«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ո՞Վ ԵՎ Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ

Ո՞Վ ԵՎ Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ
23.09.2011 | 00:00

Տնտեսության զարգացման առաջին երաշխիքներից կարևորագույնը ներդրումն է, որն էլ, իր հերթին, պահանջում է երկրում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական կայունություն։
Վերջերս մամուլում նշվել էր, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել։ Առաջին հերթին նկատենք, որ հիմնականում ներդրումներն իրականացվել են հանքարդյունաբերության ոլորտում։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ պաշտոնական տվյալների, նշված ոլորտում ներդրումներն ավելացել են 30 անգամ։ Ինչ վերաբերում է տնտեսության մյուս ճյուղերին, ապա օտարերկրյա կապիտալը հետաքրքրություն է դրսևորել վերամշակող արդյունաբերության նկատմամբ, մասնավորապես, սննդամթերքի և խմիչքի արտադրության ոլորտներում։ Թեև պետք է նկատենք, որ ներդրումների ծավալն առանձնակի մեծ չի եղել, այն կազմել է 10-11 մլն դոլար։
Եթե խոսենք թվերի լեզվով, ապա պաշտոնական տվյալները փաստում են, որ այս տարի, ընդհանուր առմամբ, օտարերկրյա ներդրումները կազմել են 422 մլն դոլար, որից առյուծի բաժինը` 144 մլն դոլարը, ընկնում է հիմնային մետաղների արտադրության ոլորտին։ Շուրջ 36 մլն դոլար են կազմել մետաղական հանքաքարի, արդյունահանման, հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտներում իրականացվող ներդրումները։ Ի՞նչ են վկայում այս թվերը։ Անշուշտ, որ 2010-ի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում որոշակի աճ կա, բայց արդյո՞ք դա պայմանավորված է մեր երկրում տնտեսության կայունությամբ։ Օտարերկրյա կապիտալը չէր կարող «ձեռքերը ծալած» սպասել, երբ միջազգային շուկայում մետաղների գների աճ է նկատվում։ Եվ այդ տենդենցն այս պահին շարունակական է։ Ինչպես կզարգանան շուկայում հետագա գործընթացները, կարծում ենք, մեծապես պայմանավորված կլինի աշխարհում տիրող տնտեսական իրավիճակով։ Չմոռանանք, որ աշխարհը կանգնած է գլոբալ ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականության առջև։ Սա ոչ թե մեր հոռետեսական կանխատեսումն է, այլ այս մասին փաստում են տարբեր երկրների տնտեսական փորձագետները։ Այնպես որ, հուսալ, թե Հայաստանում տնտեսական աճը կարող է կայունանալ և զարգանալ նշված ոլորտի հաշվին, միամտություն կլիներ։ Այլ կերպ ասած, այս պահին հանքարդյունաբերությունում նկատվող աշխուժությունը պայմանավորված է միջազգային գործընթացներով։ Իսկ այն, որ ՀՀ-ի, տնտեսության մյուս ոլորտներում ներդրումների պասիվություն է նկատվում, կարծում ենք, բնական է և բացատրվում է ոչ միայն արտաքին, այլև, ինչը շատ կարևոր է, ներքին գործոններով։
«Պայմանավորվածությունները հաճախ չեն պահպանվում, արհեստական դժվարություններ են ստեղծվում։ Ամենավատն այն է, որ բիզնեսը քաղաքականացված է այն իմաստով, որ առաջնային է դառնում, թե գործարարը ո՛ր դաշտի հետ է մտերիմ, ո՛ւմ ընկերն է և այլն։ Բացի այդ, գլոբալ ճգնաժամից հետո և դրա ընթացքում կառավարության ձեռնարկած բարեփոխումները գործնականում շոշափելի ազդեցություն չեն թողնում»,- մեզ հետ զրույցում նշում էին օտարերկրյա գործարարները, որոնք, ի դեպ, նկատեցին, որ Հայաստանում փոքր և միջին բիզնեսը ծանր վիճակում է հայտնվել։ Այն, որ տնտեսական աճը զգալի չէ ժողովրդի համար, փաստում է այսօր առկա գործազրկությունը։ Գուցե և նշված խնդիրները լուծելու համար էր, որ նախագահի հրամանով օրերս ստեղծվել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ, որը գլխավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այդ դեպքում հարց է առաջանում. արդյոք առանձին հանձնաժողո՞վ է պետք տնտեսությունն աշխատեցնելու համար, արդյոք ժողովրդի սպասելիքը դա՞ է։ Մարդը միայն տնտեսական կայունություն է ուզում, որը նաև խիստ անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումներ գրավելու առումով։
Այս ամենով հանդերձ չենք ժխտի, որ 2011-ի առաջին կիսամյակում, թեև ոչ մեծ ծավալներով և ոչ բոլոր ոլորտներում, ներդրումների աճ եղել է։ Հատկապես, եթե հիշենք, որ դրանք մոտ 41 տոկոսով նվազեցին 2010-ին, իսկ ուղղակի ներդրումները` 23 տոկոսով։ Մինչդեռ այս կիսամյակում ուղղակի ներդրումներն աճել են 60 տոկոսով։ Չնայած այս փաստին և՛ գործարարները, և՛ քաղաքական գործիչները, և՛ սովորական ժողովուրդը, և՛ Հայաստանում զբոսաշրջիկները նշում են, որ հարևան Վրաստանում շատ ավելի հրապուրիչ է դարձել ներդրումների իրականացումը, քանի որ դրա համար ստեղծված են անհրաԺեշտ բոլոր պայմանները։ Հետաքրքիր է, թե ո՞վ և ի՞նչն է խանգարում Հայաստանում տնտեսական կայունություն և գրավչություն ապահովելուն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ