ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գազը, ինչպես և նավթը, ձեռք է բերում աշխարհաքաղաքական վերադասավորումների հրահրման գործիքի կարգավիճակ

Գազը, ինչպես և նավթը, ձեռք է բերում աշխարհաքաղաքական վերադասավորումների հրահրման գործիքի կարգավիճակ
20.01.2009 | 00:00

«ԳԱԶԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ»
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ գազային թեման առաջնային տեղ է գրավում լուրերի միջազգային թողարկումներում։ Օբյեկտիվ դիտորդը, ով հնարավորություն ունի հետևելու ԶԼՄ-ներին, կարող է հանգել այն կայուն տպավորությանը, որ ստեղծված իրավիճակում եվրոպացիներին այնքան էլ չի հետաքրքրում, թե ով էր ավելի մեղավոր ռուս-ուկրաինական գազային հակամարտության մեջ։ Արևելյան Եվրոպայի բնակչությունը գերազանցապես ցանկանում է, որ այս ամենն արագ վերջանա, սակայն Արևմտյան Եվրոպայում տրամադրություններն այլ են։
«Հին եվրոպացիները» նաև ցանկանում են համոզված լինել և իրենց կառավարողներից երաշխիքներ ստանալ, որ նման իրավիճակը չի կրկնվի հենց իրենց մոտ։ Ընդ որում, բոլորն ընդգծում են, որ ռուս-ուկրաինական ներկա հակադրությունն առաջինը չէ, բայց, թերևս, ամենալարվածն է նախորդ տարիների համեմատ։ Թեպետ ռուսները, ուկրաինացիներն ու բելառուսներն արդեն կանոնավոր ու պարտադիր պայման են դարձրել «գազային պատերազմի» հրահրումը և յուրաքանչյուր Ամանորից առաջ ամբողջ աշխարհի աչքի առջև խաղարկում են այս շոուն` սեփական գազի և տրանզիտի գների վերաբերյալ։ Այդպես է նաև այսօր, ու թեպետ հերթական «պատերազմը» ուկրաինական ուղղությամբ դեռ չի ավարտվել, Մինսկում հիմնավորված փորձագետներն արդեն իսկ նոր ու ավելի կոշտ հակամարտություն են կանխատեսում Մոսկվայի հետ այս թեմայով։
Բայց, ինչ էլ լինի, Ռուսաստանից Եվրոպա գազամատակարարումն ապահովելու շուրջ վերջին որոշումներն ակնհայտ են դարձնում, որ այս թեմայով հարաբերությունների պարզաբանումը դեռ առջևում է, ու այդ ամենը կարող է հանգեցնել քաղաքական լուրջ հրդեհի, ինչը, կարծես, հասկանում են բոլոր կողմերը։ Այլևս փաստ է, որ գազը, ինչպես և նավթը, ձեռք է բերում աշխարհաքաղաքական վերադասավորումների հրահրման գործիքի կարգավիճակ։ Եվ եթե նավթի գներն այսօր անկում են ապրում, ապա գազը կարող է վերջնականապես միմյանցից տարաբաժանել «եղբայրական սլավոնական ժողովուրդներին»` գծելով աշխարհաքաղաքական նոր սահմաններ։
Այս կապակցությամբ արժե, թերևս, փորձել հասկանալ, թե ինչու գազային հակամարտության հիմնական հրահրող Կրեմլը նախընտրեց կրել լուրջ, գլոբալ ֆինանսական դեֆիցիտի պայմաններում ահռելի կորուստներ։ Ինչպես հաղորդում են ռուսական իշխանությունները, ներկա դրությամբ «Գազպրոմի» կրած կորուստները կազմում են ոչ պակաս, քան 1 միլիարդ 150 միլիոն դոլար։ Գազային հսկա կոնցեռնը հարկադրված է եղել այս ընթացքում դադարեցնել ավելի քան 100 հանքավայրերի շահագործումը, ինչը ռուսական հյուսիսի պայմաններում բավականին բարդ տեխնոլոգիական գործընթաց է և, մեղմ ասած, թանկ հաճույք։ Բացի այդ, «Գազպրոմին» սպառնում են եվրոպական սպառողների բազմամիլիարդ արժողությամբ հայցադիմումները համապատասխան ատյաններ։ Ակնհայտ է, որ դրանք ավելի են լինելու, քան այն 600 միլիոնը, որ, ռուսական կողմի պնդմամբ, ՈՒկրաինան պարտք է մնացել։ Ընդ որում, տեխնիկական նպատակներով Կիևի սեփականացրած գազը կազմում է մոտ 86 մլն խմ և գնահատվում է 15-35 մլն դոլար։ Միանշանակ է, որ ոչ մի տրամաբանող գործարար, առավել ևս նման խոշոր կոնցեռնը, թույլ չէր տա այդպիսի կորուստներ միայն այն պատճառով, որ վերջնահաշվում ստանար իր կորցրածից շատ ավելի փոքր գումար։ Ակնհայտ է, որ գլխավոր ինտրիգն առաջացել է բոլորովին այլ հարթությունում։
Այս կապակցությամբ շատ հետաքրքիր է ՈՒկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի արտահայտած տեսակետը, մանավանդ որ նրան դժվար է կասկածել հակառուսական կողմնորոշման մեջ։ ՈՒկրաինայի նախկին ղեկավարը, մասնավորապես, նշել էր, որ գազային հակամարտությունը Կիևի նկատմամբ կիրառվում է որպես պատժամիջոց` Կովկասում նրա վարած վերջին շրջանի քաղաքականության համար։ Գործնականում, արևմտյան գրեթե բոլոր փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանն այսօր, վաղը և հաջորդ օրն էլ շարունակելու է օգտագործել իր «էներգետիկ մկանունքը»` ճնշում գործադրելով հարևանների վրա և այդ ճանապարհով հասնելով իր աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործմանը։ Եվրոպական շատ երկրների կախվածությունը ռուսական գազից ու նավթից, նրանց ստիպում է ընտրություն կատարել էներգիայի էժան աղբյուրների և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հիմնական ռազմավարական հարցերում համագործակցության միջև։ Ընդ որում, գազային հակամարտության մեջ ամերիկյան հետքի մասին ռուսական հայտարարությունները ևս միանգամայն տեղավորվում են այս տրամաբանության մեջ։
Ստեղծված խորապատկերի վրա արդեն բոլորովին էլ «բիզնես-ծրագրերի» տպավորություն չեն թողնում Ռուսաստանի վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Մոսկվայի համար լավագույն լուծումներից մեկը կլիներ ուկրաինական տրանզիտային գազատար խողովակների ձեռքբերումը` իբրև սեփականություն։ Եվ բոլորովին էլ «շուկայական քաշքշուկ» չի կարելի համարել այն փաստը, որ Վլադիմիր Պուտինը հենց ինքը հրապարակավ կարգադրեց «Գազպրոմին»` փակել գազային փականները։ Ընդհակառակը, սա ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ ճգնաժամը պետության և աշխարհաքաղաքական գործոնների ակտիվ միջամտության հետևանք է։ Եվ արդեն շատ բնութագրական է այն հանգամանքը, որ Գերմանիայի նախկին կանցլեր և «Գազպրոմից» տարեկան 1 մլն եվրո աշխատավարձ ստացող Գերհարդ Շրյոդերը հարմար տեղավորվել էր կրեմլյան բազկաթոռներից մեկում և ուշադիր լսում էր Ռուսաստանի վարչապետի հետևյալ դիտարկումը. «Ներկայիս իրավիճակն ավելի հրատապ է դարձնում Բալթիկ ծովի հատակով գազային խողովակաշարի կառուցման մեր ծրագրերը Ռուսաստանից դեպի Գերմանիա»։ Այս հայտարարությանը ՈՒկրաինայի նախագահը հակադարձել էր հետևյալ կերպ. «Ռուսաստանը շանտաժի է ենթարկում ոչ միայն ՈՒկրաինային, այլև ամբողջ Եվրոպային` պարտադրելով ներդրումներ կատարել «Հյուսիսային հոսք» գազամուղի ծրագրում»։ Գաղտնիք չէ, որ Մոսկվան արդեն վաղուց ցանկանում է անհրաժեշտ դարձնել ՈՒկրաինան, Բելառուսը և Լեհաստանը շրջանցող գազային նախագծերը, որոնք կոչվում են հյուսիսային և հարավային հոսք։
Դրանք շատ թանկարժեք նախագծեր են և պոտենցիալ ներդրողներին կարժենան 30 մլրդ դոլարից ոչ պակաս գումար` միաժամանակ խորացնելով Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից։ Միաժամանակ Մոսկվան բազմիցս նշել է, որ եթե Եվրոպան այդպես էլ որոշում չընդունի «Հյուսիսային հոսք» նախագծի ֆինանսավորման վերաբերյալ, դա հեռանկարում կհանգեցնի գազի գների էական բարձրացման համաշխարհային շուկայում, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը պարտադրված կլինի իր գազն արտահանել այլ շուկաներ։ Այս իրողությունը լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում հատուկ ընդգծեց նաև Վլադիմիր Պուտինը։
Սակայն, ինչպես ասում են, ցանկացած մեդալ երկու կողմ ունի։ Ռուսների նախաձեռնած բարդ «գազային կոմբինացիան» հանգեցրել է նաև նրան, որ Կրեմլը, ի վերջո, ինքն է կանգնել տհաճությունների առջև։ Ճակատագրի հեգնանքով տուժած պետությունների շարքում են հայտնվել Հունգարիան, Սերբիան, Բուլղարիան, որոնք վերջին տարիներին երբևէ չեն հակադրվել Ռուսաստանի բիզնես-շահերին էներգետիկայի ոլորտում։ Իսկ այժմ Եվրոպան կարծես ուշքի է գալիս և ուսումնասիրում Ռուսաստանից իր գազային կախվածությունը էապես նվազեցնելու ուղիները։ Եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների կարծիքով, ռուս-ուկրաինական գազային հակամարտությունը միայն եկավ հաստատելու, որ Եվրոպան իր էներգետիկ անվտանգության առումով լուրջ անհանգստության հիմքեր ունի։ Եվ այդ հարցի լավագույն լուծումը ռուսական գազից տոտալ կախվածությունը մեղմելու մեջ է։ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներն ընդունում են, որ այս պահին ռուսական գազին այլընտրանք չկա, սակայն հեռանկարում այդ խնդիրը լուծելի կլինի այլ մատակարարներ ներգրավելու ճանապարհով։ «Այլընտրանքի ձևավորումը կախված է ժամկետներից։
Վաղվա կտրվածքով այլընտրանք չկա, մեկ տարի հետո կլինեն մի քանի տարբերակներ, իսկ հինգ տարի հետո դրանք կբազմապատկվեն։ Երկարաժամկետ հեռանկարում կարող են երևան գալ այլ մատակարարներ»,- նշել է եվրոպական փորձագետներից մեկը։ Եվրոպայում ձևավորվող ընդհանուր տեսակետն այն է, որ պետք է արագ ազատվել Մոսկվայի էներգետիկ պատանդի կարգավիճակից, քանի որ Կրեմլն արդեն վաղուց այն օգտագործում է իբրև աշխարհաքաղաքական ազդեցության լծակ։ Այս կապակցությամբ բնութագրական էր Վլադիմիր Պուտինի լավագույն ընկեր համարվող Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հայտարարությունը. «Իտալիան փորձելու է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից, և մենք ամեն ինչ կանենք «Նաբուկո» ծրագիրը իրագործելու համար»։ Հարկ է նշել, որ օրակարգից դուրս չի եկել նաև Տրանսկասպյան գազամուղի նախագիծը, որը հնարավորություն կտա ղազախական և թուրքմենական նավթն Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով մղել դեպի Եվրոպա։
Բայց, այնուամենայնիվ, առավել հետաքրքիր է «Նաբուկո» նախագիծը։ Առավել ևս, որ Արևմուտքում կարծես թե սկսել են մտաբերել, որ այդ նախագծի նախնական տարբերակը` ներկայացված դեռ 2004-ին, ենթադրում էր ոչ թե կենտրոնասիական, այլ ծավալներով անհամեմատ խոշոր իրանական գազի արտահանումը եվրոպական շուկա։ Առանձին փորձագետների գնահատմամբ, գազի պաշարներն Իրանում նույնիսկ ավելի են, քան Ռուսաստանում, թեպետ, պաշտոնական տվյալներով, Թեհրանը համարվում է գազային երկրորդ տերությունը Մոսկվայից հետո։ Ժամանակին նախագիծը սառեցվեց Արևմուտք-Իրան հարաբերությունների սրման պատճառով, և թվում էր, թե դրա իրագործումն այլևս իրատեսական չէ։ Նախապատրաստվեց դրա սրբագրված տարբերակը, որը նախատեսում էր իրանական գազի փոխարինումը ՈՒզբեկստանի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի ռեսուրսներով։ Հիմա արդեն, ռուս-ուկրաինական հերթական գազային հակամարտության շնորհիվ, «Նաբուկոն» կարող է նոր կյանք ստանալ, ընդ որում, իրագործվելով նաև իրանական ուղղությամբ։
Համապատասխանաբար աշխարհաքաղաքական բավական ագրեսիվ զարգացումներ կարող են լինել մեր տարածաշրջանում։ Ավելին, Հայաստանի ու Ղարաբաղի վիճակը, որպես «ռուսական ֆորպոստի», կբարդանա։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը միակ նախագահն էր, որ ընդունեց Մոսկվայում վերջին օրերին կայացած էներգետիկ գագաթաժողովին մասնակցելու հրավերը։ Ճիշտ է, Հայաստանի ղեկավարը Ռուսաստան էր մեկնել նաև աշխատանքային այցով, և Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ վերջինս շնորհակալություն հայտնեց հայ գործընկերոջը «գազային պրոբլեմի շուրջ տեղի ունեցած քննարկումներում դրական ներդրման համար»։ Իսկապես, ռուսական կողմի համար բավական բարդ ու ոչ միանշանակ այդ իրավիճակում Հայաստանի նախագահի ներկայությունը և աջակցությունը շատ կարևոր է և կառուցողական։ Միաժամանակ Ռուսաստանի նախագահն ընդգծեց, թե երկու երկրների ղեկավարները հաճախ են հանդիպում, և դա թույլ է տալիս լուծել բոլոր, նույնիսկ նվազագույն երկկողմ պրոբլեմները։ Թե ինչ են այդ «պրոբլեմներն» այսօր, և ինչ կպահանջի Ռուսաստանը «կրտսեր գործընկեր» Հայաստանից նոր ստեղծված իրավիճակում, ցույց կտա ապագան։ Ակնհայտ է, սակայն, որ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու առումով գազային պատերազմի յուրաքանչյուր օրն ավելի է բարդացնում Ռուսաստանի դրությունը։ Մանավանդ որ տարածաշրջանի «մանդատը» ստանձնել ցանկացող մրցակիցների պակաս չկա, որոնք պատրաստ են վճռական և առաջանցիկ քայլերի։ Ըստ որում, Ռուսաստանի այդ մրցակիցները չեն ցանկանում ապագայում բախվել էներգետիկ հոսքերի կենսագործունեությունը խափանող որևէ խոչընդոտի։ Ըստ այդմ, ակնհայտ է, որ պետք է հաշվի առնեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի շահերը և աշխատեն գտնել նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3571

Մեկնաբանություններ