ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՈՒղեղը պետք է ազատվի «աղբից», որ կարողանա կարգավորել ամբողջ օրգան-համակարգը»

«ՈՒղեղը պետք է ազատվի «աղբից», որ կարողանա կարգավորել ամբողջ օրգան-համակարգը»
17.04.2012 | 00:00

Հին հույն փիլիսոփա Անաքսագորասը գրում է. «Յուրաքանչյուր մարդու ձեռք իր ճակատագրի արտացոլումն է և իր մեջ ամփոփում է մարդ-անհատի ապաքինման հրաշագործ գաղտնիքը»: Ձեռքերով բուժելու մի տեսակ է մերսումը (հունական messa բառից, որ նշանակում է շփել, շոյել, տրորել, ճմլել): «Մերսում» հասկացությունը շրջանառվել է անհիշելի ժամանակներից, կիրառվել է տարատեսակ հիվանդությունների բուժման նպատակով (Հին Եգիպտոս, Հունաստան, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Հին Հռոմ):

«Մերսումը լայն հասկացություն է: Դասական մերսման հիմքի վրա ստեղծվել են մերսման տարբեր ձևեր` բուժական մերսում, հիգիենիկ, տիբեթյան, չինական: Մերսումը կարող է լինել սարքավորումներով, տաք քարերով, սառույցով և այլն»,- ասում է ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Նշենք, որ երկու տարին մեկ ամբողջ աշխարհի ոչ ավանդական բժշկության հայտնի մասնագետները հավաքվում են, ամեն երկիր ներկայացնում է իր մեթոդները, նորություններն ու ձեռքբերումները: Կովկասյան ավազանից հրավիրվում է Գագիկ Կարապետյանը, որը Հայաստանում այլընտրանքային բժշկության հիմնադիրներից է: Ստորև ներկայացնում ենք մասնագետի պարզաբանումները մերսման ավանդական ու ոչ ավանդական տեսակների, հատկապես կետային բուժման վերաբերյալ:

Կետային մերսումը ոչ ավանդական բժշկության տեսակներից է, որը Տիբեթից տարածվել է այլ երկրներ: Ֆրանսիացիներն ուսումնասիրել են և պարզել, որ հինգ հազար տարի առաջ այլմոլորակայիններն են սովորեցրել Տիբեթի հոգևոր հայրերին կետային բուժման գաղտնիքները: Այս պատմությունն անհավանական է թվում: Ոչ ավանդական բուժմանը մեզ մոտ կասկածանքով են վերաբերվում, մինչդեռ Արևելքում այն լայն տարածում ունի, կան խոշոր ինստիտուտներ և դպրոցներ:

Կետաբուժությունն այլընտրանքային բուժման ձև է և հաճախ լուծումներ է առաջադրում այն հիվանդությունների դեպքում, որոնք, թվում է, թե լուծում չունեն: Կիրառվում է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, գլխացավի, երակների լայնացման, նյարդային համակարգի խանգարումների, հոդացավերի, բրոնխիալ ասթմայի, հայմորիտի, օստեոխոնդրոզի, արթրոզի, շաքարախտի, մանկական էնուրեզի, մազաթափության և այլ հիվանդությունների բուժման նպատակով: Հակացուցված է վիրուսային, սուր սրտանոթային, շողացող ճնշումների, ինֆեկցիոն, հոգեկան հիվանդությունների դեպքում:

Կետային մերսումը կարող է ծառայել նաև որպես ցավազրկող միջոց: Չինաստանում, Ճապոնիայում որոշ վիրահատություններ անում են առանց անզգայացնող միջոցների` էլեկտրոպունկտուրայի միջոցով բիոլոգիական կետերի վրա ազդելով:

Հարկ է նշել, որ կետաբուժությունը հազարամյակների ընթացքում չի ենթարկվել փոփոխման, միայն կատարելագործվել է:

Երկարակեցության գաղտնիքներից մեկը մարդու մարմնի վրա կետային բուժման ամբողջական համակարգի կիրառումն է: Տիբեթում 45 տարի է եղել, բայց նրանք, մշակելով ճիշտ ապրելակերպի կանոնները, ապրելու տևողությունը հասցրել են 80-ից այն կողմ:

Հարց` ունե՞նք մենք պրոֆեսիոնալ մասնագետներ կետաբուժության ոլորտում, ո՞ւմ պետք է դիմի հիվանդը: Կան խոշոր դպրոցներ, որտեղ լամաները ամբողջ կյանքում սովորում են, բայց էլի թերի են մնում նրանց գիտելիքները: Մեզ մոտ տարածված է ասեղնաբուժությունը, որը կետային բուժման ճյուղերից է և կիրառվում է ոչ լիարժեք ձևով: Թերի իմացությունը կարող է հակառակ արդյունքը տալ: Ասում են` վերապատրաստվել ենք Չինաստանում, բայց իրականում վերապատրաստվել են վարսավիրանոցի մակարդակով: Ցանկացած վարսավիրանոցում կետային մերսումներ են անում: Արևելքում գրեթե բոլորն էլ տիրապետում են կետային բուժման պարզ մեթոդներին, իսկ խոշոր մասնագետների մոտ սովորելը թանկ հաճույք է, բացի դրանից, նրանք այդքան հեշտ չեն բացում իրենց «խոհանոցի դռները» պատահական մարդկանց առաջ:

Կա նաև «բուժող ձեռքեր» հասկացություն, որ բնատուր է: Մերսմամբ զբաղվողը բնությունից տրված տաք և չոր ձեռքեր պիտի ունենա, իսկ մեր երիտասարդների ձեռքերը հիմնականում խոնավ են և սառը:

Մարդու մարմնի վրա կա 1600 բիոլոգիական ակտիվ կետ, որոնցից 700-ը մերիդիանային են և դասակարգված են 12 զույգ խմբերով (սրտի մերիդիան, թոքերի, ստամոքսի, տասներկումատնյա աղիի և այլն): Օրինակ, հեգու կետը, որ գտնվում է ցուցամատի և բթի արանքում, զույգ է, որովհետև մյուս ձեռքն էլ ունի: 12 զույգ մերիդիաններից բացի, կա 2 կետ` առաջնային և հետին մերիդիաններ, որոնցով մարմինն ուղղահայաց բաժանվում է երկու մասի: Այս երկու` «ին» և «յան» կողմերն անընդհատ էներգետիկ կարգավորման պրոցեսի մեջ են:

Մերիդիանի միջոցով կարելի է ուղղակիորեն ազդել մարդու օրգան-համակարգի գործունեության վրա: Յուրաքանչյուր բիոլոգիական ակտիվ կետ պատասխան է տալիս այս կամ այն օրգանի ֆունկցիայի համար: Եթե այդ կետը մերսում ենք ժամացույցի սլաքի ուղղությամբ, ակտիվացնում ենք այն, եթե հակառակը, պասիվացնում ենք: Բիոլոգիական ակտիվ կետերը ցավոտ են, սեղմելիս կամ պտտելիս, էլեկտրական հոսանքի նման, ճառագայթում են: Այդ կետերի ակտիվացման համար դարեր շարունակ դրանց վրա ազդել են ասեղով, քարով, փայտով, բանկայով, մատով, կրակով և այլն: Կետային բուժման հիմքում ընկած է «ցի» կոչվող էներգիայի տեղաբաշխումը մարդու մարմնի 1600 բիոլոգիական կետերի միջև: Երբ օրգանիզմում խնդիրներ են առաջանում, էներգիայի հոսքը և կետերի զգացողությունը խաթարվում են: Ըստ էներգետիկ բժշկության` մարդն առողջ է, եթե նրա էներգետիկ պաշարները ներդաշնակ վիճակում են` հավասարաչափ բաշխված: Եթե մեկ համակարգում էներգիայի պակաս է, այն պետք է լրացվի ճանապարհները «բացելու» միջոցով: Այդ ճանապարհները կոչվում են գետեր, լճեր, դրանց «բացումը» կարգավորում է մարմնի էներգետիկ բալանսը:

Մարդիկ մեծ գումարներ են ծախսում այս մեթոդներով բուժվելու համար: Աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոն կոկորդի քաղցկեղը բուժել է լամաների մոտ: Բուժման ընթացքում նրան զրկել են կապի միջոցներից, արտաքին աշխարհի հետ շփումից և ստիպել ենթարկվել բնության կանոններին: Դոմինգոն պատմում է, որ իր կարիքների համար ջուր է կրել, հետո, անցնելով երկար ճանապարհ, պարզել է, որ ջուրը կողքին է: Այսինքն, ամբողջական մեթոդներ են կիրառվում, որ մարդը կարողանա բնության տված բարիքներից օգտվել, աշխատել, բնության օրենքներին համահունչ ապրել, փոխել բնավորությունը, ձերբազատվել վատ սովորություններից: Պետք է վերացնել նախանձը, ագահությունը, քենը, մեծամտությունը, չարությունը, ուղեղը պետք է ազատվի «աղբից», որ կարողանա կարգավորել ամբողջ օրգան-համակարգը: Առողջությունը և գեղեցկությունը խանութից չեն գնում, չարչարանքով, խելքով են ձեռք բերում, դաստիարակությամբ, մարմինը ճանաչելու ընդունակությամբ:

Տարիների ընթացքում մարդը պետք է իմաստությունն ավելացնի, ճանաչի իր իսկ օրգանիզմը, իմանա մի պարզ բան` ինչն է կարելի, ինչը` ոչ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4793

Մեկնաբանություններ