ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բալաբեկ

Բալաբեկ
09.06.2009 | 00:00

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՊԱՏՄՎԱԾՔ
ՀՀ հեռուստաընկերությունները, խոսքները մեկ արած, մեկը մյուսից առաջ ընկնելով, քաղաքական, լրատվական կարևորագույն ծրագրերը շրջանցելով, «ֆուտբոլային դիվանագիտության» ուղն ու ծուծը բացահայտելու մոլուցքը հետաձգելով, Բարաք Օբամայի հաղթարշավը ամերիկացիների խղճին թողնելով, օրվա բոլոր ժամերին, հայտնի և անհայտ բոլոր լեզուներով հնչեցրին մի ծանուցում, որը ՀՀ ազգաբնակչությանը պոկեց իր առօրյա հոգսերից, գազի ու լույսի թանկացման անհրաժեշտությունը գիտակցելու տառապագին տվայտանքներից և տարակուսանքի պատին դեմ տվեց. ո՞վ է Բալաբեկը:
Հայտարարության տեքստի տողատակերը հասկանալու բնական ցանկությունը ունկնդիրներին մղեց գործի դնել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների բոլոր միջոցները` «Բալաբեկ» անունն այնքան հնչեղ էր և դյուրահունչ, որ նույնչափ հարազատ թվաց թե՛ ռուսին, թե՛ վրացուն, թե՛ ամերիկացուն: Այն անզուգական էր նաև հանրահավաքներում վանկարկելու համար` Բա՛-լա՛-բե՛կ… Բա՛-լա՛-բե՛կ…
Ահա այդ ծանուցումը. «Աշխարհասփյուռ հայությանը և բարի կամքի տեր այլազգիներին տեղեկացնում ենք, որ 2008 թ. մարտի 13-ին, երևանյան ծերանոցներից մեկում, 90 տարեկան հասակում վախճանվեց Շուշնամերկ գյուղի նախկին բնակիչ Բալաբեկը: Հանգուցյալի դին գյուղ տեղափոխելու համար մարտի 14-ին, ժամը 11.00-ին, թիվ 1 դիահերձարանի մոտ են հրավիրվում քաղաքաբնակ բոլոր շուշնամերկցիները և նրանք, որոնց համար թանկ է մարդկության պատմությունը: Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը 14.00-ին: Հուղարկավորության ծախսերը հոգում է գյուղը»: Գյուղի անունից հուղարկավորությանը մասնակցելու հրավիրատոմսեր ստացան հանրապետության գրեթե բոլոր պետական ատյանները, անխտիր բոլոր շուշնամերկցիները, ովքեր հանգամանքների բերումով բնավորվել են աշխարհի չորս ծագերում, մայրաքաղաքի դիվանագիտական հաստատությունները և նույնիսկ Միջազգային կարմիր խաչի երևանյան գրասենյակը:
«Ո՞վ է Բալաբեկը». այս հարցը զգուշավոր պետական այրերին դրդեց նախ և առաջ ստուգել ընդդիմության ակտիվիստների ցուցակը քսաներորդ դարասկզբից մինչև 21-րդ դարի հենց այս օրը: Փնտրեցին խորհրդային շրջանի Սոցիալիստական աշխատանքի, Խորհրդային Միության հերոսների ցուցակներում` չգտան: Քրքրեցին բոլոր «Փառքի մատյանները», Սարդարապատի հերոսամարտի դրվագները, ստեղծագործական միությունների անվանացանկերը` ապարդյուն: Ամեն դեպքում, հետագայում լրագրողների թիրախ չդառնալու մտավախությամբ, իշխանությունները որոշեցին իրենց ներկայացուցիչներին ուղարկել հուղարկավորությանը: Ավելի խորաթափանց այրերը նույնիսկ մտածեցին, որ այս Բալաբեկն իր անվան շուրջը բորբոքած հետաքրքրասիրությամբ գուցե և մեղմի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վտանգավոր զարգացումներով հղի հետևանքները:
Որպես շուշնամերկցու թոռ` այդ հրավիրատոմսերից մեկը բաժին հասավ ինձ: Ճիշտն ասած, ինքս էլ հանգամանորեն չգիտեի, թե ով է Բալաբեկը: Լուսահոգի հայրս այդ անունը արտասանում էր տարբեր առիթներով և առանց մեկնաբանությունների: Երբ իշխանություններից էր վրդովված լինում, ասում էր. «Զարմանալի բան չկա… Բալաբեկի թոռներն են մեծանում»: Ընդդիմությունի՞ց էր վրդովված լինում` դարձյալ նույնը: Եթե ոչ մեկից էլ վրդովված չէր լինում, ինքն իրեն էր ձաղկում. «Իմ մեջ էլ Բալաբեկի թոռ կա, քո մեջ էլ: Էս աշխարհը Բալաբեկից պրծում չունի»:
Բալաբեկի մասին իմ գիտելիքներն այսքանով սպառվում են: Հայրս իր բաժին Բալաբեկի հետ անաղմուկ հեռացավ այս աշխարհից` իսկական Բալաբեկին թողնելով մեզ: Թե ի՛նչ պետք է անեինք մեր բաժին Բալաբեկի հետ, որին չէինք ճանաչում, մնաց մեր հայեցողությանը: Չիմացած բանի հետ ոնց էլ վարվես` ճիշտ է. մա՞րդ է, ծա՞ռ, հանելո՞ւկ, թե՞ շուտասելուկ, գուցե երբեք չտեղացող անձրև է կամ չտրորված ձյուն, գուցե հայի և թուրքի միջև կարծրացած տարածությունն է, կամ աղքատի անեծք: Հանուն այս գաղտնիքի մեկնության ես պարտավոր էի մասնակցել այդ հուղարկավորությանը, մանավանդ հորս շիրմին այցելելու պատեհությունը կար: Հանգուցյալին գաղտնազերծելու իմ մոլուցքին մեկ օր էր մնացել: Այս մեկ օրը ես կնվիրեմ հարբեցողությանը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր փաստաթղթում Բալաբեկի մահվան իրավունքը հաստատող կամ ժխտող ոչ մի խոսք չկա: Այն շրջանցվեց նաև սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունման ժամանակ: Այս հանգուցյալը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, ով իր մոռացված գոյությունը ծերանոցում մսխելուց հետո, կյանքի ու մահվան սահմանագծին, մտքի ճառագման հազվագյուտ պահերից մեկի ընթացքում հիշեց իր մանկությունը և ցանկություն հայտնեց վերջին հանգրվանը գտնել ծննդավայրում: Փառք Աստծո, մեռելների վերջին ցանկությունները մեր հինավուրց երկրում գրեթե քննարկման նյութ չեն դառնում. միակ իրավունքը, որ անվերապահ նվաճում են իրենց երկրային կյանքի ընթացքում: Ճիշտ էր հանգուցյալի որոշումը, թե սխալ, ապրողների բանը չէ: Նրանցից պահանջվում է տեղը տեղին կատարել իրենց պարտքը` ապահովել հուղարկավորների որոշակի քանակ, եկեղեցվո սպասավորի խոսքն ու օրհնությունը, հոգեհացի անպակաս սեղան և վայելուչ շիրմատեղի:
Ամենաբազմամարդ հանրահավաքի առաջնորդներն անգամ կնախանձեին` դիահերձարանի մոտ կուտակված մարդկանց հոծ բազմությունը տեսնելիս: Հավանաբար այնտեղ, առանց քաղաքական կամքի դրսևորման մասին ճառերի, առանց հակառակ ճամբարների երկխոսության մասին քաղաքագետների հորդորների, կայացել էր բոլորի երազանքը` միասնությունը: Այն, որ մահն ավելի ներգործուն է, քան կյանքը, ամենքը գիտեին: Խոսքը կյանքի ու մահվան արդյունավետության մասին չէ. մեզնից յուրաքանչյուրն էլ իր մահով ավելի գրավիչ է, քան կյանքով: Բայց այն, որ ժողովրդի միասնության այս հրավառությունը իր մահով ոգեկոչել է մեկը, որին ոչ ոք չի ճանաչում, առնվազն տարօրինակ է: Եթե տարօրինակ չլիներ, ծերանոցի տնօրենն ապուշ կտրած սրան-նրան չէր ասի. «Ախր նա անտեր էր… Ախր 15 տարի ոչ ոք չայցելեց նրան… Ախր ազգանունն էլ չգիտեինք…»:
Իմ հարբեցողության մասին Երևանում լեգենդներ են շրջում: Խմում եմ այնքան, որ երբեմն հանդերձյալ աշխարհի բնակիչները, իրենց հանգիստը խանգարելու համար, ոստիկանությանը բողոք են գրում: Այնքան, որ բողոքի հետքով ներկայացած ոստիկաններից առերեսում եմ պահանջում: Բալաբեկի մահվան պարագայում խմիչքն անզոր գտնվեց. օղին դարձավ սովորական ջուր, ես` սթափների ակումբի անդամությանն արժանի մի բան:
Հայրս ասում էր, որ մեր մեջ Բալաբեկ կա: Եթե կա, ուրեմն վաղը մեր միջի Բալաբեկի թաղումն է նաև: Ստացվում է այնպես, որ վաղը մենք նույնպես մասնակիորեն թաղվում ենք: Այսինքն` վաղը չէ մյուս օրը ես կդառնամ մարդ առանց Բալաբեկի: Լավ է, թե վատ, չգիտեմ: Եթե իմանայի, մյուսներին էլ կասեի. թող իմանան, որ վաղը ոչ միայն հուղարկավոր են, այլև հանգուցյալ: Օղին, իհարկե, ջուր էր: Եթե ջուր չլիներ, ես վաղուց Բալաբեկի հերը անիծած կլինեի: Եթե ջուր չլիներ, հայհոյանքների կծիկը գլորելու էի Ազգային ժողովի միջանցքներով, թել առ թել, գույն առ գույն հավաքելու էի միջմայրցամաքային իլիկի ծայրին ու աշխարհի հագն ու կապը նախշազարդելու էի մինչև իսկական Բալաբեկի և մեր միջի Բալաբեկի հող մտնելը: Եթե օղին ջուր չլիներ, հայտարարելու էի. «Ով վաղվա մասին մտածում է, դավաճան է»:
Հաջորդ օրը միակ մարդը (եթե, իհարկե, դիակին մարդ ասելը մեղք չէ), որ չէր շտապում, Բալաբեկն էր: Նա էլ մեզ պես երջանիկ անտեղյակության մեջ էր: Երևի մտածում էր, թե ինքն աշխարհի ամենակարևոր մարդն է եղել, բայց չի իմացել: Կամ էլ կարծում էր, թե աշխարհը դարձյալ իր օգտին է փոխվել, դարձյալ Բալաբեկի պահանջարկը կա: Գյուղն էլ, հավանաբար, նրանից իր կարոտն առնելու փափագ ուներ: Աշխարհի խուլ ականջից հենց նոր դուրս պրծած գյուղացիները մեռելատիրոջ լրջախոհությամբ դես ու դեն էին խփվում, քչփչում միմյանց ականջի, հրահանգներ տալիս-առնում և խտտում հազարավոր հուղարկավոր հյուրերի առանց այն էլ բորբոքված հետաքրքրասիրությունը: Սմքած, տրորված ծերունուց մի ոսկրակույտ էր մնացել, և անիմաստ էր այդ թափոնին «Բալաբեկ» կենսահյութերով լի անունը կպցնել: Հուղարկավորները հիասթափված էին և վայրկյան առաջ տենչում էին ազատվել անդուր մեռելից: Իհարկե, հանգուցյալը մեղք չուներ, որ իր դին թափորի սրտով չէ:
Ավելի քան յոթանասուն տարի գյուղը սպասել էր այս արարողությանը: Յոթանասուն տարի Բալաբեկի վախճանի խորհուրդը շուրթից շուրթ էր անցել: Երանելի արարողակարգը մշակվել էր ժողովուրդների հայր Ստալինի օրոք: Գաղտնի նախագիծը բացահայտվել էր, և հեղինակներից շատերը վնասազերծվել էին` իրենց վերապահված գործառույթները պատգամելով որդիներին կամ թոռներին: Նախագիծը վերածնվել էր Խրուշչովի օրոք, լրացվել անհատի պաշտամունքի մերկացման հոգեբանական նրբերանգներով, վերամշակվել ու կարճատև մոռացության էր մատնվել լճացման տարիներին և դարձյալ վերածնվել գորբաչովյան վերակառուցման շնչի տակ: Անկախությունը Բալաբեկի մահվան խորհուրդը ստվերեց պատերազմներով, հաղթանակներով ու պարտություններով: Հետո խաղաղության թոհուբոհի մեջ այն վերագտավ իր կենսունակությունը: Մարդիկ Բալաբեկ էին դառնում` դույզն-ինչ ծանոթ չլինելով նրա կյանքին: Ցավոք, նախագծի հեղինակներից և համակիրներից շատերն անհասկանալի պայմաններում հենց իրենք դարձան Բալաբեկներ` այլ անունների տակ ծպտված և այլ գայթակղությունների տրվելով:
Գյուղն իրեն մեղավոր էր զգում: Նրան թվում էր, թե վարակի օջախը Շուշնամերկն է, և աշխարհի փրկության գործընթացը հենց այնտեղից էլ պետք է սկսել:
Բալաբեկի համար շիրմատեղի էին հատկացրել գերեզմանոցի ամենապատվավոր տարածքից: Հողը նախօրոք մաքրել էին քարերից, փուշ ու տատասկից: Երկու օրվա ընթացքում տարածքը գյուղի լավագույն դարբինների ուժերով ցանկապատվել էր: Այնքան եռանդ ու ջանք էին ծախսել, ասես հողին եգիպտական փարավոն էր պահ տրվելու: Առանձնապես ջանացել էին կանայք. բոլորը սևազգեստ էին, սգավորի դերի մեջ շուլալված և պատրաստ ուզածդ պահին փարավոնի հետ թաղվելու: Աշխարհի բոլոր հուղարկավոր կանայք վշտի դրոշի ներքո հար և նման են միմյանց, իբր չցուցադրվող նույն գեղեցկությունը, նույն արցունքի կաթիլները, որ կես ճանապարհին ներծծվում են հոտավետ թաշկինակների մեջ, նույն թափառուն հայացքները, որ, հանգուցյալի պատկերից բացի, հընթացս կլանում են ամեն ինչ` գլուխկախ տղամարդկանց հիմարավուն շարժուձևերը, համեստ ու շքեղ շիրմաքարերը, հանգստարանի տարօրինակ ձայները:
Գյուղի ամենատարեց մարդը կոկորդը մաքրեց և մոտեցավ հոգևոր սպասավորին: Թե ինչ ասաց, չլսեցի: Տեր հայրը ձեռքերը թափահարելով ակնհայտ իր դժգոհությունն արտահայտեց: Հուղարկավորների թափորը ճեղքելով` մոտեցա նրանց:
- Աստծո գործերին մի՛ խառնվեք,- ասաց տեր հայրը և խաչակնքեց:
-Գյուղի կամքը Աստծո բարեհաճությունն է,- ասաց գյուղացին:
- Աստված շնորհում է, Աստված` պատժում,- ասաց տեր հայրը:
-Մի մատնիչի` 67 զոհ, Աստվա՞ծ է շնորհել:
- Փորձություն է ,- ասաց տեր հայրը:
- Փորձությունը կյանքն է - ասաց գյուղացին,- մահը մահ է:
- Ավազակային հարձակում դժոխքի ճանապարհին. ձեր մտադրությունն այլ կերպ չես բնորոշի,- ասաց տեր հայրը:
– Գյուղի կամքն է,- պնդեց գյուղացին:
Հոգևոր սպասավորը մեկ անգամ էլ խաչակնքեց ու մրմնջաց. «Ների՛ր ինձ, Տե՜ր, այսօր ես կույր եմ և համր»:
Այս երկխոսությունից գրեթե բան չհասկացա: Երեկվա իմ հարբեցողությունն ու Բալաբեկի հանելուկը նույն սեղանի կերակուր չէին: Երկուսն էլ Աստծո անունն էին տալիս և ոնց որ թե երկուսն էլ ճիշտ էին: Մատնության մասին ակնարկ կար, բայց ո՞վ, ե՞րբ, ո՞ւմ… Եթե Բալաբեկն էր մատնիչը, այս հանդիսության իմաստը ո՞րն էր: Եվ հետո, ի՞նչ մի արտառոց բան կա մատնության մեջ` լավություն անելու պես մի բան է դարձել: Ինչ-որ մեկին կործանելու համար առանց մատնության էլ յոլա են գնում: Մինչև էսօր դեռ չեմ տեսել, որ հարբեցողը հարբեցողության համար պատժվի, մարդասպանը` մարդասպանության: Ավելի հաճախ մարդասպանին պատժում են հարբեցողության համար, հարբեցողին` մարդասպանության: Ի՞նչ կա որ, կյանքն ավելի գունագեղ է դառնում: Պապս, ասում են, ճարպիկ մարդ է եղել և շատ խելացի. ո՛չ հարբեցողությամբ է զբաղվել, ո՛չ մարդասպանությամբ, բայց պատժվել է: 37-ին ինքն իր համար մի շուն է հորինել և անունը կնքել Տրոցկի: Նախանձելի քաղաքական հոտառություն: Բայց արի ու տես, որ գյուղում պապիցս ավելի ճարպիկ և ավելի խելացի մի մարդ է հայտնվել և պատկան մարմիններին սևով սպիտակի վրա գրել. «Ամեն օր նա այդ շանը ջուր է տալիս, հաց է տալիս, ուրեմն Տրոցկուն սիրում է»: Հայրենիքի դավաճանությունը պոզով-պոչով չի լինում: Իր խելքն ու ճարպկությունը պապիս չփրկեցին` կյանքով հատուցեց: Շատ հնարավոր է, որ գյուղացու ակնարկած 67-ից մեկն է պապս: Հնարավոր է, որ պապիցս ավելի ճարպիկ ու խելոք մարդն էլ Բալաբեկն է: Հետո՞ ինչ, որ մատնիչ է: Ձեր ասելով, եթե պապս շուն չունենար ու անունը Տրոցկի չկնքեր, ապրելո՞ւ էր, եթե Բալաբեկն ավելի խելոք չգտնվեր, պապս իր ճակատագրից փախչելո՞ւ էր: Հիմի ի՞նչ, բռնենք բոլորին արդարացնե՞նք, կամ բոլորին կախե՞նք: Էդքան ծառ որտեղի՞ց գտնենք: Հայրս ասում էր. «Մեր մեջ Բալաբեկի թոռ կա». բա մեր միջի թոռան հե՞տ ոնց վարվենք: Եթե այդպիսի դահիճի տեղ գիտեք, ասեք: Հանգստյան քարից այն կողմ կանանց չթողեցին: Գեղջկուհիները գիտեին իրենց տղամարդկանց արարողակարգի մանրամասները և քաղաքաբնակ կանանց, որքան հնարավոր է, գերեզմանոցից հեռու տարան: Տղամարդիկ, իրար ձեռքից խլելով, Բալաբեկի դագաղը փոսը իջեցրին: Շիրմաթումբ սարքեցին, կոկեցին: Միջադեպեր չեղան. ո՛չ անձրև տեղաց, ո՛չ էլ կայծակը խփեց, ինչպես ասում են` կգնար-կհասներ հազար տարվա մեռելներին, եթե տեր հոր դժոխքի ճանապարհին ավազակային հարձակման վերաբերյալ կանխազգացումը չկատարվեր: Հա, ի միջի այլոց, գյուղացիները հոգևոր սպասավորի համառությունը կոտրեցին` պրպտեց-պրպտեց և Աստծո պատվիրանների մեջ գտավ այն խոսքը, որը խրախուսում էր գյուղի կամքը: Այն աստիճան ոգևորվեց, որ արարողակարգին իր անձնական մասնակցությունը բերելու պատրաստակամություն հայտնեց: Տարեց գյուղացին հուղարկավորների թափորին և լրագրողներին տեսանելի դառնալու համար բարձրացավ շիրմաթմբին, արձակեց անդրավարտիքի կոճակները և իր տառապած անդամը հպարտությամբ դուրս գցելով` միզեց շիրմի վրա: Նույնը կրկնեցին մյուս գյուղացիները: Ծեսը գրավեց նաև հուղարկավոր հյուրերին, լրագրողներին, աշխարհի տարբեր ծագերից ժամանած սփյուռքահայերին և այլազգիներին: Բոլորն էլ իրենց անկարողությունն ու անօգնականությունը կոծկելու, դառնությունների մաղձից ազատագրվելու ցանկությամբ էին համակվել: Հերթ գոյացավ, ծնվեց կարգուկանոն հաստատող ջոկատ` բարձրաստիճան մի ոստիկանի գլխավորությամբ:
Մինչև շիրմաթմբի մոտ հայտնվեցի, հոգիս դուրս եկավ: Երեկվա հարբեցողությունից ընդարմացած անդամս քիչ էր մնում դավաճանի. հիշեցի Նիագարայի ջրվեժը և տրվեցի իմ բնազդներին: Եթե անգլիացի մի ջենթլմենի ուզենաս բացատրել, որ հանգուցյալի շիրմաթմբին միզելուց մարդ կարող է իրեն երջանիկ զգալ, քեզ վայրենու կամ խելագարի տեղ կդնի. քաղաքակրթությունը Բալաբեկին չի ճանաչում և չի ուզենա ճանաչել: Արարողությունը սահմանափակեց տեր հայրը. բարձրացավ շիրմաթմբին, խաչակնքեց, ինչ-որ բան շշնջաց, վեր քաշեց փարաջան, հեթանոսին վայել խինդով զգաց իր մարմնի արհամարհված մասնիկի գոյությունը և տրվեց լիցքաթափման հաճույքին: Այդ պահին հոգևոր հոր ունկերին հասավ եկեղեցու զանգերի համաչափ ղողանջը: Հավանաբար նույն զգացողությունն ուներ Երկրորդ աշխարհամարտի լեգենդար զորահրամանատար գեներալ Նվեր Սաֆարյանը, երբ Բեռլինի գրավումից հետո, Թամանյան դիվիզիայի մարտիկների կուռ շարքերի առաջ միզում էր հայոց ցեղասպանության կնքահայրերից մեկի` Վիլհելմ կայսեր գերեզմանին:
Այդ օրը, շուշնամերկցիների միաձայն որոշմամբ, հայտարարվեց ավանդական և անվանակոչվեց «Բալաբեկի օր»:
Բալաբեկի «մեծարման» լուրը շրջեց աշխարհով մեկ: Ինչ գնահատականներ ասես` չհնչեցին: Ասում են` իր ճառերից մեկում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Շուշնամերկի արարողությանը, նշել է. «Համաշխարհային ահաբեկչության և մատնության դեմ պայքարում լուրջ արդյունքների է հասել Հայաստանի Հանրապետության Շուշնամերկ գյուղը: Կարծում եմ, նրա փորձն ուսանելի է, և չի բացառվում, որ առաջիկայում անձամբ մասնակցեմ «Բալաբեկի օրվան»:
-Եթե Բարաք Օբաման իր խոսքի տերը լինի,- նշում են հայ մեկնաբանները,– ապա ենթադրվում է, որ նրան կմիանան Մեծ ութնյակի երկրների ղեկավարները: Կարելի է արձանագրել, որ աշխարհի փրկության գործընթացը, ինչպես համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, սկսվում է Հայաստանից:

Դիտվել է՝ 6649

Մեկնաբանություններ