ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇԱՀԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԸՄԲՌՆՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇԱՀԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԸՄԲՌՆՈՒՄ
15.03.2011 | 00:00

Եվրոպայում տեղի է ունենում կառավարող քաղաքական թիմերի շրջափոխություն, ինչը ոչ միայն պարտադիր սահմանակարգ է, այլև խոր տնտեսական ու քաղաքական խնդիրների հետ է կապված` ներառյալ ԱՄՆ-ի տնտեսության և արտաքին քաղաքականության ճգնաժամը, որը չէր կարող չազդել Եվրոպայում տեղի ունեցող գործընթացների վրա։ Թերի և մակերեսային կլիներ Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները պատկերել «աջեր-ձախեր» դասական սխեմայի շրջանակներում։ Եվրոպական պետությունները բախվել են ոչ այնքան նոր, որքան հին ու լուրջ խնդիրների. ինքնուրույն արտաքին քաղաքականություն, ՆԱՏՕ-ի ճգնաժամի խորացում և եվրոպական զինված ուժերի կազմավորման հրատապություն, եվրոպական քաղաքականության այն վեկտորների բացահայտ ձախողում, որոնք ձևավորվել են ԱՄՆ-ի հետ գործակցության շրջանակներում, Եվրոպայի մի շարք երկրների տնտեսական մրցունակության մակարդակի նվազում, էներգետիկ անվտանգության խնդիրներ Իրաքի, Իրանի հետ և Պաղեստինում տիրող իրավիճակի առնչությամբ նպաստավոր ակնկալիքների բացակայություն, Չինաստանի ուժեղանալու հետ կապված խնդիրների ահագնացում, քաղաքականության ամերիկյան և ռուսական վեկտորները զուգակցելու Եվրոպական ընկերակցության անընդունակություն, ներգաղթի գործընթացի կարգավորում և վերահսկողություն, Եվրոպայի ներսում մահմեդական համայնքների հետ հարաբերությունների լարվածություն, Եվրոպական ընկերակցությանն ինտեգրվելու հարցերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եղանակի բացակայություն, ձեռք բերված սոցիալական ստանդարտների պաշտպանություն։ Այս խնդիրները չեն կարող լուծվել «աջեր-ձախեր» սխեմայի շրջանակներում մոտեցումների փոփոխմամբ միայն, այլ պահանջում են նոր «հանրային պայմանագիր», սոցիալական շահի և պատասխանատվության նոր ըմբռնում, գլոբալ խնդիրների լուծման խոր վերաիմաստավորում, այդ թվում` հանրային բանավեճում «գոյատևում» տերմինի արմատավորում։ Առայժմ որոշ խնդիրներ ենթակա չեն հրապարակման, ինչը քաղաքական առումով կոռեկտ չէ, բայց արմատական է դարձել Եվրամիության քաղաքականության ոլորտում։ Եվրոպական վերնախավը հարկադրված է ընդունելու, որ ընկերակցությունը չկարողացավ լուծել հիմնարար խնդիրներից մեկը` Եվրամիության երկրները հասցնել տնտեսական և սոցիալական զարգացման հարաբերականորեն համադրելի մակարդակի։ Եվրամիության հիմնական քաղաքական-գաղափարախոսական խնդիրը (երկրների մի մասի տնտեսական հետամնացություն և մյուսների առաջանցիկ զարգացում), ինչպես 20-րդ դարի սկզբին, Եվրոպայում ծագած հակասությունների գլխավոր պատճառ դարձավ։
Եվրոպական պետությունների տնտեսական զարգացման անհամաչափության հետ կապված խնդիրներին ավելի լուրջ դժվարություններ են ավելացել պաշտպանության և անվտանգության ոլորտում։ Եվրոպական զինված ուժեր ստեղծելու Գերմանիայի ու Ֆրանսիայի ռազմավարական նախաձեռնությունը, որին միացել է նաև Մեծ Բրիտանիան, հզոր հարված է հասցրել Ատլանտյան դաշինքին։ ՆԱՏՕ-ն բացահայտորեն ճգնաժամ է ապրում, ինչը հանգեցրել է ոչ թե եվրոպական համերաշխության ավելի սերտացմանը, այլ Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներում` ամերիկա-բրիտանական, ֆրանս-գերմանա-բելգիական, միջերկրածովյան, արևելաեվրոպական «ակումբների» ստեղծմանը, որոնցից միայն վերջին երկուսն են «բարեհաճ» մնում ԱՄՆ-ի նկատմամբ։ Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան և Լյուքսեմբուրգը մտադրություն ունեն եվրոպական պաշտպանական նախաձեռնությունից առաջ գնալու և ստեղծելու միասնական զինված ուժեր` միասնական հրամանատարությամբ և գլխավոր շտաբով։ Այսինքն, եվրոպական ինտեգրման գլխավոր նախաձեռնողների քաղաքականությունը հակասության մեջ է այն խնդիրների հետ, որոնք տարբեր դժվարություններ են ստեղծում ինտեգրման ընդհանուր շրջանակներում։
Եվրոպայի հետագա ինտեգրման ջատագովները հասկանում են, որ այս վիթխարի ծրագիրը միայն մեկ հնարավորություն ունի իրագործվելու` վերակառուցել եվրոպական արտաքին քաղաքականությունը որպես համաշխարհային իրողություն։ Միայն արտաքին քաղաքականությունը կարող է դառնալ ոչ միայն ինտեգրումը զարգացնելու, այլև եվրոպական միասնությունը պահպանելու շարժիչ ուժն ու գլխավոր միավորիչ սկզբունքը։ Եվրոպական արտաքին քաղաքականություն գոյություն չունի և անգամ Եվրոպական ընկերակցության առաջնորդները` Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և մասամբ Իտալիան ձգտում են պահպանել ազգային արտաքին քաղաքականության ինքնուրույնությունը` նշելով առաջնայնություններն ու հիմնական ուղղությունները։ Արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույնության կորուստը Եվրոպայի առաջատար պետություններին կտանի դեպի քաղաքական խոշոր ճգնաժամ, կկազմաքանդի ոչ միայն եվրոպական քաղաքականությունը, այլև հարված կհասցնի ԱՄՆ-ին, որը կկանգնի Եվրոպայում խիստ անկառավարելի գործընթացների, ըստ էության, քաոսի և քաղաքական խառնաշփոթության առջև։ Եվրոպական արտաքին քաղաքականությամբ շահագրգռված են նաև Եվրոպայի հիմնական գործընկերներն աշխարհում` Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, իսլամական աշխարհի առաջատար երկրները և այլ պետություններ, քանի որ այդ դեպքում կկորսվեն իշխանության լիարժեք համաշխարհային «բևեռի» ստեղծման հույսերը։ Որքան էլ տարօրինակ լինի, սակայն Ֆրանսիայի կամ նրա ու Գերմանիայի դաշինքի, ինչպես նաև ավելի եվրոպաձիգ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական ինքնուրույնությունն ավելի շատ համապատասխանում է բազմաբևեռ աշխարհի կազմավորման ակնկալիքներին։ Այսպես կոչված եվրոպական արտաքին դիրքորոշման ձևավորման գործընթացում եվրոպական մանր ու միջին պետությունների շահերը, ավելի ճիշտ` ճշմարիտ և հստակորեն ձևակերպված շահերի բացակայությունը, կհանգեցնեն անարդյունավետ և վատ վերահսկվող գործողությունների։
Եվրոպական արտաքին քաղաքականության ձևավորումը չի կարող հիմնված լինել մասնավոր և ազգային առաջնահերթ խնդիրների վրա։ Անհրաժեշտ է արտաքին քաղաքականության մեջ կիրառել որոշակի սկզբունքներ, նորմատիվներ ու պատկերացումներ։ Բայց ազգային առաջնայնությունները Եվրոպայի արտաքին քաղաքականության ոլորտից ինքնաբերաբար բացառում են խնդիրների ու անելիքների մի հսկայական և շատ էական հատված։ Անգամ դիրքորոշումներով այնքան մոտ պետությունների` Ֆրանսիայի ու Գերմանիայի, շահերը խիստ տարբեր են։ Ընդ որում, եվրոպական պետությունների հակասություններն ի հայտ են գալիս ոչ միայն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային առումով, այլև աշխարհատնտեսական և ընթացիկ տնտեսական ոլորտներում։ Ըստ էության, մինչև օրս էլ եվրոպացիներին չի հաջողվել կարգավորել անգամ տնտեսական հարաբերությունները հասարակության մեջ։ Առայժմ բավարար չափով մշակված չէ արտաքին քաղաքական և տնտեսական խնդիրների չեզոքության հարցը, բայց կարելի է ենթադրել, որ տնտեսական ու հատկապես աշխարհատնտեսական խնդիրները, այսպես թե այնպես, ներգործում են արտաքին քաղաքականության մեջ որոշումների ընդունման վրա։
Եվրոպական սահմանադրությունը լուրջ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության մշակման և իրացման եղանակներին, բայց նույնիսկ այդքան կարևոր, առանցքային փաստաթղթերում չի ենթադրվում բացառել ազգային արտաքին քաղաքականությունը, և այդ սահմանադրության «հայրերը» գիտակցում են, որ դրա ընդունմամբ չի վերանում եվրոպական արտաքին քաղաքականության ձևավորման խնդիրը։ Այդուամենայնիվ, Եվրոպական ընկերակցությունն արդեն նախանշել է արտաքին քաղաքականության որոշակի առաջնություններ, և արդեն ոչ միայն Եվրոպական միությունը, որն «իրական իշխանություն» ունի, այլև Եվրոպական հանձնաժողովն է ձգտում արտաքին քաղաքականություն վարել` ընդհանրացնելով այդ սկզբունքները։ Առայժմ ճիշտ չէր լինի խոսել Եվրամիության և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հաստատման մասին` որպես երկու առանձին պետության։ ԱՄՆ-ը Եվրամիության հետ իր հարաբերությունները կառուցում է ոչ որպես պետական սուբյեկտի և անգամ ոչ պետությունների միավորման հետ, այլ որպես եվրոպական բյուրոկրատիայի, որը, հետևելով գերմանական և ֆրանսիական պետական ավանդույթներին, միանգամայն «ինքնաբավ» է և ունի իր շահերը։ Նույն պատկերն ունի Եվրամիության քաղաքականությունը` կապված Եվրոպայի ու Ասիայի մյուս պետությունների հետ։ Վերլուծական շրջանակներից Եվրոպայի ամենափորձառու լավատեսները բացառում են առաջիկա երկու տասնամյակում եվրոպական միասնական արտաքին քաղաքականության ձևավորման հնարավորությունը։ Լավագույն դեպքում այդ քաղաքականությունը սահմանափակ բնույթ կկրի, կլուծի միայն որոշակի հարցեր` կապված անվտանգության, աշխարհատնտեսական և մարդասիրական հարցերի հետ, ինչը նույնպես քիչ չէ։
Եվրոպական ընկերակցության համար առավել մերձակա արտաքին քաղաքական խնդիրը Ռուսաստանի հետ, բալկանյան, մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան պետությունների հետ հարաբերություններն են։ Նաև առաջնային են հարաբերությունները Չինաստանի, Ճապոնիայի, հարավարևելյան Ասիայի, Հնդկաստանի, Իրանի հետ։ Եվրոպացիների համար առանցքային են մնում հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, հատկապես անդրատլանտյան հարաբերությունների շրջանակներում։ Եվրոպացիները կարողացել են մշակել Բալկաններին, Աֆղանստանին, արաբա-պաղեստինյան խնդրին, ահաբեկչությանը, իսլամական արմատական շարժումներին, մասամբ էլ Չինաստանին և այլ հարցերի առնչվող միասնական դիրքորոշում։ Բայց նույնիսկ այդ խնդիրների առնչությամբ առանձին եվրոպական պետությունների դիրքորոշումը տարբերվում է հռչակված դիրքորոշումներից։ Ռուսաստանի, Իրաքի և այլ հարցերի առնչությամբ եվրոպացիներին չի հաջողվել մշակել միասնական դիրքորոշում, սակայն հիմնականն ԱՄՆ-ի հետ հարաբերություններն են։ Սրանց բազմազանությունը կլանում է ԱՄՆ-ի հետ եվրոպացիների ամբողջ իրական և տեսանելի միասնությունը։ Որքան եվրոպական պետություն կա, այնքան էլ վերաբերմունք ԱՄՆ-ի նկատմամբ։
Այս քաղաքական-պատմական պայմաններում ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքական գործիչներն ու քաղնախագծողները միասնական պատկերացման են հանգել որոշակի աշխարհի սահմանների վերաբերյալ, ինչը կարելի է անվանել Արևմտյան կամ Հյուսիսատլանտյան քաղաքականություն։ Այդ աշխարհը ներառում է Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան, այդ թվում` Ռուսաստանը, Թուրքիան և Հարավային Կովկասի երկրները։ Չնայած Հյուսիսային Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիան մոտ են այդ աշխարհին, սակայն այդ տարածաշրջանները ծայրամասային են համարվում նշված տարածության նկատմամբ։ Այդ աշխարհաքաղաքակրթական սահմանները նշում են տարածությունը, այն ժողովրդագրական, սոցիալ-մշակութային, տնտեսական կարողությունը, որ տվյալ քաղաքակրթությունն ընդունակ է «մարսելու» և բերելու միասնական քաղաքական-գաղափարախոսական հայտարարի։ Դա չի նշանակում, որ տվյալ տարածության շրջանակներում ենթադրվում են հովանավորչական, հովվերգական հարաբերություններ, երբ փոքր գործընկերներին մեծերը ձեռքից բռնած ման կտան և նորմալ վարվելաձև կսովորեցնեն։ Այդ վիթխարի նախագիծը հղի է ներքին հակասությունների սրմամբ և պայմանավորված է քաղաքական շատ խնդիրներով։ Բայց հենց աշխարհաքաղաքական այդ դասավորության շրջանակներում կիրագործվի եվրոպական քաղաքականությունը տարածաշրջանների նկատմամբ, մասնավորապես Հարավային Կովկասի, ինչը և կորոշի եվրոպացիների դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Առայժմ հասկանալի չէ, թե որքան է ԱՄՆ-ն ընդունակ հետևողական լինելու այդ քաղաքականության մեջ, բայց «ներփակ ժողովրդավարական աշխարհի» այս գաղափարը շատ է դուր գալիս Եվրոպայի աջ ուժերին, որոնք, սակայն, կցանկանային այդ քաղաքականությունն ինքնուրույն վարել, առանց ԱՄՆ-ի լուրջ միջամտության։ Եվրոպական աջերը պնդում են, որ ԱՄՆ-ն իրենով է արել այդ գաղափարի իրավունքը, որը զարգացել է եվրոպական նախագծի ընդերքում (Սարկոզիի գաղափարները մեծապես խարսխվում են հենց այս դոկտրինի վրա)։
Եվրոպացիների դիրքորոշումն ու նպատակները շատ ծեծված հարց են։ Խոսքը Հարավային Կովկասի նկատմամբ ազդեցության ու վերահսկողության ապահովման ինչ-որ ստանդարտի ու կանոնների մշակման մասին է։ Եվրոպացիները երկչոտ մտադրություն ունեն ստեղծելու ինչ-որ ընդհանուր, բազմագործառույթ սխեմա` տարածաշրջանային, տեղային և ազգային-քաղաքական հակամարտությունների կարգավորման համար։ Ընդ որում, բացահայտ ցանկություն կա Հարավային Կովկասին առաջարկելու այդ բազմագործառույթ մոտեցումները մինչ այն պահը, երբ վերջնականապես կպարզվի, որ Եվրոպական ընկերակցության քաղաքականությունը Բոսնիայի, Ալբանական Կոսովոյի, Հյուսիսային Կիպրոսի և համանման այլ խնդիրների նկատմամբ ձախողված է։ Հարավային Կովկասի պետությունների հանդեպ Եվրոպական ընկերակցության հիմնական հետաքրքրությունը նույնպես այդ խնդիրների լուծման համապարփակ խթան չէ։ Շուտով կգիտակցվի, որ շատ ավելի լավ է տարածաշրջանի պետությունները Եվրոպական ընկերակցությանն ինտեգրել չլուծված խնդիրներով, քան չինտեգրել։ Այս հակասական պայմաններում քիչ տեղ չի մնում քաղաքականությանը և չճանաչված պետությունների դիրքերի ընդլայնմանը, որոնց ընթացքին զուգահեռ պետք է ուսումնասիրվի դրական փորձը։ Նախ և առաջ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները Եվրոպական ընկերակցության հետ, որը պետք է դիտել որպես լիարժեք արտաքին քաղաքականություն։ Սակայն պետք է հասկանալ, որ արտաքին քաղաքականությունն իրականացվում է ոչ միայն և ոչ այնքան արտաքին քաղաքական գերատեսչության կողմից, որը սահմանափակ դիվանագիտական գործառույթներ է իրականացնում, այլև ամբողջ հասարակության, առնվազն նրա քաղաքական խավի կողմից։ Քաղաքական գործիչները, կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք ի վիճակի չեն հասկանալու այդ խնդիրները, չեն կարող այդպիսիք կոչվել և պետք է դուրս գան քաղաքական ու հասարակական ասպարեզից։ Այնպիսի չճանաչված պետություններ, ինչպիսիք են Իրաքյան Քրդստանը, Ալբանական Կոսովոն, Պաղեստինը, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը և Աբխազիան, բավականին լավ են ներկայացված եվրոպայում, նրանք սերտ ու պարտավորեցնող հարաբերություններ են հաստատել քաղաքական կուսակցությունների, խոշոր հասարակական, մարդասիրական, բարեգործական և իրավապահ կազմակերպությունների, ազգային և եվրոպական խորհրդարանների խմբակցությունների, պաշտպանական և արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ։ Օրինակ, վերոհիշյալ չճանաչված պետությունների քաղաքական գործիչները (հնարավոր է` առայժմ բացառությամբ Աբխազիայի) դարձել են Եվրոպայի հեղինակավոր քաղաքական ու տնտեսական ակումբների անդամներ, այսինքն, եվրոպական քաղաքական շրջանակների մաս են կազմում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական դեմքերն առնվազն 700-ն են, կան հավակնոտ քաղաքական գործիչներ, կայացած և նորաստեղծ կուսակցություններ, լրատվամիջոցներ։ Դա միանգամայն բավարար է բազմակողմ արտաքին քաղաքականություն վարելու համար։ Չնայած ԱՄՆ-ը դարձել է Բալկաններում, Պաղեստինում, Իրաքյան Քրդստանում, Կիպրոսում, Հարավային Կովկասում նոր ինքնիշխան պետությունների ստեղծման նախաձեռնող, բայց հենց եվրոպական քաղաքականությունը եղավ այդ չճանաչված պետությունների և ազգային կազմակերպությունների քաղաքականության ծավալման ասպարեզ։ Անգամ Եվրոպայից այդքան հեռու գտնվող Իրաքի քրդական շրջանը «ձայնի իրավունք» է ստացել եվրոպական քաղաքական շրջանակներում։ Երբ Եվրոպան բացահայտ պաղեստինամետ դիրք էր գրավել, ԱՄՆ-ը որոշում ընդունեց պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կիպրոսի ճանաչման գաղափարն ընկալվեց Եվրոպայում, ԱՄՆ-ը ձեռնամուխ եղավ այդ ծրագրի իրագործմանը։ Այսպիսով, ԱՄՆ-ի համար կարևոր է այս և այլ խնդիրների առնչությամբ Եվրոպայում ստեղծել որոշակի տրամադրություններ ու դիրքորոշումներ։ Դրա հետ մեկտեղ, եվրոպացիներն էլ ԱՄՆ-ի դիրքորոշմանն են ընտելանում։ Այդ քաղաքական տեխնոլոգիաների հիմքում ընկած է անվտանգության պահանջը։ Քաղաքական փոփոխությունները Եվրոպայում, շատ երկրներում աջ ուժերի իշխանության գալը, անշուշտ, կթուլացնեն մարդասիրական բնույթի սկզբունքները և առաջնային կդարձնեն անվտանգության սկզբունքներն ու պայմանները։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ