Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ «ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ»

ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ «ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ»
05.03.2010 | 00:00

Այո, հարգելի ընթերցող, նորհայկական առևտրային այս հախուռն զվարճավայրերում պերճանքն իրական-առարկայական գերարժեք է, թշվառությունը` ինչ-որ վիրտուալ իրականություն։
Առհասարակ տոնավաճառներն անկախ պետականության կայացման կարևորագույն բաղադրիչներից են, հայկական ժողովրդավարական անմար փարոսները, հասարակական բևեռացման հզոր խթանները և այլն, և այլն։ Միաժամանակ բավականին խորհրդավոր ու գայթակղիչ են։ Ինչպես, ասենք, երկրի խոշորագույն որոշ հարկատուների բանկային հաշիվներն ու «ազգամիջյան» բիզնես-«կայֆերը» Եվրոպայի, Հարավային Աֆրիկայի և, օրինակ, Բրազիլիայի տնտեսություններում։
Իսկապես, անկախության արշալույսին տոնավաճառները ժողովրդավարության կղզյակներ էին, տնտեսական ազատականացման ցցուն ելուստներ... Խորհրդային դաստիարակություն ստացած նախկին ինժեներն ու մանկավարժը, մանկաբույժն ու շինարարն արդեն «դախլային գլադիատորներ» էին, Մերձավոր Արևելքի ժամկետանց տեսականին ներկրում էին տոնավաճառ, խրոխտ ու աներեր դիրքավորում ափաչափ սեղանիկի առջև ու անցնում գրոհի, այսինքն` լումայանոց թուրք-արաբական արտադրանքը դրամով պարտակում։ Նրանց հասկանալ (և հարգել) է պետք։ Մարդիկ նպաստում էին բագրատյանական ցնցակաթվածից ճողվածք ստացած տնտեսության աշխուժացմանը, սեփական ընտանիքի և գործազուրկ մերձավորների բուտերբրոդային բարեկեցությունն ապահովում և լուսապայծառ-հուսադրող երազներ տեսնում, որ իրենք վերստին դասասենյակում էին, համաբուժարանում և շինարարական տեղամասում։ Սակայն նրանց պատմական առաքելությունը շատ ավելի թռիչքային էր։ Ձևավորվում էր նորհայկական գործարար վերնակույտը, անկախ ու ազատ հանրապետության շարժիչ-կլանիչ գերակա գործոնը, նոր հայերն էին ասպարեզ մտնում։
Եթե պատերազմի տարիներին տոնավաճառների գործունեությունը մասնավորի ձեռքում արդարացված էր (գոյացած պատկառելի գումարների ստվար մասն ուղղվում էր հանրապետության պաշտպանությանը, մյուս մասը, որպես ստվերային տուրք, գրպանում էր տնտեսական գործունեության լայնաթափ ճանապարհ ընկած ուժայինների վերադասը... մանրոնն էլ աջակցության կարգով նվիրաբերվում ազատամարտի հաշմանդամներին), ապա հետպատերազմյան, տնտեսական ապաշրջափակման ժամանակահատվածում առնվազն արտառոց է հսկայական գումարների վաստակումը մասնավորի կողմից։
Տոնավաճառներից գանձվող հսկայական շահույթը, 50-150 հազար ԱՄՆ դոլար, յուրաքանչյուր ամիս բաշխվում է 2-3 մարդու միջև։ Որոնք ո՛չ ավելի, ո՛չ պակաս տոնավաճառային առևտրի կազմակերպիչներ են, այսինքն` պետական (ազգային) հողատարածքի վրա կրպակաշարեր տեղակայելով` հայտնվում են խոշոր բիզնեսում։
«Վաղարշ և որդիներ» տոնավաճառի գործը բավականին տիպիկ է։ Անգամ հանրապետության վարչապետի ներկայությունը չէր սթափեցնում ամբարտավանության մեջ խորասուզված սեփականատիրոջը։ Վերջին «ալեբախումներից» հետո վարչապետն անձնական հանձնարարական է իջեցնում պետեկամուտների կոմիտեի ղեկավարին` ուժեղացնելու տոնավաճառի կազմակերպիչների գործունեության վերահսկողությունը։ Սա սարկազմ է։ ՈՒրեմն բազմաթիվ ու բազմաբնույթ վերահսկիչ մարմիններն ի զորու չեն խորտակելու տոնավաճառների կազմակերպիչների քրեաբնույթ դիմադրությունը։ Բայց գուցե ժամանակն է ուղղակի պետական մասնակցությամբ կազմակերպելու այս առևտրաշահ գործը։ Ասենք, 80 տոկոսը պետական (կառավարության կամ քաղաքապետարանի) վերահսկողությամբ, 20 տոկոսը` մասնավորի։
Եթե հանրապետությունում գործում են շուրջ 100 տարաբնույթ տոնավաճառներ և շուկաներ, դժվար չէ հաշվել, թե ինչ ծանրակշիռ ներդրում կլինի պետական մաս հանդիսացող մի քանի միլիոն դոլարի եկամուտը պետգանձարանում։ Թե չէ մենք իսկապես որ բոլշևիկյան ավյունով հավերժական շարժիչ ենք հորինում, կամ Կոզմա Պրուտկովի նման ձգտում գրկել անընդգրկելին։
Միաժամանակ շատ հետաքրքիր կլինի ունկնդրել վերադաս պատասխանատուների բացատրություն-պարզաբանումները, թե ինչ կկատարվի հանրապետության տնտեսության հետ, եթե տոնավաճառների և շուկաների, երթուղային տրանսպորտի և հանքարդյունաբերության բնագավառները մասնակիորեն ազգայնացվեն։
Թե չէ, իսկապես որ, տարօրինակ է։ Հանրապետության քաղաքական վերնախավը տարիներ շարունակ «կերտում» է հղփացած մասնավորին, անհավանական արտոնություններ շնորհում նրան... հետո փորձում վերահսկել, բարոյախոսական բնույթի արշավներ է տարածում, անձնական շրջայցեր կազմակերպում և այլն։
Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ