ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ  «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը
13.04.2012 | 00:00


(սկիզբը` նախորդ համարում)

Հրաշքն արդեն իրականություն էր: Երեկվա ավազակապետը` խան դարձած, արդեն տիրել է Շուշու բարձունքին ու հաղթական կռիվներով հալածում է Ղարաբաղի մելիքներին, այն Ղարաբաղի, որի զինական ուժերը տարիներ շարունակ հաղթական կռիվներ են մղել սուլթանական ստվարածավալ զորքերի դեմ և երկիրը պահել աննվաճ: Յուրաքանչյուր ժողովուրդ նման հաջողությունները, բնականաբար, պետք է լիցքավորի բանահյուսական գունագեղությամբ` ձեռքբերումներին գումարելով ցանկալին ու տպավորիչը: Եվ ահա, ժողովրդի իդեալ կերպար Ֆանահ խանը կարճ ժամանակ հետո իր ենթակայության տակ է դնում Գանձակի, Երևանի, Նախիջևանի, Արդաբիլի վիլայեթները, իր հայեցողությամբ խաներ նշանակում, անհուսալիներին հեռացնում, շատ խաների որդիներին բերում Շահբուլաղ` որպես պատանդների: Իսկ Իբրահիմ խանի հրամաններն ու կարգադրությունները կատարում էին բազմաթիվ խաներ Շիրվանից մինչև Թավրիզ ու Խոյ, Արդաբիլից մինչև Գանձակ ու Երևան: Եվ չնայած նա շահի տիտղոս չուներ, բայց օժտված էր շահական բոլոր բարեմասնություններով: Խանդավառ ժամանակակիցները չնկատելու են տալիս այն իրողությունը, որ իրենց իդեալ հերոսները միշտ էլ եղել են ավելի հզորների ենթակայության տակ, ակնկալել նրանց հովանավորությունը, որ Ֆանահ խանը Ադիլ շահի սպանվելուց հետո դարձել է Քերիմ խանի հպատակը և մահացել Շիրազում, որովհետև Քերիմ խանը զգուշանում էր նրան Ղարաբաղ վերադարձնելուց: Իսկ Իբրահիմ խանը իրադարձությունների ամեն մի փոփոխության ժամանակ տեր ու հովանավոր էր որոնում ոչ միայն հաճախակի փոփոխվող պարսիկ տիրակալների, այլև սուլթանների ու ցարերի մոտ: Անկախ այս ամենից, ժողովուրդը իր իդեալ հերոսներին պետք է լուսապսակով զարդարեր:

Այսքանով հանդերձ, կատարվել էին անշրջանցելի ու հնչեղություն ունեցող պատմական վերաձևումներ, որոնց պետք է տրվեին պատմաքաղաքական հիմնավորում ու գնահատական: Այդ առաքելությունը վերապահված էր Միրզա Ջամալ Ջավանշիրին, որին հետևեց Ահմեդբեկ Ջավանշիրը` առաջինի հաղորդումները մասնակի խմբագրելով:

Միրզա Ջամալը կրթված, ժամանակի քաղաքական գործընթացներում կոփված անձնավորություններից մեկն էր: Վագիֆի մահից հետո, 1797-ից մինչև 1822 թ. եղել է Ղարաբաղի խանության վեզիրն ու խաների քարտուղարը, ապա բարեխղճորեն ծառայել է ցարական պաշտոնյաներին, վայելել հարգանք ու պատիվ, 1840 թ. անցել թոշակի, մահացել 1853-ին: Նա քաջագիտակ ու մասնակիցն է եղել ժամանակի քաղաքական անցուդարձին: Նրա վեզիրության ժամանակ էր, որ ցարիզմը նվաճեց Վրաստանն ու Գանձակի խանությունը, ինչի պատճառով Նադիր շահի` Գանձակի խանություն մտցրած քոչվորները փախան Արաքսի մյուս ափը, և ցարական կարգադրությամբ գեներալ Մադաթովը փախստականների հետևից հասավ մինչև Մակու` նրանց վերադարձնելու առաջադրանքով: Միրզա Ջամալը մասնակից էր 1805 թ. մայիսին Քյուրուքչայում կնքված դաշնագրին, որտեղ Ցիցիանովը Ղարաբաղը ճանաչեց նվաճող խանի սեփականություն, իսկ երկրի իրական տերերից մեկին` բանակցությունների մասնակից մելիք Ջումշուդին, որն իր զորաջոկատով կռվում էր ռուսական զորքերի կազմում, Ցիցիանովը բաժին հասցրեց խանի գերությունից ազատված նրա 11 տարեկան որդուն ու 13 տարեկան թոռանը: Նրա աչքի առաջ էին Խոյից փախած հանցագործ Ջափար ղուլի խանին դարձրել Շաքիի խան, որը քրիստոնյա պետության հպատակ քրիստոնյա հայից հավատի հարկ էր պահանջում, իսկ ցարական սատրապ Գուդովիչը պատժում է այդ սանձարձակության դեմ բողոքող հայերին: Միրզա Ջամալը լավ էր տեսնում, թե ինչպես են ցարական չինովնիկները բարոյական ու անբարոյական բոլոր միջոցներին դիմում` մահմեդական զանգվածներին սիրաշահելու համար: Մանավանդ 1813 թ. Գյուլիստանի, ապա 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրերից հետո, երբ Անդրկովկասը վերջնականապես անցավ Ռուսաստանի տիրապետության տակ և բացառվեց դեպի Պարսկաստան հետդարձի ամեն մի հեռանկար, Միրզա Ջամալը Վորոնցովի հանձնարարությամբ պետք է գրեր Ղարաբաղի մի պատմություն, որը համահունչ լիներ ցարիզմի քաղաքականությանը:

Այդ հարցում խանգարում էր մի ելակետային հանգամանք, մի «մանրուք»: Ցարական պաշտոնական փաստաթղթերում արդեն արձանագրված էր բուն ճշմարտությունը, որ Նադիր Շահը Խորասանից քոչվոր մահմեդական ցեղեր է մտցրել Անդրկովկաս, որոնց ազգային պատկանելությունը որոշել չկարողանալով` վիճակագիրները նրանց կնքել էին մուղանցիներ տեղանունով: Ահա այդ հաղորդումը գլխիվայր շրջելով միայն կարելի էր դրությունը շտկել: Եվ Միրզա Ջամալը կատարում է այդ քայլը` արձանագրելով, որ Նադիրը Ղարաբաղից է քոչվոր մահմեդականներին աքսորել Խորասան, որոնք նորից վերադարձել են իրենց բնակավայրերը Նադիրի սպանվելուց հետո: Դրանով նա լուծված էր համարում քոչվոր անասնապահների իրավունքը Ղարաբաղի հարցում հայության հետ ունեցած հակամարտության առումով: Դրանով Միրզա Ջամալը դրեց ժամանակակից ադրբեջանական պատմաքաղաքական կեղծարարության առաջին հիմնաքարը: Իսկ Ահմեդբեկ Ջավանշիրն էլ 1883 թ. գրած «Ղարաբաղի խանությունը (1749-1805 թթ.)» գրքում այդ հիմնաքարը սրբագործեց` Ֆանահ Ալուն ներկայացնելով որպես Չինգիզ խանի թոռ Հուլավու խանի շառավիղներից մեկը: Ահա այստեղից սկիզբ առան ժամանակակից ազերթուրքերի տիեզերական թռիչքները պատմաքաղաքական նվաճումների բնագավառում:

2005 Թ. ԲԱՔՎՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՒՉԻԿԸ

2005 թ. Բաքվում հանդիսավոր շքեղությամբ ներկայացրին մի մեծ տոնահանդես` նվիրված Ղարաբաղի խանությունը Ռուսաստանին միանալու 200-ամյակին, այն էլ` «Ղարաբաղ. Քյուրուքչայ-200» հնչեղ նախաբանով: Դա առիթ էր, որ աշխարհի դատին հանձնեին 13 գիտական, պատմաքաղաքական հրապարակումներ, որոնց էջերում շողշողում է իրենց հերոսական պատմությունը, և հայ ժողովրդին էլ դարձնում են գոյության իրավունքից զրկված ու իրենց սրբազան հայրենիքի նկատմամբ ոտնձգություն կատարող ագրեսոր: Անհրաժեշտության բերումով մենք պետք է դիմենք պատմական տեղաշարժերի իրական ընթացքին` պարզելու համար, թե ինչ պարտադրանքների արդյունքում է Ղարաբաղի խանությունը հայտնվել Ռուսաստանի տիրապետության տակ, որ այդքան շռնդալից տոնեցին նրա 200-ամյակը Բաքվում` այն ներկայացնելով որպես երկու համարժեք պետությունների կամավոր միացում: Պատմական իրականության հերթական նենգափոխումներով քաղաքական ի՞նչ հարցեր են փորձում լուծել դրանով: Անհրաժեշտության պարտադրանքով մենք նորից պետք է շեղում կատարենք, թեկուզ և թռուցիկ, չոր ու ցամաք փաստերով ներկայացնենք վերջին 300-ամյակում Անդրկովկասում կատարված տեղաշարժերը, ինչն անշեղորեն կցուցադրի ազերթուրքական պատմաքաղաքական կեղծարարությունները: Միաժամանակ մենք պետք է ցույց տանք, թե քաղաքակրթական ինչ արժեքներով են նրանք մտել Ռուսաստանի ենթակայության տակ, և այդ արժեքները ինչ զարգացում ապրեցին մինչև ճակատագրական այն պահը, երբ ժողովուրդների հայր Ստալինը նրանց կնքեց ադրբեջանցի կեղծ անունով:

1701 թ. հայոց ազատագրական պայքարի ռահվիրա Իսրայել Օրին վերելք ապրող Ռուսաստանի ցար Պետրոս Առաջինին ներկայացրեց մի ծրագիր, որով կանխատեսվում էր Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Արևելահայաստանն ազատագրել և ռուսական հովանավորության տակ վերականգնել նրա կորցրած պետականությունը: Դա մի Արևելահայաստան էր, որի սահմանագլուխը Բաքուն էր և պարսկական վարչատարածքային բաժանումով ներկայացնում էր Երևանի, Ղարաբաղի և Շամախու բեգլերբեկությունները: Իսրայել Օրու ներկայացրած վիճակագրությամբ Ղարաբաղի ու Շամախու բեգլերբեկությունները, որոնք հիմնականում ժամանակակից Ադրբեջանի տարածքն են, ունեին բնակչության մի կազմ, որի 73 %-ը հայ էր, 27 %-ը մահմեդական` պարսիկներ, թալիշներ, թաթեր և այլ մահմեդականներ, բայց ոչ ժամանակակից ազերթուրքեր, որ դեռ չկային:

Երբ Օրին Պետրոս ցարին էր ներկայացնում իր ծրագիրը, նույն օրերին, դրանից էլ դեռ առաջ, պարսկական տիրապետությունից վասալական կախման մեջ գտնվող վրացական թագավորները ևս ներկայացնում էին ռուսական հովանավորության տակ անցնելու ծրագրեր: Պետրոսի համար շատ հրապուրիչ էին այդ հրավերները, բայց ոչ թե երկու ժողովուրդների ակնկալություններին բավարարություն տալու համար, այլ բոլոր կայսերապետություններին բնորոշ` նոր երկրներ նվաճելու, նորանոր ժողովուրդների հպատակեցնելու ծրագրով: Եվ նա ձեռնամուխ եղավ կործանման եզրագծին հասած, ներքին հակամարտություններից բզկտվող Պարսկաստանի իրավիճակի ուսումնասիրմանը: Առաջինը այդ առաքելությամբ ու դեսպանի կարգավիճակով Իսրայել Օրուն գործուղեց Պարսկաստան, ապա 1714-1717 թթ. նույն կարգավիճակով գործում էր Վոլինսկին: Վերջինս ըստ ամենայնի ներկայացրեց երկրի քաղաքական իրավիճակը, պարսկական տիրապետությանը ենթակա ժողովուրդներին: Հայերին ներկայացնում է որպես մի ժողովրդի, որը պայքարում է իր կորցրած պետականության վերականգնման համար: Բայց քանի որ հայերը փոքրիկ կղզիներ են մուսուլմանական օվկիանոսի մեջ, նրանք այլ ելք չունեն, բացի իրենց հույսը Ռուսաստանի օգնության հետ կապելուց: Եվ Վոլինսկին ներկայացնում է իր հանձնարարականը, թե պետք է հենվել հայերի վրա, սիրաշահել մահմեդական աշխարհին: Վոլինսկու այդ հանձնարարականը դարձավ ռուսական քաղաքականության առանցքը հայերի հարցում, և Պետրոս Մեծից մինչև այսօր անշեղորեն իրականացվում է:

Երբ արդեն Պարսկաստանի կենտրոնական նահանգները նվաճվել էին աֆղանների կողմից, իսկ սեֆյան վերջին տիրակալն էլ դարձել էր անզոր փախստական, Պետրոս Մեծը պահը հասունացած համարեց իր անդրկովկասյան ծրագրերը գործողության մեջ դնելու համար: Նրա առաջին քայլը հայերին ու վրացիներին ապստամբության մղելն էր` սեփական զորքերով նրանց օգնության հասնելու խոստումով: 1721 թ. մայիսին, զորքերի գլուխ անցած, նա արդեն Աստրախանում էր: Հունիսի 2-ին դեսպան ուղարկեց վրաց թագավոր Վախթանգի մոտ` հանձնարարելով, որ պատրաստվեն զորքով դիմավորելու իրեն: Հայ-վրացական ուժերը Վախթանգի ու Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի գլխավորությամբ հավաքվեցին Գանձակի մոտ` սպասելով ցարի հետագա ցուցումներին:

30000 կանոնավոր և մոտ 70000 անկանոն զորքի գլուխ անցած` Պետրոս ցարը ցամաքով ու ծովով մուտք գործեց Անդրկովկաս` հայտարարելով, թե գնում է պարսից փախստական շահին փրկելու աֆղան նվաճողից: Օգոստոսի 23-ին Դերբենդի խանը բերդի բանալիները դրեց ցարի ոտների տակ, և առանց մի կրակոցի ցարը տիրացավ Դերբենդին: Բայց վեց օր հետո բերդապահ զորքը թողնելով այնտեղ, ցարը վերադարձավ Աստրախան: Այդտեղ նա գեներալ Մատյուշկինին հանձնարարեց գրավել Բաքուն, գնդապետ Շիպովին` Կասպից ծովի հարավում գտնվող Ռեշտը, իսկ ինքը վերադարձավ մայրաքաղաք: Երբ հոկտեմբերի 4-ին Վախթանգ թագավորը հերթական նամակն էր գրում ցարին իրենց հանդիպման վայրն իմանալու հույսով, ցարի ուղարկած սպա Իվան Տոլստոյը հասնում է Թբիլիսի և հայտնում, որ ցարն արդեն վերադարձել է Ռուսաստան: Գանձակի մոտ հավաքված հայ-վրացական զորքերը հուսախաբ ցրվում են իրենց տեղերը:

Այդ դեռ բոլորը չէ: Հայերին ու վրացիներին ազատագրելու խաբկանքով արշավանք սկսած ցարը ոչ միայն լքեց նրանց, այլև 1724 թվականին Պոլսում կնքված գաղտնի դաշնագրով Պարսկաստանին ենթակա Անդրկովկասի մյուս տարածքները մինչև Շամախի ճանաչեց որպես թուրքական սեփականություն` ինքը բավարարվելով Կասպից ծովի ափերին կատարած նվաճումով: Այդ պայմանագրի ուժով սուլթանական զորքերը մտան Անդրկովկաս, առաջին հերթին շարքից հանեցին Վրաստանը, որի Վախթանգ թագավորը դարձավ փախստական` ի վերջո ապաստան գտնելով Աստրախանում: Կարճ ժամանակում նվաճեցին նաև Երևանի, Նախիջևանի, Գանձակի ու Շաքիի խանությունները` ամենուր տարածելով ավերածություններ ու կոտորած: Աննվաճ մնացին միայն Ղարաբաղն ու Զանգեզուրը` տարիներ շարունակ հերոսական մաքառումների փայլուն օրինակներ կտակելով սերունդներին:

Պետրոսի Կասպիական արշավանքը, մանավանդ այն հանգամանքը, երբ հայտնի դարձավ, որ իրենցից ստրկական կախման մեջ գտնվող հայերը, որ զենք կրելու իրավունք չունեին, զորք են ստեղծել ցարին միանալու համար, փոթորիկ բարձրացրեց մահմեդական աշխարհում: Իրար թշնամի շիա ու սուննի մահմեդականները` խմբավորված երկու հզոր պետություններում, որ մինչ այդ իրարից խլում էին հայերին` որպես երկիրը շենացնող ու իրենց կերակրող աշխատավոր զանգվածի, վրա հասած չարիքների պատճառն ու մեղավորը համարեցին հայերին, մոռացան իրենց փոխադարձ թշնամանքը և իրար կողք կանգնեցին հայերի դեմ ծավալվող պայքարում: Ինչպես ցույց տվեց պատմական զարգացման հետագա ընթացքը, երկու կողմերն էլ Հայաստանը հայաթափելու հարցը դարձրել էին պետական քաղաքականություն: Եվ եթե պարսկական կողմը դա իրականացնում էր հայերին տեղափոխելով երկրի խորքերը որպես աշխատուժ, թուրքական կողմը որդեգրեց ֆիզիկական հաշվեհարդարի քաղաքականությունը` հետագայում այն հանգեցնելով 1915-23 թթ. ցեղասպանությանը, որի շարունակությունը դարձավ 1988-92 թթ. ցեղասպանությունը Ադրբեջանում: Իսկ թե ինչ հետևանքներ ունեցավ Պետրոսի Կովկասյան արշավանքը, մենք արդեն գիտենք` մանավանդ Ղարաբաղի խանության ստեղծմամբ:

Անդրկովկասի նվաճումը երկրորդ անգամ ռուսական պետական քաղաքականության առաջին պլան մղվեց Եկատերինա Երկրորդի ժամանակ` դարձյալ Պետրոսի կանխագծած ծրագրով: Կրկին խոստանում էին հովանավորություն վրաց թագավորությանը, «լրջորեն» քննարկում էին հայերի համար պետություն ստեղծելու ծրագրերը, մահմեդականներին խոստանում Աղա Մահմադ շահից նրանց փրկությունը, բայց որ դրանք ծխածածկույթ էին ռուսական նվաճողականությունը քողարկելու համար, երևացին իրական գործընթացների ժամանակ: 1796 թ. ապրիլի 18-ին ռուսական զորքերը գեներալ Զուբովի հրամանատարությամբ երկրորդ անգամ մուտք գործեցին Անդրկովկաս: Առաջինը դարձյալ Դերբենդի խանը խոնարհվեց ռուսական ուժի առաջ: Նրան հետևեցին Ղուբայի, Շամախու, Շաքիի, Գանձակի խաները, Աղա Մահմադ շահի հաշվեհարդարից փրկվելու հույսով Ռուսաստանին հպատակվելու ցանկություն հայտնեց նաև Շուշիի խան Իբրահիմ Խալիլը: Բայց որ այդ հպատակությունը խորամանկ մի անհրաժեշտություն էր ժամանակ շահելու ու կազմակերպվելու համար, դրսևորվեց նրանով, որ Իբրահիմը համոզեց Շաքիի ու Շամախու խաներին` հանկարծակի շրջապատել Զուբովի վրանները ու սպանել նրան: Դավադրությունը բացվելուց հետո Շամախու Մուստաֆա խանը փախավ Սալյան: Զուբովը ևս խորամանկությանը պատասխանեց խորամանկությամբ: Նա ոչ միայն տոն չտվեց կազմակերպված դավադրությանը, այլև Արղությանի միջնորդությամբ փախստական Մուստաֆա խանին համոզեց վերադառնալ Շամախի, իսկ Իբրահիմ խանին էլ շնորհակալական նամակ ուղարկեց Ռուսաստանի նկատմամբ ունեցած հավատարմության համար: Ռուսաստանի իրական ծրագրերի տեսակետից դեռ վաղաժամ էր վճռական քայլերի դիմելը: Այդ ծրագրերի մեջ էր մտնում նաև ռուս գաղթօջախների հիմնումը Անդրկովկասում: Այդ նպատակով Զուբովն ընտրեց Կուր-Արաքսի միացման տեղը` Ջավադ բնակավայրը, ուր պետք է բնակեցներ բանակում գտնվող 2000 երիտասարդ զինվորի, որոնց պետք է կանայք տրամադրեին հայերն ու վրացիները: Լեոն Զուբովն այդ որոշումը որակում է «մսի տուրք» ռուսական հպատակության դիմաց: Ինչ վերաբերում է հայերի պետականությունը վերականգնելու խոստումներին, այդ մասին իսպառ մոռացան:

(շարունակելի)

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ