ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄԵԶ ՊԵՏՔ Է ՈՒԺԵՂ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԵԶ ՊԵՏՔ Է ՈՒԺԵՂ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ
14.09.2010 | 00:00

Տնտեսագիտության դոկտոր Անահիտ Մելքումյանին
Հարգելի տիկին Մելքումյան, շնորհակալությունս եմ հայտնում իմ հոդվածին Ձեր արձագանքի առթիվ։ ՈՒրախ եմ, որ այն արժանացել է Ձեր ուշադրությանը։ Համաձայն եմ, որ ամեն կարծիք արտահայտվելու իրավունք ունի։ Ընդունում եմ նաև, որ ցանկացած, անգամ ամենահաջող կարծիք, կարող է քննադատվել։ Սակայն լավ է, եթե դա արվում է ոչ թե ոչինչ չասող ամբոխահաճության, այլ բերված փաստերի համոզչության դիրքերից։
Ափսոսում եմ, իհարկե, որ գիտական պրակտիկայում աքսիոմի ու վերլուծության հասկացություններով առաջնորդվող գիտնականը, ձեռքի տակ չունենալով ապացուցողական որևէ հիմք, ինձ որակում է որպես ադրբեջանա-թուրքական պրոպագանդիստների կողմից ֆինանսավորվող։ Սակայն չշեղվենք։ Դատելով Ձեր շարադրանքից, Ձեզ զայրացրել է նաև այն, որ կարգավորման ընթացքում Աղդամն ու մյուս տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Ձեր դիրքը հասկանալի է, բայց ոչ հետևողական։ Ինչո՞ւ։ Դե, որովհետև Ձեզ ափերից չի հանել ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե Աղդամը, օրինակ, ադրբեջանական տարածք է։ Կամ էլ Ալեքսանդր Կարաուլովի հետ հեռուստահարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի դատողություններն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնական Բաքվի իրավասությանը հանձնել ոչ միայն Աղդամն ու Ֆիզուլին։ Երևի, հետևելով Ձեր տրամաբանությանը, ամբողջ աշխարհի հայությունը պետք է նրանց մեղադրեր ադրբեջանա-թուրքական ֆինանսական միջոցներ ստանալու մեջ։ Ի դեպ, ինչո՞ւ Դուք չեք հայտարարում Հայաստանում 2005 թ. նոյեմբերի 27-ին կայացած սահմանադրական հանրաքվեի մասնակիցների գերակշիռ մեծամասնության ադրբեջանամետ նյութական շահագրգռության մասին։ Չէ՞ որ, ուզեք թե ոչ, ՀՀ գործող Սահմանադրության 6-րդ հոդվածը միարժեքորեն պնդում է, որ այն, ինչ Դուք անվանում եք ազատագրված տարածքներ, 2005 թ. նոյեմբերի 27-ից հետո Հայաստանի կողմից դե յուրե համարվում են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան բաղկացուցիչներ։ Ինչո՞ւ։ Դե, որովհետև 6-րդ հոդվածի համապատասխան կետը, ընդունելով միջազգային համաձայնագրերի գերակայությունն ազգային օրենսդրական ակտերի նկատմամբ, ԱՊՀ-ի ստեղծման մասին փաստաթղթերի հիման վրա, ՀԽՍՀ-ի և ԱԽՍՀ-ի միջև եղած ներմիութենական սահմանը հաստատում է որպես միջպետական` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Չե՞ք հավատում։ Խորհրդակցեք սահմանադրական իրավունքի մասնագետների հետ։ Նրանք Ձեզ կբացատրեն։ Մենք ընդամենը մեր հոդվածում առաջարկում ենք, որպես ԵԱՀԿ ՄԽ-ի լրացուցիչ ռեսուրս, օգտվել բալթյան-սևծովյան-կասպյան տարածքի առավել հեղինակավոր ղեկավարների փորձից։ Եվ հատկապես Նուրսուլթան Նազարբաևի, Բրոնիսլավ Կոմորովսկու և Ռեջեբ Էրդողանի։ Բրոնիսլավ Կոմորովսկու առնչությամբ Դուք, կարծես, առարկություն չունեք։ Ձեզ ձեռնտու չեն Նուրսուլթան Նազարբաևն ու Ռեջեբ Էրդողանը։ Դա Ձեր իրավունքն է։ Եվ այն ոչ ոք չի վիճարկում։ Ես չեմ գովազդում Ղազախստանի նախագահին ու Թուրքիայի վարչապետին։ Այդ երկրների ձեռքբերումներն ինքնին պերճախոս են։ Այսպես, Ղազախստանի մեկ բնակչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 11000 դոլար, իսկ ներդրումները տնտեսության մեջ` 100 մլրդ դոլարից ավելի։ Բայց հիմա խոսքն այս մասին չէ։ Նուրսուլթան Նազարբաևի դերը բազմազգ ու բազմադավանական Ղազախստանում ազգամիջյան և միջկրոնական համերաշխության ապահովման գործում ընդունում են թե՛ ՄԱԿ-ը, թե՛ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, թե` Չինաստանն ու Ռուսաստանը։ Եվ ի՞նչ վատ բան կա նրանում, որ պետական կառավարման նման հմտություն, նման կենսափորձ ունեցող մարդն օգնի լուծելու հայ-ադրբեջանական բարդ հակամարտությունը։
Հիմա Թուրքիայի առնչությամբ. դա շատ լուրջ պետություն է, իսկ Ռեջեբ Էրդողանը` շատ լուրջ քաղաքական գործիչ։ Նա սկսել և հաջողությամբ ավարտում է արդի Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում թուրքական բանակի դերի արմատական վերափոխման գործը։ Այն, ինչ հիմա անում է Էրդողանը Թուրքիայում, մի տասը տարի առաջ երևակայելն անգամ անհնար էր։ Եվ ես առաջարկում եմ օգտվել այդ բազմահմուտ քաղաքական գործչի դրական փորձից։ Հասկացեք, եթե ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար պահանջվի նաև Մոնղոլիայի նախագահի ներկայությունը, ապա բանակցային գործընթացին նրա մասնակցությունը պետք է ապահովվի անհապաղ։ Որովհետև որքան շուտ այդ հարցը կարգավորենք միջազգային իրավունքի շրջանակներում, այնքան շուտ կսկսենք ոչ թե հնարովի, այլ իրական տնտեսական զարգացումը։
Հարգելի տիկին Մելքումյան։ Ցավոք, Դուք սխալվում եք նաև հոդվածի հիմնական գաղափարի հարցում։ Այն նպատակ չի հետապնդում որևէ մեկին հանդիմանելու թույլ տված անձնական սխալի համար, որը պատճառ է դարձել, որ Հայաստանը կորցնի հնարավորությունը իր տարածքն օգտագործելու Բաքու-Ջեյհան և Բաքու-Էրզրում խողովակաշարերի տարանցման համար։ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը լավ գիտի, թե ում քաղաքական անձեռնհասության պատճառով է Հայաստանը կորցրել այդ հնարավորությունը։ Կասկածո՞ւմ եք։ Դուրս եկեք փողոց ու հարցուփորձ արեք։ Հոդվածի հիմնական միտքն այլ է. հաշտության գործընթացն արագացնող լրացուցիչ խթանների որոնումը։ Առաջարկությունս շատ պարզ է. Լեռնային Ղարաբաղը վարչական առումով ենթակա դարձնել ԵՄ-ի գործադիր կառույցներին, իսկ նրա բնակչությանը միացյալ Եվրոպայի քաղաքացիություն շնորհել։ Նման լուծումը, մեր կարծիքով, բողոքներ չի հարուցի ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների շրջանում, թեկուզև այն պատճառով, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն իրենց եվրոպական քաղաքականության վերջնական նպատակ են հայտարարել լիարժեք անդամակցությունը Եվրամիությանը։ Ավելին, մեր կարծիքով, իդեալական կլիներ հասնել այն բանին, որ Լեռնային Ղարաբաղը դառնա Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման մի մակարդակի հասցնելու օրինակ, որ Եվրոպայում հաստատվել են Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև։ Համոզված ենք, որ գերմանացիների ու ֆրանսիացիների քաղաքական համերաշխությունը պետք է հայերի ու ադրբեջանցիների համար ոգեշնչման օրինակ լինի ինչպես Հարավային Կովկասում ԵՄ-ի բնական բաղկացուցիչ, այնպես էլ Սև ծով-կովկասյան տարածքում եվրատլանտիզմի գաղափարակիրներ դառնալու նրանց մտադրություններում։ Մենք կարծում ենք նաև, որ այս բանաձևից շեղվող ցանկացած ջանք զուր կլինի, որովհետև կարգավորման մեջ մրցակցության ոգի կմտցնի, որը վերստին կարող է տարածաշրջանը ներքաշել կատաղի արյունահեղության մեջ։
Հարգելի տիկին Մելքումյան, մենք համակարծիք չենք Ձեզ, սակայն հուսով ենք, որ արձագանքում արտացոլվածը բխում է ուժեղ և մրցունակ Հայաստան կառուցելու մտահոգությունից։ Այնպիսի Հայաստան, որն աշխատունակ և իրենց աշխատանքն ու գիտելիքները ի փառս հայրենիքի օգտագործելու պատրաստ մարդիկ հանապազօրյա հացի փնտրտուքով դատապարտված չլինեն լքելու։ Հավատացնում եմ Ձեզ, մենք մեր ամենօրյա աշխատանքում առաջնորդվում ենք այս և միայն այս սկզբունքով։
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ