ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԻՆՉՈ՞Ւ Է ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

ԻՆՉՈ՞Ւ Է ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
11.11.2011 | 00:00

2012-ից կառավարությունը մտադիր է եկամուտների պրոգրեսիվ սանդղակի հարկման ձևն ընդլայնել` 2 մլն դրամից ավելի եկամուտների հարկման բեռը ծանրացնելով ևս 5 %-ով։
Ֆինանսական շուկայում գործող փորձագետների համոզմամբ` այս փոփոխությունն առաջին հերթին կտարածվի բանկերի և օտարերկրյա ներդրումների վրա։ Նկատենք, որ այս պահին եկամուտների պրոգրեսիվ սանդղակը կիրառվում է, սակայն այն տարբերությամբ, որ մինչև 80 հազար դրամի եկամուտները հարկվում են 10, իսկ դրանից բարձր եկամուտները` 20 %-ով։ Սպասվող փոփոխությամբ 20 %-ը վերջին սահմանը չէ, այն կավելանա ևս 5 %-ով` հասնելով 25 %-ի։ Ինչ խոսք, սա կնպաստի, որ պետբյուջեի եկամտային մասն ավելանա, սակայն արդյո՞ք ժամանակավոր «էֆեկտի» արժեք չի ունենա։ Նորություն չէ, որ պետբյուջեի եկամտային մասի լավագույն ապահովման միջոցը տնտեսության զարգացումն է, հակառակ դեպքում արդյունքը կարճատև է։
Այդ տեսանկյունից խիստ կասկածելի է եկամտային բեռը 5 %-ով ավելացնելու արդյունավետությունը, քանի որ այն առաջին հերթին, ըստ ֆինանսիստների, անդրադառնում է բանկային և օտարերկրյա ներդրումների ոլորտներին։ Վտանգն այն է, որ բանկերը կարող են բարձրացնել իրենց ծառայության գներն ու վարկային տոկոսադրույքները, իսկ օտարերկրյա ներդրողների համար այստեղ ներդրումներ անելը կարող է շահավետ չլինել։ Եթե այլ երկրներ օտարերկրյա կապիտալի ներգրավման համար ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները հարկային բեռը նվազեցնելու, անգամ որոշ ժամանակով չհարկելու միջոցով, ապա Հայաստանը գործում է ճիշտ հակառակ սկզբունքով։ Ամեն ինչ արվում է օտարերկրյա ներդրողներին «խրտնեցնելու» համար։ Մինչդեռ այդ ներդրումների, ինչպես նաև բանկերի վարկային ցածր տոկոսադրույքների միջոցով է, որ պետք է զարգանա տնտեսությունը, որն էլ կոչված է ապահովելու պետբյուջեի եկամուտների շարունակականությունը։
Ի դեպ, 2012-ի պետբյուջեի եկամուտների համալրման նպատակով նախատեսվում է կիրառել նաև շքեղության հարկ, ակնկալելով դրա հաշվին եկամտային մասն ավելացնել 2 մլրդ դրամով։ Այն, որ այս հարկատեսակն անհրաժեշտություն էր և վաղուց պետք է գործեր, ակնհայտ է, բայց, ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան ավելի ուշ։ Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչու շքեղության հարկատեսակը կիրառվելու է միայն ավտոմեքենաների համար։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակչությունը սոցիալապես բևեռացված է, և միջին խավ ասվածը մեծ տոկոս չի կազմում։ Այն հատկապես իր կայացման շրջանում «հարվածի ենթարկվեց» ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի ժամանակ։ Հետևաբար, անկախությունից սկսած մեր բնակչության արտոնյալ խավը, կարելի է ասել, ապրել և ապրում է ժողովրդի հաշվին, թեկուզ և այն պարզ պատճառով, որ, որպես հարկատու, գրեթե նույն հարթության վրա է գտնվել սովորական ժողովրդի հետ։ Այժմ կառավարությունն այդ բացը փորձում է լրացնել` 2012-ին ավտոմեքենաների նկատմամբ շքեղության հարկատեսակը կիրառելով առանց անշարժ գույքը հաշվի առնելու։ Թերևս, բնակարան ասվածն արտոնյալ խավի համար խիստ մեղմ է հնչում։ Այս դեպքում ավելի կիրառական է դղյակներ, վիլաներ ասվածը։ Եթե միայն ավտոմեքենաների դեպքում այս հարկի կիրառման դեպքում հնարավոր է 2 մլրդ դրամ եկամուտ ապահովել, ապա որքան մեծ կլինի այդ գումարը, եթե կիրառվի նաև անշարժ գույքի նկատմամբ։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ շքեղության հարկատեսակը շրջանցում է անշարժ գույքը։ Այլ կերպ ասած, ինչո՞ւ է կառավարությունը հրաժարվում լրացուցիչ և արդարացի ճանապարհով հարկեր գանձելուց, այն էլ այն դեպքում, երբ աշխարհը կանգնած է գլոբալ ճգնաժամի երկրորդ ալիքի վտանգի առջև։
Կարծում ենք` խնդիրը երկու «աստառ» ունի։ Առաջինը` չի բացառվում, որ ավտոմեքենաների շքեղության հարկատեսակը կարող է լինել փորձնական ծրագիր և դրական արդյունքի դեպքում տրամաբանորեն տարածվել անշարժ գույքի վրա։ Երկրորդ, չի բացառվում, որ այս հարկատեսակն այդպես էլ չվերաբերի շենքերին ու շինություններին։ Այն պարզ պատճառով, որ շքեղության հարկը կիրառելի է միայն առանձին խմբի մարդկանց համար, որոնք ոչ միայն խոշոր գործարարներ են, այլև զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ։ Եթե այս հանգամանքը հաշվի առնենք, ապա հարց է առաջանում` արդյո՞ք կառավարությունը կգնա նրան, որ ինքն իրեն և իր մերձավորագույն շրջապատը համալրող խոշոր գործարարներին շքեղության հարկատեսակի լծի տակ դնի։ Չմոռանանք, որ եթե անգամ կառավարությունը նման որոշում ընդունի, ապա ԱԺ-ում այն կարող է բոյկոտվել։ Հատկապես, երբ ավտոմեքենաների շքեղության հարկն արդեն իսկ ԱԺ-ում միանշանակ չի ընկալվում։ Նշենք, որ շքեղության հարկատեսակը գանձվելու է 90 հազար և ավելի դոլար արժողությամբ «ավտոմեքենաներից»։ Սա նշանակում է, որ հարկատեսակը կիրառվելու է խիստ սահմանափակ մարդկանց` մեծահարուստների նկատմամբ։ Իսկ թե Հայաստանում քանի ավտոմեքենա կա այդ արժողությամբ, փորձեցինք ճշտել պատկան կառույցներից և հիմա սպասում ենք պատասխանին։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ