ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ճանապարհի քարաթափումները հիմնականում կառուցման հետևանքով առաջացած երևույթներ են»

«Ճանապարհի քարաթափումները հիմնականում  կառուցման հետևանքով  առաջացած  երևույթներ են»
20.04.2012 | 00:00

ԵՊՀ-ի մասնագետները նամակով դիմել են ՀՀ գործադիր իշխանության ղեկավարին` վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդում «Հայաստանի սողանքների ուսումնասիրությունը և այսօրվա վիճակը» թեմայով քննարկումներ կազմակերպելու համար: Մասնագետների համոզմամբ` Հայաստանում հրատապ խնդիր են սողանքային երևույթների ուսումնասիրումն ու հակասողանքային միջոցառումների ձեռնարկումը:

«Վերջին ուսումնասիրությունների համաձայն` ամբողջ Հայաստանի տարածքում առանձնացվել է մոտ 2500 սողանքային տեղամաս: ՈՒնենք բնակավայրեր, որոնք ամբողջովին կամ մասնակի գտնվում են սողանքային տարածքներում: Մի շարք գյուղեր կառուցվել են այնպիսի տեղերում, որոնք երկրաբանական կառուցվածքի տեսակետից համարվում են հին սողանքավտանգ տարածքներ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական-հանքային գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որը երկար տարիներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս զբաղվում է սողանքային երևույթների ուսումնասիրմամբ:

Մարատ Գրիգորյանը նշեց, որ հանրապետությունում տարեկան հարյուրավոր միլիոններ են ծախսվում սողանքային երևույթների հետևանքները վերացնելու համար, բայց դրանք կանխարգելելու ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում: Հաճախ կանգնում ենք այն փաստի առաջ, որ տվյալ բնակավայրն արդեն պետք է տեղահանել, տվյալ ճանապարհը պետք է տեղափոխել և այլ ճանապարհ կառուցել, կամ տվյալ լանջը, որն օգտագործվել է որպես գյուղատնտեսական տարածք, դառնում է մշակման համար ոչ պիտանի: Այսինքն, փաստագրում ենք հետևանքները:

«Օրինակ, Վայքի Մարտիրոս գյուղը սողանքային դաշտում էր, տեղահանվեց հարևան տարածքի վրա, բայց սողանքային երևույթները նկատվում են նաև այդ տարածքում,- նշեց Մարատ Գրիգորյանը:- Մասնագետների ոչ լուրջ մոտեցումների պատճառով հարկ եղավ մասնակիորեն տեղահանել Ողջաբերդի համայնքը: Այդ համայնքով է անցնում Երևան-Գեղարդ հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհը, որը Ողջաբերդի հատվածում շահագործման տեսակետից դառնում է վտանգավոր»:

Մասնագետը փաստում է, որ համայնքի տեղափոխումը, ճանապարհի հատվածի չշահագործումը հարցի լուծում չեն. մեր երկիրը լեռնային երկիր է, մարդկային գործոնի պատճառով տեղափոխված վայրում նույնը կլինի: Հարկավոր է լուրջ ուսումնասիրություններ կատարել, համապատասխան եզրակացություններ, հիմնավորումներ տալ, հակասողանքային միջոցառումների պլան մշակել և հետևել, որ տվյալ տարածքն օգտագործվի այնպես, որ չխախտվի բնության ստեղծած հավասարակշռությունը, չհանգեցնի բնական լանջերի կայունության խախտման և սողանքային երևույթների առաջացման:

Մարատ Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի Ողջաբերդի ճանապարհահատվածի մի փոքր մասը, մոտ 1 կմ երկարությամբ, վերականգնելու համար նախատեսվել է շուրջ 40 միլիոն դրամ: Բացի դրանից, նախատեսվում է կառուցել 1,5 կմ երկարությամբ շրջանցող ճանապարհ: «Նույն պատկերն ենք ունենալու,- ասաց նա:- Համայնքը սողանքային գոտում է, կան նստեցման երևույթներ, և եթե այդպես շարունակվի, կարող է առաջ գալ մեծ սողք, և ամբողջ լեռնային զանգվածը կտեղաշարժվի դեպի Ազատ գետը: Խնդիրը հրատապ է: Միլիարդներ ծախսել սողանքային երևույթների հետևանքները վերացնելու և այդ գումարների մի մասը չծախսել ուսումնասիրելու և հակասողանքային միջոցառումներ իրականացնելու համար, մեր երկրի համար մեծ շռայլություն է»:

Սողանքային երևույթների ակտիվացում է նկատվում նաև Երևան-Դիլիջան երկաթգծի հատվածում, Դիլիջան քաղաքի և հարակից տարածքներում: Այստեղ սողանքային երևույթները լավ ուսումնասիրվել են, արվել են որոշակի առաջարկություններ հակասողանքային միջոցառումների կազմակերպման առումով, բայց աշխատանքներ չեն իրականացվել: Օրինակ, Դիլիջան քաղաքի տարածքում խորհրդային տարիներին կառուցված թանկարժեք ջրահեռացման թունելը չի շահագործվում, իսկ սողանքային երևույթների առաջացման հիմնական պատճառը ստորերկրյա ջրերն են:

Մեր հանրապետությունում հաճախ են գրանցվում փլուզումներ, քարաթափումներ: Բոլորովին վերջերս ճանապարհի եզրային ժայռերից քարաթափման պատճառով փակվել էր Գորիս-Տաթև ճանապարհի Հալիձոր-Տաթև հատվածը: Անցյալ տարի Տաթև-Հալիձոր ավտոճանապարհի 300 մետր հատվածը սողանքի պատճառով փակվել էր, հարակից ժայռի փլուզման հետևանքով առաջացած բեկորները թափվել էին ճանապարհին, որը շահագործման էր հանձնվել 2010-ի հոկտեմբերին` Հալիձոր գյուղը Տաթևի վանքի հետ կապող` աշխարհում ամենաերկար ճոպանուղու բացմանը զուգահեռ:

Երբ փորձում ես ճշտել, թե ո՞րն է փլուզման պատճառը, ի՞նչ քայլեր են արվում փլուզումները և դրանց կրկնման վտանգը կանխելու ուղղությամբ, համապատասխան մասնագետները հրաժարվում են մեկնաբանություններ տալուց:

Մարատ Գրիգորյանը նշեց, որ քարաթափումը մեկ օրում չի առաջանում, այն երկարատև պրոցես է, որի զարգացումը երկրի մակերեսին կամ տվյալ հատվածում կարելի է հայտնաբերել և կանխարգելել: «Պետք է լինի պետական ծառայություն, որը հսկի և պատասխանատու լինի տվյալ ճանապարհի անվտանգ շահագործման համար,- ասաց նա:-Ճանապարհի քարաթափումները հիմնականում կառուցման հետևանքով առաջացած երևույթներ են: Ճանապարհները հաճախ կառուցվում են` հաշվի չառնելով տեղանքի երկրաբանական կտրվածքը, լանջի թեքությունը, որոնք անհրաժեշտ են նստվածքներ, փլուզումներ, սողքեր չառաջանալու համար: Արդյունքում, ճանապարհը կառուցվում է, անցնում է որոշ ժամանակ, նկատվում են փլուզումներ և այլ երևույթներ: Բավականին տեղաշարժեր, խորքային սողքային երևույթներ կան Երևան- Մեղրի ճանապարհի ՈՒղեձորի հատվածում, իսկ դա միակ ճանապարհն է, որ կապում է Սյունիքը Վայքի և Երևանի հետ»:

Երկրաբանի խոսքով` Հայաստանում նշված երևույթների դեմ պայքարելու համար իրականացվում են ոչ արդյունավետ միջոցառումներ: Սողանքները, կարծես, ուսումնասիրվում են միայն ուսումնասիրելու համար:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ