Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ընդդիմությանը լճացումից կարող են դուրս բերել նոր մարդիկ

Ընդդիմությանը լճացումից կարող են դուրս բերել նոր մարդիկ
30.06.2009 | 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ԿԱՄ ՀԵՏՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՓՈՐՁ
«Ճնշված և կրկին ձեռք բերված ազատությունը միշտ ավելի բուռն է դիմադրում, քան այն ազատությունը, որին ոչինչ չի սպառնացել»:
Կիկերոն
Իրենց համոզմունքների պատճառով տուժած կամ պատժված մարդիկ, հատկապես եթե նրանց համոզմունքները համահունչ են եղել զանգվածների տրամադրություններին, բոլոր ժամանակներում և ժողովուրդների մեջ դարձել են կա՛մ «տառապյալ հերոսներ», կա՛մ «վտանգավոր խառնակիչներ»։ Երկու դեպքում էլ հասարակական ճանաչումը, եթե ոչ ժողովրդականությունը եղել է երաշխավորված։ Այդպիսի մարդկանց կերպարն ինքնաբերաբար առասպելականացվել է, իսկ եթե վերջիններիս հետագայում հաջողվել է օգտագործել այդ քաղաքական կապիտալը, ապա այդպիսի մարդիկ դարձել են առաջնորդներ ու պատմություն կերտողներ։ Այդպես է եղել միշտ, նաև մինչ այն պահը, երբ արևմտյան քաղաքակրթության նախաձեռնությամբ ի հայտ եկան «խղճի բանտարկյալ» կամ «քաղկալանավոր» հասկացությունները։
Անկախացումից հետո Հայաստանում պարբերական բնույթ են կրել «քաղաքական հետապնդումների» երևույթները, ինչն իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն երկրի ներսում տիրող մթնոլորտի, այլև նրա զարգացման վրա։ Սակայն ռեպրեսիաների տարբեր փաստերը տարբեր ազդեցություն են ունեցել ընդհանուր քաղաքական զարգացումների վրա` ելնելով դրանց առանձնահատկություններից։ Դա պայմանավորված է ոչ միայն օբյեկտիվ հանգամանքներով, այլև քաղաքական կալանավորների կարգավիճակում հայտնված անձանց անհատական բնութագրականներով։ Ասենք` ԽՍՀՄ շրջանի հայ քաղկալանավորներն իրենց բոլոր ծառայություններով հանդերձ սահմանափակ ազդեցություն են ունեցել զանգվածների վրա, որովհետև գործել են այլ դարաշրջանում։
Քրեստոմատիական իմաստով Հայաստանում «քաղկալանավոր» բնորոշումն առաջին հերթին կիրառելի է «Ղարաբաղ» կոմիտեի անդամների նկատմամբ, որովհետև հենց նրանց կերպարն առավել առասպելականացվեց ու տիրաժավորվեց ժողովրդական լայն զանգվածների շրջանում, և հենց նրանք կարողացան առավելագույն դիվիդենդներ քաղել դրանից։ Համենայն դեպս, բանտում գտնվելու ընթացքում և այնտեղից դուրս գալուց հետո նրանց հաջողվեց պահպանել քաղաքական դիմագիծը։ Ավելին, «կոմիտեականները» կարողացան ոչ միայն իրենց հետևից ժողովուրդ տանել, այլև հասնել առավելագույն հնարավոր քաղաքական հաջողության, որը նման դեպքերում դրսևորվում է իշխանության նվաճմամբ։ Այսինքն` քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից «Ղարաբաղ» կոմիտեն հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու և հետագայում այդ ճանապարհով պատմական փոփոխությունների հասնելու առաջին հաջողված փորձն էր։
Հետագայում հայ հասարակությունը բախվեց քաղկալանավորների երևույթի հետ դաշնակցության ներկայացուցիչների ձերբակալության և դատի ժամանակ։ ՀՅԴ-ի գործողություններն այն ժամանակ արժանացան հասարակական լայն աջակցության` օրվա իշխանություններից ծայրահեղ դժգոհ հասարակության լայն զանգվածների շրջանում։ Ըստ այդմ, ՀՅԴ-ն հանրային գիտակցության մեջ սկսում է ընկալվել իբրև ընդունելի քաղաքական այլընտրանք։ Ինչպես դատի ժամանակ, այնպես էլ բանտում գտնվելիս այս կուսակցության առաջնորդների, հատկապես Վահան Հովհաննիսյանի շուրջ սկսեցին ձևավորվել քաղաքական գործընթացներ, որոնք ընկալվում էին հասարակության կողմից` չնայած օրվա իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին։ Թվում էր, թե ազատության մեջ հայտնվելուց հետո դաշնակցականները կկարողանան առավելագույնս օգտագործել ձեռքբերված քաղաքական կապիտալը և ընդլայնել իրենց ազդեցությունն ընտրազանգվածի վրա։ Սակայն անձնական հատկությունների, տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների, կուսակցական որոշումների արդյունքում ստացվեց հակառակը և ապացուցվեց, որ քաղաքական խարիզման մշտական չէ, այն դժվար է ձեռք բերել, բայց հեշտ է կորցնել։
Ընդամենն օրեր առաջ ազատազրկման վայրերից ազատ արձակվեցին մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալված քաղաքական գործիչները, որոնք հասարակության որոշ մասի համար վերջին հոսանքի քաղկալանավորներն են և այդպիսիք են համարվում ոչ միայն երկրի ներսում։ Ավելին, նրանց մի շարք գործողություններն ու հայտարարությունները ոչ միայն արժանացել են հասարակության մի զգալի հատվածի աջակցությանը, այլև դրական նշանակություն ունեցել հենց իրենց քաղաքական կերպարի ձևավորման համար։ Այսինքն, այսօրվա ընդդիմության գործիչների մեջ կան մարդիկ, ովքեր, բանտում գտնվելով անգամ կարողացան ամրապնդել ու բարելավել իրենց հասարակական հեղինակությունը։ Ժամանակին Դոստոևսկին հայտնի ռուս փիլիսոփա և իր ժամանակակից Սոլովյովի մասին ասել է. «Լավ է մտածում, բայց նրա մոտ ակնհայտորեն բացակայում է բանտային փորձը»։ Իսկապես, համոզմունքի համար բանտ նստելն անհամեմատելի է որևէ բանի հետ, իսկ դրա արդյունքում ձեռք բերված պոտենցիալն անգնահատելի է քաղաքական գործչի համար։ Եվ այժմ բնական հարց է առաջանում, թե համաներումից հետո ինչպես են իրենց դրսևորելու նախկին քաղկալանավորները, որքանով կկարողանան իրացնել ձեռք բերված պոտենցիալը։ Ամենակարևորը` ի՞նչ չափով նրանց կհաջողվի սահմանափակ դերակատարություն ունեցող թիմային օղակներից դառնալ քաղաքական գործընթացների գլխավոր դերակատարներ։ Սա, անշուշտ, իրենց որոշելիքն է, սակայն կան մի շարք առանձնահատկություններ, որոնք կարող են ազդել իրավիճակի և այդ իրադրության մեջ ընդունվող որոշումների վրա։
Ամենից առաջ անհնար է չընդունել, որ հասարակության մեջ այսօր առկա է քաղաքական համակրանքների ու հակակրանքների բավականին լուրջ անկում։ Արմատական ընդդիմության գործողություններն արդեն բավական ժամանակ է, ինչ լճացած են և շատ կանխատեսելի։ Այս իմաստով հազիվ թե քաղկալանավորների ազատ արձակումն առանձնահատուկ խթան հանդիսանա ընդդիմադիր գործունեության ակտիվացման համար։ Կա և երկրորդ ու ոչ պակաս կարևոր հանգամանքը. բոլոր նրանք, ովքեր այսօր որակվում են որպես նորօրյա կալանավորներ, իրենց գործունեությունը ծավալել են ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անառարկելի հեղինակության ստվերում, որպես «կրտսեր գործընկերներ»։ Ի տարբերություն ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեի, իսկ հետո դաշնակցության շուրջ ստեղծված իրավիճակի, երբ բանտերում էին հայտնվել որոշումներ կայացնող քաղաքական առաջնորդները, ներկայիս քաղկալանավորները, նույնիսկ նրանցից առավել հայտնի և ձևավորված գործիչները միշտ էլ եղել են թիմային խաղացողներ` սահմանափակ գործունեության դաշտով ու հնարավորություններով։ Նրանք բավական ներդաշնակ են գործել` լինելով երկրորդական դերերում և հանրության մեջ լայն ճանաչում և ժողովրդականություն չունենալով։ Թեկուզ նրանց մեջ քիչ չեն քաղաքական և կազմակերպչական զգալի փորձ ունեցող գործիչները, ովքեր միաժամանակ որոշակի ազդեցություն ունեն քաղաքական շրջանակներում։ Սակայն այսօր այլ է իրավիճակը, և դա թելադրում է նոր մոտեցումներ։
Արդեն վաղուց և հաճախ խոսվում է քաղաքականության մեջ սերնդափոխության անհրաժեշտության մասին, քանի որ ասպարեզում չկան նոր, հեռանկարային առաջնորդներ։ Այս պրոբլեմը վերաբերում է ողջ հայկական քաղաքական դաշտին, այդ թվում` հատկապես ընդդիմադիր։ Ներկայիս անկումային տրամադրությունների և ժողովրդականության կորստի պայմաններում ընդդիմությանը լճացումից կարող են դուրս բերել նոր մարդիկ, իրենց նորովի ձեռք բերած ներուժով ու փորձով։ Անկասկած է, որ վերջին հոսանքի քաղկալանավորներից այդպիսի դերակատարության կարող են հավակնել միայն հատուկենտ մարդիկ։ Բայց նրանք, այնուամենայնիվ, կան և կարող են դառնալ նոր խթան, համախմբող գործոն ընդդիմադիր շարժման համար։ Ավելին, եթե նկատի ունենանք, որ ՀԱԿ-ն առանց այդ էլ շատ բազմաշերտ միավորում է, իսկ նրա առաջնորդի շուրջ արդեն ձևավորված է գաղափարախոսական ու քաղաքական կարծրատիպ, խիստ կասկածելի է, որ այսօր ՀԱԿ-ի անունից հնչող մի շարք հայտարարություններ տեղավորվում են նրա առաջնորդի քաղաքական կենսագրության տրամաբանության մեջ։ Այսպես, օրինակ, վերհիշելով Տեր-Պետրոսյանի նախկին մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ և համադրելով դրանք այսօր հնչող նոր հայտարարությունների հետ, ակնհայտ է, որ լայն լսարանի համար այդ ամենը կասկածելի է և, մեղմ ասած, քիչ համոզիչ։ Մինչդեռ այդպիսի կտրուկ հայտարարություններն այդ թեմայով, ասենք, ավելի ընդունելի կլինեին վերջին հոսանքի այն քաղկալանավորների կողմից, ովքեր միաժամանակ պատերազմի մասնակիցներ են։ Այսինքն` ընդդիմությունն այսօր քաղաքական գործունեության առումով որոշակի դերաբաշխում իրականացնելու հնարավորություն ունի, նկատի ունենալով, որ ազատության մեջ հայտնվածների թվում կան իրենց գաղափարներով ու քաղաքական անցյալով միմյանցից խիստ տարբեր գործիչներ։ Այդ ամենի շնորհիվ է, որ հնարավոր է նոր շունչ հաղորդել ընդդիմադիր շարժմանը, կատարելագործել այն ինչպես գաղափարախոսական, այնպես էլ կազմակերպական առումով։ Թեպետ, այդքանով հանդերձ, նախկին քաղկալանավորների համար ձեռքբերած քաղաքական կապիտալն իրացնելու համար ժամանակն անսահման չէ։ Եթե նրանցից առավել մեծ ներուժ ունեցող հատուկենտ գործիչներ շարունակեն մնալ ստվերում, նրանց քաղաքական կարիերան անխուսափելի, գուցե և անվերադարձ անկում է ապրելու։ Եվ, իհարկե, շատ կարևոր է այն, թե ինչպես կընդունի վերոհիշյալ իրողությունները քաղաքական փորձառություն ունեցող, բայց իր բնույթով ավտորիտար Լևոն Տեր-Պետրոսյանը, և որքանով կցանկանա փոփոխություններ իրականացնել ՀԱԿ-ի «քաղբյուրոն», իսկ անհրաժեշտության դեպքում` որևէ մեկին զիջել «առաջնորդի դափնիները»։ Բոլոր այս հարցերն առայժմ բաց են, մանավանդ եթե նկատի ունենանք, որ հայկական քաղաքական իրականության մեջ գոյություն չունի աշակերտներ կամ հետնորդներ պատրաստելու փորձ, թեկուզ դրա անհրաժեշտության մասին խոսվում է անընդհատ և շարունակ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2314

Մեկնաբանություններ