։ Զինվորական համազգեստով մի քանի երիտասարդներ կանգնեցրին իմ մեքենան և ստիպեցին, որ հետևեմ իրենց։ Չկամությամբ ենթարկվեցի։ Նորաստեղծ պաշտպանության նախարարության բակում հավաքված էին արդեն 15-20 բեռնատարներ։ Վարորդները քրթմնջում էին, բողոքում։ Պարզվեց, որ մեզ հավաքել են Արցախ ինչ-որ բեռներ տեղափոխելու նպատակով։ Ենթադրվում էր՝ զենք։ Գրեթե բոլոր վարորդներն էլ դժգոհում էին, պատճառաբանում էին, թե մեքենան անսարք է, այս է, այն է։ Մոտ հինգ ժամ մեզ հետ բանակցություններն անցան ապարդյուն։ Մի ջահել զինվոր իջավ մասնաշենքից և ասաց. «Նախարարն է գալիս»։ Մեզ շարեցին զինվորականների պես։


Վազգենին այդքան մոտիկից չէի տեսել։ Շատ բարեհամբույր ողջունեց, մտքերի մեջ գնաց-եկավ շարքի առջևով, ապա կանգնեց, սուր հայացքով տնտղեց բոլորին և ասաց.
– Տղերք, ձեզ ո՞վ է ասել, որ Հայաստանը միայն Վազգենի ու Պողոսի սեփականությունն է։ Ախր, նայում եմ ձեր դեմքին, քեֆս գալիս է։ Ամեն մեկդ մի-մի առյուծ եք։ Լսում եմ ձեր տրտնջոցները՝ ամաչում եմ։ Տղերք, չմտածեք՝ Վազգենը ճառ է ասում, ճառից հեռու մարդ եմ։ Ես որ ասում եմ՝ հայրենիք, մեջը արյուն կա, զոհված ընկեր կա, անպատվված մեր ու քուր կա, սիրտ կա, թոք կա, շնչառություն կա, եսիմ ինչ կա։ Ախր, էս պատերազմը գալու և մտնելու է բոլորիդ տունը՝ ուզեք թե չուզեք։ Տղերք, պատերազմից մի խուսափեք, ուրիշին մի թողեք էդ լուծը։ Ուրիշի պատերազմով ձեր խաղաղությունը չեք գտնի։
Վազգեն Սարգսյանն ընդհատեց իր «ճառը», նայեց մեր անհաղորդ դեմքերին։ Զգաց, որ խոսքերով մեր համառությունը չի կոտրել։ Հիասթափված և տխուր շարժվեց դեպի մուտքը։ Հետո անսպասելի շրջվեց, կտրուկ մոտեցավ մեզ և կանգնեց իմ դիմաց, նայեց աչքերիս։ Հայացքս փախցրի։


– Հրաժարվում ես, հա՞...
Ի լուր աշխարհի հայտարարում եմ՝ այո, ես Վազգեն Սարգսյանից ստացա այդ ապտակը։ Հետո նախարարը նայեց ժամացույցին.
– Հինգ րոպե ձեզ ժամանակ եմ տալիս։ Իսկ Վազգենի ճառի մասին կմտածեք Արցախի ճանապարհին։
Եթե ասեմ, որ այդ ապտակից հետո իմ կյանքն այլ ընթացք ստացավ՝ չեք հավատա։ Ես վիրավորված չէի, ես վիրավորված էի մինչ այդ ապրած իմ կյանքից։
Հետո ես դարձա Արցախի «մշտական վարորդը»։ Ինքս էի իմ ծառայություններն առաջարկում։


Հոկտեմբերի 27-ից հետո ես երկար ժամանակ հիասթափված էի աշխարհից։ Քիչ-քիչ ուշքի եմ գալիս ու ավելի եմ սիրում իմ ապտակը։
Ես այն ոչնչի հետ չեմ փոխի։
Մեկ-մեկ մտածում եմ, որ նման ապտակի կարիք շատերն են զգում և օրերից մի օր անպայման կստանան այն:


Հար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 10472

Մեկնաբանություններ