ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ
01.04.2011 | 00:00

Ադրբեջանական հոգեբանությունը, Հարավային Կովկասի թրքախոս բնակչությանն աչքի առաջ ունենալով, վերջին 120 տարում ձևավորվել է խնամառուական տրամադրությունների ուժեղ ազդեցությամբ, մասնավորապես, Թուրքիայի մշտական աջակցության պայմաններում, ինչի հետ հարկադրված են հաշվի նստել թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանի բոլոր ոչ բարեկամ երկրները։ Այս «արմատական դրույթը» գոյություն է ունեցել 19-րդ դարի վերջից, դարձել է ոչ միշտ գիտակցված թրքամետ տրամադրությունների հիմք և եղել է ադրբեջանցիների առանցքային առաջնայնությունը խորհրդային շրջանում։ Ադրբեջանցիները երբեք ղարաբաղյան պատերազմը և առհասարակ Հայաստանի հետ դիմակայությունը չեն համարել ինչ-որ ինքնաբավության դոկտրին, և միշտ ակնկալել են Թուրքիայի օգնությունն այս կամ այն ձևով։ Ընդ որում, օգնություն կամ աջակցություն հասկացություններն այնքան էլ գիտակցված չեն եղել, և Բաքվում ենթադրել են Թուրքիայի անմիջական մասնակցությունն Ադրբեջանի մղած պատերազմին։ Թուրքիան նախընտրում էր ժամանակ ձգել և Ադրբեջանի ղեկավարներին ներշնչել, որ «դեռ ժամանակը չէ, դեռ հնարավորություն կա ամեն ինչ կարգավորելու առանց պատերազմի»։ Օզալի և Դեմիրելի օրոք Թուրքիան այդպես էլ Ադրբեջանին վճռական աջակցության որևէ համոզիչ հույս չներշնչեց, թեև 1998-ին Դեմիրելն ու Հեյդար Ալիևը սահմանեցին ապագա հարաբերությունների ձևաչափն ու ղարաբաղյան խնդրի դերը թուրք-ադրբեջանական հարաբերություններում։ Շեշտը դրված էր Հայաստանի շրջափակումն ու մեկուսացումը խստացնելու վրա, միաժամանակ ավելացնելով Ադրբեջանի ֆինանսական եկամուտները, կառուցելով «շրջանցող» ճանապարհներ և այլ հաղորդուղիներ, տարածաշրջանի պետությունները տնտեսական ու քաղաքական «հավաքագրման» ենթարկել, ընդլայնել լոբբինգը, ձեռնարկել այլևայլ լրացուցիչ գործողություններ։ Ղարաբաղյան հարցում Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման կարևորագույն բաղադրիչը գերկուտակումն էր, որը սպառազինությունների մրցավազքի վերածվեց տարածաշրջանում, և որին, ի դեպ, մասնակցում են և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը, և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան։ Սակայն, ինչպես և առաջ, Ադրբեջանը չի պատկերացնում Հայաստանի հետ պատերազմի վերսկսումն առանց Թուրքիայի մասնակցության, առանց նրա լայնածավալ աջակցության։
Ադրբեջանի քաղաքականության մեջ շատ բան տեղի է ունեցել և տեղի է ունենում նախատեսված ծրագրերի համաձայն, Հայաստանի շուրջ ստեղծվել է մեկուսացման ու շրջափակման համակարգ, ռազմական տեխնիկա է ձեռք բերվում, Թուրքիան միջազգային ասպարեզում լիովին ներգրավված է հակահայ գործողությունների մեջ։ Դրան զուգընթաց, Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում շատ ջանքեր ի դերև են ելել և պետք եղած արդյունքները չեն տվել։
Թուրքիան այդպես էլ որոշում չընդունեց Հայաստանի դեմ պատերազմին իր անմիջական մասնակցության նպատակահարմարության առնչությամբ, անգամ սահմանափակ ձևաչափով, և մեծ դժվարությունների է բախվում տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում, հեռու է ԱՄՆ-ի, Եվրոպայի առաջատար պետությունների, Մերձավոր Արևելքի երկրների հետ իր առավել կարևոր խնդիրները լուծված տեսնելուց։ «Նոր», ավելի նշանակալի կարգավիճակ ձեռք բերելու առաջադրված խնդիրները պահանջում են միանգամայն այլ արտաքին քաղաքականություն, և տարածաշրջանային հակամարտություններում ներգրավվելու ցանկացած միացում, առավել ևս ընդդեմ Հայաստանի, լավագույն դեպքում կսաստկացնի Թուրքիայի մեկուսացումը։ Անկարան այլևս հույս չունի անդամակցելու Եվրամիությանը, բայց դա ամենևին չի նշանակում, թե նա կարող է անտեսել միջազգային, առավել ևս Արևմտյան ընկերակցության կարծիքն ու դիրքորոշումը։ Ընդհակառակը, մեկուսացած ու շրջափակված Թուրքիան, ինչն արդյունք է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների քաղաքականության, ավելի շատ է դրական վարկանիշի կարիք զգում։ Բայց գլխավոր վտանգը հնարավոր ռազմական բախումներն են Սև ծով-կովկասյան տարածաշրջանում, նախ և առաջ Ռուսաստանի հետ, Թուրքիայի համար ծայրաստիճան աննպաստ իրանական արձագանքի պայմաններում։ Բաքվում այս բանը չեն կարող չհասկանալ, առավել ևս, որ ադրբեջանական ղեկավարները բառացիորեն հիստերիայով ընդունեցին Թուրքիայի «կանխավճարները» թուրք-հայկական սահմանի բացման հարցի առնչությամբ։ Ադրբեջանում, որտեղ նոր հասարակարգի կրթված սերունդ է մեծացել, սկսել են վերանայել Թուրքիայի քաղաքականությունն ու դիրքորոշումը։ Վերջինս հիմա ընկալվում է որպես ավելի բարդ նպատակներ ու խնդիրներ ունեցող պետություն, որն Ադրբեջանի հետ հարաբերությունն օգտագործում է իր խնդիրների լուծման համար։ Ավելի շուտ, ադրբեջանցիներին մեծ հիասթափություններ են սպասում, բայց դա կարող է լինել միայն արտաքին քաղաքական հավակնությունների որոշակի անկման հետևանքով, իսկ այդ անկումն անպայման կլինի։ Բաքվում շարունակում են զարմանալ, որ Ռուսաստանն ու Իրանը, իբր, զարգացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ, մտադիր չեն «ըմբռնումով մոտենալ» Ադրբեջանի խնդիրներին և շարունակում են աջակցել Հայաստանին, ընդ որում` ռազմական հարցերում։ Ադրբեջանում «ընկնավորում» են, գիտակցելով, որ Թուրքիայի հանրությունը միայն Ադրբեջանի անունով երդվողներից բաղկացած չէ, որ թուրք հանրությունը քաղաքական, հասարակական և ազգային խմբերի ամբողջություն է, որոնք ունեն տարբեր պահանջներ և Թուրքիայի արտաքին քաղաքականության տարբեր գնահատականներ։
Վերջին մի քանի տարում Բաքվում լրջորեն շեշտադրում են հաղորդուղիների շրջանցումը, Հայաստանի տնտեսական, քաղաքական, լրատվական շրջափակումը, հույսները դնելով իրենց ֆինանսական հնարավորությունների վրա։ Այդ ուղղությամբ շատ բաներ են հաջողվել, բայց միայն այն դեպքում, երբ խոսքը Վրաստանի ուղղակի տնտեսական օգուտների մասին է, որը շարունակում է շահարկել իր տարածաշրջանային դիրքը, բայց վախենում է ընդունել Ադրբեջանի բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները։ Վրաստանում, այնուամենայնիվ, առայժմ վատ են հասկանում Ադրբեջանի հետ նման համագործակցության հնարավոր հետևանքները, որը վաղ թե ուշ կհանգեցնի հայ-վրացական լիամասշտաբ պատերազմի և վրացական պետության հնարավոր փլուզման։ Բայց այսպես թե այնպես, Վրաստանում որոշակի երկյուղներ միանգամայն զգում են։ Պետք չէ, որ Վրաստանը «փակի Հայաստանի թթվածինը», դրանով իսկ մենակ մնալով թուրք-ադրբեջանական շրջապատման մեջ, և անգամ ուշադրության առնելով վրացական քաղաքական գործիչների չափազանց մեծ ինքնավստահությունը, նրանք գիտակցված կերպով չեն գնա Հայաստանի հետ պատերազմի, անգամ Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությամբ։ Չնայած վրացական ուղղությունն առավել բարենպաստ է Հայաստանը շրջափակելու և մեկուսացնելու Ադրբեջանի քաղաքականության մեջ, միաժամանակ նա մասնակցում է Հայաստանի ու Իրանի համար կարևոր նշանակություն ունեցող հաղորդուղիների զարգացմանը, ջանալով պարզել, թե իր հաղորդուղիներն ի՞նչ հնարավոր այլընտրանք ունեն։ Իրանն առավել անհաճո և վտանգավոր գործընկեր է Ադրբեջանի համար, որտեղ Իրանի քաղաքականությունն ընկալվում է որպես բացահայտ թշնամական, Ադրբեջանը պառակտելու և մասնատելու նպատակ հետապնդող։ Իրանի քաղաքականությունն առավելագույնս է խարխլում Հայաստանը լիակատար շրջափակման մեջ պահելու Ադրբեջանի պլանները, և դա Թեհրանի համար ռազմավարական նշանակություն ունի։
Վերջին տասը տարում, չնայած բարդ և ուժի համաշխարհային կենտրոնների կողմից ոչ միշտ ընդունելի միջազգային դրությանը, Հայաստանը զգալի աջակցություն է ստանում դրսի ֆինանսական կազմակերպություններից, ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Ռուսաստանից, Իրանից, ասիական կառույցներից։ Հենց վերջին տասը տարիները ցույց տվեցին, որ անգամ տնտեսապես հաջողակ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան, անկարող են լիարժեքորեն շրջափակել Հայաստանը` նրան զրկելով տնտեսական հեռանկարներից։ Դա հատկապես հասկանալի դարձավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի շրջանում, որի հետևանքները հիմա էլ շարունակում են ազդել Հայաստանի վրա։ Կասկած չկա, որ այդ արտաքին ֆինանսական աջակցությունն ունի ամենևին էլ ոչ տնտեսական, այլ, առաջին հերթին, քաղաքական նշանակություն։ Վերջին ժամանակներս Հայաստանով հետաքրքրվում է նաև Չինաստանը, ինչը, այսպես թե այնպես, նշանակալի հանգամանք է տարածաշրջանային քաղաքական իրավիճակում։
Ադրբեջանական քաղաքական գրականության և էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներում այնքան էլ պարզորոշ չի երևում, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանում է, թե միջազգային ինչ ծանր վիճակ է ապրում Թուրքիան, թեև համեմատական գնահատականները վկայում են, որ Անկարայի ներկա արտաքին քաղաքականության դժվարությունները գաղտնիք չեն Բաքվի համար, և ոչ միայն ԱՄՆ-ի ու Եվրոպայի, այլև Մերձավոր Արևելքի պետությունների հետ նրա հարաբերություններում։ Միաժամանակ, դեռևս չկան դատողություններ այն մասին, թե Թուրքիայի ուժգնացող միջազգային մեկուսացումը որքանո՞վ է առնչվում Ադրբեջանի մեկուսացմանն ու նրա ունեցած խնդիրների ավելացմանը։ Կասկածից վեր է, որ ԱՄՆ-ը (փոքր-ինչ պակաս նաև Եվրոպայի առաջատար պետությունները) Թուրքիային «զսպելու», նրան շրջափակման մեջ առնելու և մեկուսացնելու ռազմավարական քաղաքականություն է վարում, ինչն արդեն հանգեցրել է այն բանին, որ Թուրքիան խնդիրներ ունի Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։ Առայժմ ԱՄՆ-ը բոլոր ջանքերը չի գործադրում Թուրքիայի նկատմամբ, սպասելով, որ նա բախում կունենա տարածաշրջանային պետությունների հետ, բայց ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի այդ քաղաքականությունն ավելի կոշտ բնույթ կկրի, եթե Թուրքիան ավելի շուտ դուրս գա վերահսկողությունից։ Իհարկե, այս սցենարները կարող են հանգեցնել այն բանին, որ Թուրքիան կփորձի ցույց տալ իր «իսկական» տեղն ու դերը տարածաշրջանում, նպաստելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի սանձազերծմանը, որի ընթացքում հույս կունենա, թե ինքը կթելադրի գործողությունների ընթացքը։ Բայց այս սցենարները դեռևս հեռու են իրականություն դառնալուց։ Ամեն դեպքում, երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի հովանավորչությունը շատ կասկածելի արտաքին քաղաքական պայման է թվում, և Ադրբեջանը սուր կախման մեջ է ընկնում նրանից, մինչդեռ ինքը` Անկարան է հայտնվում թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի տերությունների զգալի ճնշման տակ։
Դարձյալ շատ կասկածահարույց են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները, երբ Ռուսաստանը մնում է որպես տարածաշրջանային մեծ պատերազմի զսպման կարևորագույն գործոն և սկզբունքորեն շահագրգռված չէ Հարավային Կովկասում ուժերի հաշվեկշռի լուրջ խախտմամբ։ Ռուսաստանը, ինչպես միշտ, ժամանակ առ ժամանակ քաղաքական սադրանքներ է իրականացնում, ձգտելով հավասար հեռավորության վրա պահել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Ռուսաստանի քաղաքականությունը, այսպես թե այնպես, հանգեցնում է Հայաստանի ռազմաքաղաքական թուլացմանը, նրան թույլ չտալով նոր, ավելի նպաստավոր միջազգային դիրքեր ձեռք բերել։ Ադրբեջանը չի կարող այդ բանը չհասկանալ, և Բաքվում փորձում են «կառչել» Մոսկվայի հետ ավելի լայն պայմանավորվածությունների հանգելու հույսից, բայց դա չի հաջողվում, այլապես կկորչի Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ամբողջ իմաստը։ Հարկ է նշել, որ Ռուսաստանը ձգտում է Սև ծով-կովկասյան տարածաշրջաններում, և, հնարավոր է, ինչ-որ չափով Կենտրոնական Ասիայում իր քաղաքականությունը կառուցել, ելնելով Թուրքիայի «նոր» արտաքին քաղաքականությունից, հուսալով Թուրքիայի հետ համագործակցության շնորհիվ հասնել ուժերի որոշակի հավասարակշռության, դիմակայել ԱՄՆ-ի աշխարհառազմավարությանը։ Թուրքիայի և Ռուսաստանի ներկա հարաբերությունները, չնայած լայն առևտրին և քաղաքական տարբեր բանակցություններին, դեռևս ինչ-որ «անցումային» վիճակում են, երբ երկու տերություններն էլ ծանրութեթև են անում միմյանց, փորձում հասկանալ, թե ինչ է պատրաստ զիջելու կողմերից յուրաքանչյուրը տարածաշրջանային բարդ խաղում, որին մասնակցում են ոչ միայն իրենք։ Ռուսաստանն այդ ընդարձակ տարածաշրջանում վարում է հավասարակշռության պահպանման քաղաքականություն, իհարկե, ձգտելով լավացնել իր դիրքերը, բայց նման ռազմավարության և մարտավարության տրամաբանությունը հանգեցնում է Ադրբեջանին որևէ նախապատվություն տալու բացառմանը։ Հարկ է նշել, որ հետախուզական գործունեության առումով Թուրքիան և Ադրբեջանը լրացնում են այն պետությունների շարքը, որոնք լայն հետախուզական, թշնամական և հատուկ գործունեություն են ծավալում Ռուսաստանի դեմ։ Ընդ որում, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների բազմաթիվ բանակցությունները չեն տվել այնպիսի արդյունքներ, որ հնարավոր լինի ասել, թե կողմերը հրաժարվում են ոչ բարեկամական բնույթի երկարաժամկետ նպատակներից ու մտադրություններից։ Ռուսաստանը, հայտարարելով իր գործընկերային մտադրությունների մասին, շարունակում է քաղաքական պայքարը էներգահաղորդուղիների այնպիսի ուրվագծի համար, որը կշրջանցեր Թուրքիայի և Ադրբեջանի տարածքները։ Այդ երկու երկրները դարձել են նավթի ու գազի առաքման ոլորտում այնպիսի նախագծերի իրագործման հիմնական ասպարեզը, որոնք անդառնալի վնաս են հասցրել Ռուսաստանի շահերին։ Աշխարհատնտեսական խնդիրներին զուգընթաց Թուրքիան կառուցում է «նեոօսմանականության» մի ամբողջ գոտի, այսինքն, Ռուսաստանին խորապես թշնամական մի գիծ, որը ներառում է, նախ և առաջ, Սև ծով-կովկասյան տարածաշրջանը։ Այս խաղում Ռուսաստանը փորձում է «անտեսել» Հայաստանի շահերը, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում, և Մոսկվայում, հասկանալով որևէ քաղաքական լուծման անհնարինությունը, շարունակում են Հայաստանի կողմից հնարավոր զիջումների հույսեր փայփայել։ Որքան էլ տարօրինակ լինի, Ադրբեջանն այս ծայրաստիճան անորոշ վիճակում փրփուրներից է կառչում, հուսալով, թե Ռուսաստանի ղեկավարությունն անկեղծ է իր խոստումներում և կփորձի Հայաստանից գոնե մասնակի զիջումներ կորզել։ Ցանկացած պարագայում, անգամ ներկա թուրք-ռուսական, առավել ևս թուրք-ամերիկյան և ամերիկա-ռուսական հարաբերությունների այս փուլում բացառվում է պատերազմը որպես խնդրի լուծման միջոց։
Ադրբեջանն ապավինել է նաև զանգվածային տեղեկատվական գրոհին` ձեռնարկելով Հայաստանի վարկաբեկման աներևակայելի հնարքներ։ Այդ ընթացքում անվանարկվում են հայերը` որպես ազգ, հայոց պատմությունը և լեզուն, եկեղեցին ու բարոյականությունը, նրա ազգային ազատագրական պայքարը, ազգային խառնվածքը և Հայաստանի ու հայերի հետ կապված ամեն ինչ։ Այդ տեղեկատվական գրոհի ենթատեքստում, իհարկե, այն հույսն է, որ եթե համաշխարհային ընկերակցությունը չհավատա էլ այդ ամենին, ապա գոնե կօգտագործի այդ «փաստարկները»` Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Ներկայումս այդ քարոզչությունն ու գրոհը ոչ մի շոշափելի արդյունք դեռևս չեն տվել։ Համաշխարհային ընկերակցությունն ինֆորմատիկայի դարում որևէ հետաքրքրություն չունի շինծու տեղեկատվության նկատմամբ և օգտվում է տեղեկություն քաղելու միանգամայն անսպասելի աղբյուրներից։ Եթե համաշխարհային հանրությունը նպատակ ունենար քաղաքականապես կամ առհասարակ որևէ կերպ «խեղդելու» Հայաստանին, ապա դա կարվեր առանց Ադրբեջանի ջանքերի, որոնց մասնակցում է նաև Թուրքիան։ Հարկավոր է ուշադրության առնել, որ վերջին տարիներին նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն համաշխարհային քաղաքականության և խոշոր պետությունների արտաքին քաղաքականության մեջ, այլև զանգվածային տեղեկատվական հոսքերում։ Թուրքիան չէր կարող հայտնվել քաղաքական մեկուսացման մեջ` շրջանցելով տեղեկատվական մեկուսացումը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա բնորոշվում է որպես «կիսաֆեոդալական գերդաստանային բռնապետություն», ինչպես նաև որպես կայունությանն ու անվտանգությանն սպառնացող վտանգի ուժեղացման գործոն։ Տարածաշրջանում չկա մեկ այլ երկիր, որ այդքան քննադատաբար ընդունվեր ԱՄՆ-ի, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի կողմից, և չկա մեկ այլ իսլամական երկիր, որի ճակատագրի նկատմամբ այդքան անտարբեր լիներ իսլամական պետությունների մեծամասնությունը։
Այս գործոններն ու հանգամանքները ոչ մի կերպ չեն նպաստում ո՛չ ենթադրյալ պատերազմում Ադրբեջանի հաջողությանը, ո՛չ էլ այդ պատերազմում Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի պատրաստակամությանը։ Տարածաշրջանի աշխարհագրական մյուս առանձնահատկություններն այնպիսին են, որ ինչքան էլ զինվի Ադրբեջանը, ինչ հաջողության էլ հասնի խիստ կասկածելի հնարավոր պատերազմում, նրա նավթի ու գազի հաղորդուղիների համալիրը լիովին կոչնչացվի, իսկ նրա հարյուր հազարավոր քաղաքացիներ կզոհվեն։ Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական ղեկավարությանն ու զինվորական հրամանատարությանը, վերջիններս հիանալի հասկանում են, որ իրենց չի ներվի ղարաբաղյան երրորդ պատերազմի անհրաժեշտությունը, և հարկ կլինի կռվել հանուն լիակատար ու վերջնական հաղթանակի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ