ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ+ԳՐԱԳԵՏ ՄԵՆԵՋՄԵՆԹ»

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ+ԳՐԱԳԵՏ ՄԵՆԵՋՄԵՆԹ»
11.11.2011 | 00:00

ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Նոյեմբերի 12-ին «Արարատբանկի» գործադիր տնօրեն ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ և ՎԶԵԲ-ի սինդիկացիոն վարկերի վարչության ղեկավար ԼՈՐԵՆՍ ՋՈՐԳԵՆՍԵՆԸ ստորագրեցին 12 միլիոն դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր: Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակ ունեցող վարկային ծրագրում ոչ միայն ՎԶԵԲ-ն է, այլև բելգիական ՎԴԿ «Սպաարբանկը», ռուսական «Պրոմսվյազբանկ» ԲԲԸ-ն, լիբանանյան «Բիբլոս» բանկը: Սա երկրորդ խոշոր վարկային պայմանագիրն է. այս տարի «Արարատբանկը» արդեն 10 միլիոն դոլարի վարկային պայմանագիր էր ստորագրել Հարավարևելյան եվրոպական հիմնադրամի հետ: 2011 թ. ինն ամիսներին բանկը ֆինանսական հաջողություններ է գրանցել նաև այլ ցուցանիշներով. անցած 9 ամիսներին բանկի զուտ շահույթը կազմել է 1 միլիարդ 718,5 միլիոն դրամ, տարեսկզբի համեմատ բանկի ակտիվներն աճել են 4 միլիարդ դրամով կամ 6,39 տոկոսով, վարկային ներդրումների աճը կազմել է 9 միլիարդ 800 միլիոն դրամ կամ 38,67 տոկոս: 2,5 միլիարդ դրամով կամ 27,12 տոկոսով աճել են ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները, 44,25 տոկոսով աճել է պլաստիկ քարտերի քանակը, բանկի հաճախորդների թիվն ավելացել է 38,5 տոկոսով:
«Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը պայմանագրի ստորագրումը որակեց նոր փուլ բանկի կյանքում. «Առաջին անգամ «Արարատբանկը» դուրս եկավ միջազգային վարկային շուկա և միջոցներ ներգրավեց միջազգային վարկային շուկայից: Վարկային պայմանագիրը բաղկացած է երկու մասից. առաջին մասը ՎԶԵԲ-ի հետ պայմանագիրն է` 3 միլիոն դոլարի չափով, 9 միլիոն դոլար ներգրավվել է առևտրային բանկերից»: Պարոն Օսիպյանը գործարքը համարեց թիմային աշխատանքի արգասիք և շնորհավորեց բանկի բաժնետերերին ու աշխատակազմին: Նրա գնահատականով` նման պայմանագրերը հավաստում են միջազգային կառույցների վստահությունը բանկի նկատմամբ:

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԱԶԴԱԿՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԵՆ ԵՎ ՄԵԶ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ՈՐ ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
Պարոն Օսիպյանը պատասխանեց պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա լրագրողների հարցերին.
-Ի՞նչ նպատակով է օգտագործվելու վարկը:
-Ծրագիրն ուղղված է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: «Արարատբանկը», ելնելով հասարակության առաջ իր սոցիալական պատասխանատվությունից, հայտարարում է արտահանման խրախուսման ծրագիր: Բոլոր արտահանող ընկերություններին պատրաստ ենք վարկավորելու տարեկան 9 տոկոսով վարկերով, կվարկավորվեն նաև այն ընկերությունները, որոնք ներմուծվող ապրանքներին փոխարինող արտադրություն են իրականացնելու:
-Ինչպե՞ս ձևավորվեց գործարքը:
-Մեզ համար դա իսկապես մասնագիտական հետաքրքիր գործընթաց էր, որովհետև միաժամանակ բանակցում էինք չորս ընկերության` ՎԶԵԲ-ի, բելգիական ՎԴԿ «Սպաարբանկի», ռուսական «Պրոմսվյազբանկ» ԲԲԸ-ի, լիբանանյան «Բիբլոս» բանկի հետ:
-Ինչպե՞ս է բանկը դիմակայում ճգնաժամին:
-2008-ի վերջին մենք զգացինք ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ազդանշանները և սկսեցինք մտածել` ի՞նչ անել: Ընդհանրապես` ի՞նչ է նշանակում ճգնաժամ: Ճգնաժամն առաջինը տնտեսագիտության մեջ որակել է ռուս վերլուծաբան Նիկոլայ Կոնդրատևը դեռ 1920 թ.` բացատրելով հասկացությունը և հասկացության բովանդակությունը: Ճգնաժամը փոփոխություն է, և մենեջմենթի խնդիրն է` կառավարել այդ փոփոխությունը: Ճգնաժամի դեպքում հնարավոր է երկու ստրատեգիական որոշում. առաջին` կանգ առնել և հետևել, թե ինչ է կատարվում, երկրորդ` իմանալ ինչ է կատարվում ու շարժվել առաջ: Մեր թիմը որոշեց շարժվել առաջ: 2008 թվականից միջին աճի տեմպերը մեր բանկում կազմեցին 40 տոկոս: Ճգնաժամային երեք տարիներին մենք ապահովել ենք միջին աճի 40 տոկոս, մենք շատ զգույշ ենք: 2008 թ. բանկը իր աշխատանքի վերակառուցման գործընթաց սկսեց, և այսօրվա կառուցվածքը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Բանկի գործող կառուցվածքում ես շատ եմ կարևորում ռիսկի կառավարման բաժանմունքը: Այսօր «Արարատբանկը» ռիսկի կառավարման լավագույն համակարգն ունի Հայաստանում:
-Քանի՞ տարով է այս վարկը տրամադրված: «Արարատբանկը» հայտարարել էր, որ պատրաստվում է վարկային նոր կազմակերպություններ ձեռք բերելու, նորություններ կա՞ն այդ ուղղությամբ: Ինչպե՞ս եք գնահատում անցած 9 ամիսների աշխատանքը:
-Վարկը բաղկացած է երկու մասից. ՎԶԵԲ-ի` 3 միլիոն և 9 միլիոն առևտրային 3 բանկերի գումարը, ժամկետները տատանվում են 1-5 տարի, և ըստ ֆոնդերի ու ժամկետայնության` օգտագործվելու են փոքր ու միջին բիզնեսի վարկավորման, առևտրի ֆինանսավորման համար: Մենք ուսումնասիրում ենք շուկան, և մեր ռազմավարության մեջ կա նոր կազմակերպությունների ձեռքբերումը: Հույս ունեմ, որ մինչև տարեվերջ կանցնենք շահույթի 2 միլիարդի շեմը: ՈՒնեցել ենք վարկային ներդրումների 38 տոկոս, մեծ աճ ենք ունեցել ֆիզիկական անձանց ներդրած միջոցներից, 130000 հաճախորդ ունենք, 85000 պլաստիկ քարտ ենք սպասարկում, անցած 9 ամսում 4 նոր մասնաճյուղ ենք բացել, այս ցուցանիշները աշխատանքը դրական գահատելու հիմքեր կարող են դառնալ:
-Փոքր ու միջին բիզնեսը շատ բանկեր են ֆինանսավորում, ո՞րն է «Արարատբանկի» առավելությունը:
-Փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորումը մեզ համար շատ հետաքրքիր է, որովհետև բանկը նաև իր խնդիրն է համարում պատրաստել հաճախորդներին:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Դա նշանակում է բանկի հաճախորդների համար նախապատրաստել կորպորատիվ, ռիսկերի կառավարման գաղափարախոսություններ: Հաճախ մեր սպասարկած փոքր ու միջին ընկերությունները դառնում են միջին ու մեծ ընկերություններ, որը մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք պետք է օգնենք նրանց մեծանալու, մենք հասկանում ենք նրանց շուկան և իրենց հետ շատ ու շատ գործընթացներ ենք անցնում: Մեր առաջին առավելությունը ես համարում եմ մեր տեխնոլոգիան, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Այդ տեխնոլոգիան «Արարատբանկում» ներդրվել է 2008 թվականին ՎԶԵԲ-ի աջակցությամբ և թույլ է տալիս 3 օրում վարկառուի օպերատիվ գնահատում իրականացնել: Գնային ճկուն քաղաքականությունը մեր մյուս առավելությունն է, որը թույլ է տալիս այդ շուկայում ակտիվ աճ ունենալ:
-Ի՞նչ են հուշում դրսից եկող ազդակները Հայաստանի բանկային համակարգին, տոկոսադրույքները կփոխվե՞ն:
-Առաջինը վարկային շուկաների կրճատումն է և վարկային տոկոսադրույքի աճը միջազգային շուկաներում, որը, իհարկե, մեզ համար բացասական ազդակ է: Դա նշանակում է, որ պետք է ունենանք ներգրավման այլընտրանքային միջոցներ: Միջազգային շուկաների ազդակներն անհանգստացնող են և մեզ հուշում են, որ ճգնաժամը շարունակվում է: Տնտեսագետներն ասում են, որ ճգնաժամն ունի կարճ ալիք և երկար ալիք, մենք հիմա գտնվում ենք ճգնաժամի երկար ալիքի մեջ, որ բանկային համակարգի դեպքում պահանջում է ուժեղացնել ռիսկի կառավարումը, ավելի պահպանողական լինել և հնարավորինս կառավարել փոփոխությունները:
-Դա նշանակում է վարկերի տրամադրման պայմանները կխստացվե՞ն և տոկոսադրույքները կբարձրացվե՞ն:
-Հայկական շուկայում այսօր այդպիսի վտանգ չկա, մենք ունենք 21 բանկ, և մրցակցությունը բանկային համակարգում բավականին մեծ է, այդ մրցակցության պատճառով բանկային համակարգում 2011 թ. վարկային միջին տոկոսադրույքը 2-3 տոկոսով նվազել է, կարծում եմ` այդ միտումը կշարունակվի և 2012 թ., եթե արտառոց իրավիճակներ չլինեն:

««ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է»
Օրվա իրադարձությանը բարձր գնահատական տվեց նաև ՎԶԵԲ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վալերի Գլալորիան։ Նա կարծում է, որ Հայաստանում կոնսոլիդացիայի ժամանակն է, և այդ գործընթացը համարում է նորմալ: Նա հավատում է կոնսոլիդացիոն հեռանկարին, որովհետև համոզված է, որ ներկա շուկայում տեղական բանկերը կարող են պատասխանել մարտահրավերին և ընդունելի գնով ծառայություններ մատուցել, մասնաճյուղեր բացել Հայաստանի մարզերում: Ըստ նրա` կոնսոլիդացիան մրցակցության դեմ չէ, չի կարող պարտադրված լինել կարգավորիչ կառույցների կողմից, բանկերն այդ գաղափարին պետք է ինքնուրույն հանգեն, իսկ ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակելու բանկային համակարգի կոնսոլիդացիային:
ՎԶԵԲ-ի սինդիկացիոն վարկերի վարչության ղեկավար Լորենս Ջորգենսենն ակներևաբար գոհ էր պայմանագրի կնքումից. նա հայտարարեց, որ պատրաստվում են «Արարատբանկի» հետ երկարաժամկետ համագործակցության: ՎԶԵԲ-ը խոշոր ներդրող է Հայաստանի մասնավոր հատվածում. արդեն ավելի քան 100 նախագիծ է ստորագրված 500 միլիոն դոլարի շրջանակներում, որոնց 95 տոկոսն ուղղված է մասնավոր հատվածին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հաշվի առնելով` ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել հայաստանյան բիզնեսի զարգացմանը` շեշտադրելով ենթակառուցվածքների, փոքր և միջին բիզնեսի և հատկապես ֆինանսական կառույցների աջակցությունը: Վարկային պորտֆելի 48 տոկոսն ուղղված է ֆինանսական կառույցներին, որովհետև ֆինանսական կառույցները ֆինանսական ոլորտի կենտրոնն են: Պարոն Ջորգենսենը օրվա պայմանագրի, որը առաջին սինդիկացիոն պայմանագիրն է, ստորագրման գործում կարևորեց բանկի բանիմաց, նպատակաուղղված մենեջմենթը. «ՎԶԵԲ-ի համար շատ կարևոր է, որ «Արարատբանկը» փոքր ու միջին բիզնեսի վարկավորման առաջատարն է: Մեր նպատակներից մեկն է օգնել հաճախորդներին ներդրողներ գտնելու, և ես վստահ եմ, որ կնքված պայմանագրով այդ նպատակին հնարավոր է հասնել»: ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը ներկա և ապագա զարգացումների համար այս գործարքը հաջողություն որակեց և շնորհավորեց ոչ միայն բանկի աշխատակիցներին, այլև նրանց, ովքեր վարկի գումարն օգտագործելու են աշխատանքի մեջ:

«ՈՒՆԵՆՔ ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԻ ՆՄԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԿԻՐ ԵՎ ԲԱՆԿԻ ԼԱՎ ՏԵՐ»

«Արարատբանկի» խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ «Ինչպե՞ս է, որ «Արարատբանկը» բոլոր վերուվարումներում միշտ մնում է ալիքի վրա» հարցին պատասխանեց հակիրճ և հաճույքով. «Որովհետև ունենք Աշոտ Օսիպյանի նման պրոֆեսիոնալ բանկիր և բանկի լավ տեր, որ եթե ոչնչով նրան չի օգնում, գոնե չի խանգարում»: Իսկ պրոֆեսիոնալ գաղտնիքներ չկա՞ն: «Ոչ մի գաղտնիք, մարդկային գործոն + գրագետ մենեջմենթ»,- հնչեց պատասխանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2397

Մեկնաբանություններ