«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՈՒՄ ԹՈՒՐՔԻՆ-1

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՈՒՄ ԹՈՒՐՔԻՆ-1
27.05.2011 | 00:00

Հրապարակ է նետվել ՀՀ մշակույթի նախարարության և ԼՂՀ զբոսաշրջության վարչության բարձր հովանավորությամբ ու պետական «չաղ-չաղ» միջոցներով տպագրված 36-էջանոց մի պատկերագիրք-ալբոմ (հեղինակ` Սամվել Կարապետյան), որի ռազմավարական գերնպատակը ամփոփված է վերնագրի մեջ` «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները»։
Մենք այդ գերնպատակին կանդրադառնանք հետո` մեր խոսքը սկսելով ընդամենը 9 նախադասությունից կազմված այն «պատմական» հիմնավորումից, որը դուռ է բացում նենգափոխումների առաջ։ Այդտեղ «հիմնավորված» է, որ, սկսած 14-15-րդ դարերից, Հայաստան ներթափանցած միջինասիական քոչվոր ցեղերը «ստիպողաբար կամ նույնիսկ բռնությամբ» հարկադրել են մեր քարգործ վարպետներին իրենց համար կառուցել «բերդեր, ապարանքներ, մզկիթներ, դամբարաններ, կամուրջներ, իջևանատներ, բնակարաններ, որոնք բոլորն էլ կրում են հայկական ճարտարապետության ավանդույթների ակնառու դրոշմը»։
Ընթերցողին իրեղեն վկայություններով ցույց տալու համար, որ քոչվոր այդ ցեղերը ոչ միայն նման կառույցների կարիքը չունեին, այլև ժամանակ ու հնարավորություն` «մանրուքներով» զբաղվելու, անհրաժեշտաբար հղում ենք անում ՀԺՊ ակադեմիական հրատարակության 4-րդ հատորին (1972 թ.)։ Այնտեղ ընդամենը 14 էջում` 32-46, սպառիչ ներկայացված են մի ամբողջ հարյուրամյակի վայրիվերումները Հայաստանում ու շրջակա երկրներում, ցուցադրված է այն վայրենի մոլուցքը, որով առաջնորդվում էին անընդմեջ պատերազմի մեջ գտնվող ցեղերի ու ենթացեղերի առաջնորդները, միևնույն գերդաստանի անդամները` իշխանության ու կատարված թալանին տեր դառնալու համար։ Այդ հողի վրա հայրը որդուն էր վերացնում, որդին` հորը, եղբայրը` եղբորը, էլ չենք խոսում միջցեղային արյունահեղությունների մասին։
Անպարփակ վայրիվերումների այս դարում խաշնարածի կենցաղով ապրող այդ ցեղերը ոչ միայն չէին հասել «ամարաթներ, բերդեր ու դամբարաններ» կառուցելու քաղաքակրթությանը, այլև հարյուրամյա այդ եռացող կաթսայում շինարարությամբ զբաղվելու ժամանակ չունեին։ Այսպիսին է պատմական իրականությունը։ Աններելի նենգափոխում է հոյակապ ու բարձրարվեստ դամբարաններ կառուցել տալու պատիվը վերագրել մի ցեղապետի, որի սերունդները մինչև 20-րդ դարն անհաղորդ են եղել պարզագույն շինարարական արվեստին անգամ։ Երբ 1953-ին առաջին անգամ եղա Աշխաբադում, երկրաշարժից ավերված քաղաքում տիրականորեն իշխում էր միայն մեկ շենք` հայոց կիսաքանդ եկեղեցին։ Իսկ երբ 60-ականների վերջերին այդ քաղաքում էի ու եղբորս ասացի, թե Աշխաբադը քաղաքի տեսք է ստանում, վերջինս ասաց` հայ ճարտարապետների ու շինարարների ջանքերով, որոնցից մեկն էլ ինքն էր։ Այլ հարց է, որ երբ բավականին ուշացումով հասկացան հատկապես հոգևոր կառույցների նշանակությունը, սկսեցին յուրացնել դրանք` աղավաղելով արտաքին տեսքը, քերելով արձանագրությունները, մինարեներ ավելացնելով։ Այստեղ էլ լիարժեք հաջողության չհասան, չկարողացան նախկին հետքերն իսպառ վերացնել, ուստի տեղ-տեղ փրկվել են զարդանախշերն ու խաչերը, արձանագրությունների որոշ տառեր ու բառեր։
Քանի որ գրքույկում տեղ գտած նկարները որևէ մեկնաբանություն չունեն, բացի տեղանունից ու կառուցման թվականից, մենք դարձյալ ամուր կկանգնենք իրական, պատմական հողի վրա` առաջին հերթին ճշմարիտ տեղեկություն հաղորդելու նպատակով, որն ինքնաբերաբար կցուցադրի նաև ամեն կարգի նենգափոխում։ Եվ այսպես։
ԴԱՄԲԱՐԱՆ ԽԱՉԵՆ-ԴՈՐԲԱՏԼԻ ԳՅՈՒՂԻ ՄՈՏ, 1314 ԹԻՎ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ
Դեռևս 1999-ին հրատարակած պատկերագրքում Սամվել Կարապետյանն այդ կառույցի մասին գրել է. «1314 թ. կառուցված դամբարանը (քյումբազ), որի հարթաքանդակների կատարման ոճն ու գեղարվեստական առանձնահատկությունները հար և նման են 1301 թ. Եղվարդում` Շահիկ վարդապետի կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատի հարթաքանդակներին։ Առկա ընդհանրությունները, նաև կառուցման ժամանակի համընկնումը (ընդամենը 13 տարվա տարբերություն) առիթ են տալիս կարծելու, որ Խաչեն-Դորբադլիի դամբարանի ճարտարապետը նույն ինքը Շահիկ վարդապետն է» (էջ 227)։ Իսկ թե ինչու ներկա պատկերագրքում 1301 թ. դարձավ 1321 թ., հեղինակի գաղտնիքն է։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Մակար եպ. Բարխուդարյանցը, որն ավելի քան 50 տարի եղել է հոգևոր առաջնորդ, Ս. Կարապետյանի համեմատությամբ փոքր-ինչ լավ գիտեր հոգևոր կառույցների անուններն ու նրանց վերապահված գործառույթները։ Բարխուդարյանցը նման կառույցն անվանում էր մատուռ, աղոթարան։ Ի տարբերություն սովորական եկեղեցու, ուր բազմաբնույթ հոգևոր գործառույթներ էին կատարվում, մատուռը միայն աղոթատեղի է, և պատահական չէ, որ այն կառուցվում էր գերեզմանատներում ու սրբատեղիներում։ Մատուռը դամբարան որակելով և այն լիցքավորելով թուրքաբարբառ «քյումբազ»-ով, կարճ ճանապարհ են բացում թուրքերի գյոռուտներին «հասնելու» համար։ Ինչ մնում է թաղումներին, չունենք եկեղեցական կառույց, ուր թաղումներ եղած չլինեն, բայց դա դրանք դամբարան-գյոռուտ չի դարձրել։ Նույնիսկ եկեղեցիների բեմերի տակ էին թաղումներ կատարում, ինչպես Հռիփսիմեինը` Էջմիածնում, Մաշտոցինը` Օշականում, Գրիգորիսինը` Ամարասում։
Ճիշտ է, 36 սուղ էջերից 8-ը Կարապետյանը տրամադրել է այդ փոքրիկ կառույցին, բարեխղճորեն լուսանկարել ու տեսանելի դարձրել այն ամենը, ինչ միայն ու միայն հայկական շինարվեստի սեփականությունն է, բայց նրա հետևողականությունն ինչ-որ մի կետում «արջի ծառայություն» է հենց իրեն` հաստատելով, որ 710 տարվա հեռավորությունից մեզ հասած հայկական մատուռին եթե երբևէ թուրքական զգեստ էլ են հագցրել, ապա դա տեղի է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսին։ Մենք տեղյակ չենք արցախյան որևէ կառույցի, որի պատերին դաջված լինի արաբական կամ լատինական որևէ տառ։ Բայց ահա Խաչենի մատուռի պատերին հանդիպում ենք 1935 թ. հետո ռուսերեն տառերով թուրքերենի` Բինտիզար, Ռամիզ Էլդանիզ և այլ անունների ու 1970 թվականին։ Ահա այսպես են մեր հնագույն մատուռը թրքացնում մեր «գիտակ ու ճանաչված» մտավորականների ձեռքով։
ԵԿԵՂԵՑԱՁԵՎ ԴԱՄԲԱՐԱՆ ՎԱՆՈՑԱ (ՋԻՋԻՄԼԻ) ԳՅՈՒՂԻ ՄՈՏ, 14-ՐԴ ԴԱՐ
Վեց էջ զբաղեցնող լուսանկարներով ներկայացվող այս կառույցի մասին Կարապետյանը 1999 թ. գրել է. «Այն գտնվում է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից 3,5 կմ հարավ... Ամենայն հավանականությամբ, Վանոցան նույնպես հայաթափ է եղել 18-րդ դարի 2-րդ կեսին... Գյուղն առավել հայտնի է հարավ-արևմտյան բարձրադիր եզրին տարածված ընդարձակ գերեզմանատնով և նույն տեղում դեռևս կանգուն երկու դամբարանատներով... 1980-ականների սկզբին Մեծ Ջիջիմլուի մեջ գտնվող եկեղեցու քերված արձանագրությունից մի կերպ վերածվել (՞) է. «ԱԾ... ԿԱՐՈՂ... ՈՒ թվին»։
Այստեղ արդեն հուշարձանը ներկայացվում է տարբեր տեղերից և կառույցների տարբեր մասերի պատշաճ լուսանկարներով, բայց հեղինակը «կուլ է տալիս» «եկեղեցու քերված արձանագրությունից մի կերպ վերծանված» հայկական տառերը, որպեսզի այն դարձնի 14-րդ դարի քոչվոր ցեղապետի պատվերով ստեղծված դամբարան-գյոռուտ։
ՄԶԿԻԹ (1878-1879) ԵՎ ԲԱՂՆԻՔ ԱԲԴԱԼ ԳՅՈՒՂՈՒՄ
Այստեղ արդեն նենգափոխումներն անցնում են բոլոր սահմանները` մանավանդ տարեթվերի և Աբդալ տեղանվան հիշատակումով։ Մենք գործ ունենք հնագույն հուշարձաններով հարուստ մի տարածքի հետ, որը միշտ եղել է ոչ միայն հնագետների ուշադրության կենտրոնում։
Ժողովուրդն իր հիշողության մեջ ամրագրել և սերնդեսերունդ մեզ է փոխանցել այդ տարածքում կատարված պատմական իրադարձությունների արձագանքը։ Այստեղ` Հացիկ գյուղի աղբյուրի մոտ են առաջին անգամ հանդիպել Աղվանից հայոց թագաժառանգ Վաչագանն ու գեղջուկի դուստր չքնաղագեղ Անահիտը, որոնք շուտով պիտի դառնային Բարեպաշտ թագավոր և Իմաստուն թագուհի։ Որ դա պատմական իրողություն է, փոխանցվել է նաև հարևան թուրքերին և հասել մեր օրերը։ 1986-ին Նավթալանում բուժվելու օրերին պարտավցի մի թուրք վարորդ մեզ տեղեկացրեց, թե Պարտավում ևս կա Գըզ բուլաղ անունով աղբյուր` Աղջկա աղբյուր։ Դա հեռավոր արձագանքն է այն իրողության, որ թագուհու իմաստությունը հավերժացնելու համար մայրաքաղաքում ևս ստեղծել են նրա անունը կրող աղբյուր։ Տարվա օրերի թվով եկեղեցիներ կառուցող Վաչագան Բարեպաշտը հենց Հացիկի մոտերքից պիտի սկսեր եկեղեցիների կառուցումը։ Եվ այսօր այդ սրբազան հիշատակներն են ավերում կամ թրքացնում։
Մեզ հայտնի առաջին հնագետը` Մակար եպ. Բարխուդարյանցն է ըստ ամենայնի ներկայացրել տարածքի եկեղեցիները, մատուռները, բեմերը (որ հետագայում շրջանառության մեջ մտավ «որմնափակ խաչքարեր» ձևակերպմամբ)։ Բավարարվենք միայն Սեդրակ Բարխուդարյանի սեղմ ներկայացմամբ։ «Հացի գյուղ-Բռի եղցի, դեպի արևելք հուշարձանների մի մեծ խումբ` փռված բլրի ստորոտից մինչև գագաթը։ Արձանագրությունները հիմնականում վերաբերում են 12-13 դարերին, բայց կան նաև հեթանոսական ժամանակների մշակույթի հետքեր։ Կանգուն ու կիսավեր հուշարձաններն են` 1. երկու իրար կից եկեղեցի, 2. փոքր եկեղեցի, որի արևմտյան պատի վրա վարդապետ Շահենի արձանագրությունն է, 3. երկու մատուռ, 4. որմնափակ խաչքարեր` երեք հատ, բոլորն էլ խիստ վնասված»։ Այսպիսով. 4 եկեղեցի, 2 մատուռ, 3 որմնափակ խաչքար, և 153-157 էջերում էլ ներկայացված են վերծանված արձանագրությունները (Դիվան հայ վիմագրության, 5-րդ պրակ, 1982 թ.)։
Մեզ մնում է միայն դիտարկել կատարված նենգափոխումների առանձին դետալները։ Ահա Աբդալ գյուղը` իր թվագրված «մզկիթով ու բաղնիքով»։ Երբ 1918-ի ամռանը թուրքական զորքերը խուժեցին Անդրկովկաս, թուրքերի արյուն-ավերից փրկվելու պարտադրանքով այդ բնակավայրի հայերը բարձրացան մոտակա լեռնային ապահով վայր, ուր հեշտ էր ինքնապաշտպանությունը։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո փորձեցին վերադառնալ իրենց բնակավայրը, բայց հանդիպեցին այնտեղ ներխուժած թուրքերի դիմադրությանը։ Հակամարտությունը կարող էր լուծվել միայն պետական մակարդակով, և հողագործության կոմիսար Մուկուչ Արզանյանը այն լուծեց թրքավարի ու թուրքերի համար։
Իսկ ով էր Մուկուչ Արզանյանը։ Բաքվում խորհրդային կարգերի հաստատման դեռ ամիսը չլրացած` մայիսի 22-ին Նարիմանովի կարգադրությամբ նավթահանքերից հավաքագրում են վատթարագույն պայմաններում ապրող, բացառապես անգրագետ, ծագումով զանգեզուրցի ու ղարաբաղցի շուրջ 500 բանվորի, լողացնում բաղնիքում, տանելի շորեր հագցնում, հանդիսավոր ձեռները տալիս «կարմիր պարտիզանի» գրքույկներ, ուղարկում Ղարաբաղ` արտակարգ իրավունքներով ու բարձր պաշտոններով, որոնք և «փառավորապես» կատարում են վերադասի հանձնարարությունները։ Մուկուչը դրանցից մեկն էր (Շ. Մկրտչյան, «Արցախյան գրառումներ», 2001 թ., էջ 274)։
Բայց ինչքան էլ վրդովեցուցիչ են գրքույկում տեղ գտած նենգափոխումները, տեղ-տեղ էլ հանդիպում ենք զվարճալի իրողությունների։ Զվարճալի է ոչ թե այն, որ 20-ական թվականներին Աբդալ դարձած գյուղում 40 տարի առաջ կառուցվել է «մզկիթ», այլ այն, որ «մզկիթի» հարևանությամբ, անջուր այդ բլրին ցցում են նաև բաղնիք` ցուցադրելու համար նրանց «Euro» քաղաքակրթությունը։ Հեղինակի այդ ճիգն ակամա ստիպում է վերհիշել հայտնի սրամտությունը նրանց մաքրակեցության մասին։
Թուրք ու քուրդ չոբաններից քուրդը օրերից մի օր հարցնում է իր թուրք ընկերոջը, թե ինչ հաճախականությամբ է լողանում։ Անակնկալի եկած թուրքը մտածում է, թե ինչ սուտ ասի, որ չմատնի իրեն և ասում է, թե չեղա՜ծ-չեղա՜ծ, տարին երկու անգամ լողանում է։ Քուրդը հանդիմանում է նրան. «Դե ասա, գոմեշի պես ջրից դուրս չես գալիս, էլի»։ Իսկ թուրքի նույն հարցին քուրդը պատասխանում է, թե ինքն էլ է երկու անգամ լողանում, բայց մեկ ծնվելուց, մեկ էլ մեռնելուց հետո։
Եվ այսպես, ոչ միայն մեր հազարամյա եկեղեցին են մզկիթի անվան տակ ծախում թուրքին, այլև չեն կարողանում «յոլա գնալ» առանց նրանց «լողացնելու»։
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ