«Իրատես de facto»-ի թիվ 44-ում տպագրված «Կոնֆեդերացիայի «կոնֆետները» ֆելիետոնից հետո ստացանք ՀԱՄԿ-ի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթիկ Ղարախանյանի պատասխանը, որը տպագրում ենք «կուսական» վիճակում, իմա` առանց խմբագրական ու սրբագրական միջամտության։
Վերջերս Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեությունն ու նրա նախագահ Էդուարդ Թումասյանը հայտնվել են «Իրատես դե ֆակտո» թերթի լրագրող Վրեժ Առաքելյանի սերիական հոդվածների «թոփ» հնգյակում: Լրագրողի «հավաստի» աղբյուրը` ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Կառլեն Հարությունյանը, ով իր իսկ բնորոշմամբ երբևէ չի հանդուրժել անտարբերությունն ու երեսպաշտությունը, այսօր «իր ակտիվ գործունեությամբ» փորձում է մրոտել այն կառույցի կենսագրությունը, որում ամփոփված է նաև իր անցած երկար ու ձիգ տարիների ոդիսականը:
Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Կ.Հարությունյանի համար փակվեց «ոսկեբեր գետակի» հունը: 2012 թվականին առաջին անգամ ՀԱՄԿ-ի գործող նախագահից չստանալով պահանջված գումարը, ինքն իրեն արհմիության նվիրյալ զավակ և հենասյուն համարող գործիչը նախընտրեց շանտաժը, իր հարցազրույցներում շարունակ վարկաբեկելով արհմիություններին: Ահա այստեղ նրան օգնության ձեռք է մեկնեց միակողմանի «հետաքննություն» իրականացնող լրագրողը: Թարմ ականջ, «բեղուն» գրիչ, էլ ինչ էր հարկավոր ընթերցողին աղավաղված փաստերով ու չարամտությամբ համեմված հոդված գրելու համար: Կ.Հարությունյանը պահանջում էր 2008 թվականին ՀԱՄԿ-ի նախկին շենքի վաճառքից ստացված գումարի իր «հասանելիքը»: Հոդվածներից մեկում (irates.am 12.04.2013) Կ.Հարությունյանը նշում է, որ ՀԱՄԿ-ի շենքի օտարման գործընթացին ինքն անտեղյակ է և որ գործարքն իրականացվել է առանց ՃՀՄ-ների ներկայացուցիչների համաձայնության: Սակայն շենքի վաճառքին վերաբերող փաստերը վկայում են, որ 2002-2007 թթ. «ՀԱՄԿ-ի սեփականության տնօրինման, օգտագործման և օտարման հարցերով հանձնաժողով» -ի նախկին նախագահ Էդուարդ Թումասյանը չէր կարող միայնակ որոշում կայացնել: ՀԱՄԿ-ի գույքի առքուվաճառքի գործընթացի համար պահանջվում է հանձնաժողովի կարծիքը, իսկ որոշողը ՀԱՄԿ-ի ղեկավար մամիններն են` նախագահությունն ու խորհուրդը, ընդ որում թե նախագահության կազմում և թե խորհրդի կազմում հավասար ներկայացուցիչներով մասնակցում են ՀԱՄԿ-ի անդամ բոլոր ՃՀՄ-երը, այսինքն` որոշողը նրանք են: Այնպես, որ առքուվաճառքի քննարկմանը վերոհիշյալ հանձնաժողովի և միաժամանակ նախագահության անդամ Կ. Հարությունյանը ոչ միայն մասնակցել է, այլև քվեարկել է դրա օգտին:
Լրագրողի մեկ այլ հարցին, թե ինչ նպատակների պիտի ծառայեր ՀԱՄԿ-ի շենքի վաճառքից առաջացած գումարը, Կ. Հարությունյանը պատասխանել է` «ճյուղային միությունների գործունեության բարելավմանը, սակայն գումարները ծախսվում են աննպատակ գործուղումների վրա»: Մինչդեռ շենքի վաճառքից ստացած գումարից 2008-2011 թթ. ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների ՃՀՄ-ին հատկացվել է 8 մլն 600 հազար դրամ: Ի դեպ, 2008-ին նախորդած տարիներին այս կառույցին տրամադրված գումարները եղել են ավելին:
Ակնհայտ է, որ լրագրողն անտեղյակ է այս թվերին, այլապես զրուցակցից կհետաքրքրվեր, թե Կ. Հարությունյանն ինչ նպատակների համար է ծախսել այդ գումարները: Իսկ ՀԱՄԿ-ի նախագահության որոշմամբ հատկացված ֆինանսները հիմնականում պետք է ուղղորդվեին արհմիության անդամների և արհմիութենական կազմակերպությունների թվաքանակի ավելացմանը, կադրերի որակավորմանն ու ՃՀՄ –ի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Մինչդեռ անաչառ ուսումնասիրության արդյունքում լրագրողը կպարզեր, որ 2002 թվականին 13200 անդամ ունեցող վերոհիշյալ ՃՀՄ-ի գործունեության արդյունավետության բարձրացմանն «ուղղված» քայլերից հետո 2012-ին Կ. Հարությունյանի ղեկավարած կառույցում մնացել էր 7942 անդամ: Իսկ ու՞ր մնացին միլիոնները…
Լրագրողի «նպատակային» հոդվածների մշտական հերոսը` Կ.Հարությունյանը շարունակ նշում է, թե ՀԱՄԿ-ն 24 ճյուղային միությունների միավորում է: Սակայն եթե լրագրողն իր հագեցած գրաֆիկում Կ.Հարությունյանից բացի ներառեր նաև ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանին, անաչառության նկատառումով նաև ճյուղային միությունների նախագահներից ցանկացածին, ապա կիմանար, որ դեռ 2012 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՄԿ-ի 3-րդ համագումարում հաստատված Հայաստանի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 2012-2017թթ. գործունեության ծրագրով նախատեսված և սկսված ՃՀՄ-ների միավորման գործընթացի արդյունքում այսօր ՀԱՄԿ-ին անդամակցող ՃՀՄ-ները 21-ն են: Բայց ահա ՀՀ «Մամուլի ազատության մասին» օրենքին (Գլուխ 5 և 6) քաջատեղյակ լրագրողն իր հաջորդ` «Կոնֆեդերացիայի կոնֆետները (հոտած գուլպաների և նեխած հավկիթների մասին) հոդվածում (թեև դժվար է այն հոդված կոչել) ՀԱՄԿ-ի գործող նախագահի պատճառած անձնական վիրավորանքի համար պետք է որ պատասխան տա եթե ոչ օրենքի, ապա իր խղճի առջև:
Սաթիկ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ
ՀԱՄԿ-ի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Հ. Գ.- Եթե առ այսօր ՀԱՄԿ-ը չի արձագանքել ոչ Կ.Հարությունյանի սադրանքներին և ոչ էլ լրագրողի թույլ տված անճշտություններին և ՀԱՄԿ-ի նախագահին հասցեագրված անձնական վիրավորանքներին, պատճառը կառույցի ներսում ընթացող բարեփոխումների գործընթացն է, որով զբաղված են ՀԱՄԿ-ն ու իր անդամ, հիրավի գործ անող ՃՀՄ-ները:
Հարգելի լրագրող, քո գրչով մի խրախուսիր կեղծիքը, քանզի լրագրողը դատավորի նման պարտավոր է լսել երկու կողմերին և հանրությանը ներկայացնել ճշմարտությունը: