ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նոր պատերազմի դեպքում կունենանք անհրաժեշտ կենսական տարածքներ մանևրելու համար

Նոր պատերազմի դեպքում կունենանք անհրաժեշտ կենսական տարածքներ մանևրելու համար
18.08.2009 | 00:00

Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ
Մոտ քսան տարի է, երբ ամեն անգամ խոսվում է ազատագրված տարածքների, Ղարաբաղի ապագայի մշուշոտ կարգավիճակի, թուրք փախստականների վերադարձի, ինչ-որ հանրաքվեի, միջազգային ուժերի տեղաբաշխման և էլի ինչ-ինչ բաների մասին, մեր երկրի բոլոր քաղաքական ուժերը, ընդդիմադիր զանգվածային լրատվամիջոցները պայթում են վառոդի տակառի պես (իհարկե, չունենալով այդ պայթյունի էֆեկտը), բայց ոչ միայն չեն նշում հարցի լուծման ելքը, այլև, ավելի շուտ (իհարկե, որոշ թերթեր, քաղաքական ուժեր ուղղակի հստակ շեշտադրմամբ են ընդգծում Հեյդարօղլու ռազմատենչ շունչը), նպաստում են մեր հոգեպես, նյութապես, բարոյապես ընկճված հասարակության մեջ ստվար քանակ կազմող ժողովրդի (կեցցեն ԼՏՊ-ն, Քոչարյանը և նրանց հետնորդ այսօրվա մեր իշխանավորները) ոգու անկմանը:
Անցած քսան տարիների ընթացքում քաղաքական բոլոր ուժերը, նրանց լիդերները միշտ հետապնդել են գերագույն նպատակ` բոլոր մեթոդներով, լեգիտիմ և ոչ լեգիտիմ ճանապարհով մնալ բուրգի գագաթին ոչ թե երկրին, ժողովրդին առաջնահերթ ծառայելու նպատակադրմամբ, այլ, ժողովրդական խոսքով ասած, առաջ մորթու, հետո որդու բանականությամբ: Մի անգամ, երբ մի դատախազի հետ վիճում էինք նման թեմայի շուրջ, նա տարակուսած հարցրեց, թե` ի՞նչ է, կասկածո՞ւմ ես մեր իշխանավորների հայրենասիրությանը: Պատասխանեցի` ոչ, բայց բոլորն էլ, առաջին հերթին, հայրենասիրաբար թալանում են հայրենիքը: Զրուցակիցս մեկեն համաձայնեց ասածիս:
Պատմությունն ուսուցանում է, որ կոլլաբորացիոնիստական բուրժուազիան (իսկ մեր նորօրյա բուրժուազիան իսկ և իսկ այդպիսին է) միշտ էլ անձնական շահը վեր է դասել ամեն ինչից: Մեկ բան է թթի օղիով աղքատիկ սեղանի շուրջ հայրենիքի կենացը խմելը, բոլորովին այլ` առատ սեղանի շուրջ այլ որակի ըմպելիքով հայրենասիրական ճառ ասելը:
Փոքր-ինչ շեղվեցի բուն ասելիքիցս: Մեր հասարակությունը կարծես տառապում է քաղաքական պերիոդիկ հիվանդությամբ: Նախագահը մի բան է անում կամ չի անում (սկսած ԼՏՊ-ից առայսօր), քաղաքական պերիոդիկ հիվանդությունը սկսում է ակտիվանալ: Անցնում է ալիքը, պերիոդիկ հիվանդության նոպաները սկսում են սառչել մինչև հաջորդ սրացումը: Իսկ ի՞նչ է արվում այդ միջակայքում հիվանդության վերջնական մարման համար. պարզապես ոչինչ, հաջորդում է խոր, անբացատրելի լռություն` մինչև հաջորդ սրացումը:
Տա՞լ ազատագրված տարածքները, թե՞ չտալ: Տալ և գնալ ընդառաջ մշուշոտ ձևակերպումների՞ն` լսելով ԱՄՆ-ի դեմոկրատ, մարդու իրավունքներից բարբաջող նախագահին, որի համար լեսբուհիների և արվամոլների իրավունքը խախտելն անմարդկային է, բայց որի երկրի փառապանծ զինվորներն Իրաքը օրը ցերեկով սպանդանոց են դարձրել, իսկ հիմա էլ տեռորիզմի դեմ պայքարի դրոշով Աֆղանստան են հասել: Դա` ոչինչ: Աֆղանստանի պատմությունը հուշում է, որ աֆղանական ավանտյուրան ԱՄՆ-ի վերջն է լինելու: Կարծես բեն Լադենին ԱՄՆ-ը չի ծնել: Լսել տարածքային ամբողջականությունից ճառաբանող Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի՞ն, որն օրը ցերեկով հափ արեց Օսիան ու Աբխազիան և ճիշտ արեց։ Կամ թե Սարկոզիի՞ն: Տեղին է հիշել պատմական մի խոսք` ասված Ֆրանսիայի հասցեին նրա արժանավոր զավակի կողմից Ֆրանսիայի խորհրդարանում Մանուշյանի մահվան օրվա կապակցությամբ. «Հայ ժողովրդի ազատագրության համար Ֆրանսիան թուղթ ու թանաք չի խնայել, իսկ Ֆրանսիայի ազատության համար հայ ժողովուրդն իր արյունն է տվել»:
Ավելին չես ասի: Այո՛, մենք ընդունակ ենք տալու. մեր գենն է դա, մեր էությունը: Եթե ուրիշի համար ընդունակ ենք, ապա մեզ համար մեր թափած արյունն ինչո՞ւ պիտի հենց այնպես անցնի: Ես այստեղ չեմ կարող չշեշտադրել, թե ինչպես են գերտերությունները դարեր շարունակ տնօրինել մեր ճակատագիրը: Ի՞նչ տվեց մեզ Թուրքմենչայի պայմանագիրը. Արևմտահայաստանի հիմնովին և Արևելահայաստանի մի մասի կորուստ: Այժմ պատմությունը մեզ հնարավորություն է տվել մեր ուժերով տնօրինելու մեր ճակատագիրը: Հնարավոր չէ, որ աշխարհի այս կետում բոլոր գերտերությունների շահերը համընկնեն: Պարզապես օգտվել է պետք դրանից և ոչ թե հանուն անձնական, թայֆայական շահի պառակտել երկիրը, ժողովրդին: Տալ Ղարաբաղը և պրծնել գլխացավանքից, մոռանալ պատմությունը, բացել սահմանները... գնացքներն Ադրբեջանով կգնան-կգան, Հայաստանը կհարստանա… Ներեցեք, բայց եթե խորհրդային պետության պայմաններում Ադրբեջանը երբ ուզում էր, փակում էր երկաթգիծը, գազի խողովակը, ապա մեր թուլացած պայմաններում ինչ ցանկանա, այն էլ կանի: Մեզ չպիտի հետաքրքրի աշխարհի մեծերի կարծիքը, որովհետև նրանց տված միջազգային երաշխիքներն օդ նետված խոսքեր են: Գորբաչովն ասում էր` ընդամենը երեք ժամ մեր զորքերն ուշացան Սումգայիթում: Հետևանքները մեզ համար սոսկալի էին։ Մենք իրավունք չունենք թշնամուն հակահարված տալու համար երեք րոպե իսկ ուշանալու: Գուցե տալով այն, ինչ ուզում են աշխարհի տերերը, մեր սահմանները բացվեն, և ամեն ինչ լա՞վ լինի: Հազիվ թե: Իսկ եթե չենք տալիս, ի՞նչ ենք շահում դրանից: Պարզապես ոչինչ: Անորոշ ստատուս-քվոյի պահպանումը մեզ հյուծում, աղքատացնում, հետ է շպրտում: Ելքը մեկն է. եթե պահպանում ենք ստատուս-քվոն, պետք է ամեն ինչ անել ոչ թե Ղարաբաղի, այլ ազատագրված տարածքների բնակեցումն ավարտելու համար: Մենք պահը բաց ենք թողել, որովհետև ԼՏՊ-ն, Քոչարյանը և այսօրվա (այսօրվա ղեկավարի վիճակը վիճակ չէ, սակայն դա չի արդարացնում նրան) նախագահը բաց են թողել հնարավորությունը: Եթե ԼՏՊ-ն և Քոչարյանը Ադրբեջանի հայ փախստականներին (էդ մարդիկ սեփական ժողովրդին էին փախստական դարձնում բուն երկրից, բուն փախստականին ո՞վ էր հիշում, որ) բնակեցնեին ազատագրված տարածքներում և ոչ թե զբաղվեին թալանով, այսօր մենք ավելի հզոր և անխոցելի կլինեինք։ Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմից (Սումգայիթը, Բաքուն` վառ օրինակ) փախստական դարձած քրիստոնյա ժողովուրդն ապրում է Ադրբեջանի տարածքում և իր ապրելու իրավունքը պահպանելու, սպանդի չենթարկվելու համար անկախ պետություն է կառուցում: Այդ միտքը ես ասել եմ դեռևս 1992-ին: Թալանչիների ականջները զմռսված էին բանական խոսքի համար:
Ելքը մեկն է. բնակեցնել մեր «հայրենիք» չեղած Աղդամը (լիդերի հոտ չի փչում նման բաներ ասողից), ազատագրված տարածքները, որով կլինենք ոչ միայն հարուստ և հզոր, այլև նոր պատերազմի դեպքում կունենանք անհրաժեշտ կենսական տարածքներ` մանևրելու համար:
Վերջում: Ֆրանսիան Երկրորդ աշխարհամարտի ժամանակ թույլ և պարտված պետություն էր, և միայն գեներալ դը Գոլի վեհությունը, համառությունը, անձնական մաքրությունը Ֆրանսիային բերեցին հաղթողների շարք: Հավատանք, որ անցած տարիների նման նախագահ չունեցած Հայաստանը մոտ ապագայում կունենա անձնապես մաքուր, վեհ և համառություն ունեցող անհատ, որը կասի. «Ամեն ինչ Հայաստանի վեհության և հզորության համար»: Նման մաքուր նախագահի հետևից ժողովուրդն անվերապահ կգնա, և ոչ մի ուժ չի խաթարի մեր միասնությունը, հզորությունը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Իրավաբան

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ