ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Սոցիոլոգիան մի ուրվական է, որով վախեցնում են բոլորին, բայց ոչ մեկը չի տեսել նրան»

«Սոցիոլոգիան մի ուրվական է, որով վախեցնում են բոլորին, բայց ոչ մեկը չի տեսել նրան»
08.05.2009 | 00:00

«Ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի մոտ նկատվում է պասիվ քարոզչություն»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` ակնկալելով, որ ընտրությունները պետք է ընթանան «տոնական ենթատեքստով»։ Որպեսզի ընտրություններն իսկապես տոնի վերածվեն, ՀՅԴ-ն այս ընտրություններում կիրառելու է ընտրական նոր մեխանիզմ` «տուն առ տուն» քարոզչական հնարք։ Չնայած դաշնակցականներն արդեն ահազանգեր են ստանում, թե «մտնում են բնակարաններ ու հարցնում` ո՞ւմ եք ընտրելու, և երբ Արծվիկ Մինասյան անունն են լսում, ապա արձագանքն այսպիսին է լինում` այդպիսի բան մի արեք, Արծվիկ Մինասյանը գրանցում չունի Երևանում, հանել է իր թեկնածությունը, ձեր ձայնը պետք է տաք Լևոն Տեր-Պետրոսյանին»։ «Ցավում եմ, որ նման երևույթներ կան, ու կոչ եմ անում բոլորին զերծ մնալ այսպիսի տեխնոլոգիաներ կիրառելուց։ Առավել ևս, որ խոսքը երկու ընդդիմադիր ուժերի մասին է, այնպես չստացվի, որ ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի դեմ պայքարեն։ Եթե ունենք համագործակցության հնարավորություն, լավ կլինի դա քննարկել, այլ ոչ թե այս ընտրություններում իրար դեմ արշավ կազմակերպել։ Չէի ասի, որ սա ընտրախախտում է, պարզապես փորձում են որևէ ձևով խաղաքարտեր խառնել, ոչ արդար մրցակցություն ապահովել։ Եթե դրանք կոնգրեսի համակիրները չեն, ճիշտ կլինի դատապարտող հայտարարությամբ հանդես գան, իսկ եթե կոնգրեսի ներկայացուցիչներն են, պետք է հեռու մնան նման մեթոդներից»։
Ակումբի հյուրին հայտնի են նաև այլ ընտրակեղծիքների օրինակներ, որոնց մասին խոսեց առանց անուններ հիշատակելու։ «Հարյուր տոկոս ցուցակների փողի բաժանման մասին ահազանգեր ևս ստացել ենք, բայց, երբ անուն-ազգանուն ենք հարցնում, խուսափում են պատասխանելուց։ Այս ընթացքում շատերը նման գործողություններ կփորձեն անել։ Բայց ամենակարևորն ընտրությունների օրն է, երբ միասնականորեն պետք է վերահսկելի դարձնենք իրավիճակը` թույլ չտալով ընտրությունների վրա ազդեցություն ունեցող անձանց չարամիտ գործողությունները»։ Խոսակցությունների մակարդակում, ըստ Մինասյանի, նաև նշվում է բաժանվող գումարի չափը` 5-15 հազար դրամ։ «Չեմ ուզում ասել, թե որ քաղաքական ուժի կողմից է դա իրականացվում։ Համենայն դեպս, ընդդիմության կողմից չէ»։ Իսկ հանձնաժողովի այն անդամներին, ովքեր գնում են ընտրակեղծիքների, ՀՅԴ թեկնածուն կատակով խորհուրդ է տալիս «դրա դիմաց գոնե մի բնակարան պահանջել»։
Բնականաբար, լրագրողների ուշադրության կենտրոնում էին նաև դաշնակցության` ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու հանգամանքը ու նրանց թողած պաշտոնների «ճակատագրերը»։ «Կոալիցիայի հետ մենք միշտ հակադրություններ ունեցել ենք, սակայն դա չի եղել այն աստիճանի, որ ամբողջությամբ խզվեին հարաբերությունները։ Հակասություններն առնչվում էին ոչ միայն արտաքին խնդիրներին, այլև ներքին` ժողովրդավարություն, արդար ընտրություններ և այլն։ Մենք մեր տեսակետները ներկայացրել ենք, բայց շատ հաճախ լռել ենք, որովհետև արտաքին հարաբերություններում մեզ համար կարևորագույն հարցերում վստահել ենք իշխանություններին։ Ընթացիկ զարգացումներն այլևս կտրեցին վերջին թելը, որը կարող էր պահպանել կոալիցիոն համաձայնությունը։ Այդ իսկ պատճառով մենք ամրագրել ենք լիարժեք ընդդիմություն լինելու հանգամանքը»։ Ընդդիմություն դառնալու պատճառները պարզաբանելով` բանախոսն անմիջապես անցավ ընդդիմադիրի «ճիշտ կոչմանը»։ «Չի կարող ընդդիմությունը միայն հայհոյողի դերում լինել։ Եթե չկա առաջարկ, լուծման տարբերակ ու կա միայն քննադատություն, ապա այդպիսի գնահատականները դառնում են մերկապարանոց, անտրամաբանական` օրակարգում թողնելով մի հարց` իշխանափոխություն»։ Մինչդեռ դաշնակցականների համար այսօր չկա իշխանափոխության խնդիր, ավելին, նրանք «չեն մեղադրում» գործող իշխանությանը դավաճանության մեջ, պարզապես «տեսնում են հնարավոր վտանգները»։
Թողած պաշտոնների առնչությամբ էլ Մինասյանն ասաց, որ ոչ մի դաշնակցական նախարար չի մնա իր պաշտոնում, իսկ հանձնաժողովների նախագահների պաշտոնների պահպանումն էլ այսպես բացատրեց. «Հանձնաժողովներում տեղեր ունենալը նշանակում է ընդդիմությանը լրացուցիչ հնարավորություն տալ ավելի ամրապնդելու իր դիրքերը։ Ընդդիմադիրները հանձնաժողովներում կունենան երկու կարևոր լծակներ` տեղեկատվական ու կանխարգելիչ։ Հասարակությանը պետք է ճիշտ ներկայացնել, որ սա ամենևին էլ իշխանության մեջ մնալու ձգտում չէ։ Շատ ավելի լավ կլինի, որ խորհրդարանական ընդդիմությունը միացյալ հանդես գա»։ Արտախորհրդարանական ընդդիմությանն անդրադառնալով` բանախոսը վերահաստատեց. «Ազգային գաղափարական հարթության մեջ այսօր համագործակցության եզրեր չենք տեսնում ՀԱԿ-ի հետ»։ Բայց և աշնանը «համաձայնության կառավարության» հավանական ստեղծման պարագայում դաշնակցական պատգամավորը չբացառեց ՀԱԿ-ի հետ համագործակցությունը։ «Կգա ժամանակը նաև ազգային ուժերի համախմբման ու ազգային ընդդիմության ձևավորման, որտեղ կարող են լինել և՛ ՀՅԴ-ն, և՛ «Ժառանգությունը», և՛ կոնգրեսի մաս կազմող շատ ուժեր»։
Ինչ վերաբերում է ընտրությունների նախաշեմին սոցիոլոգիական տարբեր հետազոտությունների հրապարակմանը, որի գլխավոր «դերակատարը» սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն է, ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն ունի իր գնահատականը. «Ինչպես մեծերից մեկն է ասել` սոցիոլոգիան մի ուրվական է, որով վախեցնում են բոլորին, բայց ոչ մեկը չի տեսել նրան»։ «Ինչո՞վ կավարտվեն Ադիբեկյան-Ծառուկյան վերջին տարաձայնությունները» հարցին էլ Մինասյանը կատակով պատասխանեց. «Երկուսն էլ չեն կարողանալու 300 կիլոգրամը բարձրացնել»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2717

Մեկնաբանություններ