Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԺԱԿ-ՀԱԿՈԲԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ

ԺԱԿ-ՀԱԿՈԲԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ
12.03.2010 | 00:00

Այս վկայությունը պատմել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը։ Ֆրանսիայի Պրովանսում նա ցուցահանդես է բացում։ Տեղացի հայ Հովհաննես Մենզիլջյանը ցուցահանդեսի հայտագիրը փողոցում կարդալով, տեսնելով, որ գեղանկարիչը հայ է, շտապում է հանդիպել, ծանոթանալ։ Եվ Նիկոլին պատմում է իր որդու մասին։
Ողջ շարադրանքը, ըստ Աստծո օրենքների, ակամա մեղք գործելու պատմություն է։ Բայց որ Աստված իր մարդասիրությամբ մեր բոլոր մեղքերը, բացի Սուրբ Հոգու դեմ եղածից, ներում և Քրիստոսով սքանչելիքներ և օրհնանք է գործում մեզ համար, այդ մասին է խոսքը։ Այսինքն` ոչ թե օրենքի դատաստանն է հրաշք, այլ Քրիստոսը, որ ներում և ի բարին է աճեցնում մեզ:
Երիտասարդ տարիներին Հովհաննեսը Փարիզում սիրահարվում է մի ֆրանսուհու։ Ապա ինչ-որ պատճառով գժտվում են, և Հովհաննեսը ֆրանսուհուն թողնելով՝ ամուսնանում է մի հայ աղջկա հետ և ապրում Պրովանսում, որտեղի ծնունդ էր։ Ֆրանսուհուն այլևս չի հանդիպում։ Ֆրանսուհին Հովհաննեսից երեխա է ունենում, անունը դնում Ժակ (Հակոբ)։ Հովհաննեսի մտքով անգամ չի անցնում, թե ֆրանսուհին իրենից հղիացել է։
Մայրն էլ իր հերթին որդուն չի ասում, որ նրա հայրը հայ է։ Սակայն Հայաստանի մեծ երկրաշարժի օրերին Ժակ-Հակոբը, որ արդեն հասուն տղա էր, անսպասելիորեն սկսում է հետաքրքրվել Հայաստանով։ Այդ հետաքրքրությունն ավելի է մեծանում, երբ սկսվում է արցախյան շարժումը։ Հակոբը հեռուստառադիո տեղեկություններով հեռվից շարունակ հետևում է, թե ինչեր են կատարվում Հայաստանում և Արցախում։ Հակոբի մեջ արթնացել էր արյան հիշողությունը, աստվածային ժառանգավորության սրբազան հրաշքը։ Մայրը, ի վերջո, տեսնելով, որ Հակոբը գլխովին տարված է Հայաստանով ու Արցախով, այլևս չի դիմանում:
-Տղա՛ս,- ասում է,- ես ուզում էի, որ դու ֆրանսիացի մեծանաս, սակայն բան չստացվեց, Աստծո կամքն իրենն անում է։ Լավ է այդ կամքին խոնարհվել ու ենթարկվել, քան իզուր հակառակել։ Պիտի խոստովանեմ, որ Հայաստանով ու Արցախով հետաքրքրվելդ պատահական չէ, որովհետև քո հայրը հայ է։ Դու հայի որդի ես:
-Որտե՞ղ է ապրում հայրս։
-Չգիտեմ։ Նա տեղյակ էլ չէ, որ որդի ունի։
-Հորս անպայման կգտնեմ,- խոստանում է Հակոբը։- Բայց քանի որ հայ եմ, այժմ իմ տեղն Արցախում է։ Գնում եմ պատերազմ։
Եվ Հակոբը գալիս է Արցախ։ Չորս տարի անցկացնում է պատերազմում։ Ապա արցախցի մի աղջկա սիրահարվելով, ամուսնանում է, կնոջն իր հետ տանում Փարիզ։ Արդեն երկու դստրիկ ունի։ Տարվա մի մասը Փարիզում են ապրում, մյուս մասը՝ Արցախում։
Հակոբը որոնում և իր հայր Հովհաննեսին էլ է գտնում, Հովհաննեսին, որ Հայաստանում դեռ չէր եղել։
-Մի երիտասարդ զանգեց, ասաց հայ է, ուզում է հանդիպել,- խոստովանում է Հովհաննեսը։- Հանդիպեցինք։ Արցախի բարբառով էր խոսում։ Ասաց. «Ես քո սիրո պտուղն եմ, հա՛յր։ Իմանալով, որ հայ եմ, գնացի Արցախ, պատերազմեցի և հաղթանակած, ահա վերադարձել եմ»։
-Քո որդին արցախյան պատերազմի հաղթող, Արցախի փեսա, մի՞թե ամոթ չէ, որ Հայաստանն էլ դեռ չես տեսել,- հանդիմանում է գեղանկարիչը Հովհաննեսին։
Եվ Հովհաննես Մենզիլջյանն ու նրա եղբայր Էդուարդ Մենզիլջյանը, Հակոբ Մենզիլջյանի մեջ արթնացած Աստծո ժառանգավորության հրաշքի շնորհիվ, իրենց ընտանիքներով գալիս են Հայաստան: Գալիս են արդեն որպես ազատամարտում հաղթանակողի մերձավորներ։ Տեսնում են սրբազան հայրենիքը և... շարունակում առավել հաճախակի գալ։
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Հ. Գ. -Երբ այս մասին պատմեցի արձակագիր Հովիկ Վարդումյանին, որ արցախյան կամավորական ջոկատներից մեկի հրամանատարն էր, ասաց. «Մեր կողմից որպես կամավոր եկել կռվում էին ուզբեկ ու չուվաշ, լատիշ և ուկրաինացի, վրացի: Կազակների խումբ կար: Եվ բոլորն էլ սկսել էին խոսել արցախյան բարբառով: Բնական է, բազմաթիվ կամավոր հայեր ունեինք տարբեր մեծ պետություններից»:
«Մեր բարոյականությունն առավել էր, քան մեր հակառակորդինը, այդ պատճառով մենք հաղթեցինք»,- ասել է Վազգեն Սարգսյանը:
Ճշմարիտ որ, երբ հակառակորդ բանակում այլազգի վարձկաններ էին, նույն ժամանակ մեր բանակում այլազգի կամավորներ էին, որ Աստծո կամոք կռվում էին Արցախի համար, ինչպես սեփական հայրենիքի: Օրհնյա՜լ է Տերը: Ամե՜ն:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ