ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԲԱԲԱՆ

ԲԱԲԱՆ
11.11.2011 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Պատերազմից ընդամենը մի տասը տարի էր անցել, և Երևանում ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել հենակավոր, պատերազմում ոտքը կամ ոտքերը կորցրած մարդկանց: Ծնկից վերև ոտքերը կորցրածներն իրենց համար չորս առանցքակալների վրա հենված ձեռնասայլակի նման փայտից քառակուսի մի բան էին պատրաստում, որի վրա նստած՝ երկու ձեռքերով հրելով գետնին, առաջ էին շարժվում: Առանցքակալների շփումն ասֆալտի հետ յուրօրինակ, չարագուշակ խժժոցով էր լցնում փողոցը, մարդկանց հիշեցնելով պատերազմի արհավիրքների մասին: Ովքե՞ր էին այդ հաշմանդամները և ի՞նչ պարագաներում էին կորցրել իրենց առողջությունը՝ շրջապատին չէր հետաքրքրում:
Մենք այդ ամենից հեռու կանգնած, վշտից ու ցավից անտեղյակ երեխաներ էինք: Դասերն ավարտվելուն պես պիոներական փողկապները գրպաններս էինք դնում և մինչ տուն կհասնեինք, մեր բակում, դպրոցական պայուսակներս դարպասի վերածելով, ֆուտբոլ էինք խաղում:
Մեր բակում՝ Իսաբեկյան Արամենց շենքի մուտքի մի փոքրիկ հատվածում, երկու տարեց ամուսիններ էին բնակություն հաստատել: Նրանց բնակելի մակերեսը բակի կողմից շենքի մուտքի ձախ հատվածն էր և դեպի նկուղ իջնող աստիճանավանդակը: Գիտեինք միայն, որ այդ լռակյաց, թավ, սպիտակին տվող բեղավոր մարդու անունը Բաբա է: Նա շենքի մուտքի մոտ մշտապես անշարժ նստում և իր ձեռքով փաթաթած ծխախոտի թանձր ծուխը ագահաբար ներս քաշելով, դառնացած մի կետի էր նայում: Հագինը հաստ քաթանից զինվորական կիտել էր։ Հեծյալի գալիֆե շալվարն ավարտվում էր մշտապես փայլեցված, ճտքավոր կոշիկների մեջ: Գիտեինք նաև, որ նա մեր բակի կողքի այգու գիշերային պահակն է և ուրիշ ոչինչ: Այդ այգու դիմաց հետագայում կոնսերվատորիայի շենքը կառուցվեց:
Մի օր, ֆուտբոլի խաղի ժամանակ, մեր գնդակը թռավ մուտքից ներս, և մենք այնտեղից ջարդվող ապակու ձայներ լսեցինք: Բաբայի կինը դանակը ձեռքին դուրս եկավ մուտքից և մեր ունեցած միակ գնդակը երկու կես անելով դեպի մեզ նետեց: Նկուղի աստիճաններով գլորվելիս գնդակը նրանց համար շատ թանկ մի ապակի էր ջարդել:
Մենք Բաբայի տեսքից անգամ սարսափում էինք, և ոչինչ չպահանջելով, հաշտվեցինք այդ կորստի հետ: Դասերից հետո ֆուտբոլը դադարեց մեզ համար մարզաձև լինելուց, քանի որ գնդակ չունեինք: Այն ժամանակ տարին մեկ-երկու անգամ էին խանութներում գնդակ վաճառում:
Մեկ շաբաթ անց մենք նորից հավաքվել էինք բակում, երբ Բաբան մոտեցավ և կես կարմիր, կես կապույտ, մի գնդակ մեկնեց մեզ։
-Խաղցե՛ք, լաո,- ասաց նա և ճտքավոր կոշիկները փայլեցնելով, զինվորականի զգաստ քայլվածքով հեռացավ:
Այդ օրվանից Բաբան մեր լուռ և մունջ բարեկամը դարձավ, մենք այլևս նրա լռությունից չէինք խորշում, այլ հարգալից ժպտում էինք:
Հետո, ինչպես անսպասելի մեր բակ էր եկել Բաբան, այնպես էլ անսպասելի հեռացավ:
Տարիներ անց, մի պատահական խոսակցության ժամանակ պարզեցի, որ Բաբայի իրական անունը Հարություն է եղել, որը կռվել է թուրքի դեմ և պատսպարվել Սասնա անառիկ լեռներում: Կորցնելով երեխաներին, հարազատներին` լեգենդար Մախլուտոյի հետ Սովետական Հայաստան էր եկել: Ցավոք, այլևս ինձ ոչինչ հայտնի չեղավ Հարությունի մասին:
Հերոսամարտի այդ արծիվներից շատերն այդպես էլ անհայտ մնացին: Նրանք իրենց սարերից հետո հայտնվել էին մի միջավայրում, որը խորթ ու անբնական էր նրանց, ինչը և այդ առյուծներին ինքնամփոփ ու լռակյաց էր դարձնում:
Դաժան և անգութ է պատմությունը: Իրական խիզախ և առնական հերոսները լռակյաց անհետանում են պատմության խորխորատներում, իսկ վախկոտներն ու ստորաքարշները նման այրերի յուրահատուկ լռությունից օգտվելով` իրենց չկայացած կենսագրությունն են վերաձևում:

Դիտվել է՝ 2111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ