ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԵՐՏԱՃԵԼՈՒ ԿՈՒՐՍ Է ՎԵՐՑՐԵԼ»

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԵՐՏԱՃԵԼՈՒ ԿՈՒՐՍ Է ՎԵՐՑՐԵԼ»
10.06.2011 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ



«Սերժ Սարգսյանը միանշանակ մերժելու է այն ձևաչափը, որը երկխոսության համար առաջարկում է ՀԱԿ-ը։ Ավելին, եթե դու հայտարարում ես, որ պատրաստ ես երկխոսելու, ուրեմն անուղղակիորեն ճանաչում ես տվյալ վարչակազմի օրինականությունը։ Այս հարցը լուծելուց հետո իշխանությունը պատրաստվում է գնալու հերթական ընտրությունների»,- այս համոզմանն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Նրա հավաստմամբ` ՀԱԿ-ն իր մարտավարությունը փոխել է և դարձել համակարգային` ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Անդրադառնալով իշխանության, մասնավորապես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի վերջին հայտարարությանը, քաղաքագետը շեշտեց. «Սա ծանր բացահայտում էր ընդդիմության համար, քանի որ ՀԱԿ-ը ժողովրդին հավաստիացնում էր, թե երկխոսությունը դեռ չի սկսվել և այն բաց, հրապարակային է լինելու։ Պարզվում է` այս գործընթացին նախորդել են անդրկուլիսյան բանակցություններ, որոնց հանրությունը տեղյակ չի եղել։ Հրապարակային երկխոսությունը դեռ չսկսած` մոտենում է ավարտին»։
Որդեգրելով ինստիտուցիոնալ ընդդիմության ուղեգիծը, ըստ բանախոսի, կոնգրեսը միաժամանակ փորձեց հասնել այն բանին, որ քաղաքական ճգնաժամի լիցքաթափումից հետո, «արտակարգ մարմին» ստեղծվի։ «Իշխանությունն ընդառաջ գնաց ընդդիմության ձգտումներին, որպեսզի իրավիճակը լիցքաթափվի։ Փաստորեն, քաղաքական ճգնաժամն ավարտվել է, չնայած մնացել է խոր, ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամը»։
Հմայակ Հովհաննիսյանի փոխանցմամբ` մարտի 17-ի հանրահավաքից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներն ուղղված են եղել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ «սեփական քաղաքական ուժի արմատական թևի` «հիմա»-ականների, սեֆիլյանականների», ինչպես նաև «երրորդ ուժի» դեմ։ Քաղաքագետի կարծիքով` այսօր ընդդիմությունը գնում է հակահեղափոխության ճանապարհով, չնայած իր օրակարգում պահում է արտահերթ ընտրությունների պահանջը, որպես ալիբի, որպեսզի արմատականորեն տրամադրված զանգվածը չհիասթափվի։ «Այլևս չկան խելագարված ամբոխներ, որ հեղափոխական իրավիճակ ստեղծեն։ Այն լիցքը, որ կար հասարակության մեջ, հանրահավաքների ընթացքում պարպվեց։ Սա պայմանավորվածությունների մի մասն էր։ Պիտի արմատական թևը չեզոքացվեր հենց ՀԱԿ-ի ղեկավարի ջանքերով։ ՀԱԿ-ը ձգտում է սերտաճել իշխանության հետ ու կիսել այն, բայց սա չի նշանակում, որ նա դադարում է ընդդիմություն լինելուց։ Ակնհայտ է, որ հեղափոխական ընդդիմության դաշտը դատարկվել է, և այլ քաղաքական ուժեր կարող են զբաղեցնել այդ տեղը»,- փաստեց ակումբի հյուրը` նշելով, որ ՀԱԿ-ը փորձում է Սերժ Սարգսյանին դրդել գնալու Գորբաչովի ճանապարհով, այսինքն, դեմ գնալ իր կուսակիցներին և միանձնյա որոշումներ կայացնել։
Անդրադառնալով առաջիկայում Կազանում սպասվող հանդիպմանը, ակումբի հյուրը վստահեցրեց, որ բեկումնային փաստաթուղթ չի ստորագրվի, իսկ համանախագահող երկրներն այս ժամանակահատվածում ավելի շատ հետաքրքրված են իրենց ներքին խնդիրներով, ուստի ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան ճնշումներ չեն գործադրի կողմերի վրա։ «Համանախագահները «թայմաուտի» կարիք ունեն, ինչը Հայաստանի համար հիանալի հնարավորություն է իր ներքին քաղաքական իրավիճակը կարգավորելու առումով»,- համոզված է Հմայակ Հովհաննիսյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ


Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ