ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սոխակի երգի առասպելը

Սոխակի երգի առասպելը
16.12.2008 | 00:00

ԱՍՏՂԱԿԻՐ ԱՍՏՂ
Նոյեմբերի 17-ին մեկնարկած Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական առաջին մրցույթի եռափուլ ընթացքում իրենց բնատուր օժտվածությամբ ու կատարողական ունակություններով մրցակցած 46 երգիչ-երգչուհիներից մասնագիտական բարձրակարգ հանձնախմբի ներկայացրած պահանջները բավարարած 11-ը մեր օպերային թատրոնի բեմում միասնաբար գեղեցիկ երաժշտափունջ մատուցեցին անկրկնելի երգչուհու չխամրած փառքի հիշատակին։ Ի սկզբանե ակնկալում էի, որ շնորհալի նորերի մրցանակաբաշխության արարողությունն ու վերջնահամերգն այս օջախի ավանդատոներից մեկը` Գոհար Գասպարյանի ու հայ օպերային ռեժիսուրայի վերջին կարկառուն մոհիկանի, նրա սիրելի կողակցի` Տիգրան Լևոնյանի ծննդյան միաձույլ նշանավորումը պիտի ամրապնդեին։ Հրաշալի ձայներ էլի ունենք։ Իհարկե, ոչ «Սոխակի» հնչեղության. նրա նմանները չափազանց հազվադեպ են ծնվում։ Լևոնյանին համարժեք տաղանդավոր օպերային որևէ բեմադրիչ այդպես էլ չի երևում հորիզոնում։ Գոնե` առայժմ։ Փաստորեն, 2008-ի դեկտեմբերի 14-ին, նույն օրն իսկ խախտվեց երկու վաստակաշատ, անփոխարինելի սպենդիարյանցիներին արժևորող այդ բարի ավանդույթը։ Միտված լինելով համաշխարհային հանդիսատեսին իր կոլորատուրային սոպրանոյի անչափելի դիապազոնով ու ստեղծագործական երկարակեցությամբ կախարդած Հայաստանի սոխակի` հայ երգարվեստի բացառիկ հիմնասյուներից մեկի անվան զրնգուն հավերժացմանը` տեսակով վեցերորդ, ձևով` առաջին այս հանրապետական երաժշտաստուգատեսը կուռ կազմակերպվածությամբ շահեկանորեն տարբերվեց նախորդներից։ Կարծում եմ, հետագա պետական աջակցությամբ այն ի զորու կլինի վերաճելու դասական երգեցողության միջազգային փառատոնի։
ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի դիրիժորական կախարդական փայտիկով նվագախումբը հնչեցնում է Ռոսինիի անմահ երաժշտությունը։ «Գ. Գասպարյանի օպերային երկացանկից լավագույն կատարման» դիպլոմին ու 100 հազար դրամ պարգևին արժանացած ԵՊԿ 4-րդ կուրսի ուսանողուհի Թերեզա Գևորգյանի ելույթով սկսված վերջնահանդեսը շուտով, կատարումից կատարում, լիովին կլանում է հանդիսասրահի ուշադրությունը։ Սոխակի երգի առասպելի հավերժացմանը կոչված երիտասարդները` Գուրգենն ու Նարինեն, Սոֆյան ու Դիանան, Դավիթն ու Հասմիկը, ԵՊԿ օպերային ստուդիայում առաջին իսկ տպավորիչ ելույթներից ինձ գրաված Հովհաննեսն իրենց կատարումներով հարգանք են ներշնչում մրցույթի հանձնախմբի ընտրության և ռեալ հույս` երգարվեստի ապագայի նկատմամբ։ Հանդես են գալիս անկաշկանդ, արտիստական ինչ-ինչ ունակություններ ի հայտ բերելով նաև։ Անշուշտ, խանդավառված են, առավել անկաշկանդ հաղթական պարգևներով` դիպլոմներ, դրամական պարգևներ 50-ից մինչև 300 հազար դրամի չափով, Սեդա Գասպարյանի սահմանած ընտանեկան ընծաներով` «Գոհար Գասպարյան» ոսկեզօծ ու արծաթե հուշամեդալներ, «Աստղակիր աստղ. Գոհար Գասպարյան» ալբոմ-ժողովածուներ. օպերային թատրոնի, ՀԵԸ, ԵՊԿ, Ռոմանոս Մելիքյանի անվան (ի դեպ, ծրագրում նկատի էր առնված նրա 125-ամյակը ևս) երաժշտական քոլեջի, «Առաջ, Հայաստան» հիմնադրամի հատուկ մրցանակներ, հուշանվերներ, պատվոգրեր... Չէին մոռացվել կոնցերտմայստերները։ Լավագույնները` Մարգարիտ Սարգսյանն ու Արմեն Աղաջանյանը, 50-հազարական դրամով պարգևատրվեցին։
Իրազեկված լինելով այս մրցույթին կազմավորման ակունքներից, հընթացս վերստին հավաստիանալով «Ղազարոս Սարյան» օպերային ստուդիայից ու ազգային թատրոնից ինձ արդեն ծանոթ մասնակիցների բնատուր շնորհներում և հանձնախմբի մասնագիտական փորձառու կողմնորոշման մեջ` կարծում եմ, այն արդարացրեց իր հետ կապված հույսերը։ Մնում է, որ ՀՀ մշակույթի նախարարության ու ՀԵԸ (նախագահ` Դավիթ Ղազարյան) այս համատեղ նախաձեռնությունը վերընթաց շարունակություն ունենա։ Հուսանք, որ կազմակերպիչներն ամեն ինչ կանեն, որ նոր սերնդի լավագույն ներկայացուցիչները հանգրվան չփնտրեն արտերկրի բեմերում, այլ լիարժեք լծակներ ստանան Գոհար Գասպարյանի շենացրած մշակութային օջախի համբավը` սոխակի երգի առասպելի միջազգային երբեմնի ճանաչումը վերահաստատելու և պահպանելու համար։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9838

Մեկնաբանություններ