Անհասկանալի բաներ են տեղի ունենում ԱԺ նախագահի շուրջը: Ասել` միստիկ-էզոտերիկ, դժվար է, այնուհանդերձ, ինչ-որ բան այն չէ: Ըստ էության, բավականին լուրջ, նաև պատրաստված մարդկանց ամբողջության հետ պետք է գործ ունենա երկրի դեֆակտո երկրորդ դեմքը: Բայց ոնց երևում է` ուզում են լավ, ստացվում է` ավելի լավ:
Դեռ չէր չորացել երիտասարդական պառլամենտի հետ հանդիպման զեկույցի թանաքը, երբ հերթական կազուսը գրանցվեց: Եվ ուրեմն` հունիսի 30-ին Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: Վարչապետն էր ուղերձ հղել: Նույն օրը: Ժամը 17-ի մոտերքը: Ժամը 21.08-ին էլ ԱԺ նախագահը վերջապես ուղերձ հղեց (այդ մասին տեղեկացանք կայքերից մեկից): Տարակուսեցինք: Ոչ ուշ ժամի պատճառով:
Չգիտենք` ի՞նչ բարի նպատակադրումներից ելնելով էր ԱԺ նախագահը շնորհավորել Սերժ Սարգսյանի 56-ամյակը, երբ բոլորս, այդ թվում և` պարոն Մեդվեդևը, գիտեինք, որ այդ օրը նրա 57-ն է լրանում: Չի բացառվում, ասենք, կայքը սխալ թույլ տված լինի, սակայն սևով սպիտակի վրա մեջբերված էր խոսնակի ուղերձը: Կեսգիշերին մոտ ուղերձը հանվեց, իսկ ԱԺ կայքում նույն և հետևյալ օրը ուղերձն այդպես էլ չկար:
Հաջորդ կազուսը Սահմանադրության օրը տեղի ունեցավ: ԱԺ նախագահը, կարծես, ընդհանրապես հիասթափվել էր ուղերձագրումից (չնայած դա նրա պարտականությունը չէ, այլ, ինչպես տեղեկացանք իր իսկ կայքից, մեկ դյուժինից ավելի ռեֆերենտների համքարության սուրբ գործն է, իսկ թե ինչու է Հովիկ Աբրահամյանի մոտ, ինչպես միշտ, «այդպես ստացվում», խիստ անհասկանալի է մնում, այն աստիճանի, որ այլևս չես ուզում նույնիսկ կատակել այդ «ծեմատիկայով», որովհետև ինչ-որ բան, իսկապես, այն չէ, մանավանդ որ գիտենք` ալամ-աշխարհն աշխատում է պարոն խոսնակի իմիջի վրա, ու միայն մենք ենք խանգարում այդ գործընթացին` կծում, կծմծում` «հաֆ»-ում ենք անվերջ, ինչի ցանկությունն այսպիսի հետևողական «կիքսերից» հետո վերանում է և առաջանում նրան պաշտպանելու անզուսպ մղում. անկեղծ ենք ասում, որովհետև զգում ես, որ մարդուն հետևողականորեն «պաստավա» են անում կամ էլ ահավոր անփույթ վերաբերվում, մի խոսքով` Սահմանադրության օրը նա ուղերձ չէր հղել, բայց ինչպես տեղեկացանք «Շանթի» հեռուստաեթերից, ուղերձ է հղել ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակը, ինչը, շատերի կարծիքով, արարողակարգի (լավ է, որ գոնե Դոմինգոն ԱԺ կողմերում չի երևում) խախտում է: Չնայած, կարող է ԱԺ փոխխոսնակը ԱԺ խոսնակի հանձնարարականով է ուղերձ հղում: Կարող է: ՈՒրեմն ինչքան է խոսնակը կյանքից հիասթափվել, որ այդպես «անխոս» է դարձել: Ըստ որոշ փորձագետների` ԱԺ նախագահը շատ վիրավորված և հիասթափված է ամենքից և ամեն ինչից, մանավանդ ընդդիմության առաջնորդից և նրա վերջին միտինգային բարձրաձայնումից, ինչին ի պատասխան ՀՀԿ ֆրակցիայի նախագահը փորձեց տեղը դնել «հարթակային լիդերին»` իր, այսպես ասած, «կոշտ» պատասխաններով` Սևան և այլ տեղ երկխոսության հրավերներ անելով:
Էստեղ էլ պարզվեց, որ ՀՀԿ-ն մտել է այլ դաշտ և, փաստորեն, փսորել իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը: Քիչ էլ ավելին: Որովհետև ընդդիմություն-իշխանություն նոր կազմավորվող «տանդեմն» այս պահին մեր պատասխանն է Չեմբեռլենին` միջազգային հանրությանը` նոն-ստոպ տարբերակով Ղարաբաղի հարցում պրեսինգի մասով (ինչպես տեսնում եք` այդ հանրությունը ոտքը դրած պեդալին` թայմ-աուտ չի ցանկանում վերցնել ղարաբաղյան հարցում), ուստի գոնե ներսում պետք է հստակ լինի խաղը` բոլորի, այդ թվում և` իշխանություն-ընդդիմություն տանդեմի համար` թե՛ երկխոսության ձևի ու չափի, ինչո՞ւ ոչ` նա՛և արտահերթ ընտրությունների մասով:
Սակայն պարզվում է` բոլորս խառն ենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ