Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԻՍԿ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ` ՊԱՐԶԱՊԵՍ ԱՄՈԹ»,- ՊՆԴՈՒՄ ԷԻՆ ԲԱՆԱՎԻՃՈՂՆԵՐԸ

«ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԻՍԿ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ` ՊԱՐԶԱՊԵՍ ԱՄՈԹ»,- ՊՆԴՈՒՄ ԷԻՆ ԲԱՆԱՎԻՃՈՂՆԵՐԸ
09.02.2010 | 00:00

Եվ այսպես, ՈՒկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (իրադարձություն, որին սպասում էին ոչ միայն այդ երկրում) տեղի ունեցավ։ Եվ թեկուզ այդ օրը Կիևում արձանագրվեց ջերմաստիճանի նվազում մինչև -10, օրը «շոգ» էր և, զգացմունքային առումով, միանգամայն համապատասխան ուկրաինական քաղաքական գործընթացի ավանդական «բառադիությանը»։
Ըստ ընտրական գործընթացի առաջին արդյունքների, հանրությունը հաստատ ձանձրանալու առիթներ չի ունեցել։ Այսպես, Կիևի այն ընտրատեղամասում, ուր քվեարկում էր նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչը, ֆեմինիստական շարժման մինչև գոտկատեղն ամբողջովին մերկ ներկայացուցիչները ցուցապաստառներով կոչ արեցին նախագահի թեկնածուներին «չբռնաբարել երկիրը»։ Այս «ակցիայի» մասին տեսանյութը շրջանառվեց համաշխարհային որոշ ԶԼՄ-ներով` ընտրություններին հաղորդելով անմոռանալի «կոլորիտ»։ Թեպետ, իհարկե, Վիկտոր Ֆյոդորովիչի տեղամաս գալուց առաջ ոստիկանությունը հասցրել էր ասպարեզից հեռացնել ֆեմինիստուհիներին։ Մեկ այլ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի կին անդամներից մեկն ընտրությունների օրվան էր համապատասխանեցրել նաև իր հարսանիքի օրը, ինչի կապակցությամբ ՈՒկրաինայի ԿԸՀ-ում սկսել էին կատակել, թե բացառիկ իրավիճակ է, երբ ամուսնական գիշերը կհամատեղվի ընտրական գիշերվա հետ։
Դոնեցկի մարզում ընտրողներին, քվեաթերթիկներ տալուց առաջ, բաժանել են օղի ստանալու անվճար կտրոններ։ Ղրիմում, ընդհանրապես, կրքերը բորբոքված էին, երկու թեկնածուների շտաբներն էլ հայտնաբերել էին քվեարկողներին բաժանված ինքնահոսներ` սիմպատիկ (գրելուց հետո ջնջվող) թանաքով։ ՈՒկրաինական ԶԼՄ-ները նաև հայտարարեցին, թե պաշտոնական Կրեմլն իր «սադրիչների» միջոցով ներկայացված էր ընտրությունների գործընթացում` ի դեմս Պետդումայի պատգամավորների, ովքեր «հաջողությամբ սադրիչ գործողություններ իրականացրին» երիտասարդ ժողովրդավարության, միջազգային դիտորդների, լրագրողների, թեկնածուների շտաբների ներկայացուցիչների ու մայրաքաղաքի հասարակ բնակիչների դեմ` «գորիլկայի» և այլ ոգելից խմիչքների օգնությամբ։ Առհասարակ, ձայներ գնելու թեման մեծ ժողովրդականություն էր վայելում այս օրերին և, ըստ տարաբնույթ պնդումների, քվեարկության օրը հնարավոր է եղել մեկ ձայնը հանգիստ գնել 200 գրիվնայով։ Շրջանառվող լուրերի համաձայն, վճարել են երկու թեկնածուների շտաբներն էլ, բայց Յանուկովիչինը` ավելի շատ։
Բացի այդ, տարածվեց տեղեկություն, թե փորձ է արվել ականապատել Լուգանսկի մարզի ընտրատեղամասերից մեկը, հրդեհներ են բռնկվել Արևմտյան ՈՒկրաինայի տարբեր մարզերի առանձին ընտրատեղամասերում։ Խարկովի մարզում հայտնաբերվել է ընտրացուցակների անհետացման դեպք, իսկ Իվանո-Ֆրանկովսկի մարզի տեղամասերից մեկում ընտրատեղամասի սեյֆից անհետացել են քվեաթերթիկները, տեղամասի քարտուղարն էլ, որ Տիմոշենկոյի միավորումից էր, հայտնաբերվել է տեղում մահացած։ Ընտրությունների օրվա ընթացքում տագնապալի տեղեկությունն ավելի ու ավելի էր տարածվում, դրան զուգահեռ ծավալվում էր վաղուց ի վեր ընթացող (առայժմ խաղաղ) բանավեճը, որ երկու չարիքի միջև ընտրությունը, միևնույն է, չարիքի ընտրություն է, քանի որ «Տիմոշենկոն երկրի նախագահի պաշտոնում սարսափելի է, իսկ Յանուկովիչը` պարզապես ամոթ»։
Եվ այնուհանդերձ, առայժմ մինչև վերջ չամփոփված նախնական արդյունքների համաձայն, ՈՒկրաինայի 225 ընտրատարածքային հանձնաժողովների տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 69,07 տոկոսը։ Կիևում նկատվել են քվեաթերթիկներ ստանալու հերթեր, քանի որ քվեարկությանը մասնակցելու ցանկություն են դրսևորել նաև բնակչության այն շերտերը, որոնք ուղղակի արհամարհել էին առաջին փուլի քվեարկությունը։ Տեղամասերի փակումից անմիջապես հետո հրապարակված էքզիթ-փոլի հարցման արդյունքների համաձայն, Յանուկովիչը հաղթում էր 3 տոկոս առավելությամբ, ինչը միանգամայն բավարար է, քանի որ երկրորդ փուլի ընթացակարգով հաղթած է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն։ Թեպետ ձայների հաշվարկի առաջին արդյունքները հրապարակվելուն զուգահեռ տարբերությունը սկսեց կրճատվել, և ՈՒկրաինայի ԿԸՀ-ում մի քանի անգամ ընդգծեցին, թե երկու թեկնածուներն էլ լուրջ ռեզերվներ ունեն, քանի որ ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան առանձին մարզերում առայժմ հաշվված է ձայների միայն կեսը։ Հենց այդ պատճառաբանությամբ էլ նախնական արդյունքների հրապարակումը երկուշաբթիից հետաձգվեց մինչև չորեքշաբթի, նույնիսկ` հինգշաբթի։ ԿԸՀ-ն հավաստիացնում է, որ եթե դատական քաշքշուկ չսկսվի, իրենք կկարողանան ամփոփել արդյունքներն օրենքով նախատեսված տասնօրյա ժամկետում, բայց դա այսօր արդեն անհնարին է։
Եվ չնայած դրան, ՈՒկրաինայի «Տարածաշրջանների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը շտապեց շնորհավորել ՈՒկրաինայի ժողովրդին «ընտրություններում տարած հաղթանակի առթիվ» և հայտարարեց, որ սկսում է նոր ու բարեկեցիկ երկիր կառուցելու իր ուղին։ Ընդ որում, «ողջ ՈՒկրաինային» հղված այս ուղերձը ռուսերեն էր։ Միաժամանակ «Տարածաշրջանների կուսակցության» առաջնորդը վերահաստատեց իր նախկին դիրքորոշումը, որ առաջին փուլում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած թեկնածուներ Սերգեյ Տիգիպկոն և Արսենի Յացենյուկը կարող են ներկայացված լինել իր թիմում։ Մինչդեռ վարչապետ և իր մրցակից Յուլյա Տիմոշենկոյին խորհուրդ տվեց նախապատրաստվել հրաժարականի։ Ավելին` «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչներն արդեն իսկ նշում են, թե որտեղ կարող է տեղի ունենալ Յանուկովիչի երդման արարողությունը` նախագահ դառնալուց հետո, և այդ վայրը Մարիինյան պալատն է։ Դրանից անմիջապես հետո բազմաթիվ և հատկապես ռուսական փորձագետներ սկսեցին նշել, որ թեկնածուն հաղթանակից կես քայլ է հեռու։
Նկատենք, սակայն, որ այդ «կես քայլն» անհամեմատ լայն կարող է լինել։ Յանուկովիչն ու իր թիմն արդեն դառը փորձ ունեն. 2004-ին նա հաղթում էր Յուշչենկոյին 2,7 տոկոս առավելությամբ, բայց այդպես էլ չկարողացավ զբաղեցնել նախագահի պաշտոնը, քանի որ Արևմուտքի ճնշմամբ նշանակվեց երրորդ փուլ, ուր Յուշչենկոն հաղթանակ տարավ։ Այսօր էլ, դատելով նախնական արդյունքներից, թեկնածուների միջև տարբերությունը չափազանց փոքր է և, ըստ այդմ, ինտրիգը պահպանվում է, երկուսից ոչ մեկը չի պատրաստվում զիջել, ուստի հավանական է, որ կփորձեն ուժերը չափել դատարաններում ու հրապարակներում։ Ընդ որում, չնայած միջազգային դիտորդների հայտարարություններին, որ քվեարկությունը «եղել է ազնիվ ու թափանցիկ, չնայած որոշ խախտումների», միաժամանակ ԿԸՀ-ն բացահայտորեն հայտարարում է «որոշ տարածաշրջաններում տարօրինակ դրսևորումների մասին»։ Ինչպես պնդում են Տիմոշենկոյի շտաբում, Դոնեցկի մարզում տեղի ունեցած կեղծիքների պատճառով իրենց թեկնածուն կորցրել է ամենաքիչը 2 տոկոս ձայն, իսկ Դնեպրոպետրովսկում էլ Յանուկովիչը, իբր, գնել է ոչ պակաս, քան 500 հազար ձայն։ «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչներն իրենց հերթին մատնանշում են ընտրությունները «սաբոտաժի ենթարկելու նպատակով ընտրողների բնակարաններում հնչած զանգերը», մեղադրում Տիմոշենկոյին «ընտանեկան քվեարկությունների» կազմակերպելու համար։ Երկու թեկնածուների շտաբներն էլ պնդում են, թե որոշ տեղամասերում քվեաթերթիկների քանակն անհամեմատ ավելի շատ է եղել, քան ընտրողներինը, իսկ օրենքով դա շատ լուրջ խախտում է։ Հիմա իրավաբանները զբաղված են ընտրախախտումների վերաբերյալ փաստաթղթեր կազմելով և, ըստ այդմ, սպասելի են բազմաթիվ դատական հայցեր։ Ընդ որում, երկու կողմերն էլ հայտարարում են, թե իրենք «բավարար հնարավորություններ ունեն ժողովրդի ընտրությունը պաշտպանելու համար»։
Պակաս կարևոր չէ ճշտել 2004-ի զանգվածային միջոցառումների կրկնման հնարավորությունը։ Թեկուզ և ընտրությունների նախօրեին անցկացված հարցման համաձայն, քաղաքացիների մեծամասնությունը հայտարարում էր, թե չի գնա հրապարակներում պաշտպանելու իր նախընտրած թեկնածուին, այնուհանդերձ, «կուսակցական հանրահավաքներ» նախատեսված են և կարող են շիկացնել հետընտրական կրքերը։ Ինչպես «Տարածաշրջանների կուսակցությունը», այնպես էլ Յուլյա Տիմոշենկոյի միավորումը, արդեն իսկ ծրագրում են բազմամարդ միջոցառումների անցկացում մայրաքաղաքում։ Յանուկովիչի կուսակցության քարոզչական պաստառներն ու վրանները, արդեն մեկ ամսից ավելի է, տեղադրված են կարևոր վարչական շենքերի կողքին, և ուկրաինական ԶԼՄ-ների պնդմամբ, շաբաթ օրվանից սկսած համալրվում են մարդկանցով։ ԿԸՀ-ի շուրջ գտնվող հրապարակում մի կողմից` շենքը պահպանության տակ են վերցրել պետական պահպանության վարչության ուժերը, մյուս կողմից` կանգնած են «Տարածաշրջանների կուսակցության» համակիրները։ Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցները հայտարարում են, որ Յանուկովիչն ու իր կուսակցությունը մտադիր են գրոհել և գրավել կառավարական գրասենյակները, կառավարությունն ու նախագահի աշխատակազմը։ ՈՒկրաինական հեռուստատեսությամբ ակտիվորեն շրջանառվում են տեսանյութեր, ուր Կիևի կողքին գտնվող հանգստյան տները «համալրված» են ջլապինդ տղամարդկանցով` սկսած փետրվարի 4-ից, և «կազմակերպված հանգստացողները» չեն էլ թաքցնում, որ եկել են «բարոյական աջակցություն ցույց տալու իրենց թեկնածու Յանուկովիչին»։ Տիմոշենկոյի նախընտրական շտաբում նրանց բնորոշում են իբրև իշխանությունը զավթելու համար մայրաքաղաք բերված «զինյալների»։ Մի խոսքով, հրապարակային միջոցառումներն իրենց ծավալներով գուցե և չեն զիջի նախորդ ընտրություններին, եթե նկատի ունենանք, թե մայրաքաղաք Կիևի հրապարակներում ինչ արագությամբ են հավաքվում համերգային բեմահարթակները, իսկ ավտոբուսներն էլ շարունակաբար Կիև են բերում նորանոր պոտենցիալ հանրահավաքավորների։
Յանուկովիչի շտաբում, վստահ իրենց հաղթանակին, պնդում են, թե ընտրությունների երրորդ փուլ, ինչպես նախորդ անգամ, չի լինելու։ Այնուհանդերձ, փորձագետների մեծամասնությունը, նկատի ունենալով թեկնածուների ստացած ձայների թեկուզ և նախնական, բայց չնչին տարբերությունը, կարծում է, որ Տիմոշենկոն չի համակերպվի պարտության մտքի հետ, և ընտրությունների արդյունքները կվիճարկվեն։ Եվ դա սկզբունքորեն օբյեկտիվ է, որովհետև ընտրությունների երկրորդ փուլում ակնհայտ է դարձել երկրի «էլեկտորալ տրոհումը»։ Նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումներով խիստ կասկածելի է, որ Յանուկովիչի օգտին քվեարկել է ուկրաինացիների մեծամասնությունը, որովհետև ձայների 50 տոկոսից պակաս ստանալու դեպքում հաղթանակն արդեն իսկ կասկածելի է։ Ի դեպ, նույնն է Տիմոշենկոյի պարագայում, եթե անգամ հաշվի առնենք, որ նրա օգտին են քվեարկել երկրի 16 մարզերը, գումարած մայրաքաղաք Կիևը, իսկ Յանուկովիչը հաղթանակ է տարել 10 մարզերում, գումարած Սևաստոպոլը։ Ըստ այդմ, նախընտրական կարգախոսը` «Միավորենք ՈՒկրաինան», ընդամենն անհաջող փորձ էր ցանկալին իրականի տեղ ներկայացնելու։ Եվ ուկրաինական պետության «պաշտոնական տարաբաժանումը»` Ռուսաստանի հավանական մասնակցությամբ և եվրոպական մայրցամաքի համար բոլոր անկանխատեսելի հետևանքներով, արդեն այնքան էլ աբսուրդային չէ, որքան իրապես վտանգավոր։ Հանրության մի զգալի զանգված հուսով է, թե թեկնածուները կկարողանան դիմակայել գայթակղությանը, հանուն ընդհանուրի բարօրության միմյանց ձեռք կմեկնեն և պայման կապելով կաշխատեն միասին` «հանուն իշխանության քաղաքակիրթ և հանգիստ փոխանցման»։ Բայց դրան զուգահեռ նախապատրաստվում է նաև ոչ այն է նարնջագույն, ոչ այն է երկնագույն նոր «Մայդանը»։ Ներկայացումը, ընտրությունների տեսքով, այնուհանդերձ, ավարտված չէ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ