Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Համաշխարհային գների, աշխատատեղերի ու ոչ ադեկվատ իրավիճակների մասին

Համաշխարհային գների, աշխատատեղերի ու ոչ ադեկվատ իրավիճակների մասին
13.02.2009 | 00:00

ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ՄԵՆՔ
«ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՉԵՆՔ ԿՐՃԱՏԵԼՈՒ»
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ պատգամավոր, Քաջարան-Կապան ընտրատարածք)
-Պարոն Հակոբյան, ի՞նչ վիճակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը:
-Կարելի է ասել` առայժմ նորմալ. հակաճգնաժամային ծրագրերն ենք իրականացնում: Այս պահին, բնականաբար, շահույթներ չենք հետապնդում, ձեռնարկությունը վնասներով է աշխատում, այնուհանդերձ, մեր առաջնահերթ խնդիրը սոցիալական քաղաքականության իրականացումն է. մենք որևէ աշխատատեղ չենք կրճատելու: Ավելին ասեմ` գործող հզորությունների պայմաններում փորձելու ենք նաև նոր աշխատատեղեր բացել, նոր մարդկանց ընդգրկել:
-Իսկ Ագարակի գործարանն արդեն փակվել է, մնացել է միայն շենքը պահպանող աշխատակազմը:
-Ցավոք, նրանց մոտ լուրջ խնդիրներ առաջացան, և ձեռնարկությունը, այո, արդեն կանգնել է:
-Հետաքրքիր է, Քաջարանի ու Կապանի ձեռնարկություններն ինչի՞ հաշվին են կարողանում պահպանել աշխատատեղերը:
-Բարձր կարգի մենեջմենտի. այսօր մեզ մոտ աշխատում են համաշխարհային մակարդակի լուրջ պրոֆեսիոնալներ, ստեղծված է կադրային բանկ: Ի դեպ, լուրջ ռեզերվներ մենք միշտ ունեցել ենք, քանի որ լեռնամետալուրգիան նման պարբերական տեղատվությունների, այսպես ասած, սինուսոիդի մեջ հաճախ է հայտնվում, ուստի մեզ համար անակնկալ չէր այս մի ճգնաժամը ևս: Նախկին ճգնաժամը եղել է մոտ 12 տարի առաջ, և ձեռնարկությունն ինչ-որ առումով պատրաստ էր դրան, որովհետև միշտ ունեցել է հակաճգնաժամային ծրագրեր, ռեսուրսներ, որոնց հաշվին այսօր կարողանում է ռիթմը պահպանել:
-Վերջերս «Իրավունքը de facto»-ին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն առաջիններից մեկն է աշխարհում, և պղնձի միջազգային նույնիսկ ամենափոքրիկ պահանջարկի դեպքում գործարանն անմիջապես կարձագանքի։ Համաշխարհային շուկայում այդ առումով կենդանության նշաններ չկա՞ն:
-Համաշխարհային շուկայում գները հիմնականում ցածր, բայց կայուն են, ինչը մեզ համար շատ կարևոր է, որովհետև հնարավորություն է տալիս երկարաժամկետ ռազմավարություն մշակել, և այդ առումով, կարծում եմ, այո, կարձագանքենք ցանկացած պահանջարկի, սակայն այս պահի դրությամբ տեղաշարժերը մեծ չեն:
-Ինչքա՞ն երկարատև կկարողանաք «ռազմավարել» և պահել մարզի համար այդքան կենսական աշխատատեղերը:
-Պետք է լավատես լինել, կարծում եմ` բավականին:
-«Ա լյա վարչապե՞տ»։ Իսկ ի՞նչ եք կարծում, եթե չկարողանաք «պահել», սոցիալական բունտ կլինի՞:
-Ո՛չ: Մեր հիմնական նպատակը, ինչպես վերևում ասացի` շահույթ հետապնդելու նպատակը սոցիալական խնդիրների լուծմամբ փոխարինելն է:
-«Հայրենիքը ձեզ չի մոռանա»: Իսկ որպես քաղաքական գործիչ, ի՞նչ եք կարծում` ընդհանուր սոցիալական բունտ կլինի՞ Հայաստանում:
-Ո՛չ, կարծում եմ, այս վիճակը երկար չի տևի, և մենք արժանապատվորեն կհաղթահարենք այն:
«ՄԱՐԴԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ Է»
ԱՇՈՏ ԱՐՍԵՆՅԱՆ (ԱԺ պատգամավոր)

-Ինչպե՞ս են Ձեր գործերը, պարոն Արսենյան, ճգնաժամի այս դաժան օրերին որևէ անկում, «թռչնագրիպ» դեռ չի՞ նկատվել «Ջերմուկի» արտադրության գործում:
-Գործերը շատ լավ են, անկում չկա, ճիշտն ասած` միայն Ռուսաստանում ռուբլու արժեզրկումն է, որ մեզ համար խնդիր է դարձել` առայժմ, իսկ տեղական շուկայում մեր դիրքերը շատ լավ են:
-Իսկ աշխատատեղերի կրճատում սպասվո՞ւմ է:
-Իհարկե` ո՛չ:
-Մինչև ե՞րբ։
-Դե, հիմա ես չգիտեմ` վաղը երկրաշա՞րժ կլինի, թե՞ ինչ կլինի, բայց առայժմ` ոչ:
-Իսկ սոցիալական բունտի հեռանկար տեսնո՞ւմ եք:
-Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ մեր երկրում պետք է շատ խոր դրսևորվեր տնտեսական ճգնաժամը: Կզգանք, բայց ոչ շատ խիստ, ինչպես մնացած երկրներում:
-Փաստորեն, Դուք այս պահին գրեթե չեք տուժել:
-Դեռ ոչ:
-Որ տուժեք, ի՞նչ եք անելու:
-Պիտի փորձենք աշխատատեղեր չկրճատել:
-Ներքին հրահա՞նգ կա, կառավարությունը «շրջաբերակա՞ն» է իջեցրել` «ոչ մի կրճատում» հրամայականով:
-Չեմ կարծում։ Ոչ միայն շրջաբերական չի իջեցվել, այլև մինչ կառավարությունը` այդ մարդկանց հետ տարիներ շարունակ մենք աշխատել ենք, հեշտ չէ մարդ կրճատելը։ Մարդը մեղավոր չէ, որ միջազգային ճգնաժամ է, մենք պետք է փորձենք մեր միջոցների, հնարավորությունների, ընդհանուր բիզնեսի հաշվին ելքեր գտնել:
-Եթե սոցիալական բունտ լինի, չե՞ք միանա իշխանափոխություն ուզողների «բանակին». նկատի ունեմ` իշխանական «կազմից»:
-Իհարկե` ո՛չ:
-Ապրե՛ք։ Իսկ ինչո՞ւ:
-Որովհետև...
«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ` ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՉԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԳԱԳԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (ԱԺ պատգամավոր)

-Պարոն Աբրահամյան, նախ` ի՞նչ վիճակում է Ձեր` ադամանդի և ոսկու արտադրությունը:
-Նորմալ:
-Տեղեկություն կա, որ գրեթե կանգ եք առել:
-Սխալ տեղեկություն է. գործարանն աշխատում է:
-Չէ, պարոն Աբրահամյան, մոռացել եք` մեր զրույցներից մեկի ընթացքում Դուք ասացիք, թե արտասահմանյան Ձեր գործընկերները գործարանի հետ կնքած պայմանագրերը չեղյալ են համարում:
-Չէ, ես նկատի ունեի այն պայմանագրերը, որոնք ստորագրման ընթացքի մեջ են։ Մեր գործընկերները պարզապես ժամանակ են խնդրում հասկանալու, թե ինչ ընթացք կստանա ճգնաժամը: Սպասում ենք:
-Փորձագետները պնդում են, որ ճգնաժամի իրական հարվածները դեռ առջևում են:
-Ճիշտ է: Ես էլ եմ այդ կարծիքին:
-ՈՒրե՞մն...
-Բանակցում ենք մեր պատվիրատուների հետ, գիտե՞ք` մենք միլիոնավոր դոլարի ապրանք ենք արտահանում և փորձում ենք անել ամեն ինչ` աշխատատեղեր չկորցնելու համար: Ճիշտ է, համաշխարհային տնտեսական ճգնաժամը բոլորիս վրա է ազդում, բայց դա չի նշանակում, որ մարդիկ չեն ամուսնանում, չի նշանակում, որ Մարտի 8-ին իրենց կանանց, մայրերին, քույրերին...
-Ներեցեք, սիրուհիներին մոռացաք:
-Չմոռացա, հարկ չհամարեցի նշել, շարունակեմ. այո, դա չի նշանակում, որ գեղեցիկ կեսին մարդկությունը նվերներ չի մատուցում: Եվ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր կոլեկտիվը, նրա կորիզը պահպանենք, չնայած որ, իսկապես, իրավիճակը շատ բարդ է և շատ մեծ ջանք է պահանջում:
-Իսկ հնարավո՞ր է գա պահ, որ գնաք կրճատումների:
-Չեմ կարծում, չէ՛, չեմ կարծում:
-Որովհետև կառավարությունն ասել է` «չտեսնեմ-չիմանա՞մ»:
-Չէ, կառավարությունը մեզ ոչինչ չի ասել, դա պարզապես մեր շահերից է բխում: Ես, օրինակ, վերջերս գրասենյակ եմ բացել Մոսկվայում, որը հնարավորինս կհեշտացնի մեր աշխատանքները:
-Ինչքա՞ն կկարողանաք դիմանալ:
-Երկար, եթե խոսքը մեր մասին է:
-Պարոն Աբրահամյան, տնտեսական ճգնաժամը քիչ էր, վերջերս էլ Դուք, կարծես, ինչ-որ պատմության մեջ հայտնվեցիք` նկատի ունեմ հանգամանքը, որ Ձեր գանձապահը փողը գողացել ու փախել էր:
-Դե, երևի արդեն տեղյակ եք, Վորոնեժում նրան ձերբակալել են, ընթանում է գործի քննություն:
-Որ փողերը չվերականգնվեն, շա՞տ կտխրեք:
-Ո՛չ։ Եթե այդ գումարը (հիշենք, որ 62 հազար ԱՄՆ դոլարի մասին է խոսքը- հեղ.) հետ վերադարձվի, ես այն օգտագործելու եմ բարեգործական նպատակներով:
-Պարոն Աբրահամյան, բայց և այնպես, Դուք, կարծես, շատ եք հայտնվում, այսպես ասած, ոչ ադեկվատ իրավիճակների մեջ. հիշո՞ւմ եք` անցյալ տարի էլ Ձեր անչափ թանկ վերարկուն` «Բրիոնիի» արտադրության, խորհրդարանի` ՀՀԿ-ի ֆրակցիայի սենյակից գողացան, և Դուք առանց վերարկուի տուն գնացիք:
-Ի՞նչ կա որ, կյանք է. գողություններ եղել են, կլինեն:
-Չէ՜, պարոն Աբրահամյան. արևելյան իմաստնությունն ասում է. ուրեմն` ինչ-որ մեկին ինչ-որ բան չեք տվել, ուստի ձեզնից «տարվում» է:
-Ո՛չ, այդ դեպքում պետք է տրվեր, ոչ թե տարվեր, որովհետև Դուք էլ գիտեք, թե ինչ կարգի բարեգործություն է արվում մեր կողմից. թող անհամեստ չհնչի:
-Ի դեպ. վերարկու կորցնելն էլ Կոլոյի «նշանների լեզվով» նշանակում է, որ պաշտպանությունից, ուժից զրկվում եք, գոնե նորը գնեցի՞ք:
-Այո, գնեցի:
-Էլի «Բրիոնի՞»:
-էլի...
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2937

Մեկնաբանություններ