«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՐՎԱԾ Է, ՄԵՐ ՆԱՄԱԿԸ ՉԵՄԲԵՌԼԵՆԻՆ, ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ԵՍ ՆՐԱՆ ԾԵԾԵՑԻ ԿՇՌԱՔԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ»

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՐՎԱԾ Է, ՄԵՐ ՆԱՄԱԿԸ ՉԵՄԲԵՌԼԵՆԻՆ, ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ԵՍ ՆՐԱՆ ԾԵԾԵՑԻ ԿՇՌԱՔԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ»
24.05.2011 | 00:00

Հայաստանին անծանոթ մարդը կմտածի, թե ՀՀ-ն կրոնական և ոչ աշխարհիկ պետություն է, և պարոն Բագրատյանը ցանկանում է աշխարհիկացնել այն:
Այն, որ ՀԱԿ-ի առաջնորդը և իր թիմակիցներն ամեն գնով ցանկանում են ձերբազատվել իրենց մութ անցյալից, բոլորին պարզ է: Պարզ է նաև, որ դա ցանկանում են անել ոչ թե ապաշխարության ճանապարհով, այլ թիրախավորված քննադատությամբ, ընդ որում, թիրախների ընտրության առումով խտրականություն չկա: Քննադատության կիզակետում կարող են հայտնվել թե՛ «դիմադիր», թե՛ «ընդդիմադիր» ուժերը, ազգը, պետությունը, կրոնը, ամեն ինչ և ամեն ոք, միայն ո՛չ ինքնաքննադատություն, ո՛չ ինքնագնահատական: Քննադատությունը, եթե այն կառուցողական է և պարունակում է ազգիս ներկայի ու ապագայի հետ կապված մտահոգության տարրեր, անշուշտ, օգտակար է, բայց երբ դա անցնում է չափը և սկսում է հասարակության բարոյական հիմքերը խարխլել, ապա դրան հակահարված չտալը նույնպես կլինի անբարո վարքի դրսևորում:
Երբ քաղաքական գործիչը, առավել ևս, ժամանակին բարձրագույն պետական պաշտոնյա հանդիսացող անձը, դատողություններ է կատարում հասարակական կյանքի տարբեր բնագավառների մասին, այդ դատողությունների իրատեսությունը, ամեն ինչից զատ, պետք է արժանապատվության հարց լինի տվյալ գործչի համար: Իսկ երբ նմանատիպ դատողություններ կատարվում են եկեղեցու և պատմության վերաբերյալ, առավել ևս պետք է հեռու մնալ էժանագին դիլետանտությունից:
Ակամայից հարց է ծագում. ինչո՞ւ քննադատվեց եկեղեցին և ինչո՞ւ հիմա: Պատասխան. աղանդների և նրանց հետևորդների թիվը գնալով աճում է: Հայ առաքելական եկեղեցին և իր հետևորդները դրա դեմ պայքար են մղում: Եվ այդ պայքարն ավելի արդյունավետ կարող է անել ուժեղ եկեղեցին, որին էլ կարծես դեմ է պարոն Բագրատյանը: Վերջինս դեմ է ուժեղ եկեղեցուն նաև այն պատճառով, որ այն չի սատարում մութ անցյալ ունեցող ՀԱԿ-ին, այլ ունի պետականամետ դիրքորոշում: Բացի այդ, ՀԱԿ-ի հանրահավաքների մի ստվար մասը կազմում են աղանդավորները, որոնց ղեկավարները հրահանգված են աջակցելու ՀԱԿ-ին գալիք ընտրություններում: Դե, ընտրություններին մնացել է մեկ տարի, և բագրատյանները պետք է հուսալի գործընկեր երևան աղանդավորների համար` սևացնելով Հայ առաքելական եկեղեցին։ Կարծում ենք, սա է եկեղեցու և նրան սատարող գործիչների քննադատության հիմնական պատճառը:
Հայաստանի պատմության մեջ եկեղեցու դերի և նշանակության մասին պարոն Բագրատյանի տեսակետները առավելապես մոտ են որևէ կրոնական աղանդավորի պարզունակ հեր-յուրանքներին:
Պատմական տեսանկյունից այդ դատողությունների բացարձակ սնանկությունը կարող է առաջացնել միջին որակի պատմական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ողջամիտ անձի ծիծաղը: Սակայն պարոն Բագրատյանի երևակայական թռիչքը խոսում է առավելապես նրա քաղաքական աղանդավորության հիվանդագին դրսևորումների մասին: Ի դեպ, եկեղեցու նկատմամբ նրա ջղաձգությունները վերածվում են առհասարակ հայ ժողովրդի հանդեպ արհամարհական վերաբերմունքի: Պետք է նշել, որ նրա դատողությունները կատարվում են քաղաքական պրիմիտիվիզմի դիտանկյունից: Տպավորություն է ստեղծվում, որ պարոն Բագրատյանը խոսում է որևէ մրցակից քաղաքական ուժի մասին: Եվ այս շփոթմունքի ամենասոսկալի կողմն այն է , որ պարոն Բագրատյանը եկեղեցու քննադատությամբ փորձում է շահել որոշակի քաղաքական դիվիդենդներ: Անշուշտ, դրանք աղանդավորների քվեներն են։ Իսկ հիմա կոնկրետ մի քանի փաստերի մասին:
Նախ, պատմության մասին դատողություններ կատարելիս անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ ժամանակաշրջանին վերաբերող տարբեր պատմիչների և հեղինակների վկայությունները, որից հետո հանդես գալ տարատեսակ հայտարարություններով: Այս առումով պարոն Բագրատյանին չէր խանգարի մի փոքր ավելին կարդալ եկեղեցու սեփականության և պետության հետ նրա հարաբերությունների, Պապ թագավորի և առավել ևս համաշխարհային պատմության որոշակի դրվագների վերաբերյալ:
Առաջին իսկ նախադասություններից տեսնում ենք, որ հեղինակը չի տիրապետում եկեղեցու պատմությանը և ընդհանրապես պատմության փաստերին: Միայն այն, որ Ներսես Մեծ կաթողիկոսի և Պապ թագավորի միջև եղած գժտությունը ներկայացնում է որպես սկզբնաղբյուր` Ագաթանգեղոս պատմիչի երկը, արդեն իսկ տեսնում ենք, թե այն ինչ անլուրջ կարծիք է, և նույնիսկ հարկ չկա անդրադառնալու այս հարցազրույցին գիտական տեսանկյունից, որովհետև փաստերն ամբողջովին աղավաղված են: Հարկ է ուղղել պարոն Բագրատյանին, որ Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ը կոչվում է նաև Գիրք սբ. Գրիգորիսի կամ Պատմություն և վարք սբ. Գրիգորի, որտեղ ներկայացված են քրիստոնեության պետականորեն ընդունումը, սբ. Գրիգոր Լուսավորչի մասին և հիշատակված է Տրդատ Մեծ թագավորը և ոչ թե Պապը: Այն, ինչը հեղինակը ցանկացել է ճշմարտություն ներկայացնել Պապ թագավորի վերաբերյալ, լիովին հակառակ վկայությունը տեսնում ենք Փավստոս Բուզանդ պատմիչի մոտ, ով նաև խոսում է Ներսես Մեծի և Պապի հարաբերությունների մասին:
Արաբների կողմից հայ ազգի վերածնման մասին պարոն Բագրատյանի անհեթեթ կարծիքն արդեն իսկ ստվեր է գցում նրա արտաբերած յուրաքանչյուր մտքի վրա: Ազգը սոսկ տնտեսական հասկացություն չէ: Այն նախ և առաջ կրում է մշակութային, պատմական, լեզվական, հոգեբանական և մի շարք այլ առանձնահատկություններ, և ապա նոր տնտեսական բաղադրիչ: ՈՒստի արաբների կողմից հայ ժողովրդի կարծեցյալ վերածնումը տնտեսական վերափոխման շնորհիվ հեռու է նույնիսկ ամենաանհեթեթ իրականությունից:
Քրիստոնեության ընդունմանը հաջորդող ժամանակաշրջանում եկեղեցու դերի բարձրացում նկատվում է ամբողջ Եվրոպայում: Արևմտյան Եվրոպայում պապականության առաջացումը խոսում է եկեղեցու դերի շեշտակի աճի մասին: Այս հանգամանքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Իսկ եթե որևէ պետություն սեփական լծակներն ու իշխանությունը զիջում է իր ներսում գտնվող մարմիններից մեկին, ապա խնդիրը ոչ թե տվյալ մարմինների, այլ պետության մեջ է:
Ամենազավեշտալի եզրակացությունը, որ անում է պարոն Բագրատյանը, հետևյալն է. «91-ին մենք հաղթեցինք պատերազմում, որովհետև մեզ հետ կռվողները հողատերեր էին»: Նախ մենք հաղթել ենք 94-ին, և երկրորդ, կռվողների մի մասը քաղաքաբնակ էր, որոնց ունեցվածքն ընդամենը բագրատյանների տված մեկ վաուչերն էր 1000-3000 դրամ շուկայական արժեքով, էլ չեմ ասում մեր այն հայրենակիցների մասին, ովքեր սփյուռքից էին եկել կռվելու, հաղթանակի մեջ իր առյուծի բաժինն ուներ Արցախի ժողովուրդը, իսկ Արցախում հողի սեփականատերեր չկային, այնպես որ հողատեր լինելն այստեղ կապ չունի։ Պարոն Բագրատյանի թափառող միտքը նման է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի հեղինակած «Ոսկե հորթը» պատմվածքում Շուրա Բալագանովի արտասանած Պանիկովսկու մահախոսականին. «Միջազգային իրադրությունը լարված է, մեր նամակը Չեմբեռլենին, իրադրությունը, իսկ ես նրան ծեծեցի կշռաքարերի համար»: Այսպիսի անհեթեթ մտքերի շարան:
Այն, որ օտարներից ոմանք տեղ են տվել եկեղեցուն, ամենևին չի խոսում եկեղեցու ազգադավ կամ ծախված լինելու մասին: Դա մի պարզ քաղաքականություն էր, որ կոչվում էր հովվի և հոտի քաղաքականություն, և նախկին վարչապետ պարոն Բագրատյանը դա պարտավոր էր իմանալ:
Մի մեջբերում ևս, որն ապացուցում է, որ պարոն Բագրատյանը գործում է մեր ժողովրդի դեմ և չի կարողանում թաքցնել իր վրդովմունքը, որ 16-17-րդ դարերում Հայ առաքելական եկեղեցու հողերն ավելի շատ են եղել, քան պարսկական հողերը: Երևի պարոն Բագրատյանը դրանից շատ է տխրել: Նա կցանկանար հակառակը լիներ: Այդ տխրությունը երևում է նաև իր այն պնդման մեջ, որ բեկերն ու աղաները նեղվում էին, երբ հերթական հողակտորը տրվում էր եկեղեցուն:
Մյուս կողմից` պարոն Բագրատյանն իր համակրանքն է հայտնում մեր կաթողիկոսներից Խրիմյան Հայրիկի նկատմամբ և ապա նշում, որ եկեղեցին միշտ խուսափել է հայկական պետության վերականգնումից: Սակայն նա հավանաբար չգիտի, որ հենց Խրիմյան Հայրիկն էր մեկնել մասնակցելու Բեռլինի կոնգրեսին և բարձրացնելու Հայաստանի անկախության հարցը:
Պարոն Բագրատյանն իր սերն է հայտնում նաև կաթոլիկ եկեղեցու հանդեպ և պատրաստակամություն հայտնում նույնիսկ դառնալու կաթոլիկ եկեղեցու հետևորդ: Սակայն պարոն Բագրատյանին արժե հիշել, որ եթե մեր եկեղեցուն վարկաբեկում է բենթլիների և զենք կրող առանձին հոգևորականների գոյությունը, ապա նրա սիրելի կաթոլիկ եկեղեցու անցյալի վրա է ծանրացած ինկվիզիցիայի և անմարդկային դաժանությունների երկար շղթան, ինչը չես տեսնի Հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ:
Հոդվածագիրն այն ավարտում է հոխորտալով, որ եթե եկեղեցուն ևս մեկ-երկու բենթլիներ նվիրվեն, ապա ինքը դավանափոխ կլինի։ Մենք էլ ավարտում ենք հոդվածը ափսոսանքով, որ եկեղեցուն չենք կարող բենթլի նվիրել և դրանով արագացնել Բագրատյանի կաթոլիկացումը, որով նա հնարավորություն կունենար օգտվելու կաթոլիկ եկեղեցու ծառայությունից և իր մեղքերի համար ինդուլգենցիա գնել։
Վահրամ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԺԱՄ վարչության նախագահ

Հ. Գ. -Մոռացանք հիշեցնել, որ Բագրատյանը ՀԱԿ-ի տնտեսական ծրագրի մշակման պատասխանատուն է, որում կարևոր տեղ է հատկացնելու նոր հարկային քաղաքականությանը, որն էլ խարսխված է լինելու Հայ առաքելական եկեղեցու մոմավաճառության նոր հարկատեսակի վրա։

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ