Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ղարաբաղյան հիմնախնդիրը գերտերությունների շահերի և մրցակցության «ճոճանակում»

Ղարաբաղյան հիմնախնդիրը գերտերությունների շահերի և մրցակցության «ճոճանակում»
13.02.2009 | 00:00

ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻՆԵՐ
Ամեն անգամ, երբ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շրջանակներում հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կամ արտգործնախարարները, դրանց հաջորդած կարճատև ասուլիսներում երկու կողմերն էլ իրենց պարտքն են համարում լրագրողների հարցերին պատասխանելիս արձանագրել գրեթե նույն հերթապահ արտահայտությունը` հանդիպումն օգտակար էր ու արդյունավետ։
Թե ինչն էր օգտակարն ու արդյունավետը, բնականաբար, չեն մանրամասնում` բանակցային գործընթացի գաղտնիության սկզբունքը չխախտելու հիմնավորմամբ։ Բայց բավական է որևէ միջազգային միջոցառում` լինի սեմինար, խորհրդաժողով, գիտաժողով կամ թեկուզ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նիստ, որտեղ քննարկման թեմա դառնա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը, Ադրբեջանն առանց փոխելու նախկինում հազար անգամ հնչեցրած նույն ձևակերպումները, գնահատականները, մոտեցումները, կրկին ու կրկին խոսում է հայկական ագրեսիայի, «օկուպացված» տարածքների, միլիոնավոր փախստականների և տարածքային ամբողջականության միջազգային իրավական նորմի մասին։
Մեկ շաբաթ առաջ մյունխենյան համաժողովում ոչինչ չէր փոխվել` նույն ջուրը, նույն ջրաղացը։ Իհարկե, տեղին ու դիպուկ էր ՀՀ նախագահի հակադարձումը։ Նա կանգ առավ առանցքային այն խնդրի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և ստեղծված առկա վիճակի մասին խոսելիս չպետք է մոռանալ, թե ով է սանձազերծել ագրեսիան։ Ղարաբաղի ժողովուրդն Ադրբեջանի ագրեսիային դիմագրավելու համար դիմել է ինքնապաշտպանության, այլապես դատապարտվելու էր լիովին բնաջնջման։ Չբնաջնջվելու համար ինքնապաշտպանությունը մեղավորություն կարելի՞ է համարել, հռետորական հարց ուղղեց Սերժ Սարգսյանը։ Այսպես կոչված, «գրավյալ տարածքների» վերաբերյալ նախագահի խոսքը նույնքան համոզիչ էր։ Այն է` սույն տարածքներից ադրբեջանական բանակը տարիներ շարունակ, ամեն Աստծո օր, հարյուրավոր ռումբեր էր տեղում խաղաղ բնակչության` երեխաների, կանանց, ծերերի վրա։ Դրանց վնասազերծումը կենսական անհրաժեշտություն էր։
Սակայն մատնանշենք, թե այս ամենի համատեքստում ինչն է անհասկանալին ու զարմանալին։ Երկու երկրների առաջին դեմքերի «tete a tete» հանդիպումների ժամանակ այդ ի՞նչ օգտակար ու արդյունավետ քայլեր են կատարվել, որոնք ինչ-որ չափով մոտեցրել են կողմերի դիրքորոշումները, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ, ելնելով դրանից, ուժեղ, թույլ կամ չափավոր լավատեսությամբ են համակվել։ Հարցին խիստ մակերեսորեն մոտենալու դեպքում մոտավորապես այսպիսի տարօրինակ պատկեր կարելի է ուրվագծել։ Փակ առանձնազրույցների ժամանակ երկու երկրների նախագահներն ու արտգործնախարարները ջան ասում, ջան լսում են, իսկ միջազգային բաց քննարկումներում միմյանց մեղադրում են մահացու մեղքերի մեջ։ Բնականաբար, խոսքը հիմնականում վերաբերում է ադրբեջանական կողմին։ Բայց երբ մակերեսից փոքր-ինչ «խորանում» ենք, հասնում երկրորդ և հաջորդ շերտերին, ինչ-որ բան դառնում է հասկանալի։ Բաց քննարկումներում հնչեցված խոսքը միանշանակորեն ուղղված է ներքին լսարանին, այսինքն, սեփական երկրի հանրությանը և, իհարկե, ընդդիմությանը։ Յուրաքանչյուրն իր ժողովրդի առջև ձգտում է ներկայանալ, ինչպես ասում են, պապից ավելի կաթոլիկ։ Ավելի կարճ ձևակերպմամբ` եթե հակամարտող երկրների նախագահները փոքրիշատե հակված են հիմնախնդիրը փոխզիջումներով կարգավորելուն, ապա նրանց այդ քայլից հետ է պահում հանրային հզոր ընդվզման բավականին մեծ հավանականությունը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։
Հակամարտության կարգավորման գործընթացի բոլոր փուլերին փոքրիշատե ուշադիր հետևողները հաստատ կհիշեն, որ դեռ վեց-յոթ տարի առաջ Մինսկի խմբի համանախագահները և այլ միջազգային փորձագետներ շրջանառության մեջ դրեցին հետևյալ հետաքրքիր տեսակետը. երկու կողմերի ղեկավարները 80 տոկոսով պատրաստ են փոխզիջումներով հանգուցալուծելու հիմնախնդիրը, սակայն հասարակությունները դրան պատրաստ են ընդամենը 70 տոկոսով։ ՈՒստի խորհուրդ էին տալիս իշխանություններին` իրենց երկրներում քարոզչական լայն աշխատանք տանել, ազդել հասարակական կարծիքի վրա, այսինքն` լծվել ուղեղների զանգվածային լվացման դժվարագույն գործին։ Միջազգային կառույցների այս խորհուրդը մինչ այսօր ուժի մեջ է, պարզապես բարձրաձայն այնքան հաճախ չի հնչում, որքան նախկինում։ Թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում հասարակական կարծիքը մեղմացնելու որոշ փորձեր արվեցին, բայց դրանք հանդիպեցին այնպիսի հակազդեցության, որ «լվացքը» կիսատ թողնելը դարձավ խոշոր կատակլիզմներից, հեղաշրջումներից խույս տալու միակ ու անխուսափելի նախապայման։
Ճիշտ է, այս անգամ մեկ այլ տեսանկյունից (ի դեպ, փոքր-ինչ ավելի «թարմ») մենք կրկին եկանք-հասանք այն «կետին», թե ինչու միջազգային հանրությունը հատկապես հայաստանյան ընդդիմության կողմից մշտապես կանխատեսվող ճնշումները չի հասցնում այնպիսի կրիտիկական մակարդակի, որ երկրի իշխանությունները ստիպված «սպիտակ դրոշը» ձեռքներին` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում գնան ոչ այնքան հայանպաստ լուծումների։ Շատ պարզ պատճառով։ Զիջողական (թեկուզ փոխզիջողական) մոտեցումները, վերջին հաշվով, երկու երկրներում էլ ստեղծելու են այնպիսի անկայուն իրավիճակ, որը բոլորովին ձեռնտու չէ Արևմուտքին։ Քանզի հեղաշրջման հետևանքով ձևավորված նոր վարչակազմերը լինելու են է՛լ ավելի անզիջում, քան «գահընկեց» արվածները։ Ահա այն փակուղին, որը հաստատ նկատի են ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ տերությունները, միջազգային կազմակերպություններն ու փորձագետները։
Միջազգային ճնշումներով հիմնախնդրի կարգավորման անհեռանկարայնության այլ, նույնքան համոզիչ փաստարկներ էլ կան, որոնց մասին առավել հաճախ է խոսվել, քան վերը ներկայացված տեսակետի։ Դժվար չէ ենթադրել, որ խոսքը Մինսկի խումբը ներկայացնող տերությունների ոչ հավասար շահագրգռությունների մասին է։ Թեման շատ է արծարծվել հատկապես ադրբեջանական մամուլում, մեծ մասամբ այս երկրի ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից, թեպետ հայաստանյան փորձագետները ևս հաճախ են այս հարցին անդրադարձել։ Թեման կարելի էր մաշված-ծեծված-սպառված համարել, եթե նախկին, գրեթե նույնատիպ տեսակետներին ու գնահատականներին վերջին ժամանակներս չավելանային տրամագծորեն հակառակ ենթատեքստով, թեկուզ ոչ այնքան համոզիչ, այնուամենայնիվ, «թարմ» եզրահանգումներ։
Մի փոքրիկ նախաբան` ներկայացվելիքն ավելի պարզորոշ հասկանալու համար։ ԼՂ-ի հակամարտության ամբողջ ընթացքում հայաստանյան ընդդիմության, իսկ Ադրբեջանի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից հաճախ է հնչել այն միտքը, որ հիմնախնդրի հանգուցալուծման բանալին միայն ու միայն Ռուսաստանի գրպանում է։ Ասել է` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան անկեղծորեն լծվել են իրենց առաքելության կատարմանը, իսկ Ռուսաստանը զուտ իմիտացիոն քայլեր է կատարում, իրականում Հայաստանին գաղտնի խրախուսելով` տապալել բանակցային գործընթացները, անզիջում կեցվածք դրսևորել։ Ողջամտությամբ առաջնորդվելու դեպքում դժվար չէ նկատել, որ այս վարկածի հիմքում բավականին լուրջ տրամաբանություն էր ընկած, սակայն մինչև 2004 թվականը։ Իսկ դրանից հետո, հատկապես վերջին մեկ-երկու տարիներին, Ռուսաստանը նույնպես և գուցե ավելի շատ է շահագրգռված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ, քան ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Փորձենք բացատրել, թե ինչու։ Ելցինյան Ռուսաստանն առանց «դրսի» միջամտության էլ «ինքնըստինքյան» փլուզվող երկիր էր` թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումներով։
Հարավային Կովկասն իր «թևի» տակ վերցնելն ԱՄՆ-ին թվում էր «տեխնիկայի հարց»։ Խանգարում էր միայն ղարաբաղյան հիմնախնդիրը, որի լուծմամբ երեք հանրապետություններն էլ «սղղալով» կանցնեին ԱՄՆ-ի ազդեցության գոտի։ Ներդրվելիք միլիարդավոր դոլարներին «մուննաթ»։ Ռուսաստանին այն ժամանակ ոչինչ չէր մնում անելու, բացի խանգարելուց, իսկ «խանգարման» անփոխարինելի գործիքը ԼՂ-ի հիմնախնդիրն էր։ «Գործիքն» արդյունավետ օգտագործվեց։ Իհարկե, չթերագնահատենք նաև ՀՀ այն ժամանակվա իշխանությունների` իրավիճակից օգտվելու ճկունությունը։
Այսօրվա իրավիճակում, որոշ վերապահումներով, համաձայնենք այն փորձագետների հետ, ովքեր ԼՂ-ի հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներում դերերի փոփոխություն են նկատում։ Իրաքում ու Աֆղանստանում «խրված» ԱՄՆ-ը, տնտեսական ու ռազմաքաղաքական «կոմայից» դուրս եկած, կտրուկ ուժեղացած Ռուսաստանի պարագայում ստիպված էր ընդունել, որ ինքն ուշացել է, որ գնացքն արդեն մեկնել է, և Հարավային Կովկասը «փաթեթով գնելն» այլևս անհնարին է։ Հատկապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը պատրաստ է լուծելու ԼՂ-ի հիմնախնդիրը յուրովի, սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով, Նահանգներին ժամանակավոր «թիքա» թողնելով միայն Վրաստանը` այն հետ խլելու համառ մտադրությամբ։
Բնական է, որ առկա իրավիճակում ԱՄՆ-ին ավելի ձեռնտու է սառեցված հակամարտության ստատուս-քվոյի պահպանումը, քան դրա հանգուցալուծումը ռուսական տարբերակով, ինչը կնշանակեր ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի տեղաբաշխում հակամարտության գոտում։ Ի դեպ, այս սցենարի դեպքում անխուսափելի կլիներ Ադրբեջանի ընդգրկումը նույն ՀԱՊԿ-ի կազմ, հակառակ պարագայում, հասկանալի պատճառներով, խաղաղապահ առաքելությունը կիրականացնեին միայն ռուսական զորքերը։
Ավելորդ է ասել, թե աշխարհաքաղաքական նոր իրավիճակում որքան զգույշ ու ճկուն պետք է գործի հայկական դիվանագիտությունը։ Ինչպես նախկինում սոսկ ամերիկյան, այնպես էլ այսօր սոսկ ռուսական շահերից բխող սցենարների իրագործումը հավասարաչափ մեծ վտանգներ է պարունակում։ Ադրբեջանին Արևմուտքից պոկելու համար Ռուսաստանը, բնականաբար, մեծ գին է վճարելու, և չպետք է թույլ տալ, որ ինչպես անցյալում, դա տեղի ունենա Հայաստանի հաշվին։
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3372

Մեկնաբանություններ