Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՔ ՄԵԶ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՎ ԱԳՐԵՍՈՐ, ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԼՌԵԼՈՒ»

«ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՔ ՄԵԶ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՎ ԱԳՐԵՍՈՐ, ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԼՌԵԼՈՒ»
05.02.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
Բանաստեղծ ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆՆ այս հարցազրույցի միջոցով հորդորում է մեր հանրապետության ղեկավարներին` հոգալու Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմի թարգմանության և օտարազգի հասարակությանը հասու դարձնելու խնդիրները, քանզի այդ ստեղծագործությունը խիստ արդիական ու դիպուկ գնահատականներ է պարունակում իր տողերում ու տողատակերում: Լսելով բանաստեղծի դիտարկումները` մեկ անգամ ևս համոզվում ենք, որ Շիրազի գործը մեր ազգի համար կարևորագույն հարցադրումների և հանգուցալուծումների համահավաք բանաձև է, որով աշխարհին ներկայանալն ունի ոչ միայն մշակութային, այլև քաղաքական մեծ նշանակություն: ՈՒստի լիահույս ենք, որ բարձրացված խնդիրը կգտնի պատշաճ արձագանք և կստանա շուտափույթ լուծում` դառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշանավորող ձեռնարկումների մեջ առաջնայիններից մեկը:
«ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» ՊԻՏԻ ԹԱՐԳՄԱՆՎԻ ՈՒ ՏԱՐԱԾՎԻ ԴՐՍՈՒՄ»
-Պարոն Դուրյան, օրեր առաջ հանրապետության բոլոր դպրոցներում անցկացվեցին թեմատիկ դասեր` նվիրված 20 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ Բաքվում իրականացված ջարդերին: Եղան նաև հրապարակումներ մամուլում, հեռուստառադիոհաղորդումներ, գիտաժողով: Ինչպե՞ս եք գնահատում այս ձեռնարկումները:
-Այդ ամենն ինձ ուրախացրեց, բայց ասեմ, որ դրանք շատ ուշացած քայլեր էին: Այն դեպքում, երբ ադրբեջանցիք, առանց որևէ հիմքի, մեզ ներկայացնում են իբրև ագրեսոր ու մարդասպան ողջ աշխարհի աչքում, մենք իրավունք չունենք լռելու: Ինչո՞ւ այդքան բորբոքուն եղան ղարաբաղյան մարտերը, որովհետև Սումգայիթի ու Բաքվի դաժան, գրգռիչ իրադարձությունները նախորդեցին դրանց: Ադրբեջանցիներն իրականացրին թուրք նախնիների կոտորածը, իսկ մենք ոչինչ չարեցինք, համապատասխան արձագանքի չարժանացրինք դրանք: Որքա՜ն անտուն-անտեր գաղթականներ եկան-լցվեցին հայրենիք ու հետո էլ գաղթեցին ուրիշ երկրներ, որովհետև այդքանին չէր կարող տեղավորել հայրենիքը: Սա եղեռն չէ, ի՞նչ է: Շատ տխուր բան է, բայց մենք իսկապես ուշ ենք արթնանում, արագ չենք արձագանքում, միշտ հապաղում ենք: Բավականաչափ ակտիվ չենք նաև 1915-ի Մեծ եղեռնի հարցում: Ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ: Միայն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնալը բավակա՞ն է: Բողոք, ընդվզում չկա այն մարդկանց դեմ, ովքեր ուրանում են մեր ցեղասպանությունը: Մեծ պետություններին Թուրքիան կաշառում է իր ունեցածով` իր ծովով, իր նավթով, իր գազով, ու լռեցնում: Մեզ էլ դեռ էթնիկական ծագման վերաբերյալ դասեր է տալիս: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Ոչի՛նչ: Սա գալիս է մեր անտերությունից, մեր փոքրաթիվ լինելուց:
-Հայ մտավորականի, մասնավորապես գրողի առաքելությունը ո՞րն է այս բացը լրացնելու հարցում:
-Մենք լավ գրականություն ունենք ու պիտի նաև դրանով պատասխանենք թուրքերին: Մեր ամենափայլուն գրական գործը` թե՛ իր արվեստով, թե՛ տաղանդով, թե՛ հայրենասիրական մեծ ջիղով, Շիրազի «Հայոց դանթեականն է»: Մինչև հիմա այդ գիրքը չի պրոպագանդվում անհրաժեշտ մակարդակով: Եթե հրեաներն ունենային այդպիսի երկ, ողջ աշխարհը կիմանար դրա մասին: Գերմանիան ավելի թույլ պետություն չէ, քան Թուրքիան, բայց ճանաչեց հրեաների ցեղասպանությունն ու ներողություն խնդրեց, որովհետև հրեաները թե՛ գրականության, թե՛ կինոյի, թե՛ այլ միջոցներով բարձրացնում էին իրենց ցեղասպանության հարցը: Նրանք կոտորվել էին ուրիշի հողում, իսկ մենք` մեր պատմական հայրենիքում, բայց չենք կարողանում հասնել մեր դատի պաշտպանությանը: Մենք թույլ ենք, ու դրա ամենացավալի դրսևորումներից մեկն այն է, որ Շիրազի «Հայոց դանթեականը» չի թարգմանված օտար լեզուներով: Այն պիտի թարգմանվի ու հասանելի լինի ռուս, անգլիացի, ֆրանսիացի, իտալացի, գերմանացի, իսպանացի ընթերցողին: Այդ պոեմը գրված է չափազանց բարեխիղճ ճշմարտությամբ: Դա միայն եղեռնի մասին չէ, այլ ստեղծված է ամբողջ հայոց պատմության հենքի վրա: Սա պատասխանն է այն հարցի, թե ինչ կորցրինք մենք 1915-ին: Կորցրինք ոչ միայն հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդ, այլև հոգևոր արժեքներ, հայրենիք: Մենք խոսում ենք մեկուկես միլիոն հայերի կոտորածի մասին (որը, գուցե և, ճշգրիտ թիվ չէ), բայց մոռանում ենք, թե թուրքն ինչքան մեծ վնաս հասցրեց մեր մշակույթին: Նրանք արդեն այդ փորձն ունեին. չէ՞ որ նստած են բյուզանդական, հելլենական մշակույթի ավերակների վրա: ՈՒ այդ փորձը կրկնեցին հայերի նկատմամբ: Նրանք ոչ միայն ժողովուրդ էին ոչնչացնում ու բռնի թրքացնում, այլև քրիստոնեական տաճարներն էին մահմեդականացնում: ՈՒ դա արել են շատ կազմակերպված, գաղափարապես հիմնավորված: Հիմա էլ փորձում են համոզել, որ այդ ամենը պատերազմով պայմանավորված առանձին դիպվածներ է եղել: Այս ամենի հիմնավորված ժխտումն է Շիրազի պոեմը: Շիրազը 40 տարի խորապես ուսումնասիրեց, թե ինչ է իրենից ներկայացնում թուրքը, ինչ շերտեր ունի հայոց պատմությունը, ինչ է հայ ազգը: Այդ պոեմը մեր ազգի ճշմարիտ աշխատող, ճշմարիտ աստվածապաշտ, ճշմարիտ բարի, ճշմարիտ ճարտար որակների ու մեր հակապատկեր հարևանի մասին է: Շիրազի պոեմը ներկայացնում է հայ ժողովրդի պայքարի ու անմեղորեն զոհ գնալու պատմությունը: Եթե Դանթեին առաջնորդում էր Վերգիլիոսը, այստեղ Շիրազն է Դանթեին առաջնորդում հայկական դժոխքում: Մենք մեր ազգային ողբերգության անդրադարձը տեսնում ենք նաև «Վերք Հայաստանի» վեպում: Այդ վեպը յուրատեսակ նախաշեմ դարձավ Շիրազի պոեմի համար: Պոեմում նաև անդրադարձ կա հայ ժողովրդի բարեկամ պոետներին: Այդօրինակ բարեկամության կարևորությունը պետք է գիտակցել այսօր: Փայլուն են ներկայացված հայդուկական ազատագրական շարժումը, Թուրքիայի դեմ մղվող ազատագրական պայքարը: Ընդհանուր առմամբ, հավաքական ուժը հայ ժողովրդի աստվածատուր զավակ Անդրանիկն է: Սրանք արժեքներ են, որոնք մենք պետք է գիտակցենք ու դրանցով առաջնորդվենք այսօր: Ես ուզում եմ, որ այս հրապարակումը դիտվի իբրև դիմում` ուղղված մեր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանին, որպեսզի մինչև Եղեռնի 100-ամյակը ստեղծվի մի լավ ստեղծագործական կազմ, Շիրազի «Հայոց դանթեականը» թարգմանվի տարբեր լեզուներով, հրատարակվի ու տարածվի դրսում: Սփյուռքն այս ծրագրի համար ոչինչ չի խնայի, այստեղի մեր հարուստները ևս ձեռնպահ չեն մնա: Ես, իհարկե, շատ այլ գործեր էլ կցանկանայի տեսնել թարգմանված ու հրատարակված: Տարիներ առաջ էլ առաջարկեցի, որ եղեռնի թեմայով գրված մեր բոլոր գրողների գործերը հավաքվեն ու հրատարակվեն մեկ ժողովածուի մեջ: Բայց առաջարկս մնաց օդում: Ինչո՞վ են զբաղված գրողների միությունում, որ այս հարցերը չեն լուծվում: Սա այսօր մեր ցավն է, ու մենք, որպես գրող, պիտի արձագանքենք այդ ցավին: Ինչո՞ւ ենք գրողներս ժողովրդի աչքից ընկել: Որովհետև հեռացել ենք ժողովրդից, ժողովուրդը մեզ չի կարդում: Նախ` տպաքանակն է փոքր, հետո ժողովուրդը հիասթափված է, ու, բացի այդ, կա հեռուստատեսությունը, որ փչացնում է ճաշակը: Այսօր պետք է նոր կրակ բորբոքել, ու մենք` գրողներս, պիտի բորբոքենք էդ կրակը, ոչ թե ժողովուրդը պիտի մեր մեջ բորբոքի: Մենք ժողովրդից ծնվել ենք, որ ժողովրդի կրակը վառ պահենք:
-Շիրազի պոեմի տպագրությունը բավականին լուրջ խոչընդոտների է հանդիպել, ինչպե՞ս հաջողվեց այն ընթերցողին հասցնել խորհրդային տարիներին:
-Շիրազից ավելի վաղ հայ գրականության մեջ Դանթեի արարչությանը դիմել են նաև Սիամանթոն` իր «Դյուցազնորեն» շարքով, և Չարենցը` «Մահվան տեսիլ» ստեղծագործությամբ: Շիրազն իր «Հայոց դանթեականը» սկսել է գրել 1941 թվականից: Ես և Սամվել Մուրադյանը (ում Շիրազը բանաստեղծական անուն էր տվել` Սամվել Ավարայր) Շիրազի մտերիմներն էինք դեռ այդ տարիներից ու ականատեսն ենք եղել, թե ինչպես է ստեղծվում պոեմը: Դեռ 50-ական թվականներից Սամվել Մուրադյանը կարդում էր պոեմի ավարտված գլուխները, ու ժողովրդի մեջ տարածվում էին դրանք: Ցավալի էր, որ ինքը` Շիրազը, չտեսավ պոեմը տպագրված: Այն տպագրվեց 1984 թվին: Ես «Սովետական գրող» հրատարակչությունում ժամանակակից գեղարվեստական գրականության խմբագրության վարիչն էի: Մինչ տպագրությունը գրախոսականներ գրեցինք` Սուրեն Աղաբաբյանը, Հարություն Ֆելեքյանն ու ես: Հատկապես մեծ աշխատանք կատարեց Ֆելեքյանը` խմբագրելով պոեմը: Ասեմ, որ Շիրազի հետ աշխատելը շատ դժվար էր: Մոսկվան անվերջ մերժում էր պոեմի տպագրությունը, որովհետև սովետական իշխանությունը` սկսած Լենինի և Աթաթուրքի ժամանակներից, բարեկամության երդում էր տվել թուրքերին: Մեր հողերը, մեր Անին ու Մասիսը Լենինի նվիրատվությունն էին թուրքերին: Սովետական իշխանությունը թույլ չէր տալիս գրել գենոցիդի մասին, և եթե շատ բաներ Շիրազի պոեմում բացահայտորեն չեն արտահայտված, պատճառն այդ արգելքն էր։ Մեզ քարոզում էին եղբայրություն ու բարեկամություն թուրքերի հետ, և կային գրողներ, որոնք այդ քարոզներին կողմնակից էին: Ես իմ ներքին գրախոսականում հարց էի բարձրացրել, թե ինչո՞ւ է թույլատրվում ողջ աշխարհում նշել հրեաների ցեղասպանությունը, Հիրոսիմայի ու Նագասակիի ողբերգությունը, իսկ մեկուկես միլիոն հայերի կոտորածի մասին խոսելն արգելվում է: Շեշտել էի, որ Շիրազի պոեմն ուղղված է համամարդկային բարբարոսության դեմ, միայն հայ ազգին չի վերաբերում: Այնտեղ համայն մարդկությանն ուղղված ասելիք կա: Իմ և մյուսների գրախոսականներն ուղարկվել էին Մոսկվա: ՈՒ փաստորեն, ես էլ եղա այդ ջրաղացին ջուր ավելացնողներից մեկը, իմ մասնակցությունն ունեցա գրքի տպագրության հարցում: Այս իմաստով շատ օգտակար գործ էր անում նաև Վարդգես Պետրոսյանը: Ի միջի այլոց, մեր ներքին գրախոսականները կարդում էր Կարեն Սերոբիչը և ինձ ասաց, որ շատ խելացի գրախոսական եմ գրել:
-Փաստորեն, Կարեն Դեմիրճյանը խրախուսո՞ւմ էր նման ձեռնարկումները:
-Բա ո՜նց: Եթե նա էդպիսին չլիներ, ո՞նց կտպագրվեին «Անլռելի զանգակատունը», «Ռանչպարների կանչը», մյուս գործերը: Ճիշտ է, Եղեռնի հուշարձանն ու Սարդարապատի հուշահամալիրը Քոչինյանի ժամանակ էին կառուցվել, բայց դրանց նկատմամբ մեծագույն հոգատարություն և ուշադրություն էր ցուցաբերում Կարեն Դեմիրճյանը, ում, ի դեպ, շատ էր սիրում Շիրազը: Իսկ Շիրազն ամեն մարդու չէր սիրում:
«ԹՈՒՐՔԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ԳԵՐԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
-Այսօրվա Եվրոպան, ըստ Ձեզ, կանտեսի՞ իր մասնավոր շահը` հօգուտ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության:
-1915 թվին մի ամբողջ ազգ էր բնաջնջվում Եվրոպայի աչքի առաջ, և գերմանացիներն էլ օգնում էին թուրքերին: Նրանք առաջնորդվում էին իրենց շահով, այս տարածք թափանցելու և իրենց գերիշխանությունը հաստատելու նպատակով: Այսօր էլ եվրոպական ոչ բոլոր պետություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փա՛ռք նրանց, ովքեր ճանաչել են: Բայց երկու ամենաուժեղ տերությունները` Գերմանիան ու Անգլիան, չեն ընդունել: Չեն ընդունել ո՛չ այն պատճառով, որ կասկածներ ունեն, այլ դարձյալ սեփական շահով են առաջնորդվում, որովհետև Միջերկրական ծովում լողում են իրենց սուզանավերը:
-Չերչիլը կարծում էր, որ դաշնակիցները փոփոխվում են, իսկ շահը հավերժական է: Թուրքիան այդ հավերժական շահի կրո՞ղն է եվրոպական տարածաշրջանի համար:
-Տեսեք, թե ինչ մեծ փորձանք է կախված Գերմանիայի գլխին: Այնտեղ 5-6 միլիոն թուրք է ապրում արդեն: Նրանք շատ արագ բազմանում են ու մոլախոտի պես թափանցում Եվրոպա: Ոչ թե բարեկեցության համար են գնում Եվրոպա, այլ իրականացնում են «քաղաքակիրթ», հաշվարկված դիվանագիտական ծրագիր` հետագայում ամբողջ Եվրոպան գրավելու համար: Երբ նրանք կարողանան ֆրանսիացիներին, անգլիացիներին ու մյուս եվրոպացիներին ծնկի բերել, կմնան միայն ռուսները, իսկ ռուսները միայնակ չեն կարողանա այդ ուժին դիմակայել: Թուրքերը մինչև հիմա մտածում են գերագույն իշխանության, գերթագավորության մասին: ՈՒ այդ նպատակն իրագործելու ճանապարհին ոչնչի առաջ կանգ չեն առնի: Մենք մեզ պիտի ապահովագրենք այս վտանգից, ու այստեղ է, որ պիտի ապավինենք մեր արդար գրականությանը, որի միջոցով կարելի է արթնացնել համայն մարդկության խիղճը: Եթե այդ գրականությունը ժողովուրդների գլխին կանգնած առաջնորդներին հարկավոր էլ չէ, ապա ժողովուրդներին հարկավոր է, անկասկած: Այն դաս է բոլոր ազգերի համար:
«ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԲԱՆԻ ՊԱԿԱՍ ՈՒՆԻ ԳՅՈՒՂԱՑԻՆ, ԻՍԿ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԱԼԱՏՆԵՐ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ»
-Կարծում եք` մեր ազգի բոլո՞ր շերտերն են տեղյակ այդ գրականությանը: Չկա՞ անհրաժեշտություն` հենց մեր հայրենակիցներից շատերին ծանոթացնելու այդ արժեքներին:
-Համաձայն եմ: Մեր ժողովրդի մի շերտն ուզում է հարստանալ, գանձեր դիզել: Մեկ-մեկ սիրտս այնքան է նեղվում, երբ նայում եմ էդ հարուստներին: Այո, մենք մերն էլ պիտի ասենք, մեր սխալներն էլ պիտի մատնանշենք: Տեսեք, թե ինչ վիճակում են այսօր հայկական գյուղերը. մինչև հիմա սովետական տրակտորներով են հողը վարում, հին կոմբայններով են կալսում: Հազար ու մի բանի պակասություն ունի գյուղացին, իսկ մեր մեծահարուստները պալատներ են սարքում: Ինչների՞ն են պետք էդ շենքերը, երբ մեր փոքր հայրենիքում հողը խոպան է դառնում: Մեզ այսօր հաց է պետք: Ես մարքսիստ չեմ, բայց լիովին համամիտ եմ Մարքսի հետ` «կեցությունն է որոշում գիտակցությունը»: Եթե հաց ունես, գիտակցություն կունենաս։ Այսօր միլիարդներ են ներդրվում շինարարության մեջ: Այս չաշխատող ժողովրդի ինչի՞ն է դա պետք: Մեռած կապիտալ են կուտակում, ո՞վ պիտի գնի այդ տները: Հյուսիսային պողոտայում քանի՜-քանի դատարկ տուն կա: Մարդիկ փող չունեն, ո՞նց գնեն: Չեմ ուզում անձնավորել, բայց կցանկանայի, որ մեր ազգի երևելի մեծահարուստներն օգնեին ժողովրդին, գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնեին, ապահովեին ժամանակակից տեխնիկայով: Սովետական Միության հավատավորը չեմ եղել երբեք, բայց ինչպե՞ս չասեմ, որ այն տարիներին խամ ու խոպանը հող էինք դարձնում, իսկ հիմա, երբ անկախ պետություն ենք, հողն ենք քար դարձնում:
-Նոր գիրք եք գրում, ի՞նչ թեմաներով:
-Նոր գրքում բանաստեղծություններ ու պոեմներ են: Բոլորն էլ արծարծում են մեր ազգային ցավերը: Պոեմները երեքն են` գաղթի, մեր պահանջատիրության, Աստծո արդար դատաստանի թեմաներով: «Աստծո զանգը» պոեմում Աստված իր զանգն է իջեցնում երկիր, որպեսզի տիեզերքի զանգով հնչեցնի իր խոսքը` ի պաշտպանություն հայոց արդար դատի:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ