«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԸ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԸ
20.09.2011 | 00:00

Այն, ինչին երանի են տալիս շատերն անցյալը վերհիշելիս, հավանաբար, ավելի շատ ենթադրում է ոչ այնքան առատությունը, որքան յուրաքանչյուրի կյանքում այնքան կարևոր նշանակություն ձեռք բերած որոշակիության զգացումը: Վերջինս ենթադրում է նաև ամեն երևույթի քանակական և որակական գնահատական, առավել ևս՝ երևույթների և միտումների կանխատեսելիություն: Անկախության երկու տասնամյակը, իր հերթին, բավարար շրջան է նշմարելու երևույթներ, որոնք բնորոշ են դառնում երկրի համար և ունեն չափման հստակ միավորներ: Այս առումով, թերևս, կարևորագույն խնդիրներից մեկը վերլուծությունների չափանիշների և ցուցանիշների համակարգի համադրելիությունն է, ասել է թե` ինչ սկզբունքներով ու մոտեցումներով էին կատարվում տնտեսական վերլուծությունները մինչև 1991 թվականն ու դրանից հետո: Իսկ որ ավելի կարևոր է, երկու տասնամյակ առաջ կատարվել է տնտեսության արտադրական կարողությունների, մարդկային, ֆինանսական, այլ ռեսուրսների հաշվառում, որը հնարավորություն է ընձեռում առարկայնորեն գնահատելու անկախությանը նախորդած շրջանում հանրապետության սոցիալ-տնտեսական պայմանները: Վերջին տասնամյակում հաշվառում չի անցկացվել, որն է՛լ ավելի է դժվարացնում տնտեսագետին առաջադրված խնդիրը, այն է՝ վերլուծել և գնահատել իրավիճակը, պարզել ճգնաժամային երևույթների պատճառները և մշակել իրավիճակի բարելավմանը միտված իրատեսական առաջարկություններ: Եվ այսպես, ինչպիսին էր Հայաստանի տնտեսությունը մինչև քաղաքական անկախության հռչակումը:

ԱՆՑՅԱԼԸ
Արդյունաբերական մի շարք ենթաճյուղերի, մասնավորապես էլեկտրոնիկայի, մեքենաշինության, ճշգրիտ սարքաշինության, գործիքաշինության, քիմիական, թեթև, սննդի արդյունաբերության ձեռնարկությունների, գիտա-արտադրական միավորումների արագընթաց զարգացման շնորհիվ Հայաստանը 80-ականներին դասվում էր նախկին խորհրդային տարածքի ամենազարգացած արդյունաբերական երկրների շարքին: Հիշենք, որ բնակչության մեջ որակյալ աշխատուժի տեսակարար կշռով Հայաստանը տարիներ շարունակ եղել է մրցակցությունից դուրս: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 40 %-ն ստեղծվում էր արդյունաբերության տարբեր՝ ներառյալ էներգետիկայի, լեռնահանքային արդյունաբերության, ինչպես նաև վերը հիշատակված ճյուղերում: Դրա հետ մեկտեղ, հանրապետության տնտեսության կառուցվածքը եթե ոչ ենթարկված, ապա մեծապես համաձայնեցված էր խորհրդային այլ հանրապետությունների տնտեսական հզորությունների հետ, կազմելով վերարտադրության բարդ շղթայի ընդամենը մեկ մասը: Պետք է խոստովանել, որ հատուկենտ ճյուղեր կարող էին գոյատևել առանց, մի կողմից, հումքային, ֆինանսական և այլ բնույթի ներարկումների, մյուս կողմից, ԽՍՀՄ և այլ համայնավարական երկրների սպառողական հսկա շուկայի: Այս տեսանկյունից միանգամայն կանխատեսելի էր գերկենտրոնացված համակարգի փլուզման հետևանքով հանրապետության տնտեսությանը հասցված ցնցումը: Հատկանշական է, որ մինչև անկախացումը հանրապետության ՀՆԱ-ի 56 %-ից ավելին արտադրվում էր մեքենաշինական և թեթև արդյունաբերության ձեռնարկություններում: Որպես ընդհանուր օրինաչափություն, գրեթե բոլոր նորանկախ պետություններում հենց այս ճյուղերն ամենաշատ վնասները կրեցին հետխորհրդային շրջանում: Հայաստանի պարագայում դրան գումարվեց նաև հաղորդակցության ուղիների շրջափակումը, որն ավելի դժվարացրեց երբեմնի կապերի վերականգնումը և մուտքը նոր սպառողական շուկաներ: Վերջին տարիների դժվարությունները տնտեսագիտորեն ըմբռնելի են դառնում, հատկապես հաշվի առնելով, որ մինչև 1991 թ. աշխատուժի գրեթե համատարած՝ մոտ 98 % զբաղվածության պայմաններում, ՀՆԱ-ի մոտ 9/10 մասն արտադրվում էր պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններում, որոնց մեջ գերակշռողը ոչ թե փոքր, այլ մեծ և միջին ձեռնարկություններն էին: Կարևոր է հաշվի առնել նաև այն իրողությունը, որ ՀՆԱ-ի անկումը Հայաստանում նկատվում է ոչ թե անկախությանը հաջորդած տարիներին, այլ դրանից 3-4 տարի առաջ: «Վերակառուցման» չհամակարգված բարեփոխումներն իրական քաոս առաջացրին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, այդ թվում՝ Հայաստանում: 1988-ից սկսած արդյունաբերական արտադրության մակարդակն սկսեց անկում արձանագրել, որը շարունակվեց ավելի քան վեց տարի:

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆ
Ի տարբերություն բալթյան երկրների, որոնք մի քանի տարի շարունակ իրենց գիտական ներուժը կենտրոնացրել էին արդեն իսկ կանխատեսելի անկախությանը նախապատրաստվելուն (1989-ի գարնանը Էստոնիայի կառավարությունն ընդունեց երկրի տնտեսական անկախացման ծրագիրը, դրա մշակմանը մասնակից դարձնելով խորհրդային գրեթե բոլոր հանրապետությունների ճանաչված տնտեսագետներին), Հայաստանը ստիպված էր երկրաշարժից 42 %-ով տուժած տնտեսության հետ ժառանգել սոցիալական (ներառյալ՝ գաղթականների), ինչպես նաև պատերազմի պայմաններում քաղաքական ու ազգային ինքնահաստատման բազմաբնույթ խնդիրներ: Արդյունքը եղավ այն, որ, արդյունաբերական արտադրությունը շարունակեց անկում ապրել` 1988-ի համեմատ 1994-ին կրճատվելով մոտ 40 %-ով: Նույն ժամանակահատվածում ՀՆԱ-ի կառուցվածքում մեքենաշինական արդյունաբերության տեսակարար կշիռը նվազեց 31,6 %-ից մինչև 20,1 %, իսկ հետագայում մինչև 3,3 % (1999 թ.): Թեթև արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում ավելի անցանկալի էր։ 1988-ի՝ 24,4%-ից 1999-ին նվազեց մինչև 1,4 %: Ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիայի, վառելիքի մատակարարման կտրուկ նվազման հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի անջատումների, համատարած մթի և չջեռուցվող կացարաններում մարդկանց հուսահատությունը հիշեցնող 1991-1995 թվականները կարելի է բնութագրել որպես տնտեսական արհավիրքներին դիմակայելու, նոր պայմաններին մարդկանց և տնտեսությունը հարմարեցնելու և հետագա անկումը զսպելու փորձերի տարիներ: Արդյունքում, 1995-ի սկզբին առաջին անգամ հրապարակվեցին երկար սպասված աճի միանիշ ցուցանիշներ, ավետելով, որ նախորդ տարին նշանավորվել է ՀՆԱ-ի 5,4% աճով:
Մակրոտնտեսական կայունությանն ուղղված կոշտ ռազմավարությունը ո՛չ առաջին, ո՛չ էլ հետագա տարիներին և մինչ օրս չի ուղեկցվում սոցիալական պայմանների բարելավման որևէ հստակ ծրագրով կամ համակարգված միջոցառումներով: Որպես ընդհանրացնող միտումներ կարելի է արձանագրել, որ 1991-2001 թվականներին տեղի են ունեցել, մի կողմից, տնտեսական արագընթաց բարեփոխումներ, մյուս կողմից, ազգաբնակչության սոցիալական պայմանների բացարձակ վատթարացում և հասարակության համար անցանկալի խիստ բևեռացում ու գնողունակության անկում: Իսկ թե անցնող տարիներին իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքում ո՞րն է գերակշռում՝ ձեռքբերումը, թե կորուստը, հնարավոր է դատել միայն վերլուծելով տնտեսագիտական կարևորության հետևյալ փաստերը նախ 1991-ից մինչև 2000 թվականը, և հետո` 2001 թվականից մինչև 2011 թվականը:

Համախառն ներքին արդյունքի աճը
Հայաստանի Հանրապետությունում

1991 - 2000 թթ. (արտահայտված %-ներով)


1991 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000
88,3 58,2 91,.2 105,4 106,5 105,9 103,3 107,3 103,3 106,0
(շարունակելի)
Թաթուլ Մանասերյան
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2449

Մեկնաբանություններ