ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ»

«ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ»
09.09.2011 | 00:00

«Անկախության մասին կլինի իմ կյանքի վերջին հարցազրույցը»` սեպտեմբերի 8-ին «Իրատես de facto» ակումբում լրագրողի հարցին ի պատասխան ասաց քաղաքագետ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Նրա համոզմամբ` անկախությունը հետևանք էր դրսից եկած մարտահրավերի, որն ընդունեցին հասարակության բոլոր խավերը։ Ամենահետաքրքիրը եղել է 15 տարի առաջ և ավարտվել է, հետագա տարիներին անհրաժեշտ էր մշակել արտաքին քաղաքականության մեկնակետերը, ինչը չի արվել, և մինչև այսօր էլ չգիտենք ինչպես արձագանքել արտաքին մարտահրավերներին: Առայսօր չի մշակվել տնտեսական քաղաքականություն, չի պարզվել, թե ինչ բաղկացուցիչներ պետք է ունենա տնտեսությունը: Փաստորեն, մենք դեռ չենք որոշել, թե որտեղ է մեր տեղը:
Ղարաբաղի հարցում, Իգոր Մուրադյանի կարծիքով, ոչինչ նախասահմանված չէ: Ըստ քաղաքագետի` վերջին ժամանակներս ՀՀ նախագահը շատ է տարվել հայրենասիրական կարգախոսներով համեմված ելույթներով և, փաստորեն, բացահայտել է, որ բանակցություններ արդեն չեն վարվում: Դա շատ անսպասելի է և ոչ մի կերպ չի կապվում Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ մինչ այժմ Հայաստանի վարած քաղաքականության հետ: «Ես ուրախ կլինեի, որ դա համապատասխաներ իրականությանը, բայց կասկածներ ունեմ, որ նման հայտարարությունները հնչում են առաջիկա ընտրությունների ենթատեքստում, սեփական վարկանիշը բարձրացնելու, իմիջ փոխելու նպատակով»,- ասաց բանախոսը: Նա համոզված է, որ բանակցությունների ընթացքում Հայաստանն արվող առաջարկներին համաձայնել է, մտքում ունենալով հանձնել հողերը ինչ-որ բանի դիմաց: Բայց ինչի՞: Ոչ ոք կարգավիճակ չի առաջարկել: Մադրիդյան սկզբունքներով ընդամենը նախատեսվում է 15 տարի հետո որոշում կայացնել: Դա շատ վտանգավոր ճանապարհ է, որովհետև տարիներ շարունակ «այո» ասել, հետո «ոչ»` հնարավոր չէ: Ի վերջո աշխարհը կզայրանա ու... Հայաստանի իշխանությունը հասկացել է, որ ներկայացումը վտանգավոր է դառնում, և ցանկանում է «իջեցնել վարագույրը»: Բացառված չէ, որ մի օր Ադրբեջանը կհամաձայնի հարցի կարգավորմանը: Ի վերջո, ոչ ոք չի կարող ասել` ինչ կլինի 15 տարի հետո: Իգոր Մուրադյանը կարծում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ժողովուրդը, հասարակությունը, քաղաքական վերնախավը, սպայակույտը չեն ուզում և վախենում են պատերազմից, պատերազմ կսկսեն միայն մի դեպքում` եթե ստանան Թուրքիայի հրահանգը: Իսկ վերջին ժամանակներս Թուրքիան հասկացել է, որ առանց ԱՄՆ-ի աջակցության չի կարող հաջողություններ ունենալ որևէ հարցում: Լա՞վ է դա, թե՞ վատ մեզ համար: Ադրբեջանը հասկացել է, որ տեսանելի ապագայում պատերազմի հրահանգ չի ստանա: Հայաստանի ղեկավարությունը, իրավիճակի փոփոխությանը արձագանքելով, երկու ճանապարհ է տեսնում` կա՛մ դուրս գալ բանակցություններից, կա՛մ փոխել բանակցությունների բովանդակությունը` ոչ թե հակամարտությունը հաղթահարել, այլ խաղաղության հասնել: Իգոր Մուրադյանը չի բացառում, որ մի օր Հայաստանի ղեկավարությունը քաջություն կունենա հայտարարելու, թե մադրիդյան սկզբունքները բացարձակապես ապակառուցողական ու մտացածին են և ի վերջո ազգային աղետի կհանգեցնեն: Պետք է վերջապես հասկանալ` գերտերությունները հարցի լուծում չեն ցանկանում, հակառակը հաստատող ինչ էլ ասեն: Պարզ է, որ Ղարաբաղի հարցի քաղաքական լուծում գոյություն չունի` սա պետք է լինի քաղաքականությունը նախագծողների մեկնակետը: Ստատուս քվոյի պահպանումը մնում է հարցի միակ լուծումը, այս տեսակետի համար գերտերություններն ունեն բավարար հիմնավորում` հակամարտության կողմերը հրաժարվել են կարգավորումից: Իհարկե, Ադրբեջանն է հրաժարվել կարգավորումից, բայց դիվանագիտական լեզուն պահանջում է ասել` կողմերն են հրաժարվել: «15 տարի մենք հնարավորն արել ենք,- կարող են ասել միջնորդները,- այլևս ի՞նչ եք ուզում: Իսկ պատերազմ սկսելու իրավունք դուք չունեք, մենք 40 միլիարդի ներդրում ենք արել նավթի արդյունահանման ու եվրասիական միջանցքի ստեղծման համար, երբ նավթը վերջանա, արեք` ինչ ուզում եք»:
Իգոր Մուրադյանն իրավիճակի նոր որակ է համարում այն, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին երեք տարի ժամանակ էր տվել` Ղարաբաղի հարցը լուծելու համար։ «Ժամանակն ավարտվեց ռուսական քաղաքականության և անձամբ նախագահ Դմիտրի Մեդվեդևի լիակատար ձախողմամբ, ինչի հետևանքով Ռուսաստանը ռեալ գործընթացներից դուրս է մղվում: ԱՄՆ-ը ակտիվանում է տարածաշրջանում` մեծացնելով իր ներկայությունը: Նրանց պետք է կայունություն, ուստի ստատուս քվոյի պահպանումը միջազգային հանրության առանցքային դիրքորոշումն է: Կարգավորում չի լինելու. այդ կատեգորիան վերացել է, խնդիրը գործընթացի նոր բովանդակությունը կյանքի կոչելն է»,- եզրահանգեց Իգոր Մուրադյանը։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ