Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ԱՅՆ ԳԻՆԸ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՎՃԱՐՈՒՄ Է ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ, ՄԵՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

«ԱՅՆ ԳԻՆԸ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՎՃԱՐՈՒՄ Է ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ, ՄԵՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»
23.10.2009 | 00:00

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները, այս կապակցությամբ Հայաստանի ընդդիմադիր դաշտում դրսևորվող դիրքորոշումները, ընդդիմության հնարավոր համագործակցության հեռանկարները մեկնաբանում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ։
-Պարոն Զուրաբյան, ներքաղաքական հիմնական զարգացումներն այսօր ընթանում են հայ-թուրքական արդեն ստորագրված ու վավերացման գործընթացի փուլ մտած արձանագրությունների շուրջ։ Արդյոք այս գործընթա՞ցը Հայաստանում հանգեցրեց ՀԱԿ-ին զուգահեռ երկրորդ ընդդիմադիր բևեռ ձևավորելուն, եթե նկատի ունենանք, որ դաշնակցությանը հաջողվեց 12 կուսակցությունների միավորել միասնական հայտարարությամբ։
-Կարծում եմ, դա դեռ չի նշանակում, որ այլ թեմաները պետք է դուրս գան քաղաքական օրակարգից։ Անշուշտ, հայ-թուրքական գործընթացը բոլորիս է հետաքրքրում ու մտահոգում։ Սակայն ոչ ոք չեղյալ չի համարել կեղծված նախագահական ընտրությունները, մարտի 1-ը, ընդդիմության նկատմամբ իրագործված քաղաքական հալածանքները, բացահայտված չեն մարտի 1-ի մարդասպանները։ Ավելին, բոլոր այս ռեպրեսիաները դրեցին այսօրվա իրավիճակի հիմքերը, և այդ պատճառով է, որ Սերժ Սարգսյանի վզին փաթաթվեց այս ամբողջ պրոցեսը` հայ-թուրքական և ղարաբաղյան։ Որովհետև ակնհայտորեն և վստահաբար այդ երկու գործընթացները, այսպես ասած, նույն փաթեթում են, ու այդ մասին դեռ անցած տարվա հոկտեմբերի 17-ին զգուշացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այն ժամանակ այդ մասին դեռ ոչ ոք չէր խոսում, բայց նա կանխատեսեց, որ կեղծված ընտրությունների ու ռեպրեսիաների հետևանքը լինելու է այն, որ երկրի ներսում լեգիտիմությունից զրկված Սերժ Սարգսյանը դրսում է որոնելու այդ լեգիտիմությունը։
Հիշեցնեմ նաև, որ ՀԱԿ-ը բոլոր քաղաքական գործընթացների դադար հայտարարեց, որպեսզի հնարավորություն տա իշխանությանը` ընտրելու այլ ճանապարհ` սեփական ժողովրդի ու ընդդիմության հետ բանակցությունների ճանապարհը։ Դա թույլ կտար համախմբել հասարակությանը և ընդդեմ արտաքին ճնշումների ավելի մեծ դիմադրողականություն ձեռք բերել։ Սերժ Սարգսյանը չօգտվեց այդ հնարավորությունից, և այսօրվա իրավիճակը դրա ուղղակի հետևանքն է։ Իսկ այն ուժերը, որ այսօր հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ընդդիմադիր կեցվածքով են հանդես գալիս, նկատի ունեմ, առաջին հերթին, դաշնակցությանը, մինչ այդ այսօրվա բռնապետական իշխանության մաս էին կազմում ու զբաղված էին այդ իշխանության գործողություններն արդարացնելով։
-Կարծում եք` դաշնակցությունն այդ փուլում ա՞յլ բան պետք է աներ։
-Միշտ էլ հնարավոր է գործել ժողովրդավարական սկզբունքներից ելնելով։ Բայց իրենք այլ ճանապարհ ընտրեցին, որովհետև կոռումպացված էին, ավազակապետական բուրգի մաս էին կազմում։ Այսօր ի՞նչն է մեզ բերելու այն համոզման, որ դա այլևս այդպես չէ, և դաշնակցությունը չի շարունակում առնչվել իշխանության հետ։
-Թեկուզ և այն, որ ՀՅԴ-ն դուրս է եկել կառավարող կոալիցիայից ու կարողացել է իր շուրջը համախմբել այլ քաղաքական ուժերի` բավականին հստակ արտահայտված ընդդիմադիր դիրքորոշմամբ։
-Ճիշտ է, բայց դա իմ ասածը չի հերքում։ Դաշնակցությունը շարունակում է վայելել իշխանության աջակցությունը, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ հայ-թուրքական հարաբերությունների «հաստատման» այս գործընթացն ուղղակի օգտագործվում է ընդդիմադիր դաշտը պառակտելու և իշխանությունների դեմ իրական պայքարը նրանց համար անվնաս ուղղությամբ տանելու համար։ Մինչդեռ ՀԱԿ-ը մեկ տարի առաջ էլ, ցյուրիխյան վերջին ուրացումից հետո էլ շատ հստակ գնահատական է տվել այս ամենին` կրկին պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը` որպես այս գործընթացը կասեցնելու միակ հնարավոր ելք։
-Սակայն ՀԱԿ-ը սկզբունքորեն չի մերժել հայ-թուրքական արձանագրությունները և ամրագրել է, որ կողմ է Երևան-Անկարա հարաբերությունների հաստատմանը։
-Այ, դա էլ ամենակարևոր կեղծարարությունն է, որ փորձում են իրականացնել իշխանությունն ու նրան սպասարկող ուժերը։ Այսինքն, ժողովրդին համոզել, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը նույն բանն են ուզում, և ՀԱԿ-ը կիսում է իշխանությունների մոտեցումներն այդ հարցում։ Դա պարզապես սուտ է` արդեն հազար անգամ հերքված։ Մենք հայտարարել ենք, որ եթե հայ-թուրքական արձանագրությունները ենթադրեին միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու սահմանների բացում, ապա մենք կողջունեինք դրանք, որովհետև իսկապես կարևորում ենք այդպիսի հարաբերությունների հաստատումը։ Սակայն այն գինը, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ վճարում է այս գործընթացի համար, մեր տեսանկյունից անընդունելի է։ Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, որը նշանակում է ընդառաջել Թուրքիայի վաղեմի առաջարկին, հնարավորություն կտա չեզոքացնելու ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, առաջին հերթին` ԱՄՆ-ում։ Սա է այն գինը, որ Սերժ Սարգսյանը վճարում է։ Մենք դեմ ենք, դրանից ավելի պարզ ինչպե՞ս ներկայացնենք մեր ասելիքը։
-Այդ դեպքում ստացվում է, որ Ձեր ու դաշնակցության դիրքորոշումները գրեթե միարժեք համընկնում են։ Ինչո՞ւ համատեղ հանդես չեք գալիս ընդդեմ այս գործընթացի։
-Համընկնումը ոչինչ չի նշանակում։ Նախ` սկսենք նրանից, թե ինչու է ՀՅԴ-ն այդ մասին խոսում միայն հիմա` իշխանությանը մաս կազմելուց և այս ամբողջ գործընթացից տեղյակ լինելուց հետո։ Այսօր էլ, երբ արձանագրությունները ստորագրված են, մենք տվել ենք հստակ գնահատական, մինչդեռ դաշնակցության գնահատականի մեջ ցյուրիխյան ուրացման դատապարտում, ըստ էության, չկա։ Այդ հայտարարության մի ամբողջ հատվածով ողջունում են ստորագրությանը նախորդած Սերժ Սարգսյանի ուղերձում արտահայտված գաղափարները։ Սա ինչպե՞ս հասկանալ։
Ստացվում է, որ նրանք միայն օգտագործում են իրենց ազգայնական «բրենդը», որպեսզի ժողովրդին շեղեն իրական պայքարից և գործնականում ամրապնդեն Սերժ Սարգսյանի դիրքերը։ Տարօրինակ չէ՞, որ այդ հայտարարությունը ստորագրած ուժերի մի մասը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ դաշնակցությունը չի պահանջում։ Մյուսները, ովքեր մասնակցում են այդ բեմադրությանը, գուցե անկեղծորեն հավատում են, թե ՀՅԴ-ն իշխանությունների դեմ է։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդ միավորման մեջ Սերժ Սարգսյանի նկատմամբ միասնական դիրքորոշում չկա։
-Այնուհանդերձ, համագործակցության առաջարկ եղե՞լ է նրանց կամ Ձեր կողմից, և ո՞վ է մերժել։
-Առաջարկ եղել է ոչ մեկ անգամ և հրապարակավ, ՀԱԿ-ի անունից ընդունվել է հրապարակային դիմում` համագործակցության կոնկրետ առաջարկներով։ Անձամբ ես էլ եմ դիմել կոնգրեսի անունից, որ պետք է միավորվել։ Դաշնակցության լիդերների կողմից նույնպես եղել է հրապարակային շատ կոշտ ու մերժողական պատասխան։
-Ես հրապարակային հայտարարությունները նկատի չունեմ, այլ գործնական շփումները։
-Խորհրդապահական ջանքեր էլ են եղել մեր նախաձեռնությամբ։ Բայց անօգուտ, նրանք մերժել են և հիմա արդեն պարզ է, թե ինչու։ Երբ այդ միավորումը ստեղծվում էր, իրենց կողմից որոշակի առաջարկներ են եղել ՀԱԿ-ի մեջ ներգրավված երկու-երեք կուսակցությունների` իրենց հետ համախմբվելու։ Եթե իսկապես անկեղծ են և ուզում են համատեղել ջանքերը, ինչո՞ւ չցանկացան ՀԱԿ-ի հետ հարաբերվել որպես մեկ ամբողջության։ Առանձին կուսակցությունների հետ բանակցելու այդ չհաջողված փորձը նպատակ էր հետապնդում պառակտել ՀԱԿ-ն ու դրանով իսկ օգնել իշխանություններին։
-Հակառակ տեսանկյունից նայենք խնդրին։ Լևոն Տեր-Պետրոսյան-ՀՅԴ, ՀՀՇ-դաշնակցություն հարաբերությունները հայտնի են։ Եղել է դաշնակցության գործունեության կասեցումը 1994-ին` բոլոր հավելյալ հետևանքներով։ Միգուցե անցյալի ծանր բե՞ռն է, որ թույլ չի տալիս նորմալ հարաբերություններ հաստատել։
-Անցյալի բարդությունները հարթելու համար մենք արել ենք քայլեր։ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց դաշնակցությանը` բանակցությունների առաջարկով, ինքը գնաց նրանց գրասենյակ։ Կայացավ կարևորագույն հանդիպում, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որոնք դաշնակցությունը հետո նորից խախտեց։ Հատկապես այն պահից սկսած, երբ նրանք հասկացան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթում է, ամեն ինչ արեցին, որ դա տեղի չունենա։ Անգամ ընդունելով, որ ընտրակեղծիքներ եղել են, նրանք սատարեցին իշխանություններին։ Իսկ հին կնճիռներն այդ ժամանակ արդեն հարթված էին։
-Դուք համոզվա՞ծ եք։
-Իհարկե, որովհետև այդ հանդիպումից հետո բավականին երկար ժամանակ հարաբերությունները կոռեկտ էին։ Սակայն կեղծված ընտրություններից հետո էլ նրանք մնացին կոալիցիայի մեջ, չդատապարտեցին մարտի 1-ը, իսկ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի վերջին կեղտոտ զեկույցի տակ էլ դրեցին իրենց ստորագրությունը։ Դա հիմք է տալիս մեզ ենթադրելու, որ իրենք շարունակում են հարաբերվել իշխանությունների հետ և օգտվել նրանց տրամադրած արտոնություններից։
-Ինչո՞վ կհիմնավորեք այդ հայտարարությունը։
-Թեկուզ նրանով, որ երբ ՀՅԴ-ն ստորագրահավաք է անցկացնում, ոչ ոք չի խանգարում։ Իսկ ինչպե՞ս են վարվում Ժիրայր Սէֆիլյանի «Միացում» նախաձեռնության հետ։ Մամուլում նշվել է, որ երբ «Միացումը» ստորագրահավաք է սկսել, ոստիկանությունը եկել, նախօրոք ճշտել է, որ դա դաշնակցության նախաձեռնությունը չէ, ու դրանից հետո դիմել է բռնի գործողությունների։ Կամ` նրանց հրավիրած վերջին հանրահավաքները, որոնց ժամանակ ոստիկանության հետ ոչ մի առճակատում չեղավ, մինչդեռ, եթե ՀԱԿ-ը հանրահավաք հրավիրի, անպայման խոչընդոտներ կհարուցվեն։
-Հնարավոր է, որ ոստիկանությունը խուսափում է այդպիսի բախումից, որովհետև ավելի արմատական դաշտ կմղի այդ միավորման մեջ հավաքված ուժերին։ Ի վերջո, ձեր երկու համախոհ կուսակցություններն էլ` «Ժառանգությունը» և ՆԺԿ-ն, նույնպես միացել են դաշնակցությանն այդ նախաձեռնության շրջանակներում, թեպետ նախագահական ընտրություններում ակտիվորեն պաշտպանել են Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հիմա նրանք անկեղծ մոլորվա՞ծ են։
-Իրենց մասնակցության շարժառիթները թող իրենք մեկնաբանեն։ Ճիշտն ասած, ես չեմ բացառում, որ վերջիններս անկեղծորեն հավատում են այդ նախաձեռնության հակաիշխանական բնույթին, բայց չեմ բացառում նաև, որ անկեղծ չեն։ Վերջին սկանդալներից հետո «Ժառանգությունն» էլ, կարծում եմ, նախկին կշիռը չունի քաղաքական դաշտում, որպեսզի կարողանա ազդեցիկ գործոն լինել։
-Ի դեպ, մամուլում եղել է տեղեկություն, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ հանդիպել են, և առաջին նախագահը դժգոհ է մնացել «Ժառանգության» առաջնորդի մոտեցումներից։ Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է, իսկապե՞ս այդպիսի տհաճ նոտայի վրա են բաժանվել։
-Այդ հանդիպումների մասին, ցավոք, հրապարակավ խոսել են «Ժառանգության» ներկայացուցիչները։ Ասում եմ` ցավոք, որովհետև հանդիպումները խորհրդապահական բնույթ ունեին, կար հստակ պայմանավորվածություն, որ դրանց բովանդակությունը չի հրապարակվելու։ Մենք, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, այդ հանդիպումների բովանդակության մասին որևէ բան չունենք ասելու։ Բայց այն, ինչ գրվել է մամուլում, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։
-Սակայն դրանց արդյունքում «Ժառանգություն»-ՀԱԿ հարաբերությունները վատթարացե՞լ են։
-Չեմ կարծում։ Որևէ էական փոփոխություն մեր հարաբերություններում չկա։
-Հիմա ընդդիմության մյուս թևի հետ այս փոխադարձ անտագոնիզմը որքա՞ն է շարունակվելու, և կա՞ հնարավորություն այդ ակոսից դուրս գալու։
-Անտագոնիզմը մենք չենք դրսևորել, մենք արել ենք համագործակցության առաջարկներ, որոնք չեն արժանացել համարժեք արձագանքի։ Թեպետ վերջին զարգացումներն այլ բան են ցույց տալիս, բայց ես չեմ բացառում, որ, ի վերջո, անկեղծություն ու սկզբունքայնություն կդրսևորվի։ Մենք դադար ենք վերցրել, որպեսզի մյուս քաղաքական ուժերն ակտիվանան, առաջնորդեն ժողովրդին, որովհետև որքան շատ հասարակական շերտեր ակտիվություն դրսևորեն քաղաքական գործընթացներում, այնքան ավելի լավ։ Որովհետև նրանք փորձում են ակտիվացնել այն շերտերին, որ մեզ չի հաջողվել։ Թեպետ նրանց էլ չի հաջողվում, քանզի չբավարարեց ո՛չ սկզբունքայնությունը, ո՛չ անկեղծությունը, ո՛չ էլ վճռականությունը։
-Ինչո՞ւ, հոկտեմբերի 9-ի հանրահավաքն ու երթը ոչնչով չէին զիջում ՀԱԿ-ի միջոցառումներին։ Օբյեկտիվ եղեք։
-Համեմատությանը համաձայն չեմ, որովհետև այդ միջոցառումների իրականացման համար իրենց առջև որևէ խոչընդոտ չի հարուցվել։ Երկու հեռուստաընկերություններով կարողացել են հանրությանն իրազեկել, ճանապարհները չեն փակվել, անգամ թույլ է տրվել հանրահավաքի մասնակիցներին տրանսպորտով տեղափոխել։ Ավելորդ է նշել, որ այդպիսի վերաբերմունք իշխանությունը մեր նկատմամբ երբևէ չի դրսևորել, և ՀԱԿ-ի ցանկացած միջոցառման հրավիրման դեպքում ոստիկանությունն անպայման շատ հստակ խոչընդոտներ է հարուցում։ Եթե անգամ առաջին հանրահավաքը հաջողված համարենք, ապա երկրորդն արդեն ցույց տվեց ժողովրդի վերաբերմունքը. նրա ներկայությունը, մեղմ ասած, համեստ էր։
-Ե՞րբ է ՀԱԿ-ը դուրս գալու դադարի հերթական փուլից և ակտիվացնելու իր գործողությունները։
-Առայժմ այդ կապակցությամբ որոշում չկա, բայց մենք շարունակ վերլուծում ենք իրավիճակը և տեսնում ենք հասարակության տարբեր շերտերի, հատկապես մտավորականության լուրջ ակտիվացում։ Եվ դա ողջունելի է։ Որքան շատ մարդիկ ակտիվանան, հասկանան ինչ է կատարվում ու համախմբվեն այս իշխանության դեմ, այնքան ավելի շուտ մենք կհասնենք մեր առջև դրված նպատակին։ Ակտիվություն կա նաև սփյուռքում, որը նույնպես շատ կարևոր է։ Ես կարծում եմ` այն գործոնները, որ ժամանակին Սերժ Սարգսյանի օգտին էին աշխատում` ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի, այժմ նրա դեմ են սկսել աշխատել։ Նաև մեր մարտավարությունն արդարացրեց իրեն. այն է` ասպարեզ տալ մյուս քաղաքական ուժերին, որպեսզի նրանք կարողանան ակտիվացնել այն հասարակական խմբերին կամ շերտերին, որոնք ինչ-ինչ պատճառներով մեզ չէին հարում մինչ այժմ։
Կոնգրեսում շարունակ վերլուծվում է իրավիճակը, և մենք հրապարակային միջոցառումները, հանրահավաքների հրավիրումը կվերսկսենք, երբ կգնահատենք, որ նպաստավոր քաղաքական գործոնները շատ են։ Կոնկրետ ժամկետ չենք ֆիքսել, որովհետև դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, երբ կհամարենք, որ անհրաժեշտ նախադրյալները կան։ Թեպետ մեր իսկ աջակիցների կողմից շատ մեծ ճնշում կա կոնգրեսի ղեկավարության նկատմամբ, որ անհրաժեշտ է վերականգնել ակտիվ գործողությունները։ Բայց մենք մեր համախոհներին բացատրում ենք, որ պետք է առաջնորդվել ոչ միայն ցանկություններով, այլև համոզվածությամբ, որ իրավիճակը նպաստավոր է մեր քաղաքական նպատակներն իրագործելու համար։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ