«Մենք բազմիցս առիթ ունեցել ենք այդ հարցին անդրադառնալու: Անվանումը դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետև մենք, ըստ էության, այս լուծումը ներկայացրել ենք որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին, և չի գտնվել լուծումը ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում է»:
Սա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պատասխանն է Ազգային ժողովի ֆինանսավարկային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի այն հարցին, թե, ռազմական դրությամբ ու երկրում տիրող իրավիճակով պայմանավորված, ինչքանո՞վ է նպատակահարմար 2021-ի բյուջեով պարգևավճարների ֆոնդ սահմանելը: Նախարարի խոսքը ներկայացնում ենք այնպես, ինչպես կա՝ առանց միջամտության: Եթե ձեզ հաջողվի որևէ բան հասկանալ բառերի շարանից, ապա երևի երջանիկ մարդ եք: Առավել երջանիկ կլինեք, եթե հասկանաք նախարար Ջանջուղազյանի պատասխանը պատգամավորի արձագանքին: «Փաստորեն, պարգևավճարների մասով փոփոխություն չե՞նք կարող ակնկալել, և նշված թիվը փոփոխման ենթակա չէ՞»,- հարցնում է ԼՀԿ-ական Արկադի Խաչատրյանը: «Համենայն դեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա, և որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին խոսքը, կարծում եմ, ժամանակավրեպ է»,- փաստագրում է կառավարության ներկայացուցիչը:
Ատոմ Ջանջուղազյանի պատասխանը, ըստ երևույթին, այն մասին է, որ կառավարությունը պարգևավճարների ֆոնդից հրաժարվողը չէ, փոփոխություններ 2021-ի բյուջեում չեն լինելու, այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ: Երբ մամուլը բարձրաձայնում էր պաշտոնյաների՝ ռեկորդային թվերի հասնող պարգևավճարների մասին, իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, նեղսրտում էին, թե ինչու պետք է պետական համակարգում ցածր աշխատավարձով աշխատեն, եթե մասնավորում դրա հազարապատիկը կարող են ստանալ: Ավելին, մի բան էլ մուննաթ եկան, թե, հանուն հայրենիքի, որևէ մեկը չի պատրաստվում պետության համար «ձրի» աշխատել: Մի կողմ թողնելով մասնավոր ոլորտում աշխատելու մասին հեքիաթներն ու հայրենասիրությունից դրդված, «պրեմիաներից» չհրաժարվելու անկեղծությունը, արձանագրենք՝ այսօր Արցախում կենաց-մահու կռիվ տվող 18-20-ամյա երիտասարդների ու գործուղումների համը ճաշակած պաշտոնյաների պատկերացումները հայրենասիրության մասին տրամագծորեն տարբեր են: Գոնե պատերազմական այս օրերին պետական պաշտոնյաները, մեղմ ասած, պետք է վերանայեն հայրենասիրության մասին իրենց պատկերացումները, իսկ ամեն անգամ պարգևավճար ստանալիս հիշեն՝ պատերազմի օրերին իրենք որտեղ էին, հող պահողները՝ որտեղ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ