ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՁԵՌՔՆԵՐՍ ԾԱԼԱԾ ՆՍՏԵՆՔ` ՏԵՂ ՉԵՆՔ ՀԱՍՆԻ

ՁԵՌՔՆԵՐՍ ԾԱԼԱԾ ՆՍՏԵՆՔ` ՏԵՂ ՉԵՆՔ ՀԱՍՆԻ
10.09.2010 | 00:00

Ժողովրդի հետ շփվելու և նրա հետ խորհուրդ անելու կոչերը վերջապես հասան մեր իշխանություններին։ Ամառվա տապին վարչապետը հանդիպում ունեցավ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկվեցին «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի արդյունքները։ Մի քանի դիտողություն արեց։ Բնակչության ուշադրությանն արժանացավ նրա այն արտահայտությունը, թե զեղծարար պաշտոնյայի տեղի երկու հարյուր հավակնորդների մեջ հնարավոր չի եղել գտնել գոնե մեկ անկաշառ մարդ։ Չհասկացանք։ Ինչպե՞ս եղավ, որ Վրաստանում այդպիսիք գտնվում են, իսկ մեզ մոտ չկան։ ՈՒրեմն վրացիները, որոնք կաշառակերության մակարդակով առաջին տեղն էին գրավում ԽՍՀՄ-ում, կարողացան հաղթահարել այդ չարիքը, իսկ մեզանում անկաշառ մարդիկ չկա՞ն։ Եթե չկան, ուրեմն մի խանգարեք զեղծարարին իր գործով զբաղվելու։ Այսպե՞ս է ստացվում։ Բայց այս տրամաբանությունն անբնական է։ Այն նյարդայնացնում է մարդկանց, որովհետև հիմա տրամադրություններն այնպիսին չեն, ինչպիսին էին երկու տարի առաջ։
Հիմա շատերը հասարակական խնդիրների լուծման բանալին միտինգներն ու երթերը չեն համարում, նրանք ծարավի են ուղղակի գործողությունների, այդ թվում` կոշտ մեթոդների գործադրման։ Այս առումով Ղրղզստանի իրադարձությունները նույնպես հատկանշական են, քանի որ ղրղզական խռովությունը դարձավ նաև իշխանության մի շարք պետական կառույցների նկատմամբ կոռուպցիոն վերահսկողության հետևանք։ Սակայն շեղվեցինք։ Զարգացնելով նույն կոռուպցիոն թեման` Տիգրան Սարգսյանը եզրահանգեց, թե մեր հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ բացասական վերաբերմունք չի դրսևորում, հենց այդ պատճառով էլ անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ։ Բերենք օրինակներ հայկական առօրյա կյանքից, և թող վարչապետը հուշի, թե ինչ ըմբոստություն պիտի դրսևորի, ասենք, գործազուրկ Սամվելը, որպեսզի կառավարությունը պատշաճ միջոցներ ձեռնարկի։
Եվ այսպես. Մոսկվա-Նախիջևան չվերթը, որի թռիչքաժամանակը 2 ժամ 45 րոպե է, արժե 160 եվրո, իսկ «Արմավիա» ընկերության Մոսկվա-Երևան երթուղով նույն ժամանակամիջոցում իրականացվող թռիչքն ուղևորի վրա գրեթե կրկնակի թանկ է նստում։ Ինչո՞ւ Հայաստանի քաղաքացին նույն ծառայության դիմաց կրկնակի ավելին պետք է վճարի, քան Ադրբեջանի քաղաքացին, հարցի պատասխանը թողնում ենք հայրենի կառավարությանը։ Առավել ևս, որ քիչ փող չէ. մեկնել-վերադառնալու սխեմայով միայն մեկ ինքնաթիռի հաշվով տարեկան հասույթը ավելի քան 20 մլն դոլար է։ Իսկ բոլորի՞նը։ Դժվար չէ հաշվել։
Երկրորդ օրինակը. ՌԴ պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, վերջին տասը տարում Հայաստանի շուրջ 330 հազար բնակիչ ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան։ Այդ ժամանակամիջոցում նրանց կատարած կենսաթոշակային մասհանումները մոտենում են մեկ մլրդ դոլարի։ Նույն խեղճ Սամվելն ի՞նչ իմանա, թե ինչպես և ուր են անհետանում այդ փողերը։ Գուցե վարչապե՞տն օգնի։
Երրորդ օրինակը. Հայաստանը, internet World Stats-ի տվյալներով, տարածաշրջանային հետնապահ է համացանցից օգտվողների քանակով։ 2010-ի հուլիսի վերջի տվյալներով` Ադրբեջանում կա 3,7 մլն բաժանորդ (բնակչության 44,4 տոկոսը), Վրաստանում` 1,5 մլն (28,3 տոկոս), իսկ Հայաստանում` 208 հազար (7 տոկոս)։ Եվ դա այն դեպքում, երբ տարածաշրջանում այսօր շահագործվող ապակեմանրաթելային մալուխի գցման համար Հայաստանը ոչ մի դոլար չի վճարել։ Հետաքրքիր է, ուղղակի շա՜տ հետաքրքիր է. միգուցե ադրբեջանական և վրացական ինտերնետ ծառայությունների գների համեմատ հայաստանյան բարձր գներն ինչ-որ արհեստական բա՞ն են պարունակում` կապված կոռուպցիոն սխեմայի առկայության հետ։ Այս հարցի պատասխանը, ցավոք, ոչ թե գործազուրկ Սամվելի իմացության շրջանակում է, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, շա՜տ բարձրաստիճան։ Մեզ համար անհնար է նրանց ընդունելությանն արժանանալը։ Գուցե վարչապետը փորձի։
Իսկ մենք վերադառնանք հարևան Վրաստան։ Այնտեղ կան ոչ միայն տաք ծով, էժան մանդարին, այլև օրենքի կոշտ թելադրանք։ Ոչ թե Թբիլիսիում, այլ Ջավախքի հեռավոր հայկական լեռնային գյուղերում կոռուպցիայի մասին անցյալ ժամանակով են խոսում, իսկ որպես ասվածի հաստատման օրինակ պատմում են, որ հիմա իրենց մոտ վարորդական իրավունք կարելի է ստանալ 15 րոպեում` առանց որևէ կաշառքի։ Իսկ մեզ մո՞տ։ Հարցրեք մարդկանց։
Հարավկովկասյան այս հանրապետությունում տնտեսությունը հաջողությամբ զարգանում է։ Միխեիլ Սաակաշվիլին արդյունավետ նախագահ դուրս եկավ ներքին քաղաքականության մեջ, նա սահմանափակ ժամանակամիջոցում լուրջ վերափոխումներ կատարեց երկրում։ Վրացական փորձը Հայաստանի համար շատ դրական է։ Նրանց մոտ հարկահավաքման ցուցանիշը 2010-ի առաջին կիսամյակի ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ մեր ցուցանիշը գերազանցում է 10,5 տոկոսով։ Պատկերավոր ասած, դա հավասար է Երևանի 25 բարձրահարկ բնակելի շենքի արժեքին, որոնց բնակարանները կարելի էր անհատույց բաշխել նրանց, ովքեր պատկառելի տարիքի են հասել` այդպես էլ պետությունից չստանալով իրենց հասանելիք տանիքը։ Սակայն ապշեցնում է ոչ միայն դա, այլև ընդհանուր հոգեբանական մթնոլորտը։ Այսպես, նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանի հայտարարության համաձայն, գրանցված թմրամոլների թիվը Հայաստանում վերջին տարվա ընթացքում ավելացել է 50 տոկոսով։ Օգոստոսին Երևանում մեկ կգ կարտոֆիլի գինը հատել է 350 դրամի սահմանը։ Դա նախորդ տարվանից կրկնակի բարձր է։ Երևանցիներն իրար են անցել։ Վիճակն ավելի անմխիթար ու տխուր է դառնում ժամանակավորապես հայրենիքից հեռացածներից ստացվող լուրերի հետևանքով։ Այսպես, հուլիսի 29-ին կախվել է արտաքսման ենթակա Հայաստանի մի քաղաքացի։ 58-ամյա Սլավիկ Կ.-ն նախընտրել է հրաժեշտ տալ կյանքին, քան հարկադրաբար վերադառնալ Հայաստան։ Հրաժեշտի երկտողում գրված է եղել. «Ինչու գնամ մի տեղ, ուր աշխատանք չկա, արժանապատիվ կյանք ու հարգալից վերաբերմունք չկա»։ Իսկ Հայաստանում սոցիալական ինքնասպանության փաստերն արդեն ոչ թե տագնապ, այլ իսկական խուճապ են առաջացնում։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2010 թ. առաջին կիսամյակում ինքնասպանությունների թիվը հասել է 138-ի (նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճը 31,4 տոկոս է)։ Ահավասիկ 2010 թ. հունվար-հունիս ամիսների հրապարակված տվյալները հարկերի ու տուրքերի գանձման գծով. դրանք մեկ դոլարը 367 դրամ փոխարժեքով դոլարային արտահայտությամբ մոտ 924 մլն դոլար են։ Այսինքն, դա կես տարում յուրաքանչյուր բնակչի հաշվով կազմում է 280 դոլարից մի քիչ պակաս, իսկ մեկ ամսվա հաշվով` 46 դոլար (Ադրբեջանում այս ցուցանիշը 145 դոլար է, Վրաստանում` 107 դոլար)։ Սա նշանակում է, որ Հարավային Կովկասում մենք անհուսալիորեն վերջինն ենք։ Սա փակուղի է։ Ելնելով այս թվերից, միարժեքորեն կարելի է ասել, որ Հայաստանը ցածր եկամուտների երկիր է, որն իրավունք չունի սոսկ սահմանափակվելու կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությանը նվիրված անպտուղ քննարկումներով, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և ղարաբաղյան հակամարտության ժամկետների որոշման հարցերին նվիրված տեսական բանավեճերով։ Ժամանակ այլևս չկա։ Այս բոլոր ուղղություններով որոշումներ պետք է ընդունել անհապաղ։ Ամեն ձգձգում է՛լ ավելի կվատացնի վիճակը։ Եվ, ուրեմն, ի՞նչ պետք է անել։ Նախ` հակակոռուպցիոն քաղաքականության մեջ ակտիվորեն օգտագործել վրացական փորձը և հետևողականորեն խորացնել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ։ 2004-ից ի վեր ամերիկացիներն իրենց տարածքային դատարանների միջոցով կոռուպցիայի մեղադրանքով արդեն դատապարտել են կոռուպցիոն գործընթացների 80 անհատ դերակատարների գործընթացներ, որոնք տեղի են ունեցել ոչ թե ԱՄՆ-ում, այլ GRECO-ի անդամ այլ երկրների իրավական պատասխանատվության գոտում։ Իրենց գործողությունների տրամաբանությունն ամերիկացիները բացատրում են այդ կազմակերպության միասնական իրավական տարածքի առկայությամբ։ Այդ չարիքն արմատախիլ անելու համար Հայաստանին, որը, ինչպես և ԱՄՆ-ը, GRECO-ի անդամ է, սաստման հենց այդ գործիքն է պետք։ Ամերիկյան դատարաններում մի քանի ցուցադրական դատավարությունն արագորեն կարգուկանոն կմտցներ մեր կյանքում։ Երկրորդ, անհապաղ վերսկսել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցությունները, հայ հասարակությանը հանել սթրեսային վիճակից` կապված հաղորդակցական մեկուսացման զգացողության հետ, և նրան հնարավորություն տալ արժանապատվորեն առևտրաձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու թուրքական Բոսֆորից մինչև ղազախական Ալաթաու ձգվող ընդարձակ տարածքում։ Եվ երրորդ` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հանդեպ անցնել հարաբերությունների նոր որակի։ Ամերիկացիների հետ պայմանավորվածության գալ Հայաստանի քաղաքացիների համար մոլդովական սկզբունքով այցեկարգի դյուրացման վերաբերյալ։ Այսինքն, մինչև 60 ամիս (լսո՞ւմ եք` ամի՛ս) և առանց 120 դոլար հյուպատոսական վճարի։ Իսկ ԵՄ-ի հետ մինչև 2010-ի վերջը ուկրաինացիների նման համաձայնագիր ստորագրել ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ։
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ