Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ԹՈՒՅԼԵՐՆ ՈՒ ՎԱԽԿՈՏՆԵՐՆ ԵՆ ՍՈՎՈՐԱԲԱՐ ԴԱԺԱՆ ԼԻՆՈՒՄ»

«ԹՈՒՅԼԵՐՆ ՈՒ ՎԱԽԿՈՏՆԵՐՆ ԵՆ ՍՈՎՈՐԱԲԱՐ ԴԱԺԱՆ ԼԻՆՈՒՄ»
20.07.2010 | 00:00

«Իրատես de facto»-ն շարունակում է «Քաղաքականությունից դուրս» հարցազրույցների շարքը: Պաշտպանությունը երկրի համար, թերևս, ամենակենսական ոլորտն է, որով էլ պայմանավորված է շարքային քաղաքացու անվտանգությունը: Պաշտպանության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն` նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ, ինչպիսի՞ն է առանց քաղաքականության: Նախարարի զբաղվածության պատճառով մեր զրույցը հակիրճ է:
-Ձեզ համար ի՞նչ է պաշտպանվածության զգացումը:
-Պաշտպանվածությունը կարելի է բաժանել մի քանի պայմանական խմբերի: Ներքին պաշտպանվածություն. դա իրավական պետության գոյությունը, օրենքի գերակայությունն է, ինչը հնարավորություն է ընձեռում մարդուն սեփական երկրում ապրելու արժանապատիվ` վստահություն ունենալով իր ներկայի և ապագայի նկատմամբ: Պաշտպանվածությունն արտաքին դաշտում, կարծում եմ, հասկանալի է. դա երկրի լիակատար անխոցելիությունն է ցանկացած թշնամու ոտնձգությունից: Թեև ես առանձնացրի պաշտպանվածության այս երկու տեսակները, սակայն ցանկանում եմ նշել, որ դրանք սերտորեն շաղկապված են և փոխլրացնում են միմյանց: Միայն պետությունից պաշտպանված լինելու զգացողությունն է հնարավորություն տալիս մարդուն լիարժեք ապրելու և արարելու:
- Ո՞ր կարգավիճակում եք Ձեզ առավել հանգիստ զգում` նախարարի՞, թե՞ քաղաքացու:
-Ընդհանրապես, պետական ցանկացած պաշտոն զբաղեցնելն արդեն մեծ պատասխանատվություն է ենթադրում: Իսկ երկրի պաշտպանության նախարարի գերխնդիրն է ապահովել երկրի անվտանգությունն արտաքին թշնամուց: Հավատացնում եմ, որ շատ մեծ պատասխանատվություն է: Եվ քանի դեռ մեր սահմաններում հնչում են կրակոցներ, հակառակորդը գնդակոծում է մեր դիրքերը, քանի դեռ թշնամու զենքն ուղղված է հայ զինվորի դեմ, պաշտպանության ոչ մի նախարար չի կարող հանգիստ լինել: Իսկ որպես քաղաքացի հանգիստ կլինեմ այն ժամանակ, երբ մեր երկրի պաշտպանության բոլոր խնդիրները լուծված կլինեն:
-Պաշտոնյայի համար ինչքանո՞վ է կարևորվում հասարակության կողմից ընդունելի լինելը:
-Դա շատ կարևոր է, գուցե պաշտոնյայի համար ամենակարևոր խնդիրներից է, ինչը հնարավորություն է տալիս նրան զգալ, որ կատարած աշխատանքը տվել է իր արդյունքները, և գնահատվում է հասարակության կողմից: Միաժամանակ, հասարակական գնահատականը մեծացնում է պաշտոնյայի պատասխանատվությունը: Կարծում եմ` որքան բարձր է հասարակական ակտիվությունը, որքան կայացած են հասարակական ինստիտուտները, այնքան ավելի ուժեղ է տվյալ պետությունը:
-«Իմաստունը նա է, ով դաժան է պատեհ ժամի և խոհեմ է հարմար պահի»,- ասում է Լոպե դե Վեգայի հերոսը: Ձեր պատկերացմամբ` պետության ղեկավարը պե՞տք է առաջնորդվի այս սկզբունքով:
-Խոհեմությունը ոչ միայն պետության, այլև ցանկացած ղեկավարի ամենակարևոր հատկանիշը պետք է լինի: Եթե անհատը կարող է լինել զգացմունքային, դիմել ծայրահեղությունների, ապա ղեկավարը չի կարող իրեն նման «շռայլություն» թույլ տալ: Անհատը պատասխանատու է իր որոշումների և արարքների համար, իսկ պետության ղեկավարը կրում է ողջ երկրի պատասխանատվությունը: Մարդկության պատմությանը հայտնի են դեպքեր, երբ պետության ղեկավարի անխոհեմությունը ճակատագրական է եղել ողջ ժողովրդի համար: Ինչ վերաբերում է դաժանությանը, ապա կասեմ, որ այն չեմ ընդունում: Դաժանությունը բացասական երևույթ է և իմաստության նշան չի կարող լինել: Ընդհակառակը` թույլերն ու վախկոտներն են սովորաբար դաժան լինում: Կարծում եմ` այստեղ որոշակի թյուրըմբռնում կա. մարդիկ հաճախ խստությունը, կամային հատկանիշները և պահանջկոտությունը համարում են դաժանություն: Այդպես չէ: Մասնակցելով արցախյան պատերազմին, այնուհետև երկար տարիներ զբաղեցնելով զինվորական պաշտոններ, երբեք դաժան չեմ եղել իմ ենթակաների, նույնիսկ թշնամու նկատմամբ: Մեր հաղթանակը արցախյան պատերազմում պայմանավորված էր հայրենիքի նկատմամբ անհուն սիրով, ուժով և վճռականությամբ, բայց ոչ երբեք` դաժանությամբ:
-Զգացմունքայնությունը պաշտոնյային, առավել ևս` պաշտպանության նախարարին, օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
-Պաշտպանության նախարարը կարող է զգացմունքային լինել, սակայն մարդուն բնորոշ այս հատկանիշը ոչ մի կերպ չպետք է ազդի որոշումներ ընդունելու, հրամաններ արձակելու վրա: Բանակը բարդ կառույց է և ունի հոգեբանական բազմաթիվ առանձնահատկություններ: Ռազմական գործողությունների ժամանակ հոգեբանական ճնշումը թե՛ նախարարի, թե՛ զինվորականների վրա ավելի է մեծանում, սակայն նման բարդ պայմաններում զգացմունքային որոշումները կարող են վնասել ընդհանուր գործին: Անկախ զբաղեցրած պաշտոնից, պաշտոնյան պարտավոր է լինել զուսպ, հավասարա-կշռված և սառնասիրտ: Երբեք չի կարելի թույլ տալ, որ զգացմունքները գերակայեն սթափ մտածողությանը:
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ