Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՈՒՆՏԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՈՒՆՏԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
05.03.2010 | 00:00

Ակնհայտ է, որ Հայաստանում խաղատներ այցելում են ոչ թե շարքային քաղաքացիները, այլ իշխանության տարբեր օղակներում ընդգրկված պաշտոնյաները, ուստի լիովին հասկանալի էր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տիրող աշխուժությունը։ Այսօրվա խորհրդարանն աչքի առաջ ունենալով` դժվար չէ ենթադրել, որ պատգամավորներից շատերը «թուլություն» ունեն շահովի խաղերի նկատմամբ, և պատահական չէր, որ այս օրինագիծը համարեցին իրենց հաճույքները սահմանափակող փաստաթուղթ: Անկախ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ, քննադատելով նախագիծը, առաջարկեց իսպառ վերացնել խաղատները: Մեր զրույցը պարոն Դալլաքյանի հետ այս և այլ թեմաների շուրջ է։
-ԱԺ-ի վերջին քառօրյայում «կազինո» երևույթի առնչությամբ Դուք հանդես եկաք խիստ արմատական դիրքորոշմամբ: Ինչո՞վ է պայմանավորված այս «սՌփվօռ վպտՐՌջվՖ»-ը:
-Նախ` անեկդոտով պատասխանեմ հարցին. Աստված հանգուցյալին առաջարկում է դրախտ գնալ, բայց նա կտրականապես հրաժարվում է, քանի որ դրախտում կազինո չկա: Հայաստանում կազինոները պետք է ընդհանրապես արգելել, որովհետև, որպես կանոն, կազինո հաճախում են բախտախնդիրները, կոռումպացված չինովնիկները, պետական բյուջեն թալանողներն ու պարզապես հիվանդ մարդիկ: Հետևաբար, առողջարանային քաղաքներում կազինոները տեղակայելու կառավարության նախաձեռնությունն անթույլատրելի է: Ջերմուկում, Սևանում, Ծաղկաձորում մարդիկ զբաղված են իրենց առողջական խնդիրներով, ասել է` կազինոներում խաղացող հիվանդ մարդիկ այստեղ անելիք չունեն: Ես չէ, որ պետք է կառավարությանը բացատրեմ առողջարանի և կազինոյի տարբերությունը: Մոտեցումը պետք է լիներ սկզբունքային` Հայաստանում արգելել կազինո անվանումով գործող չարիքը:
-Պարոն Դալլաքյան, արդյո՞ք այս նախագիծը նաև քաղաքական ենթատեքստ չունի:
-Պրոբլեմը, թերևս, ունի նաև քաղաքական կողմ. արդյո՞ք Հայաստանում այսօր թիվ մեկ խնդիրը, այսպես կոչված, կազինոների (մտածված չեմ օգտագործում «խաղատուն» բառը), խաղամոլների հետ կապված խնդիրների կանոնակարգումն է: Իհարկե` ոչ: Մեր երկրում այսօր կան բազմաթիվ չլուծված հարցեր`ժողովրդավարության հաստատում, կլանաօլիգարխիկ համակարգի լիկվիդացում, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարության հաստատում և այլն: Մասնավորապես, առաջիկա թանկացումների պայմաններում կառավարությունը պարտավոր է կոնկրետ, առարկայական և հասցեագրված քայլեր իրականացնել` բնակչության սոցիալական հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ: Հատկանշական է, որ Էդվարդ Աղայանի «Հայոց լեզվի բացատրական բառարանում» նշված է. «Խաղամոլ, մոլախաղ` մոլի խաղ, որի ժամանակ տանելը կամ տարվելը կախված է միայն պատահականությունից», այսինքն` բախտից, և ոչ թե խաղալու հմտությունից: Այդ բառարանի համաձայն` «Թմրամոլ` թմրամոլությամբ տառապող անձ», այսինքն` խաղամոլի և թմրամոլի արմատը մոլուցքն է, այսինքն` խոսքը, ներեցեք, հիվանդ մարդկանց մասին է, որոնց պետք է ընդամենը կարեկցել և բուժել: Խնդիրն ինչ-որ առումով քաղաքական է նաև հետևյալ տեսանկյունից. ինչպիսի՞ պետություն ենք ուզում ունենալ` կազինոների՞, բորդելների՞ պետություն, թե՞ բարձր տեխնոլոգիաների վրա խարսխված, զարգացած, բարգավաճ, ժողովրդավարական պետություն: Կարծում եմ` երկրորդը: Ոչ թե կոռումպացված, քրեաօլիգարխիկ, կլանային, չինովնիկական և բանանային պետություն, այլ ժողովրդավարական պետություն:
-Որոշ պատգամավորներ, վկայակոչելով այլ երկրների, հատկապես ԱՄՆ-ի խաղատների օրինակները, միանգամայն նորմալ են համարում Հայաստանում դրանց առկայությունը: Վերջիններս թյուրիմացության մե՞ջ են:
-Մեր ընդդիմախոսներն օրինակներ են բերում Լաս Վեգասից և Մոնակոյից: Տեղեկացնեմ, որ Լաս Վեգասը համարվում է մեղքի քաղաք, և 1831-ին այն անձը, որը ձեռնարկել է կազինոյի ստեղծումը, արել է մեկ նպատակով` ֆինանսական միջոցներն օգտագործել դպրոցներ կառուցելու համար: Հատկանշական է, որ կազինոների կառուցման համար ընտրվել է անապատային վայր: Ինչ վերաբերում է Մոնակոյին, այստեղ արգելված է տեղական բնակչության մուտքը կազինո: Ի դեպ, Մոնակո գաճաճ պետության բանակը բաղկացած է 82 անձից, և այն աշխարհի միակ երկիրն է, որի զինվորական նվագախումբը 85 հոգանոց է, այսինքն` բանակն ավելի փոքրաթիվ է, քան զինվորական նվագախումբը: Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ: Կազինոները, գերազանցապես, քրեածին որջեր են, և հատկապես հայաստանյան կազինոներում կրակոցները, տարբեր տեսակի ռազբորկաները սովորական երևույթներ են:
-Պարոն Դալլաքյան, անդրադառնանք նաև այսօր հասարակությանը խիստ հուզող գազի սակագնի բարձրացմանն ու հնարավոր այլ թանկացումներին:
-2010-ի մարտի 1-ին օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ եմ դրել «Գազի սակագնի բարձրացման դեպքում բնակչության անապահով խավերի պետական աջակցության մասին» օրինագիծը, որով առաջարկում եմ կենսաթոշակառուների, ընտանեկան նպաստ ստացողների, հաշմանդամների և սոցիալապես անապահով այլ խավերի համար նախատեսել համարժեք պետական փոխհատուցում: Այս օրինագծի ընդունումը թերևս որոշակիորեն կմեղմացնի սոցիալական լարվածությունը: Բացի այդ, դեռևս 2009 թվականի մարտին մշակել եմ «Սոցիալական պաշտպանության ոլորտում որոշ պետական ծախսերի ինդեքսավորման մասին» օրինագիծը, որով առաջարկում եմ` պետական բյուջեով նախատեսված սոցիալական պաշտպանության ծախսերը (կենսաթոշակներ, ընտանեկան, գործազրկության, վատառողջության և անաշխատունակության նպաստներ, միանվագ դրամական օգնություն, սոցիալական հատուկ արտոնություններ և այլն) ենթակա են պարտադիր ինդեքսավորման` այդ ծախսերից յուրաքանչյուրի առնվազն 20 տոկոսի չափով: Հիշեցնեմ, որ 2009-ի նույն ժամանակահատվածում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ փոփոխության, որոշ ծառայությունների սակագների բարձրացման հետևանքով Հայաստանում արձանագրվել էր մասնավորապես առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների գների բարձրացում` միջինը 20 տոկոսի չափով: Այդ նախագիծը նպատակ ուներ մեղմելու սոցիալական լարվածությունը: Կառավարությունն իր 21.04.2009 թ. եզրակացության մեջ առաջարկել էր «առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի ընդունումից»: Հաշվի առնելով կառավարության, խորհրդարանական մեծամասնության գործոնը, որը կարող էր տապալել այս նախագիծը, ես հետաձգեցի օրենքի քննարկումը: Բայց այս տարվա ապրիլի մեկից նախատեսված գազի սակագնի և դրանով պայմանավորված հնարավոր այլ թանկացումների պարագայում վերոհիշյալ օրինագծերի ընդունումը դառնում է հրատապ: Միանշանակ է, որ ընդհանրապես թանկացումների պայմաններում պետք է տեղի ունենա ինդեքսավորում, ինչպես նաև հատկապես բնակչության անապահով խավերի նկատմամբ պետությունը պետք է ցուցաբերի համարժեք վերաբերմունք: Ի դեպ, այդօրինակ տեսակետ է արտահայտել նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը: Իմ տպավորությամբ, ներկայումս Հայաստանում շրջում է սոցիալական բունտի ուրվականը:
-Վերջում արտաքին քաղաքականությանն առնչվող մեկ հարց. քաղաքական տարբեր բևեռների ներկայացուցիչներ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ իրարամերժ տեսակետներ են հայտնում: Գործընթացի ներկայիս փուլի մասին Ձեզ նկատառումները:
-Առիթ եմ ունեցել նշելու, որ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի հարցը կախված է ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա ընթացքից, այլ ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան-Եվրամիություն աշխարհաքաղաքական կենտրոնների հնարավոր վերադասավորումներից: Գործընթաց, որը ներկայումս գերազանցապես դուրս է Հայաստանի վերահսկողությունից: Հետևաբար, մեր երկրին անհրաժեշտ է զերծ մնալ, այսպես կոչված, հավանականությունների տեսության հիման վրա որոշումներ կայացնելու գայթակղությունից: Այդ պատճառով գործընթացի այս փուլում Հայաստանին հակացուցված են կտրուկ քայլերը` առնվազն մինչև առաջիկա ապրիլի կեսերը: Հայ-թուրքական հարաբերությունների բազմաշերտության և արձանագրությունների վավերացման գործընթացի միջազգայնացման պարագայում Հայաստանը, թերևս, պետք է դանդաղ «շտապի»:
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ