«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵՐԲ ԺԱՅԹՔՈՒՄ Է ՔՆԱԾ ՀՐԱԲՈՒԽԸ

ԵՐԲ ԺԱՅԹՔՈՒՄ Է ՔՆԱԾ ՀՐԱԲՈՒԽԸ
10.12.2010 | 00:00

Երկրաշարժերը, հրաբուխները, ցունամիները, ջրհեղեղները, փոթորիկները, անտառային հրդեհները, գլոբալ տաքացումները երկրագնդի վրա տեղի ունեցող ամենակործանարար բնական աղետներն են, որոնք եղել են, կան և շարունակվելու են։
Մարդկությունը նման աղետների դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ դեռևս չունի և, հավանաբար, չի էլ ունենա։ Մի շարք զարգացած երկրներում այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են կատարվում, սակայն դրանք հիմնականում աղետներից պաշտպանվելու նախազգուշական միջոցառումներ են, որոնք կիրառելով հնարավոր է դառնում վնասների չափերը փոքրացնել։ Վերջին ժամանակներս մեծ ուշադրություն է դարձվում շենքերի սեյսմակայունությանը, ինչի հետևանքով երկրաշարժերի ժամանակ շենքերը քիչ են վնասվում, մարդկային զոհեր շատ չեն լինում։ Չափազանց կարևոր է նաև մարդկանց մի շարք աղետներից նախապես պաշտպանվելու պայմաններին իրազեկելը։ Արդեն կանխատեսվում են կլիմայական փոփոխությունների, փոթորիկների և նրանց շարժման, ուժգնության ու տևողության ժամանակները։ Անտառային հրդեհների դեմ օգտագործվում են հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Ճապոնացիները նույնիսկ կանխագուշակել են հանգած հրաբխի արթնացման ժամանակը։ 2000 թ. մարտի 31-ին խոր քնից արթնացավ Հոկայդո կղզու ՈՒսու հրաբուխը, որը վերջին անգամ ժայթքել էր 1978-ին։ Նրանք կարողացան իմանալ, որ հրաբուխը գործելու է հենց այդ օրը, քանի որ դրա շրջակայքում տեղադրված սեյսմիկ սարքավորումներով և այլ մեթոդներով հետևում էին ընդերքի շնչառությանը։
Երկրագնդի տարբեր մասերում հեռավոր ժամանակներում գործող և հետագայում հանգած կամ երկարատև քնի մեջ գտնվող հրաբուխների արթնացման բազմաթիվ այլ օրինակներ կան։
Հայաստանի ներկա տարածքում 100-ից ավելի մեծ ու փոքր հանգած հրաբուխներ ունենք, որոնք գործել են 1-2 միլիոն և ավելի տարիներ առաջ։ Դրանցից ամենահզորներն են Արագած, Արա, Աժդահակ, Սպիտակասար և Կովասար հրաբուխները։ Արարատն էլ իր գեղասլաց տեսքով հնագույն հրաբխային գործունեության կերտվածք է և եզակի իր նմանների մեջ` հիմքից ունեցած ամենամեծ բարձրությամբ, որը հասնում է 4300 մետրի։
Մեր հանրապետության տարածքի զգալի մասը ծածկված է հրաբխային տարբեր բնույթի արտավիժումներով։ Դրանց տակ են մնացել հնագույն գետեր, լճեր, դաշտեր և, հավանաբար, նախնադարյան բնակավայրեր։
Ըստ պատմական տվյալների` ամենաերիտասարդ հրաբուխը մեր երկրում գործել է 735 թվին, ներկայիս Վայոց ձորի մարզում։ Հրաբուխը, որ հիմա կոչվում է Գիժ սար, հրահեղուկ լավաներով ծածկել է պատմական Մոզ քաղաքը` իր 10 հազար բնակիչներով։ Մոզը Պոմպեյի բախտակիցն է` դեռևս չպեղված։
Չի բացառվում, որ Գիժ սարի նման այլ հրաբուխներ արթնանան կամ նորերն առաջանան։ Մեր հրաբուխներից շատերը դեռևս լրիվ հանգած չեն։ Դրանց տարածքներում գտնվում են գեոթերմիկ գոտիներ, որտեղից դուրս եկող տաք ջրերի ջերմաստիճանը հասնում է 40-80 աստիճանի։ Խորքային տաք ջրերի գոտիները որոշ ընդհատումներով ձգվում են Որոտան գետի միջին հոսանքից դեպի Ջերմուկ, Սևանի ավազան, Արզական և Հանքավան։ Նշված ուղղությամբ են անցնում մագմատիկ օջախներին հասնող տեկտոնական խոշոր ճեղքերը, որոնցով էլ հրահեղուկ մագման արտավիժել է երկրի մակերևույթ։ Այդ տարածքներում է, որ պարբերաբար տեղի են ունենում տարբեր ուժգնությամբ երկրաշարժեր։
Երկրաշարժերի գրանցման և կանխագուշակման նպատակով հանրապետությունում գործում է սեյսմիկ ծառայություն, որը ժամանակակից տեխնիկական և մեթոդական զինվածությամբ համարվում է լավագույնը տարածաշրջանում։
Այդ առումով նպատակահարմար է և կարևոր, որ արդեն գործող սեյսմիկ կենտրոնը զբաղվի նաև հրաբուխների հնարավոր արթնացումը կանխագուշակող ուսումնասիրություններով, որպեսզի սպասվող վտանգին հնարավոր լինի դիմակայել։
Հանրապետության տարածքը խիտ բնակեցված է, իսկ բնակավայրերը հիմնականում գտնվում են հրաբխային գոտիների մոտակայքում, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ ծանրագույն հետևանքներ կարող են առաջանալ որևէ հրաբխի արթնացման դեպքում։
Դերենիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6076

Մեկնաբանություններ