Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ԵԹԵ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԼԻՆԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՅԴ ՀԵՆՔԸ, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՉԷՐ ՊԱՅՔԱՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ»

«ԵԹԵ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԼԻՆԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՅԴ ՀԵՆՔԸ, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՉԷՐ ՊԱՅՔԱՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ»
06.11.2009 | 00:00

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ)
-Պարոն Մինասյան, ինքնին հասկանալի է, որ Թուրքիայի պառլամենտը ձգձգելու է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, որն էլ ուժեղացնելու է արտաքին ճնշումը վերջինիս վրա: Եվ, կարծես, կրկին ԱՄՆ-ի Սենատ մտավ ցեղասպանության ճանաչման հարցը, Իսրայելը բարձրաձայնեց` տեղեկություններ կհրապարակի թուրքերի կողմից հայերի ցեղասպանության փաստերին առնչվող, և, վերջապես, «կուրիոզ» արտահոսք տեղի ունեցավ, ըստ որի` թուրքական խորհրդարանը, որը պետք է վավերացնի արձանագրությունները, այնքան էլ բարի պտուղ չէ, եթե չասենք` ավելին։ Մի խոսքով, պարզվեց, որ սույն խորհրդարանում տեղի է ունեցել բավականին անվայելուչ բան (խոսքը խմբակային սեքսի «դրսևորման» մասին է):
-Կարծում եմ` թուրքական պառլամենտի նման պահվածքը նույնիսկ քննարկման հարց չի կարող դառնալ։ Այն առավել քան հասկանալի է:
-Քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում, պարոն Մինասյան, հետո էլ` դա շատ լավ առիթ է դաշնակցության համար` թուրքական նկարագրին անդրադառնալու:
-Անշուշտ, քաղաքականության մեջ ոչինչ պատահական չէ, և չի բացառվում, որ Ձեր նշած դրվագն էլ ներքին և արտաքին օգտագործման համար է ասպարեզ նետվել, բայց, այնուհանդերձ, դժվար թե դա միջազգային ճնշման արտահայտություն լինի: Ինչ վերաբերում է Թուրքիայի բարոյական նկարագրին, ապա այն դարերի ընթացքում հայտնի է բոլորին:
-Գիտեք` քաղաքական գործիքներն օգտագործվում են մի քանի նպատակներով, իսկ գուցե այդ լուրի արտահոսքով թուրքերը փորձում են իրենց եվրոպական «ստի՞լ» հաղորդել (գաղտնիք չէ, որ մասոնական որոշ օթյակներ ընդգրկվելու համար նաև այդ «ժանրն» է օգտագործվում)։ ՈՒզում էի ասել` տեսնում եք, չէ՞, թե մենք ինչքան կարգին պառլամենտ ունենք, հետո էլ ասում են` նրա «իմիջն» այն չէ:
-Թույլ տվեք ասել, որ ոչ ադեկվատ անցում կատարեցիք: Ինչ վերաբերում է մեր կառավարման համակարգի նկարագրին, ապա գնահատականը պետք է հասարակությունը տա: Իսկ որ հասարակությունը մի շարք դեպքերում արդեն իսկ տվել է այդ նկարագիրը, կրկնել պետք չէ:
-Ինչպիսի՞ն է «այդ նկարագիրը»:
-Հայաստանում, ցավոք, կառավարման համակարգը կոռումպացված, քաոսային, խնամիաբարեկամական է:
-Ո՞րն է ավելի վատը, «խմբակայի՞նը», թե՞ Ձեր ասածը:
-Երկուսն էլ մերժելի են:
-Քիչ առաջ, երբ ասում էիք` թուրքական պառլամենտում տեղի ունեցածը փոքր հարց է, պետք է չհամաձայնեմ Ձեզ հետ։ Դուք կարդացե՞լ եք Աստվածաշունչը:
-Իհարկե:
-Չէ՞ որ այնտեղ ցեղասպանությանը հավասար (իսկ գուցե ավելի ծանր) է «էդ կարգի» մեղքը։ Հիշեցնեմ, որ աշխարհն առաջին անգամ խորտակվեց ջրհեղեղով` հենց պոռնկության մեղքի պատճառով: Աշխարհի երկրորդ կործանումը տեղի կունենա կրակով և դարձյալ` նույն պատճառով:
-Եթե այդպես լիներ, ապա Քրիստոսը չէր ների պոռնիկին, որին փորձում էին քարկոծել:
-Բայց ե՞րբ ներեց նրան. երբ վերջինս ապաշխարեց, չէ՞:
-Հա, իհարկե, եթե ցանկացած մեղքին չի հաջորդում ապաշխարությունը, ապա Աստծո արքայությունն ընկնելը դառնում է անհնար:
-Պարոն Մինասյան, Աստվածաշունչն ասում է` «Ներիր իմ մեղքերը, ինչպես ես եմ ներում իմ պարտապաններին»: Դաշնակցությունը ներե՞լ է իր պարտապաններին, կա՞ քրիստոնեական այս փիլիսոփայությունը դաշնակցական մենթալ-գաղափարական պլանում:
-Իսկ ինչո՞ւ ամբողջական չես ասում «Հայր մերը», չէ՞ որ այն ավարտվում է` «և մի տանիր զմեզ ի փորձություն» խոսքերով: Այսպես ասած, իրավաբանորեն ամեն բան պետք է ամբողջության մեջ դիտարկել: Վերադառնանք ներելուն. եթե դաշնակցության փիլիսոփայության մեջ չլիներ քրիստոնեական այդ հենքը, դաշնակցությունն այսօր չէր պայքարի արձանագրությունների դեմ:
-Դաշնակցությունն ընդունե՞լ է իր գործած մեղքերը, ներե՞լ է պարտքերը... Այն, որ դուք զենքի վրա երդվում եք, տեսանելի է, իսկ ներելու արարողությունը ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել և ունենում:
-Պարզ է, չէ՞, երբ դաշնակցությունն ասում է` հարգելիներս, սիրելի ժողովուրդ, սիրելի կառավարություն-իշխանություն, մի՛ գնա երկրորդ անգամ նույն սխալին, էդ փորձառությունը հիմնված է անցած սեփական ուղու և փորձի վրա: Այո, դաշնակցության անցած երկարատև, բարդ ուղու ընթացքում եղել են թե՛ սխալներ, թե՛ ձեռքբերումներ, թե՛ բացթողումներ, ամեն ինչ: Ամփոփելով այդ ամենը, մենք ասում ենք` մի՛ արեք, սիրելի իշխանություններ, մի՛ գնացեք արձանագրությունների վավերացման: Եվ, ընդհանրապես, պետք է կարողանալ դաշնակցությանը ճիշտ գնահատել և ոչ թե փորձել պատմության ակունքներից եկող` զենքի վրա երդվելը դարձնել շահարկման առարկա և օգտագործել այն կոնտեքստում, թե իբր դաշնակցությունը չի ընդունել իր գործած մեղքերը:
-Ընդունե՛լ եք:
-Այո՛:
-Ապաշխարե՛լ եք:
-Այո՛:
-Դե, ուրեմն, այդ դեպքում հայ-թուրքական հարաբերությունների թունելի վերջում մեզ հաղթանակ է սպասում, որովհետև մենք, որպես էթնոս, մեր ուղին անցել ենք ճիշտ, յուրացրել ենք պատմության դասերը, և դրանք չեն կրկնվի այլևս:
-Ահա, տեսնո՞ւմ եք, Դուք ասացիք` «որպես էթնոս»։ Ողջ ցավն այն է, որ շատերը պատմության դասը չե՜ն կարողացել սերտել: Եվ դաշնակցությունը, ելնելով իր անցյալից, փորձում է ճիշտ հարթության մեջ դնել այդ գործընթացը:
-Խոսքո՞վ:
-Ոչ միայն խոսքով, այլև գործով:
-Ո՞րն է գործը: Չէ, չար-թունավոր հարց. ո՞րն էր դաշնակցության ապաշխարությունը:
-Հայ դատի գրասենյակների գործունեությունը:
-Եվ դա կոչվեց ապաշխարությո՞ւն: Ապաշխարությունը ես բոլորովին այլ կերպ եմ հասկանում:
-Ի՞նչ կերպ:
-Հասկանում եմ` որպես հոգևոր վճար, մարմնի ու հոգևոր «ոսկորի» կռիվ, խոնարհում` սեփական ներսում, սեփական տարածքներում Աստծու կամքին տեղ բացելու պատերազմ, վճար` հոգևոր ոլորտում, որը գալիս է օգնության, երբ ֆիզիկական պլանում դրա անհրաժեշտությունը կա, որովհետև արդեն ձեռքբերում է արձանագրված:
-Հարգելիս, ապաշխարությունն անհատական մոտեցո՞ւմ է, թե՞ խմբային:
-Ապաշխարությունը և՛ անձնական է, և՛ ազգային, և՛ համատիեզերական։ Այնտեղ էսպես է` մեկով կարող է աշխարհը փրկվել, մեկով` կործանվել, խմբով` փրկվել, խմբով` կործանվել:
-Շատ լավ, հիմա հայ ժողովրդի ապաշխարությունը մեկ քաղաքական ուժի ցանկությո՞ւնը պետք է լինի:
-Այո՛: Եթե այդ ուժը եղել է նախակարապետը... մեղքի, որը կարող է նաև փոխկանչի մեջ մտնել տեսակի` դարերով գործած այդ նույն մեղքի հետ, գտնել նախապատճառը և իր միջոցով, որպես հաղորդիչ, մաքրել մեղքը, հաղթանակի տանել և ոչ բազմապատկել:
-Իսկ ինչո՞ւ եք կարծում, թե դաշնակցությունն ինքն իր մեջ շուռ չի եկել, չի վերանայել իր անցած ուղին և հիմա հենց դրանից ելնելով չէ, որ ասում է` մի՛ արեք:
-Էնքա՜ն պատճառներ կարող եմ բերել: Հասարակ ու ամենաթարմ մի օրինակ. օրերս լրատվամիջոցներից մեկը նամակ էր տպել` առաջին հանրապետության առաջին վարչապետ Քաջազնունին խնդրագիր էր հղել Էնվեր փաշային` «մեծարգո»-ության, «վսեմաշուք»-ության բոլոր «նոմինացիաներով» ու խնդրել էր` «վերջնականապես ջախջախել Անդրանիկին»: Դուք ոչ մի ձայն չհանեցիք, չհերքեցիք, չհաստատեցիք, որ իմանայինք` հա՛մ էլ ապաշխարել եք:
-Շատ հետաքրքիր հարցադրում եք առաջ քաշում` «ինչո՞ւ չեք հերքում»: Իսկ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ոչ միայն «ճշմարտությունն» ասել, այլև հետայսու բացառել նաև կեղծիքներն ու սխալները: Այդ շրջանակում դաշնակցությունը դեռ կներկայացնի իր տեսակետները, և հանրությունը կստանա պատմական փաստերի ճշմարիտ պատասխանը:
-Հիմա էդ նամակը ճշմարի՞տ էր, թե՞ չէր:
-Այս պահին չեմ կարող գնահատել` ճշմարիտ էր, թե չէր, համենայն դեպս, յուրաքանչյուր իրադարձություն պետք է վերցնել և դիտարկել իր ժամանակային կտրվածքի մեջ:
-Պարոն Մինասյան, բայց խոսքը հայոց առաջին վարչապետի մասին է, ես դաշնակ չեմ, բայց դա արդեն մեր բոլորի պատվի խնդիրն է, պե՞տք է հասկանալ` ինչ է կատարվել:
-Չի երևում, թե Ձեր պատվի խնդիրն է: Ասեմ` ինչու: Որովհետև ցանկացած մարդ, եթե նման բան հրապարակում կամ վկայակոչում է ու նաև նման մոտեցում ունի` վարկաբեկելու մեր անցյալը, պետք է հիշի, որ բարոյականությունը թելադրում է առնվազն վերլուծել և ուսումնասիրել այդ նամակն իր ամբողջության մեջ: Ես հիմա չեմ կարող գնահատական տալ նամակին, որովհետև լիարժեք տեղյակ չեմ իրավիճակին, որտեղ ծնվել է այդ նամակը կամ գուցե չի էլ ծնվել։ Այնուհանդերձ, դա մոտեցում չէ:
-Բայց համաձայն եք, չէ՞, ինձ հետ, որ Քաջազնունին հետագայում էլ ասել է` «դաշնակցությունն այլևս անելիք չունի Հայաստանում»... Բայց ոնց երևում է` դաշնակցությունը դեռ անելիք գտնում է Հայաստանում:
-Էլի կոնտեքստից կտրված միտք մեջ բերեցիք:
-Շատ հետաքրքիր է` Բյուրոն և Գերագույն մարմինն այդ նամակը չե՞ն քննարկել:
-Չգիտեմ: Կարող եք իրենց հարցնել:
-Անդամ չե՞ք:
-Ո՛չ:
-Կանխակայվա՞ծ եք:
-Ո՛չ: Ես ՀՅԴ անդամ եմ:
-Շարքայի՞ն:
-Այո՛:
-Բոլոր դեպքերում, շարքային Մինասյան, իմ գնահատմամբ` Դուք ավելին եք անում այդ կուսակցության համար, քան նրա Բյուրոյի և Գերագույն մարմնի շատ անդամներ։ Սա` լրիվ անկեղծ:


Հավատաքննեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2132

Մեկնաբանություններ