Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ոչ միայն սպասվածի պես անատամ էր, այլ նաև զուրկ էր տրամաբանությունից։
Հայաստանի կառավարիչը ՄԱԿ-ում փայլեց տարածաշրջանային խնդիրներին անհաղորդ լինելու ունակությամբ։
Նախ նա հանդես եկավ Ադրբեջանի փաստաբանի դերում ու նշեց, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Նշեմ, որ սա ակնհայտ կեղծիք է։
Ադրբեջանն այսօր էլ օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ ։
Ավելին, բազմաթիվ առիթներով Ալիևը նշել է, որ չի պատրաստվում ՀՀ «օկուպացված տարածքներից հետ նահանջել»։
Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չի խոսում, այլ նաև ՄԱԿ- ի ամբիոնից հակառակն է պնդում։
Երկրորդ. խոսելով տարածաշրջանային ապաշրջափակումից, Նիկոլը որևէ խոսք չի ասում 2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրված 9-րդ կետի մասին, դրանով իսկ փորձ կատարելով ՌԴ-ին հեռու պահել տարածաշրջանային լուրջ դերակատարներից մեկը լինելու հավակնությունից։
Նշեմ, որ հենց Փաշինյանն է ստորագրել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ՌԴ համապատասխան ծառայություններին պատվիրակելու մասին հայտարարության 9-րդ կետը։
Իսկ այսօր փաստացի նշում է, թե նման բան չկա։
Երրորդ. Փաշինյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին, նշում է, որ այն «Միջին միջանցքի մաս կարող է դառնալ»։
Փաստորեն Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մերժում է Հյուսիս-Հարավ ծրագիրն ու իր պատրաստակամությունը հայտնում դառնալու Միջին միջանցք հակահայկական ու հակառուսական ծրագրի մաս։
Ի՞նչ է Միջին միջանցքը։
Դա ՌԴ-ն շրջանցելու միջոցով Ադրբեջանն ու Հայաստանը կապող միջանցքի գործարկմամբ, որի վերահսկողությունը կարող է դրվել Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի որևէ այլ խաղացողի վրա,Կենտրոնական Ասիայի երկրների կապումն է Թուրքիայի ու Արևմուտքի հետ։
Այս ծրագիրը դեմ է և հայկական, և ռուսական, և իրանական շահերին։
Եվ վերջապես, խոսելով տարածաշրջանի երկրների դերի մասին,Նիկոլը նպատակային չի հիշատակում ՌԴ-ի անունը։
Մի պետության, որի 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքում է, որը ԵԱՏՄ անդամ է ու ՀՀ-ի առաջին առևտրական գործընկերը։
Միայն 2024-ի վեց ամսվա ընթացքում ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 8.4 մլրդ ԱՄՆ դոլար։
Սա ուղղակի հերթական դեմարշն է ՌԴ- ի նկատմամբ, որի բացասական պտուղները ոչ այնքան Փաշինյանն է ճաշակելու, որքան մենք՝ ՀՀ քաղաքացիներս։
Ինչպես ասում են՝ ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը։
Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ