ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ասադի «Դավոսը» Հայաստա՞նն էր

Ասադի «Դավոսը» Հայաստա՞նն էր
19.06.2009 | 00:00

ՏԵՆԴ
Մերձավոր Արևելքը վերադասավորվում է բավականին բուռն: Տարածաշրջանում ոտնատեղը չկորցնելու, ավելին` հեգեմոն դառնալու տենդը համակել է բոլոր խաղացողներին:
Իրանը թուլացվում է, Ահմադինեժադի գլխին կախվում է (եթե այս ճգնաժամը բարեհաջող հաղթահարի) ոչ լեգիտիմության խարանը: Թուրքիային չի հաջողվում ազատվել հայ-քրդական թնջուկների բալաստից, հնարավորությունների պատուհան է ստեղծվում մնացած խաղացողների համար, և վերջիններս փորձում են արագ օգտվել ստեղծված իրավիճակից:
Եվ քանի որ Սիրիան ու նրա նախագահ Բաշար Ասադն իսկապես կամուրջ (Սերժ Սարգսյանն ասաց` դուռ) են Մերձավոր Արևելքում, այս երկիրը նույնպես արագ-արագ խարիսխներ է ձգում հարկավոր ափերում` սեփական խաղն առաջ տանելու համար:
Այսպիսով, պատմական առաջին այցով Հայաստանում էր Դեր Զորի անապատն իր մեջ պահող Սիրիո նախագահ Ասադ-կրտսերը: Այցն անչափ հետաքրքիր ու վեկտորալ էր` բոլոր առումներով:
ա) Զգացական: 15 թվին հայերն անցան Սիրիայով: Փաստորեն, սա երկիր է, որը մեր ցավի էներգետիկան առաջինը կլլեց: Շնորհակալություն: Հետո հայերը կահույք պատրաստեցին Ասադ-ավագի համար, ու դա կրտսեր-Ասադի ամենամեծ տպավորություններից էր:
Եվ ընդհանրապես, Բաշար Ասադը, որին հիմնականում «ծանոթ» ենք Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության «գործով» (որպես «կազմակերպիչ»), և այդ առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի սկսած հետաքննությամբ (որը, ի դեպ, որևէ բան այդպես էլ չհայտնաբերեց), երեկ բավականին տպավորեցնող էր: Սկսեց գրագետ, լուսավոր էներգետիկայով հագեցած մտքեր հայտնել` պատմական ակնարկ կատարելով։ Հիացնելու մոտ մտքեր էին` մտածեցինք, արաբական աշխարհում էս ի՜նչ տղերք են բարձրանում:
Բայց երբ «մտավ» քաղաքական դաշտ ու Երևանի Բաղրամյան փողոցից ուղիղ մեսիջ «ղրկեց» հարկավոր հասցեներով (Իսրայել-ԱՄՆ. այս մասին` ներքևում), հասկացվեց` երիտասարդը պարզապես «անգիր էր արել» ելույթի առաջին մասը:
Ընդ որում, նրա «ելույթի» երկրորդ մասի վրա «վեր թռավ» նույնիսկ իր համբերատարությամբ հայտնի, «ուդար պահելու» մեծ վարպետ Սերժ Ազատի Սարգսյանը։ Դա դրսևորվեց նրա անթափանց աչքերի պահային «ցայտնոտի» ու կիսաժպիտի մեջ: Պարզ էր` Սերժ Ազատիչին դուր չեկան հյուրի մտքերը, դրանք առավել քան տեղին ու սպասված չէին (այս մասին` քիչ հետո):
բ) Կետային: Բաշար Ասադի այցը Հայաստան խիստ նպատակային էր:
1) Սիրիան փորձում է տարածաշրջանում դերակատարություն ստանձնել` մտնելով մատի և մատանու արանքը: Վերջին շրջանում «թելելով» Թուրքիո ասեղը, ԱՄՆ-ի հետ հնարավորինս «ճկուն» խաղացող Սիրիան (ի դեպ, շատերն այդ խաղը համեմատում են Սադամ Հուսեյնի` ԱՄՆ-ի հետ վարած խաղի հետ) փորձում է օգտագործել սիրիական բավականին հզոր հայ համայնքի կապերն ու Հայաստանը դարձնել, այսպես ասած, խիստ բարեկամ երկիր` միևնույն ժամանակ միջնորդի դեր ստանձնելով Թուրքիայի և Հայաստանի միջև:
2) Սիրիան ուզում է դառնալ միջուկային երկիր, ատոմակայան կառուցել: Այստեղ չենք խորանում:
3) Լիբանանի «հարց»։ Գաղտնիք չէ, որ հայ համայնքն անչափ ուժեղ է նաև Լիբանանում: Գաղտնիք չէ նաև, որ Լիբանանում մինչև վերջերս ոչ մի որոշում չէր կայացվում առանց Տիզբոնի` Սիրիայի հետ խորհրդակցելու, վերջինիս «ադաբրյամսը» ստանալու: Լիբանանում այսօր «այլ» օրեր են. մայրիների երկիրը նույնպես վերադասավորվում է, այնտեղ հաղթել է, այսպես կոչված, Ասադի «հակառակորդ», պրոամերիկյան ուղղվածության Ռաֆիկ Հարիրիի որդին, ձևավորվել է նոր պառլամենտ, ուր բավականին ծանրակշիռ է հայերի դերակատարությունը: Եվ ապա, նույն Հարիրիի որդին փորձում է օրենքով վերջ դնել «Հզբոլլահի» տիրապետությանը, իսկ դա այն կազմակերպությունն էր, որը, եթե շատ կարճ` Սիրիայի կամրջով-դռնով Իրանից-«մնացած տեղերից» «ահաբեկիչներ» էր մատակարարում ԱՄՆ-ի դեմ ըմբոստացող իրաքցիներին:
Մի խոսքով, նոր «ափերի» փնտրտուքի գործում Սիրիո նավը կանգ էր առել Արարատի փեշերին` Հայաստանում, որովհետև այս պահին Նոյյան Հայաստանը բավականին «գրավիչ» է դարձել, փաստորեն, շատերի համար:
գ) Թիրախային: Այո, Ասադի այցը խիստ թիրախային էր, և վերջինս փորձում էր հաճելին ու օգտակարը սերտորեն համակցել: Ստացվեց, թե ոչ, ինչպես Ասադն ասաց` կդատի «այցից հետո ունեցած իր տպավորություններով (իր խոսքերն են. նկատո՞ւմ եք` նույնիսկ այս տերմիններում նա դնում է բավականին լուրջ մեսիջներ. ասել է` արդյոք հայկական կողմը կհասկանա՞, թե ինչու էր ինքը եկել, ու կընդառաջի՞ իր «գալուստին»):
Թիրախ 1. այս «դրույթով» Բաշար Ասադը կատարեց «բեբաշար» քայլ. չայցելեց Եղեռնի հուշակոթող, իսկ թե այդ «վարքագծով» ինչպես է նա պատկերացնում իր միջնորդական առաքելությունը հայ-թուրքական հարաբերություններում, կիմանան լոկ արաբստաններում:
Իսկ հիմա` ուշադիր. նոր մշակութաբանությունից ու նոր տեսակից, «վազվիշըննի» այլ բաներից խոսելուց հետո մեր հյուրը բաշարեց խոսել նաև հետևյալից. «Մենք Իսրայելում չենք տեսնում գործընկեր, որի հետ հնարավոր լինի բանակցել: Մոտիկ ապագայում էլ չենք տեսնում այդպիսի գործընկեր, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք խաղաղության գործընթացը: Եվ երբ այդպիսի գործընկեր լինի, ապա խաղաղության գործընթացն առաջ կընթանա, և խաղաղությունը, կարելի է ասել, պատրաստ կլինի և կմնա միայն մենք առաջնորդենք... Խաղաղության մասին խոսելիս պետք չէ մոռանալ նաև Պաղեստինի ժողովրդի ծանր վիճակը, Գազայի բնակչության գոյության անմարդկային պայմանները»:
Ներեցեք, բայց այս ասվածներն ի՞նչ կապ ունեն Ձեր պաշտոնական այցի հետ, Ձերդ մեծություն. չհարցրինք մենք, որովհետև ոչ ոք թույլ չէր տա, որպեսզի հասկանայինք «հանգամանքը». մի՞թե կարելի է գնալ այլ երկիր և, այսպես ասած, բամբասել, «հաթաթա» տալ մեկ այլ երկրի (հիշո՞ւմ եք էն Մոթաքիին. նա էլ ժամանակին Հայաստանում կանգնեց Օսկանյանի կողքին, ՀՀ ԱԳՆ-ում ու պարսկական իր բարձունքից, թե` «Քոնդի, դու սուտասան կնիկ ես»):
Թե՞ վատ օրինակը վարակիչ է, և պարոն Բաշար Ասադն այնքան էր ոգևորվել Թուրքիայի հետ Սուրիո բարեկամությամբ, հայ-թուրքական հարաբերություններում իր ապագա միջնորդությամբ, որ փորձեց «ա լյա Էրդողան» գնալ, և, ինչպես Դավոսում Էրդողանը հիշեց Գազան ու «մնացյալը» և սկսեց «գոռգոռալ» Իսրայելի, իսկ իրականում նրա վարչապետ Պերեսի վրա, ու քանի որ հայ Իգնատիոսը երեկ նախագահականում չէր, Ասադն էլ թանկագին հյուր էր հայոց հողում, մենք բոլորով` համակ ուշադրություն, ունկնդրեցինք նրա հաթաթան առ Իսրայել, բոլորով պահեցինք «ուդարը», կիսաժպիտով. շա՜տ հասկացող ու ներողամիտ ժպտացինք «զմիմյանս» և նույնիսկ` Սերժ Սարգսյանին:
Իսկ հիմա, իսկապես, կարևորի մասին: Պարզվում է, պարոն Ասադը հենց այնպես չէ, որ կատարեց այդ քայլը:
Այսպիսով, հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանը Իսրայելի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ կհաստատի` բոլոր «հետևանքներով» հանդերձ, ինչն անչափ ողջունելի քայլ է, և ինչն անչափ ծանր են տանում թե՛ արաբական աշխարհում, թե՛ Թուրքիայում` նույնքան անչափ հասկանալի պատճառներով. Թուրքիո մուրազը` դառնալ հեգեմոն տարածաշրջանում, այդ նպատակին հասնելու համար փորձելով «լուծել» (՞) անգամ հայ-թուրքական դարավոր թնջուկը, հօդս է թռչում, որովհետև իր այդ քայլով Հայաստանը կհավասարակշռի Թուրքիո բոլոր ամբիցիաները, միևնույն ժամանակ Իսրայելով դեպ գլոբալ աշխարհ նոր մուտք, կամուրջ, դուռ կապահովի իր համար:
Ահա թե ինչու էր իր հայրերից հայկական կահույք ժառանգած Բաշար Ասադը նման «անմեղ» հայտարարություններով հանդես գալիս ընդդեմ Իսրայելի նույնքան անմեղ հայոց հողի վրա, ահա թե ինչու է Սիրիան ոչ թե հայկական «գաղութ», այլ հավասարների երկիր հայերի համար (այո՛, պարոն Ասադը չերկնչեց հենց այդպես էլ ասել` հայերը ոչ թե գաղութ են մեզ մոտ, այլ հավասար քաղաքացիներ)։ Ահա թե ինչու Թուրքիան ցանկանում է, որ Սիրիան միջնորդ դառնա հայ-թուրքական հարաբերություններում:
Ավելին. որպեսզի Հայաստանին հետ պահի Իսրայելի հետ «սպասվող» քայլից, Բաշար Ասադը նույն օրը երեկոյան, տեր և տիկին Սարգսյանների` իր և իր տիկնոջ պատվին տրված ընթրիքի ընթացքում ոչ ավել-ոչ պակաս ասել է հետևյալը. «Մենք վստահ ենք, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելը, ինչպես նաև միջազգային որոշումներն ու միջազգային իրավունքը հարգելը և երկխոսության կարևորության համատեղ համոզմունքի վրա հիմնված իրավական կամքը բավարար հիմք են աշխարհում բոլոր ճգնաժամերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար»:
Պատկերացնո՞ւմ եք: Չէ՞: Ձեր գործն է:
Վերջում էլ հարցնում եք. «ա Պոլշա՞». «էն որ սարերում շվի է ածում` էն ո՞ւմ է կանչում». նկատի ունենալով, որ Բ. Ասադը դեռ ոտքը չէր քաշել նախագահականից-ասուլիսից, երբ «ավտոարշավ սկսվեց դեպ Չեռնոմորսկ», և Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմոբիլը փութով մտավ նախագահական: Իմա` Ռուսաստանին ամենևին չի կարող դուր գալ հայ-իսրայելական սկսվող «սիրավեպը»:
Խնդրով զբաղվող էքսպերտները միանշանակ պնդում են` դուր կգա՛. այս հարցում Ռուսաստանը խոչընդոտ չի լինի, որովհետև Ռուսաստանն ինքը շատ ակտիվ խաղում է Իսրայելի հետ, զի այնտեղ տեր ու տիրակալ են ռուսախոս «եվրեյները»:
Այսքանը:
Չէ, սիրելի ուսանող, որպես առաջին սերիայի վերջ նշենք նաև. Սիրիայի նախագահի այցը շուտով «կհավասարակշռենք» Միխեիլ Սաակաշվիլու` նույնքան հետաքրքիր, ջահե՜լ, սիրո՜ւն, «էներգիչնի» այցով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2383

Մեկնաբանություններ