Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՏԵՂՈ՞ՒՄ, ԹԵ՞ «ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԺԱՄԱՆԱԿ»

ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՏԵՂՈ՞ՒՄ, ԹԵ՞ «ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԺԱՄԱՆԱԿ»
13.11.2009 | 00:00

Փորձենք պատասխանել «Ի՞նչ է կատարվում» հարցին: Հանգամանալից պատասխանի համար հարցը մանրամասնենք` ի՞նչ է կատարվում Հայաստանում, ի՞նչ է կատարվում հայ-թուրքական հարաբերությունների հարթությունում, ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հարթությունում:
Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Հարաբերական դադար, երբ բոլորը գործում են, բայց ոչ մի գործողություն ակնհայտ չէ:
Իշխանության մեջ: Քաղաքական ուժերը, որ կոալիցիայի մաս են կազմում, արտաքուստ հանդարտության կաղապարով փորձում են առավել ամրապնդել դիրքերը` սերտաճելով ու շոշափուկները տարածելով կառավարման համակարգի նորանոր օղակներում: Խնդիրը ոչ միայն միջկուսակցական, այլև ներկուսակցական հակասություններն են: Եթե արժի հակասություն անվանել սեփական կշռի ու դերի գնահատումից դժգոհությունները, չբավարարված ամբիցիաներն ու ավելիի հավակնությունները: Օրավուր առավել շատ ու առավել բարձր են հնչում ներիշխանական վերադասավորումների անհրաժեշտության խոսակցությունները, որոնք, բնականաբար, սկսվում են Տիգրան Սարգսյանից ու ավարտվում սեփական համատիրության պետի փոփոխությամբ: Ինչո՞ւ վարչապետից, մի՞թե նա է ամենաթույլ օղակը: Հայաստանում իշխանական համակարգի համար նախագահն անձեռնմխելի է, բնական է` ինքդ քեզ եկամտաբեր աշխատանքից զրկել չես երազի: ԱԺ նախագահը սահմանադրությամբ և օրենքներով ընտրովի պաշտոն է, խորհրդարանի ղեկավարն ընտրվում է ամբողջ գումարման համար: Օրինաչափություն, որ դեռ ոչ մի անգամ չի գործել: Մնում է ո՞վ: Վարչապետը, որը, իհարկե, 2005-ի սահմանադրական փոփոխություններով մեծացրեց լիազորությունները, բայց ո՞ւմ համար է գաղտնիք, թե ո՛ր դեպքերում ու ինչպե՛ս է գործում սահմանադրությունը Հայաստանում: Սա` իրավական առումով: Իսկ տնտեսակա՞ն: Պաշտոնապես, իհարկե, վարչապետն է տնտեսության վիճակի պատասխանատուն, բայց ո՞վ չգիտի` ո՞ւմ ձեռքում են տնտեսական լծակները, և ո՞ւմ են ենթարկվում, եթե ընդհանրապես ենթարկվում են, այդ լծակներն ունեցողները: Այսինքն` վարչապետի պաշտոնը քավության նոխազի դերում շատ հարմար է օգտագործել` երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ բողոքների դեպքում, միևնույն է, այդ փոփոխությունից ոչինչ չի փոխվի:
Ընդդիմության մեջ։ ՀԱԿ-ը խնդիր է դրել գրագետ ու հաղթական պայքարը` խելամտորեն հրաժարվելով օրվա աղմուկներից, վստահ, որ հարկ եղած պահին հարկ եղած քայլերն ի զորու է ձեռնարկելու: Իշխանություն-ընդդիմություն շրջանակում դես ու դեն գլորվող ՀՅԴ-ն, ինչպես միշտ, «ասանկ կըսե», բայց «անանկ կընե», «Ժառանգությունը» վերջնականապես հարմարվում է իշխանական ընդդիմության պատասխանատու դերին: Փաստորեն, ներքին կամ արտաքին խնդիրները սկզբունքային բաժանում չունեն, միակ բաժանարար գիծը` ով ինչ է շահում լուծումից կամ լուծման անհնարինությունից:
Ի՞նչ է կատարվում հայ-թուրքական հարաբերությունների հարթությունում: Հոկտեմբերի 10-ին արձանագրությունները Ցյուրիխում ստորագրելուց հետո ամենաբուռն իրադարձությունը Բուրսայում ֆուտբոլային խաղն էր, որը, ինչպես և սպասվում էր, ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ:
Բուրսայից հետո Հայաստանը «Գնդակը մրցակցի դաշտում է» կարգախոսն ընդունեց ու անցավ խուլուհամր պաշտպանության: Բուրսայից հետո Թուրքիան ևս «Գնդակը մրցակցի դաշտում է» կարգախոսն ընդունեց ու անցավ բազմակողմանի հարձակման` երկրի ներսում կրկնելով, երկրից դուրս վերակրկնելով իր նախապայմանները` Ղարաբաղի հարցի լուծում, օկուպացված տարածքների ազատագրում... Իսկ մինչ այդ արևելյան դիվանագիտության ամբողջ զինանոցը կաշխատի, տարբեր տեսակետներ կհնչեն, բայց ոչինչ չի արվի, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների հարթությունում Հայաստանն ու Թուրքիան տարբեր խնդիրներ ունեն լուծելու: Հարաբերությունների հաստատման պատմության` մեկ կենտրոնից ղեկավարման փաստը ոչ ոք չի հերքում` ԱՄՆ-Ռուսաստան-ԵՄ եռյակն ունի հակաթուրքական լծակներ, բայց նախ պետք է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ն իրենց եռյակ զգան` ընդհանուր շահերի համատեղ լուծման հնարավորությունը գործադրելու նպատակով: Դա երկար պատմություն է: Շահերի որքան համադրման, նույնքան հակադրման տարբերակներով: Իհարկե, անհրաժեշտ պահին մեկը կգտնվի անհրաժեշտ քայլն անելու. ասենք` ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կամ` ԱՄՆ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բայց նման քայլերը որքան ցանկալի, նույնքան վտանգավոր են, որովհետև շատ ավելի մեծ գին են պահանջելու, քան իրենց արժեքն է: Ի վերջո, Հայաստանը 100 տարի էլ կապրի փակ սահմաններով, մանավանդ 15 տարին ապրել է, մնում է ինչ-որ 85 տարի... Թուրքիան էլ առանց Եվրամիության ու տարածաշրջանում նոր դերի կդիմանա մի այդքան... ԱՄՆ-ն այլ տարածաշրջան կգտնի` իր շահերն առաջ մղելու համար, Ռուսաստանն էլ չի տուժի բոլորովին...
Ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հարթությունում: Հայաստանն ուզում է, որ ոչինչ չկատարվի, մյուսներն ուզում են, որ հարցը լուծվի ու առաջ շարժվեն` տարածաշրջանի իրենց մյուս խնդիրներն ազատ ու անկաշկանդ լուծելու համար: Հայաստանը միայնակ փորձում է դիմակայել նոր պատերազմի հնարավորությանը, ազատագրված տարածքների հանձնմանը` կասկածելի ձեռքբերումների դիմաց... Եվ շահագրգռելու համար Հայաստանին ավելի են խճճում. ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական անկման ամենամեծ տոկոսն ունեցող երկրին վարկախեղդ են անում, 2008-ի մարտի 1-ից հետո միայն Ռուսաստան ելք ունեցող նախագահը շաբաթը մեկ պետական այցով Արևելք ու Արևմուտք է մեկնում` համապատասխան համաձայնագրեր ու պայմանագրեր կնքելու... Ստրասբուրգն օլիմպիական վեհանձն խաղաղությամբ է վերաբերվում մարդու իրավունքների, օրենքների ոտնահարմանը, ստանձնած պարտավորությունների չկատարմանը, կարծես դա միակ ցանկալի ու խրախուսելի վիճակն է, որին վաղուց հորդորել ու դրդել են Հայաստանին: Ամեն ինչ կարելի է Հայաստանին ու Հայաստանի իշխանությանը, ամեն ինչ, որ «կարողանա» լուծել հարցը: Իսկ Ղարաբա՞ղը: Իսկ Ղարաբաղն ասում է` ոչ մի թիզ հող: Բայց այնքան ցածր է ասում, որ միայն ինքը լսի: Ստատուս քվոն կդառնա նվիրական` Հայաստանը կջանա պահպանել, Ադրբեջանը` խախտել: Ստատուս քվոյի խախտման ամենապարզ տարբերակը` վերջ զինադադարին, այսինքն` պատերազմ, որ կարող է չսկսված ավարտվել, բայց ոչ շահեկան ելքով, կարող է տևել` քաոս բերելով տարածաշրջան` շատ անկանխատեսելի ելքով, որովհետև նման պատերազմում միայն հայերն ու ադրբեջանցիները չեն կռվելու միմյանց դեմ:
Հարթություններից յուրաքանչյուրում ամեն ինչ իր հունով է ընթանում:
Խնդիրը ժամանակն է, որ զուգահեռ այս հարթությունները կարող է տեղաշարժել ու դարձնել ուղղահայաց կամ պարզապես երեք հարցն էլ ինչ-որ պահից տեղակայել մեկ հարթությունում: Այդ «ինչ-որ պահից» իրադարձությունները կզարգանան գլխապտույտ արագությամբ:
ՈՒրեմն` ի՞նչ է կատարվում:
Լույսի արագությունը մեծ է ձայնի արագությունից. այդ պատճառով մենք, նախ, տեսնում ենք կայծակը, հետո լսում որոտը, բայց իրականում դրանք համաժամանակյա իրադարձություններ են. պրոբլեմը մեր ընկալման տարաժամանակությունն է:
Բնության օրենքները նույն հաջողությամբ գործում են հասարակական կյանքում: Անիմաստ է լույսը տեսնելուց հետո ժխտել որոտը. կայծակը, միևնույն է, հարվածելու է:
Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ