ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իրանի քաղաքականությունը. անվտանգության արտաքին գոտի

Իրանի քաղաքականությունը. անվտանգության արտաքին գոտի
28.07.2009 | 00:00

ԻՐԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ
2002-2005-ին Իրանը հայտնվեց բավական ծանր գեոռազմավարական իրավիճակում։ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն Աֆղանստանում, ՈՒզբեկստանում ու Ղրղզստանում, նրա զինված ուժերի մեծացումը Պարսից ծոցում, Թուրքիայի պատրաստակամությունը հակաիրանական գործողությանը մասնակցելու առումով և նրա ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ, նաև ծովային նավթահանքերի պաշտպանության ուղղությամբ, սպառնալիքներն Իսրայելից, Կասպից ծովում ռազմական ներկայությունը մեծացնելու Ռուսաստանի մտադրությունները, հարաբերությունների լարվածությունը մերձկասպյան պետությունների հետ, արաբական պետությունների անհետևողական քաղաքականությունը և եվրոպական քաղաքականության պասիվությունը պայմանավորում էին Իրանի խոցելիությունը և նրա արտաքին քաղաքական նախաձեռնությունների սահմանափակությունը։ Իրանական քաղաքական էլիտան, խորհրդարանի նոր կազմը և քաղաքական կուսակցությունները համարում էին, որ Իրանը հայտնվել է այդպիսի անբարենպաստ իրավիճակում անհմուտ արտաքին քաղաքականության հետևանքով։ Արտաքին քաղաքականության ավելորդ պրագմատիզացիան, ընդհանուր հայացքների ու գործողությունների բացակայությունն արտգործնախարարության և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի միջև և ներքաղաքական ինտրիգները ստեղծեցին այդ վիճակը։
2001-2002-ին Իրանի քաղաքական ղեկավարությանը հաջողվեց որոշակիորեն հավասարակշռել արտաքին քաղաքականությամբ զբաղվող երկու կառույցների` ԱԳՆ-ի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գործունեությունը։ ԱԳՆ-ն ձեռք բերեց անհամեմատ ավելի մեծ իրավունքներ ու հնարավորություններ արտաքին քաղաքականության ոլորտում, ընդ որում, ոչ միայն որոշիչ ուղղություններով` ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան, արաբական աշխարհ, Հարավային Ասիա, այլև, այսպես կոչված, «մերձավոր տարածաշրջանային քաղաքականության» առումով։ Այդ «մերձավոր տարածաշրջանային քաղաքականությունը» Իրանի արտաքին քաղաքականության սպեցիֆիկ ոլորտն է և ներառում է այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Թուրքիայի արևելյան մասը, ուր զարգանում է քրդական ազգային շարժումը, Իրաքյան Քրդստանը, Իրաքի, Լիբանանի ու Պաղեստինի շիա-մահմեդական շրջանները, Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը, Թալիշստանը, Հյուսիսային Կովկասը, Տաջիկստանի և ՈՒզբեկստանի առանձին շրջանները, Պակիստանի` շիաներով ու բելուջիներով բնակեցված շրջանները, մահմեդական անկլավները Բալկաններում։
Այս դեպքում չի խոսվում գնում արտաքին քաղաքականության մասին դրա ընդունված ձևի մեջ, այլ հատուկ ակցիաների ու գործողությունների` այդ ուղղություններով Իրանի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, հատկապես այնտեղ, ուր ստեղծվել է ոչ ստացիոնար իրավիճակ։ Մինչև 2001-2002-ի գարունն այդ խնդիրներով զբաղվում էր Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ավելի շուտ նրա հատուկ ստորաբաժանումները, որոնք իբրև օպերատիվ համակարգ օգտագործում էին իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական և հատուկ կառույցները։ 2002-ի գարնանից հետո Իրանի քաղաքական ղեկավարությունը որոշում ընդունեց ԱԳՆ-ին հանձնել հարակից տարածաշրջաններում նշված քաղաքականության իրագործման իրավասությունների մեծ մասը։ ԱԳՆ-ը նաև ղեկավարում է հետախուզության և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ծառայությունները։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի խնդիրն է այդ գործունեության վերահսկումը, բայց, հավանաբար, միայն ֆորմալ ռեժիմում։
2003-ի կեսից Իրանի տարածաշրջանային քաղաքականության «մերձավոր ուղղությունը» առավելապես կենտրոնացվեց ԱԳՆ-ի շրջանակներում։ Միաժամանակ տեղի ունեցան կադրային փոփոխություններ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի աշխատակազմի գործադիր մասում։ Չնայած նախկին նախագահ Մ. Խաթամիի լիբերալ թիմի ներսում տիրող անորոշ իրավիճակին, նա կարողացավ պաշտոնապես դժգոհություն արտահայտել` գործնականում մեղադրելով Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին արտաքին քաղաքական հիմնական խնդիրների իրագործման ցածր արդյունավետության մեջ։ Դա հնարավոր դարձավ այն պատճառով, որ Իրանը հայտնվեց բարդ արտաքին քաղաքական իրավիճակում, և Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը չկարողացավ հետ մղել առավել լուրջ սպառնալիքները։ Այս հանգամանքն ընդունեցին ոչ միայն լիբերալ քաղաքական շրջանակները, այլև առաջատար կրոնական պահպանողականները և աջ պահպանողական գործիչները։ Այնուհանդերձ, խորհրդարանի նոր կազմը, ուր գերակշռում են պահպանողական քաղաքական գործիչները, ինչպես նաև Մ. Ահմադինեժադի նման արմատական քաղաքական գործչի ընտրությունը նախագահի պաշտոնում, հնարավոր դարձավ ոչ միայն կրոնական-քաղաքական ղեկավարության կոշտ դիրքորոշման պատճառով, այլև նոր հասարակական առաջնահերթությունների, որոնք ձևավորվեցին լուրջ արտաքին վտանգի պայմաններում։ Այդ առաջնահերթությունները կայանում են նրանում, որ իրանական հասարակությունը նախապատվություն է տալիս առաջին հերթին ոչ թե ժողովրդավարությանը կամ բարեկեցությանը, այլ անվտանգությանը։ Ըստ այդմ, Իրանի նախագահ պետք է դառնար ազգային անվտանգությունն ապահովելու ընդունակ մարդ։ Իրաքում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի սկսած պատերազմն իրանական հասարակությունն ընկալեց իբրև Մ. Խաթամիի և նրա կողմնակիցների անբավարար քաղաքականության հետևանք անվտանգության առումով։
Իրանն այսօր էլ ջանքեր է գործադրում պահպանելու իր դիրքերը հարևան տարածաշրջաններում ու պետություններում։ Ընդ որում, ԱԳՆ-ը փորձել է փոխել մոտեցումներն ու ոճը` առաջնահերթություն համարելով հարաբերությունների զարգացումը լեգիտիմ կառավարությունների հետ ու միաժամանակ փորձելով սառեցնել հարաբերությունները չճանաչված պետությունների ինքնուրույն տարածքների, դաշտային հրամանատարների և այլնի հետ։ Սակայն շատ շուտով պարզվեց, որ, առանց իշխանության «ոչ պաշտոնական» կենտրոնների հետ հարաբերությունների, Իրանը չի ունենա համապատասխան լծակներ կառավարությունների վրա ազդելու համար։ Իրանի քաղաքական ղեկավարությունը գործնականում պատրաստ էր հրաժարվել նախկին մոտեցումից և վերադառնալ նախկին մեթոդներին, սակայն ԱԳՆ-ը չկարողացավ մշակել «մերձավոր տարածաշրջանների» նկատմամբ այլընտրանքային արտաքին քաղաքականություն։ Անշուշտ, այդ չհաջողված փորձն ուշադրության է արժանանալու Իրանի վերընտրված նախագահի ներկա թիմի կողմից։ ԱԳՆ-ի թերացումները «մերձավոր տարածաշրջանների» նկատմամբ գործունեություն ծավալելու ուղղությամբ պայմանավորված են ոչ միայն այնտեղ լիբերալ կողմնորոշում ունեցող բազմաթիվ ֆունկցիոներների առկայությամբ և կոշտ մրցակցությամբ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հետ, այլև այդ տարածաշրջաններում արդյունավետ քաղաքականություն իրականացնելու լծակների բացակայությամբ Իրանի ԱԳՆ-ի զինանոցում։ Այդպիսի քաղաքականության իրագործման համար անհրաժեշտ են քաղաքական, հետախուզական-տեղեկատվական և տնտեսական հնարավորություններ։
Չափավոր քաղաքական գործիչ Ա. Լարիջանիի նշանակումը սկզբում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի, իսկ այնուհետև խորհրդարանի նախագահի պաշտոնում, խոսում էր այն մասին, որ ազգային քաղաքականության այդ ոլորտները ենթադրում են պրագմատիզմ ու չափավորություն։ «Մերձավոր տարածաշրջանային» քաղաքականության առումով կասկած չկա, որ այդ արտաքին քաղաքական ուղղությունը մնում է առաջնային և, ինչպես նախկինում, դրան տրվելու է կարևոր նշանակություն։ Ընդ որում, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի և ԱԳՆ-ի միջև հակասությունների բացակայության պայմաններում այդ ուղղությամբ գործադրվող ջանքերն ավելի համաձայնեցված կլինեն։ Այնուհանդերձ, կասկած չկա, որ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը կպահպանի իր առաջատար դերը «մերձավոր տարածաշրջաններում» քաղաքականության իրագործման առումով։
Չնայած հայ-իրանական հարաբերությունների զարգացման դրական արդյունքներին, Իրանի «մերձավոր տարածաշրջանային» քաղաքականության կենտրոնացումը գրեթե բացառապես Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի իրավասությունների ներքո նախկինում հանգեցրեց որոշ տհաճ պահերի։ Խնդիրն առնչվում է տարբեր նյութերի ու փաստաթղթերի նախապատրաստմանն ու ներկայացմանը երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը։ Որոշ քաղաքական խմբավորումների և կլանների շահերը, այդ թվում` Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի աշխատակազմում գործող խմբավորումների, հանգեցրին ոչ օբյեկտիվ և անբարեխիղճ զեկուցագրերի ի հայտ գալուն։ Մասնավորապես, մի շարք զեկույցներ պարունակում էին պնդումներ այն մասին, թե գոյություն ունեն իրական հնարավորություններ ԼՂՀ-ի և Հայաստանի քաղաքական տարաբաժանման, ԼՂՀ-ում Երևանի նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող կառավարող ռեժիմի ձևավորման։ Այդ զեկուցագրերում առկա էր մեծ քանակությամբ ոչ օբյեկտիվ տեղեկատվություն Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշման, նրանց բնութագրականների վերաբերյալ, մասնավորապես, Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների տեսանկյունից։ Ժամանակին, 1999-ի դեկտեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ, Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի համար նախապատրաստվեց հատուկ զեկույց` Մեղրու միջանցքը և Ներքին Ղարաբաղի ազատագրված տարածքները զիջելու Հայաստանի ղեկավարության մտադրությունների մասին։ Դա Իրանում գրեթե հանգեցրեց Հայաստանի նկատմամբ լուրջ մտահոգությունների առաջացման։
Իրանը խիստ զգուշությամբ ընկալեց նաև ղարաբաղյան հարցի շուրջ ներկա բանակցությունները 2008-2009-ին, ինչպես նաև Թուրքիայի կողմից, այսպես կոչված, կովկասյան անվտանգության պլատֆորմի առաջքաշումը, միաժամանակ համարելով, որ այդ նախաձեռնությանն աջակցում է Ռուսաստանը։ Միաժամանակ իրանցիները շատ հանգիստ և սթափ գնահատեցին ռուս-թուրքական դաշինքի ստեղծման հեռանկարները` համարելով, որ դա բացառապես անհնարին է։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի «մերձավոր տարածաշրջանների» նկատմամբ Իրանի քաղաքականության ժառանգականությունը։ Չնայած բազմաթիվ ազդեցիկ գործիչների սուբյեկտիվ գործունեությանը իրանական ԱԳՆ-ում և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում, այդ արտաքին քաղաքական ուղղությամբ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Հարկ է ընդգծել, որ «մերձավոր տարածաշրջաններ» հասկացությունն Իրանի քաղաքականության մեջ ոչ թե քաղաքական ձևակերպում է, այլ ֆունկցիոնալ։ Այսինքն, այդ բնորոշումը վերաբերում է շատ որոշակի տարածաշրջանների։ Իրանի քաղաքականությունն այդ տարածաշրջաններում ժամանակ առ ժամանակ թուլանում կամ ուժեղանում է։ Իրանը խիստ շահագրգռված է իր սահմանների շուրջ չճանաչված պետությունների «գոտու» ստեղծմամբ, ինչպես նաև չվերահսկվող տարածքների, տարբեր ազգային, էթնիկ տարածաշրջանային ու կրոնական շարժումների գործունեությամբ։ Իրանն այդ տարածաշրջաններում քաղաքականության իրագործման ահռելի փորձ է կուտակել և ձեռք բերել բավարար ազդեցություն։ Այդ «գոտու» սահմաններից դուրս, ավելի հեռավոր տարածաշրջաններում Իրանը հաջողության է կարողացել հասնել միայն Լիբանանում ազդեցություն ձեռք բերելու առումով։
1993-2008-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշակի քաղաքականություն է իրականացրել Թալիշստանի նկատմամբ։ Այդ կառույցում ստեղծվել է երրորդական նշանակության ֆունկցիոներների ոչ մեծ խումբ, որն անմիջականորեն զբաղվել է այդ պրոբլեմով։ Սակայն այդ խումբը չի ունեցել որոշակի լիազորություններ քաղաքական-կազմակերպչական նախաձեռնությունների առումով, ինչպես նաև օպերատիվ կարգով մշակված առաջարկություններ ձևավորելու հնարավորություն և անմիջական հարաբերություններ երկրի հետախուզական ծառայությունների ստորաբաժանումների հետ։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ավելի բարձրաստիճան վարչարարները ժամանակ առ ժամանակ հետաքրքրություն են ցուցաբերել այս հարցի հետ կապված, սակայն հորիզոնական և ուղղահայաց կապերը շարունակում էին մնալ ոչ այնքան արդյունավետ։ 1998-ին շահագրգիռ երկրներից մեկի կողմից ի հայտ եկավ «կեղծված» փաստաթուղթ, ուր ներկայացված էր Իրանի կոնցեպցիան Ադրբեջանի մասնատման վերաբերյալ, և որտեղ հիշատակվում էր նաև թալիշական հիմնախնդիրը։ Այդ փաստաթուղթը դիտավորյալ տրվել էր Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությանը, իսկ հետագայում հիշատակման արժանացել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համար նախատեսված զեկուցագրում։ Մ. Խաթամիի` Իրանի նախագահ դառնալուց հետո ռուսական պաշտոնական շրջանակները տեղյակ պահեցին նոր նախագահին, որ անթույլատրելի են համարում տարածաշրջանում վարչատարածքային սրբագրումների նպատակ ունեցող քաղաքականությունն առնվազն այս անցումային շրջանում։ Այդպիսով Ռուսաստանն արտահայտեց իր մտահոգությունը, թեպետ Իրանը շարունակեց իրագործել Թալիշստանում գործակալական ցանցի ստեղծմանն ուղղված իր ծրագրերը, թալիշների մեջ նոր կրոնա-քաղաքական էլիտա և նոր մտավորականություն ձևավորելու փորձերը։ Ընդ որում, դա տեղի էր ունենում ոչ միայն Ադրբեջանի հարավարևելյան շրջաններում, այլև Բաքվում ու Մոսկվայում։ Իրանական Արդեբիլ և Ռեշտ քաղաքներում ստեղծվեցին երկու հենակետեր վերոնշյալ գործունեության ծավալման համար։
1999-ին Թալիշստանում տիրող իրադրության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեց Իրանի պաշտպանության նախարարությունը, ինչն էլ պայմանավորեց ռազմական հետախուզության ակտիվացումն այդ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Իրանի գործունեությունն ուներ խիստ սահմանափակ և քաղաքական առումով վնասակար բնույթ։ Իրանցիները կտրուկ մերժում էին թալիշական հիմնախնդիրը միջազգային բեմահարթակներ բարձրացնելու, եվրոպական կառույցներն այդ հիմնախնդրի ուսումնասիրման մեջ ընդգրկելու առաջարկները։ 2004-ի գարնանից սկսած` իրանցիները սկսեցին հետաքրքրվել թալիշական հիմնախնդրի միջազգայնացման հնարավոր հեռանկարներով, և այդ նպատակով տեղի ունեցան խորհրդատվություններ եվրոպական կառույցների հետ կապեր ունեցող տարբեր փորձագետների հետ։ Հենց 2004-ի գարնանն էլ առաջին անգամ տեղի ունեցավ կարծիքների փոխանակում Իրանի տեղեկատվության նախարարության և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության միջև։ Հավանաբար, դա տեղի ունեցավ ԱՄՆ-ի մտադրությունների և Կասպից ծովում ամերիկյան ռազմական ներկայության մտադրությունների քննարկման ժամանակ։ 2006-ի ամռանն ու աշնանը Բաքվում ռուսական դեսպանատան ներկայացուցիչները ճանաչողական այցեր կատարեցին թալիշների բնակության շրջաններ, ինչը պայմանավորված էր Աստարա-Ղազվին երկաթուղու կառուցման ծրագրերով։
Մոսկվայում այսօր էլ ավելի ու ավելի ակտիվանում են շփումները Ռուսաստանի հատուկ ծառայությունների և թալիշական շարժման առանձին ակտիվիստների միջև։ Սակայն առայսօր չկան համոզիչ փաստեր, որոնք վկայեին, որ Ռուսաստանն ու Իրանը որոշում են ընդունել թալիշական հիմնախնդրի ակտիվացման ու արդիականացման մասին։ Թեկուզ 2004-ի երկրորդ կեսին և 2005-ի առաջին կեսին Իրանը ջանքեր է գործադրել թալիշական հիմնախնդիրը միջազգային քաղաքական պրոբլեմների համատեքստում ուսումնասիրելու ուղղությամբ։ 2007-2008 թվականները Իրանի կողմից բնութագրվեցին նոր և շատ արդյունավետ գործունեությամբ թալիշական ուղղությամբ։ Իրանի համար արտաքին անվտանգության «գոտու» ամրապնդման տեսանկյունից Թալիշստանի հետ կապված խնդիրները դարձել են առաջնահերթ։ Իրանն ակնհայտորեն թալիշական հիմնախնդիրն ավելի արդիական դարձնելու և միջազգայնացնելու ճանապարհին է։
Այսպես թե այնպես, Հայաստանին անհրաժեշտ է սեփական քաղաքականություն ձևավորել թալիշների նկատմամբ։ Ադրբեջանը երբեք չէր հրաժարվի Հայաստանի էթնիկ փոքրամասնությունների հետ համապատասխան աշխատանք ծավալելու հեռանկարից, եթե դա իմաստ ունենար։ Վերոնշյալ հիմնախնդիրը պետք է Հայաստանում լեգալացվի, ստանա աջակցություն ամենից առաջ իբրև մարդու իրավունքների և ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանության խնդիր և իբրև տարածաշրջանային անվտանգության պրոբլեմ։ Ընդ որում, Հայաստանի քաղաքականությունն այս հարցում պետք է լինի բացարձակապես անկախ և չպայմանավորվի այլ պետությունների դիրքորոշումներով։ Հայաստանն ունի բավարար ներուժ այդպիսի գործունեություն ծավալելու համար։ Պատգամավորները, մտավորականությունը, ուսումնասիրողները, իրավապաշտպանները կարող էին նկատելիորեն արդիականացնել այս հարցը։ Հայաստանի նախաձեռնությունների հարցը` այլ ժողովուրդների և ազգերի իրավունքների պաշտպանության տեսանկյունից, նպատակահարմար է դիտարկել այն առումով, որ հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչն առայժմ լիարժեք միջազգային ճանաչման չի արժանացել։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2530

Մեկնաբանություններ