ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայկական պարը

Հայկական պարը
25.06.2024 | 10:01

Հայաստանից Ստամբուլ պարի խումբ էր գալու հյուրախաղերի: Մի քանի օր հնչող գովազդը և պարերից ցուցադրվող հատվածները տակնուվրա էին արել հոգիս․ ես մի առանձին մղումով ուզում էի գնալ և մոտիկից տեսնել ու զգալ այդ պարերի շունչն ու ոգին: Մեր ընտանիքի անդամների՝ քրոջս և եղբորս հետ ես դեռ չէի խոսել այդ համերգի մասին, թեև վստահ էի, որ նրանք նույնպես լսել են այդ գովազդը:

Երեկ կեսօրին մեր աշխատասենյակ մտավ ֆիրմայի տնօրենը և մի տեսակ արհամարհանքով և չարախնդորեն հայտարարեց.

- Իմացե՞լ եք, որ էդ Հայաստան կոչվող պետությունից ինչ- որ խումբ է գալիս, կարծեմ՝պարի անսամբլ է. այնքան եմ ծիծաղել. էդ երբ դրանք՝ հայերը, մարդ դարձան, որ պետություն ունեն, պարեր ունեն ազգային, դեռ հյուրախաղերի էլ գնում են… Չէ՛, հյուրախաղերի են գալիս Թուրքիա՛… Մի բան էլ ասեմ, չե՞ն վախենում… Հա՜, հա՜, հա՜…,- հետո շրջվեց ու ասաց,- կա՞ն ձեր մեջ իսկական թուրքեր, որ գնալու են այդ մասխարան տեսնելու,- ու դուրս եկավ ծիծաղելով:

Աշխատասենյակում նստածներս ասես ապտակների տարափ ստացանք, և դա ասում է խառնածին մեկը՝ կես չեչեն, կես լազ մի մարդ, որ բնավ էլ թուրք չէր: Նա միշտ հպարտանում էր, որ ինքը ազնվատոհմիկ լազ է՝ էրդողանի ազգակիցը: Նա իր աշխատակիցներին հոգեբանական ճնշման տակ էր պահում՝ երբեմն ակնարկելով նրանց անհայտ ծագումը:

Մևլութը, մինչև այս ֆիրմայի գործադիր տնօրեն դառնալը, միջինից ցածր կարողությունների տեր մի սկսնակ էր, որ այդպես էլ տասը տարում չմասնագիտացավ իր գործի մեջ: Նա մեզ հետ աշխատելիս ակնածում էր մեզնից և շատ խոնարհ էր իր հարաբերություններում, բայց մի օր անսպասելի անկեղծացավ և դժգոհեց Ռեջեփ Էրդողանից (նա այդ ժամանակ մեր երկրի նախագահն էր, երբ կառավարման ձևը վարչապետական –պառլամենտական էր):

- Լսի՛ր, Իսմայի՛լ, դու կարդացած մարդ ես, բացի մեր այս մասնագիտությունից, պատմություն գիտես և քաղաքականությունից բան ես հասկանում, բա ոu՞ր են թուրքերը, որ Թուրքիայի նախագահը ազգությամբ լազ է: Եվ լինելով լազ, նա ոչ մի բանով չի նպաստում լազ ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելուն:

- Իրավացի ես,-ասացի ես,- եթե ժողովուրդը զրկվում է իր ազգային ինքնությունից, եթե նա զրկվում է իր ազգային լեզվով խոսելու և կրթվելու իրավունքից, անձնագրում իր պատմական ազգության անվանումը կրելու սահմանադրական իրավունքից, ապա, ըստ միջազգային օրենքի, այդ ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության, և Թուրքիայում բնակվող մարդկանց մեծ մասն այսօր նույնպես ենթարկվում է այդպիսի ցեղասպանության:
Մևլութը զարմացավ այդ փաստի վրա և ասաց.

- Դու ինչքան բան գիտես բացի մեր մասնագիտական նրբություններից. դու գիտես պատմություն և կողմնորոշվում ես քաղաքականության ասպարեզում, որտեղի՞ց քեզ այդ գիտելիքները: Գիտե՞ս, իմ ծնողները ևս այդ կարծիքին են, թեև նրանք բարձր կրթություն չունեն, բայց զուտ ժողովրդական, կենցաղային բնորոշմամբ մեղադրում են Էրդողանին:

Աշխատանքի վայրում մենք քաղաքական բովանդակության զրույցների ժամանակ չունեինք, և բացի այդ, չէր խրախուսվում քաղաքական բնույթի խոսակցությունը աշխատակիցների միջև, և մենք խուսափում էինք այդպիսի զրույցներից:

Անցավ որոշ ժամանակ և միջազգային ֆիրմայից առաջարկ եղավ, որ մեր գրասենյակից մեկ աշխատակցի ուղարենք մասնագիտական կատարելագործման Գերմանիա: Ես այդ ժամանակ մեր աշխատակազմի ղեկավարն էի և զրուցեցի մեր լավ մասնագետ տղաների հետ, որ եթե կա այդ հնարավորությունը, եկե՛ք ընտրենք մեր միջից լավագույնին և գործուղենք գլխամասային ֆիրմա՝ կատարելագործվելու: Եթե մենք հիմա ուղարկենք մեր լավագույն աշխատակցին, գլխամասային ֆիրման դա կգնահատի և հաջորդ տարիներին նույնպես մեզ տեղեր կհատկացնի: Ընտրությունը նման դեպքերում դյուրին չի լինում. յուրաքանչյուրն ուզում է, որ ինքը լինի այդ ընտրվածը: Հասկանալի է` աշխատանքային ուղու արագ և դրական փոփոխություն կունենան:

- Տղաներ, եկե՛ք վիճակ գցենք,-առաջարկեց Իբրահիմը,-այսպես մեզնից ոչ ոք չի նեղանա:
Մի քանիսը համաձայնեցին, բայց ես կրկնեցի հիմնական սկզբունքը.

- Ընկերներ՛, մենք պետք է ընտրենք լավագույնին, որպեսզի հաջորդ տարի մեզ աչքաթող չանեն: Մեզնից յուրաքանչյուրը չի կարող իր անունը գրել քվեաթերթիկի վրա, մնացածը պարզ է: Համաձայնեցին:

Փակ քվեարկությամբ ընտրվեց Ալին՝ համալսարանը գրեթե գերազանց ավարտած և մեր գործի մեջ նորամուծություններ արած մի երիտասարդ: Բոլորս ուրախացանք, բացի Մևլութից:

Նա, առանց շնորհավորելու Ալիին, դուրս եկավ սենյակից և այդ օրը չվերադարձավ աշխատանքի: Մեկ շաբաթ անց մեր ֆիրման ուղարկեց իր թեկնածուի՝ Ալիի տվյալներն ու փաստաթղթերը, և մենք սպասում էինք հրավերին:

Մևլութը երկու շաբաթ աշխատանքի չեկավ, հաջորդ օրը մայրը զանգահարեց, թե՝ որդին հիվանդացել է, բուժվում է:

Անցավ երկու շաբաթ, Մևլութը վերադարձավ առույգ և ուրախ, ասես իսկի չէր էլ հիվանդացել: Մի ամիս անց մենք իմացանք, որ նա դարձել է Էրդողանի ղեկավարած կուսակցության անդամ: Եվ այդ օրվանից նա կտրուկ փոխեց իր վարքագիծը: Գրեթե չէր հաղորդակցվում մեզ հետ, հաճախ էր աշխատանքից մեկ-երկու ժամով վաղ գնում կամ ուշ գալիս: Մեր ֆիրմայի տնօրենը համակերպվել էր դրա հետ:
Այդ ընթացքում Ալին ավելի էր խորացնում իր գիտելիքները գերմաներենի իմացության և մեր մասնագիտության նրբությունների մեջ:

Նովրուզ Բայրամից անմիջապես հետո մեր ֆիրման գլխամասայինից ստացավ հրավեր Մևլութի անունով: Բոլորս ցնցված էինք:

Մևլութը մեր աշխատակազմի ամենաթույլ մասնագետն էր: Մեկնելուց առաջ նա նույնիսկ չեկավ մեզ հրաժեշտ տալու: Երկու տարի՝ ի զարմանս մեզ, Մևլութը քաղաքական-կուսակցական բովանդակությամբ հոդվածներ էր գրում կուսացական թերթերում: Երկու տարի անց՝ Նովրուզ Բայրամից հետո, նա վերադարձավ և գլխամասայինի ներկայացուցիչը նրան պաշտոնապես նշանակեց մեր ֆիրմայի տնօրեն: Բոլորս ցնցված էինք, բայց գլխամասայինի ներկայացուցչի որոշումը անբեկանելի էր: Նախկին տնօրենին ազատեցին աշխատանքից:

Այսպես Մևլութը դարձավ գերմանական ֆիրմայի ստամբուլյան գրասենյակի տնօրենը:

Սա ա՛յն Մևլթն էր, որ դժգոհում էր ծագումով լազ Էրդողանից, որ նա ոչինչ չի անում իր ազգի՝լազերի համար, որպեսզի նրանք չենթարկվեն սպիտակ ցեղասպանության:

ՈՒ այսօր եկել է և արհամարհանքով ու չարախնդորեն հայտարարում է՝ չե՞ն վախենում հայերը թուրքերից Ստամբուլ գալով:

Ահա այսօրվա տհաճ տպավորության տակ էի, երբ երեկոյան ինձ զանգահարեց քույրս՝Ֆեթիեն:
-Իսմայի՛լ, լսել ես, իհարկե, Հայաստանի պարի պետական խմբի համերգի մասին, ես ուզում եմ գնալ այդ համերգին, Իբրահիմն ու կինը նույնպես ուզում են գնալ, դու լռում ես, ի՞նչն է պատճառը, գուցե զգուշանու՞մ ես, որ քեզ կտեսնեն համերգասրահում աշխատակիցներդ կամ մյուս ընկերներդ:
Ֆեթիեի հարցը անակնալի բերեց ինձ, հոգիս տակնուվրա եղավ՚։ Ինքս էի որոշել եղբորս ու քրոջս հայտնել համերգի մասին և խնդրել, որ միասին գնանք, դա կլիներ նաև մեր ծնողների և պապի ու տատի հիշատակին հարգանք: Բայց, զարմանալի է, որ ասես ուժ չէի գտնում իմ մեջ:

Ինչու՞, չէ՞ որ մենք մեր ընտանիքում կապված էինք մեր ծնողների ավանդույթներին, ընտանեկան նեղ շրջանակում մենք երգում ու պարում էինք մեր պարերն ու երգերը, հիմա ինչու՞ եմ խուսափում գնալ ու տեսնել Հայաստանից եկող պարախմբի համերգը:

Ֆեթիեն խոսում էր դեռ ու զարմանում էր, որ ես լռում եմ.

- Իսմայի՛լ, ես քեզ չեմ հասկանում, դու նույնիսկ ձայնագրություններ ու տեսագրություններ ես փնտրում-գտնում համացանցում և ժամերով դիտում ես ու լսում Հայաստանի երգիչների երգերն ու պարերը, հիմա ի՞նչն է քեզ կաշկանդում:

Ես չէի կարողանում խոսել, արցունքները խեղդում էին կոկորդս: Ես նայեցի գրապահարանի վրա դրված մեր ընտանիքի՝ ծնողներիս ու մեր երեք երեխաների լուսանկարը, որ լուսանկարվել էինք ծնողներիս ամուսնության 50-ամյա հոբելյանի օրը, և հիշեցի պապիս ու տատիս պատմությունները իրենց փոքր քաղաքի ու այնտեղ ապրող իրենց բարեկամների, հարևանների մասին, այն ջերմ ու միմյանց պաշտպանելու պատրաստակամության մասին, որը չկար Ստամբուլում: Մեր ընտանիքն իր համար մի դաժան դեպքից խուսափելու համար տեղափոխվել էր մեծ քաղաք, որտեղ նրանց ոչ-ոք չէր ճանաչում և վրեժխնդիր չէր լինի: Այդ դաժան դեպքի մասին մեր ներկայությամբ նրանք աշխատում էին չխոսել, թեև երբեք չմոռացան:
Ծնողներիս Ոսկե պսակը մենք նշեցինք տանը, ոչ թե ռեստորանում: Մայրս չուզեց ռեստորան գնալ, ասաց.

«Ես ուզում եմ մեր համեղ կերակուրները պատրաստել, չեմ ուզում օտար խոսակցություն լսել, ուզում եմ մեր երգերն ու պարերը երգենք ու պարենք»:

Հորաքույրս ու մորաքույրս, հորեղբայրներիս կանայք եկան և մորս հետ միասին պատրաստեցին մեր ավանդական համեղ կերակուրները, գաթան ու փախլավան: Եկան հորևղբայրներս, հորաքույրս, մորաքույրս ու քեռիս՝ իրենց ընտանիքներով, և բացեցինք մեր ավանդական մեծ սեղանը:

Սովորություն կա քրիստոնյաների մոտ. մարդիկ իրենց ամուսնության՝ Արծաթ կամ Ոսկի պսակադրության ժամանակ եկեղեցուց քահանա են հրավիրում և ասես ավելի են ամրացնում այդ միությունը:

Մենք չհամարձավեցինք դա անել, քանի որ եկեղեցու քահանային չէին կարող ծնողներս բացատրել, թե ինչու՞ են քրիստոնեական, այն էլ հայկական ծես ու կարգով ուզում նորոգել իրենց Պսակը: Ես նորից լսափողում լսեցի Ֆեթիեի տագնապած ձայնը.
- Իսմայի՛լ, ի՞նչ պատահեց քեզ, վա՞տ ես զգում, ես հիմա կգամ քեզ մոտ,-ու հեռախոսն անջատեց:

Ներս մտավ կինս ու այլայլված նայեց դեմքիս.

- Իսմայի՛լ, գունատվել ես, ի՞նչ է պատահել, ճնշումդ է բարձրացե՞լ, թե՞ սիրտդ է անհանգստացնում, ես հիմա քեզ սրտային կաթիլներ կբերեմ, -ու շտապ դուրս եկավ սենյակից:

Ես նայեցի ինձ հայելու մեջ, իսկապես գունատվել եմ, բայց աչքերս մի տեսակ ավելի էին փայլում:

Խմեցի կնոջս տված կաթիլները, և մի քանի րոպե անց սիրտս հանգստացավ:

Եկան Ֆեթիեն և եղբայրս՝ շատ տագնապած: Ես արդեն բավականին լավ էի զգում ինձ, կինս սուրճ բերեց, խմեցինք և որոշեցինք, որ համերգ միասին կգնանք:

Մենք շտապեցինք նախօրոք ձեռք բերել տոմսերը: Տոմսարկղերի մոտ մեծ եռուզեռ էր, հերթի երկարությունը և բազմամարդ լինելը անհավանական էր թվում, ես նույնիսկ կարծեցի, թե բողոք է այդ համերգի դեմ: Բայց քիչ անց տեսա, որ մարդիկ են դուրս գալիս՝ ձեռքներին մի քանի տոմս.նրանք նայում էին տոմսերին, հետո մի կողմ կանգնած և իրենց մոտեցած մարդկանց տալիս էին իրենց տոմսերը:

Ես հասկացա, որ սա իրապես հերթ էր տոմսերի համար: Ինձ թվաց, թե տոմս գնողները բոլորը հայեր են:

Աշխատում էի հեռու մնալ հերթում կանգնածներից, որպեսզի չմատնեմ իմ հուզմունքը:
Վերջապես եկավ համերգի օրը: Այն, ինչ տեսա համերգասրահում, վեր էր ամեն մի երևակայությունից. երեք հազարարանոց դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, որից գուցե միայն մի տոկոսն էին հայեր:
Համերգը սկսվեց հետաքրքիր գունային խաղերով, որոնք կարծես լեռներ լինեին:
Հետո առանց հայտարարելու սկսվեց տղամարդկանց մի պար՝ զուռնայի հզոր հնչյունների նվագակցությամբ: Պարը հզոր ու ամրակուռ պատ-պարիսպ էր հիշեցնում, հետո պարողները բաց թողեցին ուս-ուսի բռնած ձեռքերը և ասես մենամարտի բռնվեցին:

Սա իսկական ռազմի գործողություն էր ասես: Այդ ի՜նչ առնական ոգի և ուժ կար այդ պարերի մեջ, օտարին չնսեմացնող ինչպիսի՜ ազնվական հպարտություն կար այդ պարի և պարողների մեջ: Բեմ ելավ կանանց պարի խումբը. իսկապես, ինչպիսի՜ նուրբ ու նազելի են հայ կանայք:

Ես այդ ժամանակ հասկացա, թե ինչու են քրդերն ու թուրքերը ձգտում հայ կին ունենալ:
Հուզմունքից խեղդվում էի, ու երբ շրջվեցի, որպեսզի հարազատներիս ասեմ՝ հիշու՞մ են մեր պապ ու տատերի ու ծնողների պարած պարերը, որոնք շատ նման էին այս պարերին, տեսա, որ բոլորն անձայն արտասվում էին:

Ես կուլ տվեցի արցունքներս, բայց խոսել չարողացա:

Շրջվեցի և սկսեցի նայել հեռու և մոտ շարքերում նստած հանդիսատեսներին. շանթահար եղա` թուրքերն արտասվում են հայկական պարը դիտելի՞ս և երաժշտությունը լսելի՞ս:

Ինչու՞, ինչպե՞ս…
Ընդմիջման ժամին հանդիպեցի հեռու և մոտ ծանթ թուրքերի, որոնցից մեկի մայրը, տատը, կամ մայրական պապը հայ է եղել, բայց շրջապատում իրենց թուրք են համարում: Մենք թեթևակի բարևեցինք ու հեռացանք՝ ասես վախենալով մատնել մեր հուզմունքը:
Համերգի երկրորդ մասն անցավ առավել լարված ու հուզումնալից: Ես, մոռացած իմ ապրումներն ու հուզմունքը, հետևում էի դահլիճին, հեռու նստածներին հեռադիտակով էի նայում, բոլորի աչքերում արցունք կար: Իսկ ամեն պարից հետո թնդացող ծափահարություններն ասես մարդկանց հոգու խորքից ժայթքող լավա լիներ: Ես հասկացա, որ դահլիճի մեծ մասը, որ իրեն թուրք է համարում, հայեր էին արմատներով. այդ պահին նրանց հոգուց դուրս էր ժայթքել պապերի ու տատերի արյան հրաբուխը:
Ես տեսա մարդկանց, ովքեր ոտքերով պարում էին նստարանի տակ, տեսա մարդկանց, ովքեր ձայնակցում էին մեղեդուն. դրանք ռիթմի պարզ շարժումներ չէին, և ոչ էլ անկապ ձայնակցում էին երաժշտությանը:
Այդ մարդիկ գիտեին և հիշում էին պարն ու մեղեդին: Ես տեսա նաև, որ ծափահարելիս նրանցից յուրաքանչյուրն այդ պահին ասես մենակ է կամ պապ ու տատի ու ծնողների հիշատակի հետ էր:
Համերգից հետո դահլիճից դուրս գալիս մեզնից յուրաքանչյուրն ասես ուզում էր թաքցնել իր ապրումները մյուսներից:
Մենք տուն եկանք հոգով նորոգված ու լիցքավորված, բայց սրտով ընկճված:
Մենք թուրք ենք պաշտոնապես՝ անուն-ազգանունով՝ անձնագրով:

Այս համերգն ապացուցեց, որ մեր թուրք լինելը ձևական է. մենք հոգով և ոգով հայ ենք: Ազգանուն փոխելով չես կարող փոխել քո արյունը, արյան կանչը, որ կարող է հրաբուխ դառնալ: Ոչ ոք մինչև հիմա չի կարողացել փոխել իր արյունը, առավել ևս՝ հոգին: Մեր պապերը դավանափոխ և լեզվափոխ են եղել՝ երեխաների կյանքը փրկելու համար:
Պապս միշտ ասում էր.

«Ոչինչ, որոշ ժամանակ մեզ թուրք կհամարեն, մինչև մի օր լույս կբացվի, էսպես չի մնա: Հազարավոր հայեր են թրքացել ու քրդացել. այդ արյունը մի օր խոսելու է, բողոքելու է, ժայթքելու է»:
Եթե պապս ներկա լիներ այս համերգին, հաստատ կասեր, որ հայի արյունն ու հոգին սկսել են խոսել: Սպասենք բողոքելուն և ժայթքելուն:
Այս համերգից հետո փողոցում և ամենուր այնպես եմ ուզում խոսել հասարակ քաղաքացիների հետ և սրտանց դիմել նրանցից յուրաքանչյուրին, հարգելի՛համերկրացիներ, ես չեմ կարող ձեզ թուրք անվանել, քանի որ բոլորիս պարտադրել են թրքանալ: Եթե ծագումով թուրք ենք մենք, բա ինչու՞ մենք մոնղոլոիդ շեղաչք չենք, թե՞ չգիտենք սելջուկ թուրքերի պատմությունը:

Գիտենք:

Դե, ուրեմն, ես հորդորում եմ բոլորիս, ում պաշտոնապես թուրք են համարում, ինքներս մեզ հարցնենք` արդյոք թու՞րք ենք մենք, և իմանալով ստույգ պատասխանը՝ո՛չ, ազատվենք տասնյակ, գուցե և հարյուրավոր տարիների մեր ու մեր պապերի տագնապներից և վիրավորանքից:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 10903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ