Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Լրագրությունը համալրում է էլիտար մասնագիտությունների շարքը

Լրագրությունը համալրում է էլիտար մասնագիտությունների շարքը
21.07.2009 | 00:00

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ստեղծագործական մրցույթ» առարկան հանձնում են բացառապես ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդները։ Այս տարի լրագրող դառնալու հայտ է ներկայացրել 160 դիմորդ։ «Ստեղծագործական մրցույթ» առարկայական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ այս առարկայից գերակշռում են միջին միավորները. «Յուրաքանչյուր գնահատական բովանդակության և գրագիտության արտացոլքն է։ Մի քիչ մտահոգություն ունեմ, որ դպրոցներում պայծառ, հրաշալի երեխաներ կան, սակայն ուսուցիչները, կրկնուսույցներն այդ երեխաների մեջ սերմանում են կաղապարներ, որոնք հետագայում խանգարում են նրանց ինքնադրսևորվել։ Դիմորդների աշխատանքները կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե բոլորը նույն ընտանիքում, միջավայրում են մեծացել, նույն դպրոցում են սովորել, սիրո, հայրենիքի մասին բոլորը նույն կերպ են դատողություններ անում։ Եվ այսքան միանմանությունը գորշություն է հիշեցնում, որը պետք է մտահոգի մեզնից յուրաքանչյուրին»։
Մասնագետները վերջին տարիներին ահազանգում են, որ թեստային համակարգը, որն այնքան լայնորեն օգտագործվում է գիտելիքների գնահատման ժամանակ, նպաստում է երեխաների կաղապարային մտածողության ձևավորմանը և կաշկանդում ստեղծագործական մտածողությունը։ «Մասնագետ չլինելով՝ դժվարանում եմ դատողություններ անել թեստային համակարգի վերաբերյալ, այնուամենայնիվ, ասեմ, որ թեստային համակարգը մեր գյուտը չէ, և դժվար է միանշանակ ասել՝ ճի՞շտ ենք, արդյոք, թե՞ ոչ։ Այլ բան է, որ թեստային համակարգը լրամշակելու, կատարելագործելու և այդպիսով նաև ճիշտ դիմորդին ընտրելու խնդիր կա։ Ինձ թվում է՝ մեխանիզմները, թեստերն ավելի հստակեցնելու խնդիր, անշուշտ, կա»,- նշում է Նաղաշ Մարտիրոսյանը։
Ստեղծագործական մրցույթին առաջադրվող թեմաներն ընտրվում են մեկ սկզբունքով, որպեսզի դիմորդն ընդհանուր դատողություններ անելու հնարավորություն չունենա, վերնագիրը կարդալիս կոնկրետ ասելիք ենթադրող թեմա տեսնի։ «Օրինակ, այսօր առաջադրված է «Փողոցը՝ շուկա» թեման։ Եթե դիմորդն ի ծնե լրագրող է, նայել ու տեսնել գիտե, այս վերնագիրն անմիջապես պետք է գրավի նրան։ Եթե մարդը մտածել գիտի և իր զգացածը, ապրածը թղթին հանձնելու կարողություն, ձիրք ունի, հրաշալի կշարադրի իր մտքերը։ Ընտրվել են թեմաներ, որպեսզի ապագա լրագրողն ինքնադրսևորման հնարավորություն ունենա, բայց առանձնապես տարածվելու հնար չլինի»,- ասում է հանձնաժողովի նախագահը։
Ստեղծագործական աշխատանք ստուգելը բավականին բարդ գործ է, և սուբյեկտիվ գործոններն այստեղ մեծ դեր ունեն։ Սակայն, ըստ հանձնաժողովի նախագահի, ստուգման չափանիշները հստակ են, փակցված են և՛ քննասենյակի մուտքի մոտ, և՛ մինչև քննության մեկնարկը կարդում են դիմորդների համար։ Չափանիշների մեջ հստակ շեշտված են և՛ աշխատանքի ծավալը, և՛ բովանդակային առանձնահատկությունները, ուղղագրական, կետադրական, ոճական, տողադարձի սխալների համար հանվող միավորները։ Գնահատականն իջեցվում է նաև պարզունակ շարադրանքի, թեմայից շեղվելու դեպքում։
Ն. Մարտիրոսյանը նկատում է, որ վերջին տարիներին ավելանում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդների թիվը։ Այս տարի առաջին հայտով այս ֆակուլտետ է դիմել 85 դիմորդ, երկրորդ հայտով դիմորդները մոտ 200-ն են։ «Դա նշանակում է, որ ժուռնալիստիկա մասնագիտության հանդեպ որոշակի վերաբերմունք է ձևավորվում, դառնում է այն մասնագիտությունը, որը հարգանք ու հետաքրքրություն է վայելում։ Եվ արդեն մոդայիկ մասնագիտությունների (իրավաբանություն, տնտեսագիտություն, բժշկություն) կողքին ավելանում է նաև լրագրությունը»։ Ինչ վերաբերում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մատուցած գիտելիքների որակին, ապա, ըստ պարոն Մարտիրոսյանի, ֆակուլտետը նոր-նոր է բոլորում իր տասնամյակը, և շրջանավարտների լավագույն մասը քիչ-քիչ գալիս է ապահովելու այդ որակը. «Բայց մեր լրատվական դաշտն ընդգրկման տիրույթով և լրագրողների թվով ահռելի է, և պետք է մտածենք, որ այդ որակն աստիճանաբար ապահովվելու է։ Մենք ժուռնալիստիկայի ավանդույթ չունենք։ 1990-ին խորհրդային ժուռնալիստիկան թողեցինք պարսպից այն կողմ, հետո փորձեցինք ստեղծել արևմտյան չափանիշներին համապատասխան լրագրություն։ Այդ գործընթացը հեշտ կլիներ, եթե ունենայինք որոշակի ավանդույթներ»։
Լրագրությունը մեզ մոտ համարվում է կանացի մասնագիտություն։ Անցած տարի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունված 54 ուսանողներից ընդամենը մեկն էր տղա։ Բայց այս տարի բավականին մեծացել է տղաների թիվը։ Դա նշանակում է, որ տղաները սկսում են մտածել, որ սա այն մասնագիտությունն է, որը տղային սազում է, և երևի թե այն մասնագիտություններից է, որով հնարավոր է հաց վաստակել։
Իսկ ընդհանրապես ի՞նչ որակներ են անհրաժեշտ լրագրողին։ Ըստ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի՝ լրագրողը պետք է լինի բարեկիրթ, ունենա աստվածատուր ձիրք ու շնորհք, սկզբունքներ ու հավատարիմ մնա դրանց, լինի օբյեկտիվ, անանձնական, ունենա տեսածն ընկալելու և ճիշտ ներկայացնելու, կարևորն անկարևորից տարանջատելու ունակություն։ Լրագրողը պետք է այն մարդը լինի, որը ոչ թե հասարակությանը, լսարանին տա այն, ինչ պահանջում են, այլ կարողանա այդ լսարանի ճաշակը կրթել, հասարակությանը բարձրացնել ու տանել առաջ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3528

Մեկնաբանություններ