Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Օր յոթերորդ

Օր յոթերորդ
24.07.2009 | 00:00

ՄԻՏՐՈՊՈԼԻՏ ԱՆՏՈՆԻ ՍՈՒՐՈԺՍԿԻ
ԵՐԿՐՈՐԴ ԶՐՈՒՅՑ
«Եվ Աստված օրհնեց յոթերորդ օրը»
(Ծննդ. Բ 3):
Առաջին զրույցից հետո արձագանքների մեծ մասն այն մասին էր, որ իմ ասածներն ընդամենը վսեմ գաղափարներ են, որոնք հասանելի են, ասենք, Սերաֆիմ Սարովսկուն, Սերգի Ռադոնեժսկուն` սրբերին, այլ ոչ թե հասարակ մարդկանց։
Դե, եթե խոսքը սուրբ Սերաֆիմ Սարովսկու մասին է, հիշենք հենց նրա խոսքերը։ Մի անգամ նրան հարցրին. «Ի՞նչ տարբերություն կործանվող մեղավորի ու նույնպիսի մեղավոր մարդու միջև, որը, սակայն, հասել է սրբության»։ Նրա պատասխանն էր. «Տարբերությունը միայն մի բանի մեջ է` վճռականության»։
Այս բառով կարելի է բնորոշել սուրբ ճգնավորների անձնազոհ կյանքը, քանզի նրանք վճռեցին փնտրել Աստծուն, վճռեցին հաղթահարել բոլոր արգելքները, որոնք կհայտնվեին իրենց ճանապարհին, վճռեցին լինել անսահման գթասիրտ ուրիշների նկատմամբ ու առավելագույն չափով անխնա իրենց նկատմամբ։ Կարոտել Աստծուն, կանչել Նրան հուսահատության խորքից` հասանելի է բոլորիս, և մենք կարող ենք շնորհակալ լինել Աստծուն, որ մեզ տրված է այդպիսի կարոտ, այդպիսի անմխիթար զգացողություն մեր որբության պատճառով։ Փնտրել Նրան ինչքան ուժ ունենք` դա էլ է մեզ տրված։ Բայց որպեսզի մենք կռվենք ոչ միայն մեր տկարության դեմ, ինչում մեզ կօգնեն ոգևորությունը, կարոտը, ցանկությունը, այլև ամեն մեղքի դեմ, որ կհանդիպի մեր ճամփին, և մեր հիմնական մեղավորության դեմ, որի համար էլ հենց անհրաժեշտ է հրաժարվել ինքն իրենից, ինչով էլ վերջացավ մեր նախորդ զրույցը` հրաժարվի՛ր քեզնից։ Դա մենք կարող ենք ինչ-որ չափով հասկանալ ու իրագործել, եթե մտածենք, թե երբեմն ինչ տաղտկալի, ինչքան ձանձրալի է հիշել ինքներս մեր մասին։ Երբեմն հոգիդ վեր են բարձրացնում ոգեշնչումը, սերը, ինչ-որ հիշողություն, թվում է, կարելի է կյանքը զոհել դրա համար, թվում է, դա այնպիսի գեղեցկություն է, այնպիսի իմաստ, որը սպառում է ամեն ինչ։ Մեկ էլ հանկարծ հիշում ես ինքդ քեզ, վախով լցվում ու էլ չես կարողանում գնալ ոչ սխրանքի, ոչ մեծ արարքի։
Դա պատահեց Պետրոս առաքյալի հետ, երբ փոթորկի ժամանակ աշակերտները տեսան Քրիստոսին, Որը մոտենում էր իրենց` քայլելով ծովի վրայով։ Եվ Պետրոսը գոռաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Նա արեց դա հազիվ թե միայն նրա համար, որ փորձի իր հավատը կամ Տիրոջ իշխանությունը փոթորկի վրա, այլ այն պատճառով, որ ուզեց լինել այնտեղ, որտեղ իր Տերն է։ Պետրոսը բուռն, կրակոտ մարդ էր, նա գործում էր արագ, առանց վարանելու։ Տեսնելով Քրիստոսին, նա ուզեց Նրա հետ լինել։ ՈՒ ճանաչելով Քրիստոսին` նա չկասկածեց, որ դա հնարավոր է. միայն թե Փրկիչ Քրիստոսը հրամայի։ Քրիստոս հրամայեց` գնա՛։ ՈՒ Պետրոսը գնաց ալիքների վրայով։ Նա քայլում էր վճռական քայլվածքով, մինչև որ հիշեց ինքն իրեն և հենց այդ պահին սկսեց խեղդվել։ Ահա թե ինչ է հիշելն ինքն իր մասին. ի՛նչ տխուր, ի՛նչ նողկալի, ի՛նչ ավերիչ է դա։ Տեր իմ, մի՞թե ես նորից, ուրվականի պես, ցցվեցի սեփական ճամփիս վրա։ Նորից հիշեցի իմ մասին, ու ամեն ինչ մանրացավ, և այն ամենը, ինչն ամբողջական էր, փշրվեց, և այն ամենը, ինչը վսեմ էր, նորից դարձավ այնքան ողորմելի ու երկրային։ Եթե մենք կարողանայինք միշտ հիշել այն, ինչը մեզ խանգարում է մարդ լինել ըստ այն մասշտաբի, որ տրված է Աստծուց, այն, որ մենք հանկարծակի հիշում ենք մեզ, ու ամբողջ վեհությունը քանդվում է, այդ ժամանակ մենք համապատասխանում ենք սեփական չնչինության մասշտաբին. ամեն ինչ դառնում է մանր ու ճղճիմ։ Եթե մենք հիշեինք դա և հիշեինք անընդհատ, ապա կասեինք ինքներս մեզ. «Ո՛հ, միայն ոչ դա։ Հեռացի՛ր ինձանից, սատանա»։ Դու մտածում ես այն բանի մասին, ինչը երկրային է, այլ ոչ այն բանի, որն Աստվածային է, դու մտածում ես ամենաչնչին բաների մասին, այլ ոչ թե վեհության, որ թաքնված է քո մեջ։ Հարկավոր է վարժվել, հարկավոր է սովորել, որպեսզի տաղտկալի լինի հիշել մեր մասին, քանզի մնացածն այնքան լի է իմաստով, խորությամբ և գեղեցկությամբ, իսկ մենք դառնում ենք այնքան մանր, երբ հիշում ենք ինքներս մեզ ու դրանով իսկ քանդում ամեն ինչ։ Մյուս բանը, որ կարող է օգնել մեզ ապրելու բովանդակալից, հիշելն է մահվան մասին։ Եկեղեցու հայրերն անընդհատ կրկնում են. «Հիշի՛ր մահվան մասին»։ Ժամանակակից մարդը կասի. «Մի՞թե դա անհրաժեշտ է, մի՞թե ես պիտի ապրեմ ասես սև ամպի տակ, անընդհատ սպասելով մահվան, ու մահից հետո` դատաստա՞ն։ Էլ ի՞նչ կմնա կյանքից»։ Եթե այդպես մտածենք մահվան մասին, ոչինչ չի մնա կյանքից, նա կդառնա մոխիր, նա կիմաստազրկվի, կդատարկվի։ Բայց հայրերը, ինչպես ինձ թվում է, դա չեն ասում։ Եթե հիշում ենք, որ մահը կարող է վրա հասնել յուրաքանչյուր պահի, ապա կարող ենք յուրաքանչյուր պահը դարձնել մեր կյանքի վերջին ակնթարթը, այսինքն` կյանքի ավարտը։ Եթե մտածեինք, որ այն խոսքերը, որ մենք արտասանում ենք կամ ընկալում, որ այն, ինչը մենք հիմա անում ենք, մի ակնթարթում կարող է ընդհատվել, ապա ինչքան կարևոր կլիներ, որ այդ ակնթարթը լիներ ոչ այն վայրկյանին, երբ մեր խոսքերը փուտ են, մեր մտքերը` մռայլ, մեր զգացմունքները` պղտորված, մեր արարքները` անարժան և՛ մեզ, և՛ ուրիշներին, և՛ Աստծուն։
Մենք ապրում ենք և մեծ մասամբ կարծես թե կատարում ենք նախնական նախապատրաստումը, կարծես թե գրում ենք մեր կյանքի սևագիրը, այն իմաստով, որ, կարող է պատահել, երբևիցե կմաքրագրենք այն։ ՈՒ մենք գրում ենք այդ «սևագիրը» մեր ամբողջ կյանքում, բայց այդ ժամանակը չի գալիս, որ մենք հասցնենք «մաքրագրել» այն։ Իսկ եթե գիտակցեինք, որ սա վերջնականն է, որ յուրաքանչյուր գրված բառ կմնա ընդմիշտ, ամեն արարք` առմիշտ, որքա՜ն զգույշ կվերաբերվեինք և՛ բառին, և՛ արարքին։ Եթե մտածեինք, որ այս մարդը, ում հետ ես խոսում եմ հիմա, մի ակնթարթ հետո կարող է լինել մեռած, որքան մտածված կընտրեինք և՛ մտքերը, և՛ խոսքերը։ Մեզանից ոմանք, որոնք հարազատներ են կորցրել, հավանորեն, հասկանում են դա։ Այդ ժամանակ չկա մանր և չկա մեծ. ամեն ինչ մեծ է, որովհետև նույնիսկ ամենաչնչին բանը կարող է ինքնին արտահայտել ամբողջ սերը, հարաբերությունների ամբողջ խորությունը։ Ոչ միայն բառերը, այլև ձայներանգը, ոչ միայն այն, ինչը կատարված է, այլև ինչպես է դա կատարված։ Ամեն ինչ կարող է դառնալ այնքան նշանակալից` հայացքը, ժպիտը, փոքրիկ, հազիվ նշմարելի հոգացողությունը։ Եթե մենք հիշեինք մահը ոչ որպես զարհուրանք, այլ որպես հիշեցում, որ կյանքը պետք է միշտ լինի հավիտենության մակարդակի վրա, այդ դեպքում շատ բաներ չէինք անի, շատ բաներ չէինք ասի, այդ ժամանակ ուրիշ կլիներ և յուրաքանչյուրիս, և մեր ընդհանուր կյանքը։ Ինչ ուրախալի կլիներ մտածել, որ երբ վախճանվի մարդը` հարազատ կամ հեռավոր, որ նրա վերջին խոսքը լի էր սիրով, վերջին հայացքը` լույսով, վերջին արարքը սիրո խորհրդանիշ էր, կգնա հավերժություն։
Ավետարանում մենք հաճախ ենք փնտրում ուղիներ ու հաճախ տարակուսում` որտեղի՞ց սկսել, ինչի՞ց, ինչպե՞ս։ Կա Քրիստոսի անձը, այնքա՜ն զորավոր և այնքա՜ն քնքուշ, կան Նրա գործերը, օրինակը, որը Նա տվեց մեզ, որ մենք հետևենք Իրեն, կան Նրա խոսքերը, որոնց մասին Ինքը Փրկիչն ասում է, որ նրանք ոգի են ու կյանք (Հովհ. 6.63), Աստծո զորություն։ Քրիստոսի պատվիրաններն այնքա՜ն պարզ ու փոքրաթիվ են` սիրի՛ր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ բանականությամբ, ամբողջ զորությամբ, քո ամբողջ կյանքով ու սիրիր մերձավորիդ քո անձի պես (Մարկ. 12.29-31)։ Ի՞նչ է նշանակում «Աստծուն սիրել», որտե՞ղ գտնենք սիրո զգացողությունը։ Ի՞նչ է նշանակում «սիրել մերձավորին», որտե՞ղ գտնենք սիրո զգացումը։ Իսկ եթե զգացում չկա, ապա ո՞րն է սերը։ Մյուս կողմից` պատվիրանների բազմազանությունը. որի՞ց սկսել, ամենաթեթևի՞ց, կամ նրանի՞ց, որը մեզ թեթև է թվում, մինչև որ մենք կշոշափենք այն, կամ ամենածանրի՞ց։ Գուցե կա՞ ինչ-որ պատվիրանների հիերարխիա` ավելի կարևոր կամ քիչ կարևոր։ Բայց ոչ, կարծես թե չկա։
Որտեղի՞ց սկսել։
Ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է սկսի յուրովի, բայց ոչ պարզապես սրտի հակումով ու ավելի քիչ` ըստ ճաշակի, այլ հարկավոր է փնտրել այն պատվիրանը, այն կերպարը, այն առակը, այն խրատը, Քրիստոսի այն հատկանիշը, որն ուղղված է անմիջապես քեզ։ Դուք երևի հիշում եք պատմությունը Ղուկասի Ավետարանից երկու աշակերտների մասին, որոնք Էմմավուս էին գնում Քրիստոսի Հարությունից հետո։ Նրանց մոտեցավ Քրիստոսը` որպես ճամփորդ և միացավ նրանց։ ՈՒ նրանք սկսեցին զրուցել, և Քրիստոսը սկսեց բացել նրանց առաջ գաղտնիքը Քրիստոսի մասին, փրկության խորհուրդը։ ՈՒ երբ Նա բացվեց նրանց առաջ ու աներևույթ դարձավ, աշակերտներն ասացին իրար. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, մինչ Նա ճանապարհին խոսում էր մեզ հետ» (Ղուկ. 24.13-32)։
Երբ մենք կարդում ենք Ավետարանը, մենք այն վերապրում ենք շատ տարբեր, ոչ նույն կերպ։ Որոշ ավետարանական խոսքեր, իրադարձություններ, մինչև իսկ Քրիստոսի անձի բնորոշ գծեր մեզ համար խորթ են, ու մենք կարող ենք մեր մեջ հայտնաբերել նույնիսկ բողոք դրանց դեմ. «Ո՛չ, դա ինձ հարմար չէ, այդ ճամփով ես չեմ կարող գնալ, ես ոչ միայն չեմ կարող դառնալ այդպիսին, ես չե՛մ ուզում»։ Բայց Ավետարանում կան այլ տեղեր, որոնց մասին մենք կարող ենք ասել, ինչպես Ղուկասն ու Կղեովպասը ասացին իրար. «Այո՛, այս խոսքերից սիրտս այրվում է, այս խոսքերից հոգիս պայծառանում է, այս խոսքերից ես դառնում եմ ավելի մաքուր և լուսավոր, այդ խոսքերն առաջացնում են իմ մեջ նոր ուժ, նոր հույս, նոր ուրախություն»։ Ահա հենց այդ խոսքերը մեզ հարկավոր է նշել, այդ խոսքերն ուղղված են անձամբ մեզ։ Քրիստոսը միշտ շրջապատված էր մարդկանցով, անընդհատ Նրան էին դիմում հարցերով, և Նա պատասխանում էր ամեն մեկին առանձին, ընդհանուր պատասխաններ Նա չէր տալիս, բոլոր պատասխաններն անհատական էին։ Բայց բազմության մեջ կային մարդիկ, որոնց մեջ, գուցե ոչ այդքան հստակ, բայց հասունանում էր նույնանման հարցը, ու լսելով Քրիստոսի պատասխանը, նրանք կարող էին այն ընկալել այնպես, իբր դա ուղղված է անձամբ իրենց։ ՈՒրիշներ կային, որոնց համար դեռ չէր հասունացել այդ հարցը, ու նրանք կուտակում էին այդ խոսքերն իրենց սրտերում։ Ոմանց համար էլ անհասկանալի էին և հարցը, և պատասխանը. դրանք կանգ չէին առնում։ Կային նաև դժբախտներ, որոնք գայթակղվում էին ու հեռանում, կամ էլ զբաղվում էին խառնակչությամբ, որպեսզի փորձեն ու ծուղակը գցեն Քրիստոսին, որովհետև Նրա խոսքերը ոչ միայն անհասկանալի, այլև հակառակ էին իրենց զգացումներին ու համոզմունքներին։
Երբ կարդում ենք սրբոց վարքը, ապա տեսնում ենք, թե ինչ շատ են նրանք, ովքեր կառուցել են իրենց սուրբ լինելը մի ավետարանական բառի վրա, որը հանկարծ խփել է իրենց հոգուն։ Գուցե նրանք տարիներ շարունակ լսել էին այդ խոսքերը, բայց նրբազգաց չէին եղել, պատրաստ չէին եղել, չէին հասունացել այդ խոսքերի համար, իսկ հիմա լսեցին ու միանգամից կատարեցին։ Եվ ոչ միայն սրբերը, այլև շատ հասարակ, պարզ հավատացյալներ լսեցին խոսքը և կենդանացան։
Մեզնից յուրաքանչյուրը կարող է վերցնել Ավետարանը և կարդալ, կարդալ հանգիստ, չփնտրելով իմաստություն, չփնտրելով ոչինչ, պարզապես կարդալ անկեղծ մտքով, բաց սրտով, միայն հասկանալու ցանկությամբ, ինչպես նամակն են կարդում։ Եթե մենք կարդայինք այն այդպիսի անկեղծությամբ, մեր սիրտը կջերմանար, երբեմն կվառվեր։ Հենց այդ տեղերը մեզ հարկավոր է նշել ու երբեք չմոռանալ, քանզի Աստված ուղիղ խոսեց մեր հոգու հետ ու ասաց մի բան, ինչին մեր հոգին ընդունակ եղավ արձագանքելու։ Հարկավոր է այդ տեղերը նշել, որովհետև նրանք ցույց են տալիս, որ այդ բանում իմ հոգին և Աստված արդեն միացել են` իմ մտքերը Նրա մտքերն են, իմ զգացումները Նրա զգացումներն են, իմ կամքը Նրա կամքն է, և կամաց-կամաց մեզ կբացվեն Քրիստոսի այլ խոսքերը, այս կամ այլ պատկերի մեջ, առակում, Քրիստոսի արարքում մենք կգտնենք նոր պատվիրան, Փրկչի հետ մեր մտերիմ լինելը։
Եվ այդ ճանապարհին սկսվում է պայքարը մեղքի դեմ, բայց ոչ թե ընդհանրապես մեղքի, այլ անձամբ մեզ անհրաժեշտ պայքար։ Երբ կձգտենք ապրել մեր սեփական ներքին կյանքի խորքային օրենքի համաձայն, մենք, հնարավոր է, հայտնաբերենք, որ մեր ճանապարհին այս կամ այլ բան է կանգնած որպես արգելք։ ՈՒ մեզ համար պարզ ու հստակ կծառանա մի հարց. կամ ես պետք է հրաժարվեմ ինքս ինձնից, կամ պետք է հաղթահարեմ այդ խոչընդոտը։ Ոչ թե նրա համար, որ այդպես է գրված Ավետարանում, ոչ թե այն պատճառով, որ ես վախենում եմ Աստծուց ու Իր դատաստանից, այլ միայն նրա համար, որ դա կյանքի օրենքն է, ու չդիմադրել, չպայքարել, չհաղթել նշանակում է համաձայնել մահվան։ Այդ ժամանակ կարելի է, ինչպես եկեղեցու հայրերն էին ասում, ատել մեղքը, որովհետև այդ մեղքը կյանքի մերժումն է իմ մեջ, մահ է, սպանությունն է իմ մեջ այն բանի, ինչն ամենասուրբն է, ամենակենդանին։ Այդ ժամանակ հասկանալի է դառնում, թե ինչու Աստվածաշունչը սատանային կոչում է «ի սկզբանե մարդասպան» (Հովհ. 8.44), այո՛, նա ձգտում է սպանել կյանքը մեր մեջ։ Այդ ժամանակ մենք կարող ենք պայքարել մեղքի դեմ ոգեշնչված, գիտակցորեն, համառորեն, այդ ժամանակ մենք զգում ենք, որ պայքարել մեղքի դեմ նշանակում է պայքարել կյանքի համար, նշանակում է խուսափել կործանումից։ Դա ոչ թե պարտքի կատարում է, այլ հենց կյանքի անհրաժեշտություն է։ Այն պատվիրանի դեմ, որն արտահայտում է հենց մեզ, ընդվզում են շատ ուրիշ ուժեր։ Հնազանդության դեմ ընդվզում է ոչ միայն հպարտությունը, ժուժկալության դեմ` ոչ միայն ագահությունը։ Չարի խարդավանքները շատ տարբեր են։ Եվ մենք ստիպված կլինենք պայքարել։ Դա անվերջ, առնական, անդուլ-անդադար, բայց և ուրախ պայքար է։ Դա կենաց ու մահու պայքար է մեր կյանքի համար, հավիտենական կործանման դեմ։ Բայց դրա հետ մեկտեղ դա պայքար է հանուն Աստծո, հանուն Քրիստոսի, Նրա հաղթանակի, դա մեր հավատարմությունն է Նրա նկատմամբ, դա մեր սերն է Նրա հանդեպ, դա այն ամենն է, ինչը մենք կարող ենք անել Նրա համար, որովհետև մենք այս աշխարհում ենք, որ հաղթենք չարին, և, հաղթելով նրան մեր մեջ, հաղթում ենք նրան աշխարհում։ Մենք երբեմն մտածում ենք, որ մեղքը մասնավոր գործ է։ Մեղքը մասնավոր երբեք չի լինում։ Հանգցնել մի մոմ նշանակում է ավելացնել խավարը տաճարում։ Երբ հանգչում է որևէ մեկի հոգին, ապա աշխարհը դառնում է ավելի մութ, եթե սկսվում է նոր կյանք` աստվածային կյանքը մարդու մեջ, ամբողջ տիեզերքը ողողվում է լույսով։ Փրկվելով կամ կործանվելով` մենք ոչ միայն մեզ ենք փրկում կամ կործանում, այլև կատարում ենք ինչ-որ վճռական բան տիեզերքի ճակատագրի հանդեպ։ Մեղքը միշտ սպանում է մեզ ու զրկում ուրիշներին այն բանից, որ միայն մենք կարող էինք տալ նրանց։ ՈՒ նա խլում է Աստծուց ինչ-որ բան, ինչը կարող էր լինել Նրանը` մեր սիրտը, մեր կյանքը։
Քրիստոսը տվել է մեզ Ավետարանում մի աղոթք` «Հայր մերը» (Մատթ. 6.9-13)։ Դա ոչ միայն աղոթք է, դա ներքին կյանքի ամբողջ մի ճանապարհ է, դա վերընթաց ճանապարհ է դեպի Աստված և Աստծուց վերադառնալու ուղի` աշխարհը փրկելու համար։
Քրիստոսը տվել է մեզ երանության պատվիրանները (Մատթ. 5.3-12), որոնք նույնպես ուղի են, ոչ թե պատահական թվարկում են, այլ աստիճանների շարք, ամբողջ մի ճանապարհ, որով կարելի է անցնել առաջին պատվիրանից մինչև վերջինը։ Մեզ Հին ՈՒխտի Ելից գրքում տրված է այն բանի պատկերը, թե ինչպես հրեաները, լինելով ազատ մարդիկ, եկան Եգիպտոս, ինչպես աստիճանաբար կապվեցին հողին և դրա պատճառով դարձան ստրուկ, ինչպես նրանց մեջ սկսեց սաստկանալ ազատության և ինքնության հուսահատ կարոտը, ինչպես, ի պատասխան այդ կարոտի, մի ամբողջ ժողովրդի զղջումի ճիչի, Աստված ուղարկեց նրանց փրկարար Մովսեսին։ Եվ հետո պատմվում է, թե ինչպես նրանք հեռացան սարսափելի անապատ, և ինչպես այդ անապատում սովով, մահով, աշխատանքով դարբնվում էին ազատ մարդիկ, որոնք ընդունակ դարձան ստանալու Օրենքը, հետո մտնելու ավետյաց երկիր ու նվաճելու այն և, վերջապես, հաստատվելու Սիոնի լեռան վրա։
Դրանք պատկերացումներ են, բայց եթե ընթերցենք ու վերընթերցենք, կտեսնենք, որ Ելից գիրքը, Տերունական Աղոթքը, երանության պատվիրանները, իսկ եկեղեցական կյանքում` մկրտության, դրոշմի, հաղորդության խորհուրդները միանման են կառուցված. դա ուղի է։ Կարդացե՛ք, տեսե՛ք, համեմատե՛ք և կտեսնեք, որ մատնանշված է ուղին, ցույց են տրված փորձությունները, բայց նշված է և գինը. ստրուկը ստանում է տիրոջից այն, ինչը հարկավոր է իրեն, և վճարում է ոչ միայն աշխատանքով, այլև ազատությունը կորցնելով, զրկվելով մարդկային արժանապատվությունից։ Ազատագրվելու համար մեզ անհրաժեշտ է մտնել անապատ, իսկ դրանից մենք սարսափում ենք։ Այստեղ է, որ պետք է վճռականությունը, որն արհամարհում է ինքն իրեն մինչև վերջ, որն անողոք է իր նկատմամբ։ Ինչպես ասում է Ֆեոֆան ճգնավորը, եթե մեր մեջ պետք է կենդանանա նոր մարդը, ապա հին մարդը պետք է մեռնի. նա ինքնին չի մեռնի, մենք պետք է սպանենք նրան սեփական ձեռքով, իսկ դրա համար վճռականություն է պետք, ու ոչ միայն մի ակնթարթ, այլև հավատարմություն մինչև վերջ։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2106

Մեկնաբանություններ