ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՆՎՃԱՐ ՍՆՈՒՆԴ` ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ԱՆՎՃԱՐ ՍՆՈՒՆԴ` ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
14.10.2011 | 00:00

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հոկտեմբերի 11-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում մեկնարկեց բուհի սոցիալապես անապահով շուրջ 100 ուսանողներին անվճար սննդով ապահովելու ծրագիրը։ Այն մեկնարկեց համալսարանի ուսխորհրդի, արհեստակցական կազմակերպության կոմիտեի և «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից նախապես ստորագրված համագործակցության մասին հուշագրի հիման վրա։
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագիրը կյանքի է կոչվել ուսանողների առաջարկով և նրանց ջանքերով։ ՈՒսանողները սննդի դիմաց վճարումներ կկատարեն համապատասխան բանկային քարտերի միջոցով, ինչն ավելի քաղաքակիրթ է դարձնում բուհի բուֆետից օգտվելու կարգը։ ՈՒսխորհրդի նախագահի խոսքով՝ ծրագիրը շարունակական է, և հաջորդ քայլը լինելու է այն, որ անվճար սննդից օգտվելու հնարավորություն կտրվի համալսարանի բոլոր ուսանողներին։
Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը բարձր գնահատեց «Արարատբանկի» մասնակցությունը ծրագրին. «Արարատբանկի» միջոցով լուծվեց այս գաղափարի իրականացման մեխանիզմը` տրամադրվող թանկարժեք տերմինալի միջոցով։ «Արարատբանկի» աջակցությամբ կյանքի կոչվող այս ծրագիրը միայն սննդի խնդիր չի լուծում. այն գաղափարական, սկզբունքային շատ մեծ փոփոխության սկիզբ է դառնում»։ Նա համոզված է, որ բիզնես տարրերը պետք է դուրս մղվեն կրթօջախներից. բուհի բուֆետը պետք է ծառայություններ մատուցի ուսանողներին և ոչ թե ծառայի ինչ-որ ազդեցիկ մարդկանց բիզնեսին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ողջունեց այս նախաձեռնությունը։ Նրա տեղեկացմամբ՝ հիմնադրամը, որն ուսանողության շրջանում իրականացնում է բազմաթիվ սոցիալական ծրագրեր, հետևելու է այս ծրագրի արդյունքներին։ «Այսօր մեկնարկում է ուսանողներին սննդով ապահովելու փորձնական ծրագիր։ Հաջող արդյունքի դեպքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր մասով ապահովելու է ծրագրի շարունակականությունը, քանի որ սոցիալապես անապահով ուսանողների կողքին լինելը բխում է հիմնադրամի որդեգրած քաղաքականությունից։ Հիմնադրամն աջակցելու է ծրագրին ոչ միայն ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շրջանակներում, այլև հանրապետության բոլոր բուհերում»,- նշեց Կարեն Ավագյանը։ Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պատրաստում է սոցիալական փաթեթ, որով հիմնադրամն ուսանողներին կաջակցի ոչ միայն սննդի, այլև դեղորայքային ապահովման, առողջապահական ծառայությունների հարցում։ «Այստեղ կարևորագույն խնդիրն այն է, որ իրականում ծրագրից օգտվեն այն մարդիկ, ովքեր իրոք դրա կարիքն ունեն։ Այս հարցում շատ մեծ է ուսանողական խորհրդի դերը, որը պետք է կարողանա առանձնացնել թիրախային խմբերը»,- ասաց Կարեն Ավագյանը։
«Արարատբանկի» պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Գրիգոր Ցոլակյանը նշեց, որ բանկը ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողներին անվճար հիմունքներով բանկային քարտեր կտրամադրի։ Բանկը բուհի բուֆետում տեղադրել է քարտերը սպասարկող համապատասխան տերմինալներ։ Նա նաև ընդգծեց, որ «Արարատբանկն» իր նոր պրոդուկտներով ու պարբերաբար կազմակերպվող ակցիաներով մշտապես ուսանողների կողքին է։
Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը Հայաստանում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։ Բուհի սոցիալապես անապահով շուրջ 100 ուսանողների աշխատանքային օրերին կտրամադրվի անվճար սնունդ։ Յուրաքանչուր կիսամյակ անվճար սննդից օգտվող ուսանողների ցանկը կթարմացվի։ ՈՒսանողի կողմից օրվա սննդից չօգտվելու դեպքում չօգտագործված սննդի գումարը կմնա անվանական քարտի հաշվին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ