«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՊԻՐԱՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԵԾ ՀԱՐՎԱԾ Է ԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ

ՊԻՐԱՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԵԾ ՀԱՐՎԱԾ Է ԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ
23.10.2009 | 00:00

Հոկտեմբերի 21-ին «Մայքրոսոֆթ» և «Բիզնես Սոֆթ Ալիանս» ընկերություններն աշխարհի ավելի քան 70 երկրում նշում են Պիրատության դեմ պայքարի միջազգային օրը: Այդ առիթով Երևանում նույնպես տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որին հրավիրված էին ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների, բիզնես դաշտի, համակարգչային ծրագրեր արտադրող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակութային գործիչներ:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության խնդիրները, պիրատության պատճառած վնասները պետության զարգացմանը, միջազգային հեղինակությանը, մասնավոր հատվածին և, ի վերջո, յուրաքանչյուրին:
Հայաստանում մտավոր սեփականության փաստացի անպաշտպան վիճակի պատճառով այսօր զգալի տեմպերով զարգանում է «պիրատություն» երևույթը: Միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 92 տոկոս են կազմում չարտոնագրված ծրագրերի փաթեթների օգտագործումն ու տարածումը: Պիրատների գործունեության ոլորտը, սակայն, բազմապրոֆիլ է, և այսօր տարբեր բնագավառների օրինական դաշտում աշխատող մարդկանց աշխատանքը հեշտությամբ հասանելի է դառնում պիրատներին: Արդյունքում` հեղինակային իրավունքների խախտման պատճառով տուժում են ոչ միայն ստեղծագործողը, այլև Հայաստանի տնտեսությունը և միջազգային հեղինակությունը:
«Բիզնես Սոֆթ Ալիանս»-ի ներկայացուցիչ ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԸ, անդրադառնալով պիրատական գործունեության հետևանքներին, նշեց, որ Հայաստանում առկա է համապատասխան օրենքների և իրավական ակտերի կիրառելիության խնդիր։ Ֆինանսական առումով այն հանգեցնում է պետական բյուջե մուտքագրվող հարկերի կորուստների, չարտոնագրված համակարգչային ծրագրերի օգտագործումը բիզնես ոլորտում պատճառ է դառնում համակարգերի փլուզման՝ չդիմանալով տնտեսական մրցակցությանը։ Բացի այդ, պիրատության բարձր ցուցանիշը մեծ հարված է երկրի հեղինակությանը, քանի որ միջազգային ասպարեզում ձեռք է բերում անվստահելի գործընկերոջ համբավ։
Վերջին ուսումնասիրության արդյունքներով՝ Հայաստանը համարվում է բարձր պիրատության ցուցանիշ ունեցող երկիր և գտնվում է երրորդ տեղում` 92 տոկոս ցուցանիշով։ Այս ոլորտում հավասարվել ենք Բանգլադեշին, Շրի Լանկային ու Զիմբաբվեին։ Ընդ որում, նախորդ տարվա համեմատ արձանագրել ենք 3 տոկոսի առաջխաղացում: Մեր դրկից Ադրբեջանն ունի 90 տոկոս պիրատության մակարդակ, իսկ հարևան Վրաստանը գլխավորում է այդ ցուցակը՝ 95 տոկոս ցուցանիշով։ Ըստ Ն. Մկրտչյանի՝ առանց իրավատերերի, կառավարության, օգտագործողների, հասարակության լայն շերտերի համագործակցության պայքարը պիրատության դեմ գրեթե անհնար է։
«Microsoft RA» ընկերության տնօրեն ԳՐԻԳՈՐ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, խոսելով պիրատության բացասական հետևանքների մասին, ընդգծեց հայաստանցի բարձրակարգ մասնագետների արտագաղթը, քանի որ նրանց հեղինակային իրավունքը սեփական երկրում չի պաշտպանվում։ Ըստ նրա՝ մեր երկրի ամենամեծ ներուժը մարդկային ռեսուրսն ու մտավոր սեփականությունն են, և դրանք այն ամենահզոր գործոններն են, որոնք կարող են բարձրացնել արտադրողականությունը։ Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության մասին օրենքի ընդունումից հետո առաջ է եկել նաև իրավունքների իրազեկման խնդիր։ Ըստ նրա՝ ոչ մի լուրջ ընկերություն երբեք ներդրում չի կատարի մի երկրում, որտեղ վստահ չէ իր հեղինակային իրավունքի պատշաճ պաշտպանության հարցում։ «Microsoft RA» ընկերության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե Հայաստանում պիրատությունը պակասի 10 տոկոսով, ապա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը երկրում 3 անգամ ավելի արագ կզարգանա։
Մտավոր սեփականության պաշտպանության հարցերով ոստիկանությունում զբաղվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը, որի կազմում ստեղծված հատուկ բաժնում աշխատում է 14 ոստիկան: Ոստիկանության ներկայացուցիչ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ, ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները, նշեց, որ Հայաստանում հեղինակային իրավունքի խախտումները տեղի են ունենում 3 հիմնական ուղղություններով՝ ձայնատեսասկավառակների անօրինական վաճառք, համերգների կազմակերպում, երբ ստեղծագործության հեղինակները ոչ մի հոնորար չեն ստանում, և ծրագրային փաթեթների կեղծում ու տարածում: Այս ոլորտին վերաբերող դիմում-բողոքները բավականին քիչ են. տարվա կտրվածքով սեփական իրավունքները պաշտպանելու համար ոստիկանություն է դիմել 5-6 կազմակերպություն, մինչդեռ արդյունավետ պայքար մղելու համար հեղինակային իրավունքի խախտումից տուժածները պետք է գրավոր դիմեն ոստիկանություն:
Վերջում ընդգծենք, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելիս Հայաստանը պարտավորվել է մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2794

Մեկնաբանություններ