ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ՆՔ ԿՏՐՎԵԼ ՆԱՎԹԻ ՈՒ ԳԱԶԻ ԱՍԵՂԻՑ»

«ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ՆՔ ԿՏՐՎԵԼ ՆԱՎԹԻ ՈՒ ԳԱԶԻ ԱՍԵՂԻՑ»
11.03.2011 | 00:00

Մինչ ամբողջ աշխարհը սարսափով հետևում է, թե ինչպես են մեկը մյուսի հետևից պայթում Մերձավոր Արևելքի երկրները, մինչ էներգակիրներ արտահանող երկրները մտորում են, թե ինչպես լավագույնս գցեն առաքման նոր երթուղիներն արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների և Սուեզի ջրանցքի փակման պայմաններում, մինչ նավթի գները հաղթահարում են «հոգեբանական արգելքը», իսկ Կրեմլում «էներգետիկ ասեղի» կողմնակիցները գոհունակությամբ շփում են ձեռքերը, գիտությունը տեղում չի դոփում։ Իսկ մենք հերթական անգամ վերհիշենք նվիրական և արդեն թևավոր դարձած խոսքերը. «Քարի դարն ավարտվում է ոչ այն պատճառով, որ քարն է վերջանում»։ Աշխարհում քաղաքական ու ռազմական հակամարտությունների մթնոլորտում, ասես աննկատ, տեղեկություն ստացվեց Բրիտանիայից, թե Cella Energy ընկերության գիտնականները մշակել են սինթետիկ վառելիքի միանգամայն նոր տեսակ։ Դրա զանգվածային արտադրությունը կարող է հանգեցնել այն բանին, որ բենզակայաններում հայտնվի մեկ գալոնը 1,5 դոլար կամ մեկ լիտրը 40 ցենտից էժան շարժիչային վառելիք։ Բացի այն, որ այդպիսի վառելիքի արժեքն ամենևին կախված չէ միջազգային շուկայում նավթի գնի տատանումներից, նոր վառելիքատեսակն ամենևին ածխածին չի պարունակում, և նրա այրումը վնասակար նյութեր չի արտանետում շրջակա միջավայր։ Նոր սինթետիկ վառելիքի արտադրության տեխնոլոգիան հիմնված է բարդ միացությունների օգտագործման վրա և մշակվել է ավելի քան չորս տարի տևած միանգամայն գաղտնի ծրագրով։ Հետազոտողների ասելով, նոր սինթետիկ վառելիքատեսակը կարող է առանց սահմանափակման օգտագործվել բոլոր ավտոմեքենաներում և վերջիններից ոչ մի փոփոխություն ու լրացուցիչ սարքավորումների տեղադրում չի պահանջում։
Հասկանալի է, թե ինչն է դուր գալիս կամ ոչ նավթի ու գազի շնորհիվ ճարպակալող երկրներին, բայց գիտությունն ու առաջադիմությունը չեն կարող տեղում դոփել։ Ավելին, քաղաքական բնույթի վերջին բոլոր իրադարձությունները ստիպում են առաջավոր երկրներին, որոնք ճակատագրի հեգնանքով կա՛մ վաղուց սպառել են իրենց պաշարները, կա՛մ առհասարակ չեն ունեցել, շտապ կարգով գտնել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։ Այսպես, վերջերս ԱՄՆ-ի նախագահը «մաքուր էներգետիկ տեխնոլոգիաների» բնագավառի հետազոտությունները դասեց երկրի զարգացման հատկապես կարևոր ձեռնարկումների կարգին։ Օբաման նպատակ է դրել հասնել այն բանին, որ Միացյալ Նահանգներում սպառվող էներգիայի 80 տոկոսն արտադրվի էներգիայի մաքուր աղբյուրների միջոցով։ Դրա համար Օբաման մտադիր է նավթային ընկերություններին զրկել «հարկատուների միլիարդավոր դոլարներից», որ նրանք ստանում են պետությունից։ Կոնգրեսին հասցեագրված ուղերձում նա հայտարարել է. «Եկեք երեկվա էներգիան ֆինանսավորելու փոխարեն ներդրումներ կատարենք վաղվա օրվա համար»։
Հիշեցնենք, որ մի երկու տարի առաջ ամերիկացիները հանգիստ, առանց ավելորդ աղմուկի, աշխարհում առաջին «էներգետիկ հեղափոխությունը» կատարեցին։ Թերթաքարային գազի արդյունահանման նոր տեխնոլոգիաների միջոցով ԱՄՆ-ը հանկարծ դարձավ աշխարհի խոշորագույն գազարտադրող երկիրը և հեշտորեն զրկեց Ռուսաստանին այդ դերից։ Հաշվետվությունների համաձայն, այնտեղ գազի արդյունահանումն ավելացել է 3,7 տոկոսով և կազմել է 624 մլրդ խմ (նույն ժամանակամիջոցում Ռուսաստանում գազի կորզումը նվազել է 12,4 տոկոսով և արդյունահանման ընդհանուր ծավալը կազմել է 582,3 մլրդ խմ)։ Դրանից հետո ԱՄՆ-ը վերջապես հրապարակեց տեխնոլոգիան և սկսեց իր նորույթը արտահանել աշխարհի փաստորեն բոլոր ծայրերը։ Լեհաստանը թերթաքարային գազի հետախուզման համար հատկացրեց 465 մլն դոլար, և հորատում են, իհարկե, ամերիկյան ընկերությունները։ Հենց նրանք էլ արդեն պայմանագրեր են կնքում Չինաստանում, բանակցություններ են վարում Հնդկաստանում, Արգենտինայում և Աֆրիկայում։ Վերջերս Գերմանիան հայտարարեց, թե ինքը մոտ ժամանակներս կսկսի գերմանական Մյունստեր քաղաքի մոտ թերթաքարային գազի հանքավայրերի շահագործումը։ Իսկ ՈՒկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, թե անհրաժեշտ է «նվազեցնել պետության էներգետիկ կախումը», և ամերիկացիներին առաջարկել է գնահատել երկրում թերթաքարային գազի պաշարները։ Արդեն ՈՒկրաինայի կառավարության հաստատմանն է ներկայացվել համապատասխան հուշագրի նախագիծ, իսկ ԱՄՆ-ն ՈՒկրաինային տեխնոլոգիաներ կտրամադրի։
Ժամանակին` դեռ «թերթաքարային հեղափոխության» արշալույսին, մեր թերթն անդրադարձել է այս թեմային։ Բայց ավելորդ չենք համարում հիշեցնել, թե ինչ են թերթաքարն ու թերթաքարային գազը։ Թերթաքարն ամենուրեք տարածված նստվածքային ապար է, որպես կանոն, մուգ գույնի։ Ըստ էության, դա քարացած կավ է, որն օրգանական նյութեր է պարունակում։ Թերթաքարային գազն առավելապես բաղկացած է մեթանից, գտնվում է հենց այդ թերթաքարի բաղադրության մեջ, հեշտորեն կարելի է կորզել բավական մեծ տարածքներ բացելու միջոցով։ Հանուն արդարության պետք է նշել, որ այս բոլոր տվյալները վաղուց ու լավ հայտնի են։ Բազմաթիվ փորձեր են կատարվել գազի արդյունաբերական կորզման ուղղությամբ։ Առհասարակ, առաջին ածխաջրածնային հորանցքերը հորատել են հենց թերթաքարային հանքաշերտերում, նավթահորերից դեռ 30 տարի էլ առաջ, այսինքն, 18-րդ դարի կեսերից։ Սակայն երկար ժամանակ գիտությունը պատասխան չուներ այն հարցին, թե ինչպես կարելի է այդ գազը ի սպաս դնել մարդուն, չէ՞ որ շատ դժվար ու ծախսատար էր դրա կորզումն այդ նույն թերթաքարային դաշտերից։ Եվ ահա հիմա, ամերիկյան նոր տեխնոլոգիաների շնորհիվ, իրադրությունը բավականին արագ և, հնարավոր է, անդառնալիորեն սկսել է փոխվել։
Համարվում է, որ թերթաքարն ու գորշ ածուխը, որից նույնպես գազ կորզելու փորձ կա, տարածում ունեն Հայաստանում։ Դա, մասնավորապես, Ջաջուռի հանքավայրն է, որը վաղուց է բացվել ու լքված է։ Ինչպես պնդում են երկրաբանները, քարերի աշխարհ Հայաստանում մեծ է արդյունահանման համար պիտանի այլ հանքավայրերի առկայության հավանականությունը։ Սակայն առայժմ, որքան էլ դա զարմանալի լինի, մի երկրում, որը շնչահեղձ է լինում առանց էներգակիրների, իսկ Ռուսաստանից ներմուծվող գազի գների շարունակական բարձրացումը կարող է հանգեցնել սոցիալական ու տնտեսական կոլապսի, այս նոր միտումներին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Բնական հարց է ծագում` ինչո՞ւ։ Եվ ոչ պակաս տրամաբանական ենթադրություն. հավանաբար, ինչպես միշտ, զգուշանում է Ռուսաստանից և «ամենազոր» «Գազպրոմից»։ Ինչպես և պետք էր սպասել, «դեպի ապագա նոր ճեղքումը» ունեցավ և՛ քննադատներ, և՛ հակառակորդներ` առաջին հերթին ռուսների շրջանում։ Թեև երկրները հերթի են կանգնում նոր տեխնոլոգիաների համար, Մոսկվան, ինչպես միշտ, ռնգեղջյուրի համառությամբ շարունակում է պնդել, որ «թերթաքարային գազի արդյունահանումը շատ առասպելներով է պատած», որ դա հերթական «ամերիկյան դիվերսիան է ռուսական բարեկեցության հիմքերի դեմ», և իրենք վստահ են, որ դա «կմնա որպես զուտ տարածաշրջանային հրաշք»։ Եվ դա հասկանալի է, որովհետև արդեն այժմ Միացյալ Նահանգները հրաժարվել է Կատարի հեղուկ գազից, և դրա ներմուծման բաժինը տնտեսության մեջ իջել է մինչև 16 տոկոսի։ Գլուխները կորցրած արաբներն անմիջապես իրենց հարստությունը տեղափոխեցին Եվրոպա, դրանով իսկ խարխլելով գազի համաշխարհային գնային քաղաքականությունը։ Արդյունքը եղավ այն, որ շուկայում երկնագույն վառելիքի գինը կրկնապատիկ նվազեց` լրջորեն շոշափելով նաև ռուսական «Գազպրոմի» շահերը, որը հարկադրված եղավ նվազեցնել իր արտահանումը 11,4 տոկոսով։ Բայց դա, այսպես ասած, կարճաժամկետ հեռանկարն է։ Իսկ երկարաժամկետում բացարձակապես ոչինչ հայտնի չէ։ Այս պայմաններում ի՞նչ կկատարվի աշխարհի գազպրոմական կառույցների` «Հարավային» և «Հյուսիսային հոսքերի» հետ, որոնց համաձայնեցումը համաշխարհային շահագրգիռ կազմակերպությունների հետ անձամբ Վլադիմիր Պուտինից մեծ ջանքեր ու ժամանակ պահանջեց։ Այնուհետև, հարկ կլինի՞, արդյոք, վերջնականորեն սառեցնել Բարենցի ծովի Շտոկմանի հանքավայրը (հիմա արդեն այդտեղ աշխատանքները տեղապտույտ են տալիս. հեղուկ գազի արտադրության գործարանի շինարարությունը հետաձգվել է երեք տարով. գազը պետք է մղվեր Միացյալ Նահանգներ, իսկ հիմա այն նրան ուղղակի պետք չէ)։ Իսկ եթե գազից հետո նավթն է՞լ էժանանա, այն ժամանակ ի՞նչ կկատարվի Ռուսաստանի բյուջեի հետ, հարևանների վրա նրա ազդեցության հետ և այլն, և այլն։ Ի դեպ, եթե «Գազպրոմը» լույս տեսնում էլ է, ապա միայն իր խողովակի վերջում։ Համենայն դեպս, աշխատում է այդ տեսլականը պարտադրել նաև իր «ռազմավարական գործընկերոջը»։
Այդուամենայնիվ, ցանկալի կլիներ հիշատակել վերջերս հրապարակված և խիստ հետաքրքրական մի տեղեկություն, որը հրապարակվել էր ռուսական լրատվամիջոցներում։ Պարզվում է, որ «Գազպրոմի» տնօրենների խորհրդի անցած տարվա վերջին հաստատած 2011-ի ներդրումային ծրագիրը 100 մլրդ ռուբլով քիչ էր, քան 2010 թվականինը։ Այսինքն, այս թվերից հասկանալի է դառնում, որ ներկա իրավիճակում գազի շուկայում ընկերությունների համար ձեռնտու չէ մեծացնել գազի արդյունահանման ծավալները։ Սա անակնկալ եղավ շատերի համար. չէ՞ որ դեռևս անցած տարվա հոկտեմբերին Ռուսաստանի կառավարությունում պնդում էին, թե լրիվ հակառակն է լինելու։ Ի դեպ, ուշադրություն դարձնենք ևս մեկ հետաքրքիր և պերճախոս հանգամանքի. զարգացման ծրագրերի կրճատման պայմաններում գազամուղների շինարարության «քաղաքական» նախագծերը, ամենայն հավանականությամբ, չեն տուժի։ Այսինքն, Ռուսաստանում դեռևս մտադիր են մարտնչել թե՛ հանուն գնորդների, թե՛ հանուն սեփական «էներգետիկ մահակի», թե՛ հանուն դրա շնորհիվ ակնկալվող աշխարհաքաղաքական ազդեցության։
Սակայն եթե Բրիտանիայից ստացվող տեղեկությունը, թե շուտով Արևմուտքում կունենան նաև «արհեստական նավթ», հաստատվի, ապա ռուսների տառապանքը թերթաքարային տենդից խաղ ու պար կթվա։ Դա կնշանակի, որ Ռուսաստանն ապագայում, և այն էլ բավականին մոտ ապագայում, կզրկվի նավթ արտահանելու հնարավորությունից։ Մինչդեռ 2011-ին նավթի արտահանումը կազմում է Ռուսաստանի դաշնային բյուջեի եկամուտների գրեթե կեսը։ Ավելին, բոլորին է հասկանալի, որ թեև նավթն արդեն շատ թանկ է, բայց, դրանից զատ, կան նաև այլ, ոչ պակաս կարևոր պատճառներ այլընտրանք որոնելու համար։ Չէ՞ որ նավթի պաշարները Ռուսաստանում և աշխարհում անսահմանափակ չեն, և դեռ 20-րդ դարի սկզբին ռուս մեծ քիմիկոս Դմիտրի Մենդելեևն է արդարացիորեն նկատել. «Վառարանում նավթ վառելը նույն է, ինչ փող վառելը»։ Եվ, անշուշտ, վաղ թե ուշ, այդ ուղղությամբ, ի հեճուկս ամեն ինչի, առաջադիմություն տեղի կունենա։ Կլինի դա «թերթաքարային գազ», կլինի դա «արհեստական նավթ», թե ոչ արմատապես նոր գաղափար, այլ, ասենք, բարձրարդյունավետ արեգակնային մարտկոցների կամ նոր սերնդի հողմաէներգետիկ կայանքների ստեղծում։ Հերթական գաղափարը, որը պետք է կլանի ոչ միայն իշխանություններին ու լաբորատորիաներում տքնող գիտնականներին, այլև բիզնեսի, մշակույթի և հանրության տարբեր խավերի ներկայացուցիչներին, կարճ ասած, շատ երկրներում ապրող ամբողջ ազգի բոլոր ներկայացուցիչներին, դառնում է հետևյալը` «կտրվել նավթի ու գազի ասեղից»։ Արդյունքում, շուտով, շատ հավանական է, որ 80 տոկոս «մաքուր էներգիա» խնդիրը կառաջադրվի ոչ միայն ԱՄՆ-ում, այլև այլ երկրներում։ Իսկ մեզ մնում է ընտրություն կատարել. կա՛մ հավատարմություն ու սով, կա՛մ ինչ-որ բան ձեռնարկելու փորձ, անգամ հակառակ ամենազոր Կրեմլի ու նրա հոգեզավակի` էներգետիկ մաֆիայի` ինչպես ռուսական, այնպես էլ հայկական։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ